«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի գյուղերի 96 շահառուների հետ նոր պայմանագիր է կնքել, որով նրանք պետք է 4 տարիների ընթացքում մարեն դեռեւս 2011 թվականին կազմակերպությունից գնված հացահատիկի սերմի պարտքերը:
Տեղեկացնենք, որ դեռեւս 2011 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից փոխառության պայմանագրով Վարդենիսի տարածաշրջանի բնակիչները ձեռք են բերել հացահատիկի սերմ, որը ցանելուց հետո, սակայն, որեւէ արդյունք չեն ստացել: Գյուղացիների պնդմամբ՝ վերը նշված ՊՈԱԿ-ը բարձր բերքատվության սերմացուի փոխարեն ՌԴ-ից ներկրել է տարբեր տեսակի սերմերի խառնուրդ, որը չի ենթարկվել պետական սորտափորձարկման: Էլիտար ցորենի ցանքսերը կատարելու համար բնակիչները ստիպված գրավադրել են իրենց տները եւ ունեցվածքը: Եւ չնայած սրան՝ ՀՀ ԳՆ-ն դատարանի միջոցով փորձել է գանձել, գյուղացիների պնդմամբ, այդ անորակ սերմացուի պարտքը:
Նշենք, որ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը ՀՀ կառավարության թույլտվությամբ սերմերը պետք է ներկրեր Ռուսաստանի Դաշնությունից՝ Ստավրոպոլի երկրամասից: Սակայն, ըստ ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2012 թվականի փետրվարի 10-ի ստուգման արդյունքների, այդ ՊՈԱԿ-ը գյուղացիներին տված սերմացուները ՀՀ կառավարության 2010թ. որոշմամբ ՌԴ-ի Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» ՍՊԸ-ից ձեռք բերելու փոխարեն գնել է ՌԴ-ի «Հացահատիկային ընկերությունների միավորում» ԲԲԸ-ից: Այսինքն՝ ՀՀ գյուղացիներին էլիտար սերմի անվան տակ հատկացվածը տարբեր տեղերից հավաքված խառը պարենային հացահատիկի սերմացուներ են եղել: Արդյունքում՝ գյուղացիները աշնանը ցանել են, սակայն այն լավ չի աճել, գարնանացանը նույնպես բերքառատ չի եղել: Իրենց շահերը դատարանում պաշտպանել ցանկացող գյուղացիները, սակայն, չեն հաջողել. դատարանը հօգուտ ԳՆ-ի՝ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի է որոշում կայացրել: Ապա գյուղատնտեսության նախարարությունը հանձնարարական է իջեցրել, որպեսզի «Սերմերի գործակալութուն» ՊՈԱԿ-ը պայմանավորվածություն ձեռք բերի շահառուների հետ եւ կազմի մարման ժամանակացույց: Սակայն անգամ երկարաձգված ժամանակացույցով շահառուների մի մասը չի կարողանում մարել ՊՈԱԿ-ին ունեցած պարտքը:
Շահառուներից մեկը՝ Սոս Բարսեղյանը, ով Վարդենիսի բնակիչ է, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին գումար է պարտք Վարդենիսի տարածաշրջանի գյուղերի 96 շահառու: Նշվածից 40 շահառուն թոշակառու է, որոնք անվճարունակ են եւ չեն կարողանում մարել ՊՈԱԿ-ին ունեցած պարտքը: Մնացած 30-ը վճարունակ են եւ կարողանում են փոքր-ինչ վճարել: «Նրանցից 10-ը մահացած են, իսկ հարազատները հրաժարվում են վճարել, քանի որ գումար չունեն: 5 շահառու երկրում չեն. նրանց հարազատները նույնպես հրաժարվում են վճարել պարտքը: Իսկ մնացած 11 շահառուներն էլ տարբեր պատճառներով հրաժարվում են վճարել»,- լրացրեց Ս. Բարսեղյանը:
Վերջինս «Ժողովուրդ»-ին պատմեց նաեւ, որ շահառուների մեծ մասը ՊՈԱԿ-ին ունեցած պարտքը մասնակիորեն վճարել է՝ ոսկի գրավադրելով կամ էլ տարբեր տեղերից պարտքեր վերցնելով: Տեղեկացնենք, որ շահառուները պետք է այդ պարտքերը մարեն 4 տարիների ընթացքում՝ յուրաքնաչյուր տարի ՊՈԱԿ-ին վճարելով ընդհանուր պարտքի 25 տոկոսը: Գեղարքունիքի մարզի Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ գյուղի այն շահառուները, որոնք պարտք են ՊՈԱԿ-ին, պայմանագիր են կապել եւ մուծում են: Վերջինս դժվարացավ նշել, թե Նորակերտի շահառուները կոնկրետ որքան են պարտք ՊՈԱԿ-ին. «Իրենք գնացել են, առանց գյուղապետի իմացության պայմանագիր են կապել ՊՈԱԿ-ի հետ, որից հետո կամաց-կամաց մուծում են»,- ասաց նա:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ»-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանն էլ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ այս ընթացքում շահառուների կողմից աստիճանաբար մարվում են սերմերի դիմաց կուտակված պարտքերը. «Վերջին շրջանում՝ սեպտեմբերից, սկսել են ակտիվ վճարել»,- նշեց պաշտոնյան:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՈՎՔԵՐ ԱՎԱՆԴԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդներ ներդրած հետեւյալ անձինք`
1. մինչեւ 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք.
2. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցած անձինք.
3. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող, ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:
Եթե վերոգրյալ սոցիալական խմբերին դասված անձանցից որեւէ մեկի ամուսինը մահացած է եւ մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկվում է ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:
Ավանդի փոխհատուցումը ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում եւ անհրաժեշտ փաստաթղթեր:
Ավանդների փոխհատուցման ճշտված ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշվում է դիմումի օրվա դրությամբ: Հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ` ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններին համապատասխան:
2016 թվականի նոյեմբերի վճարման ցուցակներում ընդգրկվել են մինչեւ
-12823 հերթական համարն ունեցող տարեցները (17370 հաշվառվածներից),
-3742 հերթական համարն ունեցող մարտական գործողությունների մասնակիցները (4451 հաշվառվածներից),
-9648 հերթական համարն ունեցող սահմանամերձ բնակավայրերի բնակիչները (13989 հաշվառվածներից):
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցման ծրագիրը 2016թ. իրականացվում է «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի եւ ՀՀ կառավարության՝ 2014թ. ապրիլի 23-ի N 460-Ն որոշման համաձայն:
ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած մեր համաքաղաքացին երեկ տեղափոխվել է ՀՀ։ Բազմակի վնասվածքներ ստացած 26-ամյա բնակչի վիճակը գնահատվել էր ծանր։ Անհրաժեշտ բժշկական օգնություն ստացել էր Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական եւ Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցներում։ Մի քանի վիրահատության ենթարկվելուց հետո նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար, եւ բժիշկները տուժածի տեղափոխումը հնարավոր են համարել։
«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԸ» ՃԱՄԲԱՐԱԿՑԻՆԵՐԻՆ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ՞
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ սնանկացման եզրին գտնվող «Աշտարակ կաթ» ընկերությունից տուժած աշխատակիցները եւ գործարանին կաթ մատակարարած գյուղացիները սպառնում են կտրուկ քայլերի դիմել: Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, որ երեկ՝ առավոտյան ժամը 11:00-ին, բոլոր այն քաղաքացիները, որոնց ընկերությունը պարտք է աշխատավարձերի կամ մթերած կաթի գումարը, հավաքվելու են եւ ուղեւորվեն դեպի պանրի գործարան:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ՝ պարզելու համար, թե տեղյակ է ճամբարակցիների որոշումից եւ ինչ է պատրաստվում անել այս խնդրի շուրջ: «Ճամբարակցիները չեն փակի դեպի գործարան գնացող մուտքը, իրենք եկել են, եւ մենք պայմանավորվել ենք»,- հավաստիացրել է Գրիգորյանը: Ըստ մարզպետի՝ դա տարիներով եկած խնդիր է, որը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում, եւ որի հետ կապված պարբերաբար Ճամբարակի քաղաքապետի հետ քննարկումներ են տեղի ունենում: «Այս պահին բանակցություններ են գնում համայնքի անդամների եւ «Աշտարակ կաթ»-ի ներկայացուցիչների միջեւ, որպեսզի այդ կուտակված պանրի հաշվին իրենց կաթի գումարը փոխհատուցվի: Նրանք գտնվում են «Աշտարակ կաթ»-ի՝ Ճամբարակի մասնաճյուղում»,-հայտնել է մարզպետը: Նա նաեւ հավաստիացրել է, որ ճամբարակցիների կուտակած պանիրը եւ կաթնամթերքը կիրացվեն: