Ինչպես հայտնի է՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անցած շաբաթ օրը հայտարարել էր, թե Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում: Հիշեցնենք, որ հենց այս կորպորացիան է տնօրինում Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը: Նման հեռանկարը, անշուշտ, չի կարող չմտահոգել հայկական կողմին:
«Ժողովուրդ» օրաթերթին վրացական աղբյուրներից հայտնի դարձավ, որ այս օրերին՝ Վրաստանի վարչապետի հայտարարությունից հետո, ակտիվացել է ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությունը, որը ցանկանում է գնել գազատարն ամբողջությամբ: Ի դեպ, այս ընկերությունը նման ցանկություն էր հայտնել դեռեւս 2012 թվականին: Ավելին՝ վրացական աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ գազատարը գնելու ցանկություն ունի նաեւ ռուսական «Ռոսգազ» ընկերությունը, որին գազատարը վաճառելու հարցում վրացական իշխանությունները այնքան էլ դրական չեն տրամադրված: Այս ֆոնին ուշագրավ է Վրաստանում Հայաստանի դեսպանատան գործելաոճը: Մինչ շատերը մտահոգված են գազատարի վաճառքի հնարավոր հեռանկարի շուրջ, Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ցուցաբերում է քար անտարբերություն եւ բառացիորեն ոչինչ չի ձեռնարկում: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ դեսպանը այս օրերին անձնական հարցով գտնվում է այլ երկրում:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը Հայաստանին գազ մատակարարող մայրուղային խողովակաշարի վաճառքի շուրջ զրուցեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Չիչինաձեի հետ:
-Պարո՛ն Չիչինաձե, ինչպես կմեկնաբանեք Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի հայտարարությունը, որ Վրաստանը կարող է վաճառքի հանել նավթագազային կորպորացիայի 25% բաժնետոմսերը: Հենց այդ կորպորացիան է տնօրինում Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը: Ինչո՞ւ հենց այս օրերին վարչապետը նման հայտարարություն արեց:
-Մենք դեռեւս չենք վաճառել բաժնետոմսերը, մենք սպասում ենք: Այո՛, նման տեղեկություններ կան, սակայն դեռեւս չենք սկսել բաժնեմասերի մասնավորեցումը: Մենք կսպասենք առավել հարմար պահի, երբ շուկաները կայունանան: Սակայն դեռեւս հստակ որոշում չի կայացվել, այդ հարցը օրակարգում չէ:
-Իսկ նման որոշման ընդունման դեպքում վաճառքի ի՞նչ պայմաններ կլինեն՝ հաշվի առնելով, որ Վրաստանը դեռես 2012 թվականին այդպիսի մտադրություն ուներ, սակայն գործընթացը կանգ առավ:
-Քանի որ այդ գաղափարը դեռեւս չի դիտարկվում եւ չի գտնվում օրակարգում, չեմ կարող խոսել պայմանների մասին:
-Այնուամենայնիվ, այս օրերին Վրաստանում հնարավոր գնորդների մասին է խոսվում: Դուք ի՞նչ գիտեք հայտերի մասին:
-Ո՛չ, հայտեր չկան: Լիագումար նիստի ժամանակ պատգամավորներից մեկը նման հարց հնչեցրեց, եւ կարելի է ասել, որ դա մասնավոր գաղափար էր:
-Ըստ Վրաստանում տարածված լուրերի՝ ադրբեջանական «Soccar» պետական նավթային ընկերությունը պատրաստ է գնել այդ բաժնեմասը: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: Ադրբեջանական ընկերությունը մեզ մոտ գազային, տրանսպորտային որեւէ միջանցք չունի, եւ այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նման հավանականությունը քիչ է:
-Բայց լուրեր կան, որ արդեն իսկ ադրբեջանական «Soccar»-ը եւ ռուսական «Ռոսգազ»-ը թեժ մրցակցություն են սկսել՝ առավել գրավիչ առաջարկներ ներկայացնելու եւ գազատարի բաժնեմասը ձեռք բերելու նպատակով:
-Անկեղծ ասած, Դուք ավելի շատ տեղեկություններ ունեք, քան մենք Վրաստանում: Վրաստանում նման տեղեկություններ, նման քննարկումներ չկան՝ վաճառել, թե ոչ: Նույնիսկ այդ հարցը դեռեւս օրակարգում չէ:
-Այդուհանդերձ, փաստ է, որ Վրաստանի վարչապետը այդ մասին հայտարարել է, Ձեզ մոտ հարց չի առաջանո՞ւմ, թե ինչո՞ւ հենց այս պահին նա որոշեց նման հայտարարություն անել:
-Դա կապված էր այն բանի հետ, որ այժմ լարիի փոխարժեքն ընկնում է, եւ դիտարկվում է պետական օբյեկտների մասնավորեցումը որպես լարիի կայունացման հնարավոր տարբերակ: Ահա հենց այդ համատեքստում հայտնվեցին այդ տեղեկությունները: Սակայն այժմ այդ հարցը օրակարգում չէ, քանի որ ոչ բարենպաստ ժամանակաշրջան է մասնավորեցման համար, մեզ ձեռնտու չէ:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են մշտապես եղբայրական Վրաստանի եւ Հայաստանի միջեւ նման խնդիրներ ծագում:
-Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:
-Ինչպես արդեն նշվեց՝ դիտարկվում է ադրբեջանական ընկերությանը Հայաստանին գազ մատակարարող գազատարի բաժնետոմսերի վաճառքի հնարավորությունը: Եվ, բնականաբար, այստեղ սա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:
-Չեմ կարծում: Ընդհակառակը, նոր իշխանության գալուն պես մեր հարաբերություններն առավել կառուցողական դարձան: Երկրի իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի մեր եղբայրական հարաբերությունները պահպանվեն, քանի որ այդ հարաբերությունները փոխշահավետ են: Մեր կողմից ցանկացած վաճառք չի վնասի որեւէ երրորդ երկրի, առավել եւս մեր եղբայրական, բարեկամական երկրին՝ Հայաստանին: Վաճառքի դեպքում հաշվի կառնվեն բոլոր շահերը, եւ չեմ կարծում, որ Վրաստանը 100 տոկոսով կվաճառի այդ բաժնեմասերը, դա միգուցե կլինի 25%-ի կամ ոչ այնքան մեծ չափով, միեւնույն է, ազդեցությունը կմնա Վրաստանի կառավարության ձեռքում:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ»-Ն ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է
«Ազատամարտիկների դաշինքը» երեկ մի քանի ժամ ընդլայնված կազմով նիստ է անցկացրել, որի ընթացքում ընտրվել է նոր խորհուրդ եւ վարչություն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վարչության նախագահ Գագիկ Մելքոնյանը պարզաբանեց, որ նոր խորհուրդի եւ վարչության ձեւավորման անհրաժեշտությունը պայմանավորված է անդամներից մի քանիսի ինքնաբացարկով, վատառողջությամբ կամ վախճանով:
Ինչպես հայտնի է` դաշինքին իր անդամակցությունը դադարեցրել էր Ռուստամ Գասպարյանը, իսկ նոյեմբերի 9-ին էլ երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել էր խորհրդի անդամ Սամվել Հովսեփյանը: Երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ խորհրդի կազմը լքեց նաեւ Մանվել Եղիազարյանը` Արաբոյի Մանվելը, ով իր այդ քայլը մեզ հետ զրույցում բացատրեց նրանով, որ լինելով «Համախմբում» կուսակցության վարչության անդամ` չի հասցնում ներկա լինել խորհրդի նիստերին: ««Ազատամարտիկների դաշինք»-ը մեր տղաներն են, որոնցից չես կարող պոկվել: Խորհրդի կազմից դուրս կգամ, բայց կմնամ իրենց հետ, այսինքն՝ իրենք որտեղ էլ լուր տան, ես իրենց կողքին կանգնած եմ», – հավաստիացրեց Եղիազարյանը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ազատամարտիկների դաշինքի» վարչության նախագահ Գագիկ Մելքոնյանը նշեց, որ դաշինքը շարունակելու է իր գործունեությունը, ընդ որում, ավելի ինտենսիվ: «Բոլոր առումներով ինտենսիվ ենք գործելու, նաեւ քաղաքական ընթացքն է մեզ հետաքրքրում: Մենք անտարբեր չենք, թե երկրում ինչ է արվում, ինչ վիճակում է, ինչպես է կործանվում: Մենք հավատարիմ ենք մնացել մեր ամբողջ գործընթացներին, եւ եթե քաղաքական դաշտը մաքրվի, եւ այն կուսակցությունները, որոնք ուզում են, որ երկիրը փոխվի, մենք, իհարկե, իրենց հետ կհամագործակցենք», – նշեց Մելքոնյանը:
Վերջինս չբացառեց համագործակցությունը որեւէ ուժի կամ անհատի, այդ թվում նաեւ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, ում նախկինում սատարում էին: Մելքոնյանը ընդգծեց նաեւ, որ պարբերաբար հանդիպումներ են ունենում ԼՂՀ ՊԲ հիմնադիր Սամվել Բաբայանի հետ, ով եւս մտահոգ է երկրի խնդիրներով: «Սամվելն այս երկրի համար շատ բան է արել, այդ պատերազմը, որ հաղթանակել ենք, նաեւ Սամվելի շնորհիվ է եղել: Ինչու չպետք է համագործակցես, եթե մի մարդ մտածում է այնպես, ինչպես դու ես մտածում», – եզրափակեց Մելքոնյանը:
Տեղեկացնենք, որ «Ազատամարտիկների դաշինք»-ի նորընտիր խորհուրդն ունի յոթ անդամ` Գագիկ Մելքոնյան, Ռազմիկ Պետրոսյան, Սմբատ Հակոբյան, Ավետիս Գրիգորյան, Ավետիս Ավետիսյան, Գեւորգ Տեր-Գեւորգյան եւ Վլադիմիր Առաքելյան: Հիշեցնենք, որ վերջինս գրեթե մեկ տարի է, ինչ գտնվում է անազատության մեջ: Երեկվա նիստում ընտրվել է նաեւ վարչության 23 անդամ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՍԷՖԻԼՅԱՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին հայտնել էր, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են մեկ այլ ՔԿՀ, ինչի մասին նրա փաստաբանը տեղեկացել է հրապարակումից հետո: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկանալ՝ ինչն է եղել իրականում տեղափոխության պատճառը: Ի պատասխան մեր հարցի՝ վարչության պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ խցերի շինվերանորոգման աշխատանքներով է պայմանավորված փոփոխության որոշումը, ինչպես նաեւ գերբնակեցման խնդրի լուծմամբ:
ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի շուրջ 3 տասնյակ դատապարտյալների եւ կալանավորված անձանց նախատեսվում է տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: Գ. Ղլեչյանի խոսքով՝ գործընթացն արտառոց չէ, իրավաչափ է եւ կրում է շարունակական բնույթ:
ԱԶԱՏԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբերի 26-ին, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Եւ ահա երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արմեն Աբրահամյանն ազատվել է սոցապնախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից: Սա այն պաշտոնն էր, որտեղից կարկառուն ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանը գնաց բանտ:
ՆՎԱԶԵԼ Է
Հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: Ծավալների անկումը ուշագրավ է ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ժողովրդագրության տեսանկյունից: Հացն այն բացառիկ սննդատեսակն է, որի սպառման ծավալների նվազումը ուղղակի ենթադրում է բնակչության թվաքանակի պակասում, կամ այլ կերպ ասած՝ արտագաղթի հետեւանքների արտահայտությունն է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` հունվար-հոկտեմբեր նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2.3 տոկոսով: Եթե 2015 թվականի հունվար-հոկտեմբերին արտադրվել է ավելի քան 237 հազար տոննա հաց, ապա 2016 թվականի նույն ժամանակահատվածի դրությամբ՝ ավելի քան 232 հազար տոննա:
ԱՃԵԼ Է
Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2016 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է ավելի քան 4 մլրդ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այս ցուցանիշը աճել է 6.6 տոկոսով: Ըստ պաշտոնական տվյալների` արտահանումը 2016 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է ավելի քան 1 մլրդ 453 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 19.8 տոկոսով: