ՇԻՐԱԿՈՒՄ ՀՀԿ-Ն ԿՊԱՅՔԱՐԻ ԻՆՔՆ ԻՐ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ Գագիկ Ծառուկյանը, սառը ցնցուղ պահելով իր կուսակիցների գլխին, հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մտադրության մասին, շատ ԲՀԿ-ականներ օպերատիվ կերպով կարգավորեցին իրենց հարցերը իշխող ՀՀԿ-ի հետ: Բայց պարզվում է, որ ոչ բոլոր ԲՀԿ-ականներն են իրենց հարցերը կարողացել լուծել: Շատերը, թերեւս, այդպես էլ կմնան լուսանցքում:

Բայց ինչպես ասում են՝ իրադարձություններին մոտենանք հերթով եւ սկսենք Շիրակի մարզից:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Շիրակի մարզում ՀՀԿ-ն արդեն կողմնորոշվել է իր անելիքների հարցում: Այստեղ իշխող կուսակցության առանցքային թեկնածուն կլինի նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, որը ռեյտինգային կարգով կառաջադրվի Շիրակի մարզում: ՀՀԿ-ի համար 2-րդ ռեյտինգային թեկնածուն լինելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, որը պարբերաբար հերքում է տեղեկությունները: Բայց նախագահականում տպավորություն ունեն, որ նա հայրաքաղաք Գյումրիում սիրված կերպար է, հեշտ կլինի ձայներ հավաքել ընդդիմադիր հայացքներ ունեցող Գյումրիում: Ու եթե հաջողվի ՀՀԿ-ի համար ցանկալի ձայներ ապահովել, մարզից գուցե 3-րդ պատգամավորը ընտրվի Արման Սահակյանը, որի շանսերը շատ փոքր են գնահատվում` հաշվի առնելով Շիրակի մարզի սոցիալական պայմաններով թելադրված հասարակական տրամադրությունները: Հավելենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին` Խաչատուր Բալասանյանը եւս մտադիր է առաջադրվել, եթե, իհարկե, «դաբրո» ստանա:
ՀՀԿ-ն իր հավատարիմ կուսակցին` Սուքիաս Ավետիսյանին, որոշել է գործադիրում «տեղավորել», դե, իսկ Աշոտ Աղաբաբյանը, որ ավանդաբար այդ մարզից է ընտրվել, այս անգամ պատգամավորական մանդատ չի ստանալու: Ասել է թե` ՀՀԿ հնաբնակներին փոխարինելու են գալիս ՀՀԿ-ին մշտապես քննադատած անձինք, որոնք նախեւառաջ պայքար են մղելու միմյանց դեմ: Իսկ ՀՀԿ-ականները սպասում են կուսակցապետի որոշմանը ու նույնիսկ եթե ունենան առարկություններ, լուռ կհամաձայնեն:
Եւ այս առումով հետաքրքիր է Մարտուն Գրիգորյանի «կանգառը» ՀՀԿ-ում: Արդյո՞ք դառնալու եք ՀՀԿ-ի թեկնածուն Շիրակում, «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին Մարտուն Գրիգորյանը հստակ պատասխան չտվեց. «Այս պահի դրությամբ մենք մեր թիմով քննարկում ենք անում, կոնկրետ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված: Համամասնական ցուցակի մասով երեւի առաջիկայում ավելի հստակություն կլինի, եւ կոնկրետ կասենք: Եթե նախկին ընտրական օրենսգրքով լիներ մեծամասնական ընտրակարգը, որով մասնակցելու համար պարտադիր չէր լինի կուսակցական հանգամանքը, ուրիշ էր, հիմա ռեյտինգայինը պարտադիր պետք է կուսակցական լինես»:
Ըստ Գրիգորյանի. «Այն ժամանակ, երբ «Բարգավաճից» դուրս եկա, մեր ծրագիրը, պլանը այդ էր, որ մասնակցելու եմ անկուսակցական կարգավիճակով, մեծամասնականով` որպես անկախ պատգամավորի թեկնածու, բայց քանի նոր օրենքով արդեն պարտադիր մեկ կուսակցության համամասնական ցուցակում պետք է լինես, որ ռեյտինգայինով մասնակցես, այս պարագայում բնականաբար պետք է որոշենք, թե որ կուսակցության համամասնական ցուցակում պիտի ընդգրկվեմ»: Մարտուն Գրիգորյանը ակնարկեց, որ համամասնական ցուցակում տեղ ունենալն այլ բան է, կուսակցություն մտնելը` այլ: Այսինքն` գուցե ՀՀԿ չմտնի:
Նկատենք, որ ՀՀԿ-ն երիտասարդ Գրիգորյանի կյանքում կլինի 3-րդ կուսակցությունը: Նա առաջին անգամ պատգամավոր ընտրվեց Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցության կողմից առաջադրված մեծամասնական ընտրակարգով, հետո դարձավ կարկառուն ԲՀԿ-ական, ապա կգնա դեպի ՀՀԿ, որին տարիներ շարունակ քննադատել է: ««Դաշինք» կուսակցությունը լուծարվել է, այսինքն՝ «Դաշինք» կուսակցության մեջ եղել եմ, դա ընդհանրապես կապ չունի կուսակցություն մտնել, դուս գալու հետ,- բացատրեց Մ. Գրիգորյանը` հավելելով,-իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ես բազմիցս ասել եմ, նորից կրկնում եմ՝ տվյալ ժամանակահատվածում, երբ հանրահավաքներ էր, եւ առաջին կոնկրետ կազմակերպիչն էի այդ ամեն ինչի, մարդկանց Երեւան տանող, այդ ժամանակ ժողովուրդն է ինձ հարց տվել, եթե հանկարծ այս ամեն ինչը մինչեւ վերջ չգնա, եթե խաբված դուրս գանք, ես ասել էի, որ ես էլ եմ դուրս գալու ու արդեն փետրվարյան դեպքերից հետո ես իմ խոսքի տերն եմ եղել: Դուրս եկա կուսակցությունից»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հասցեին հնչեցված քննադատությանը, ապա այս իմաստով Մարտուն Գրիգորյանը «խելքի է եկել»: Ըստ նրա. «Քննադատությունը եւ համագործակցությունը ինքնանպատակ չպետք է լինեն: Բոլորս էլ արդեն հասկանում ենք, որ այսօր ավելի շատ մեր ժողովուրդը կոնկրետ աշխատանքի կարիք ունի, ո՛չ հանրահավաքների, ո՛չ ընդդիմադիր խոսքերով մարդկանց ականջները շոյելու: Գյումրին հոգսաշատ քաղաք է, եւ պետք է կարողանանք այս քաղաքի համար հարցեր լուծել: Ով կարող է օգտակար լինել այս քաղաքին, որ թիմը կարող է այս քաղաքի հարցերը լուծել, պետք է առաջնորդվենք այս սկզբունքով»:
Այսպիսով՝ Շիրակում ՀՀԿ-ն թեժ պայքար է մղելու ինքն իր դեմ. բոլոր թեկնածուներն ու պոտենցիալ թեկնածուները դուրս կգան միմյանց դեմ, որի արդյունքում կընտրվի թերեւս նրանցից մեկը, բայց վերջնարդյունքում իշխող ՀՀԿ-ն կհաղթի այդ մարտում` ստանալով շատ ձայներ:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն այդ մարզում առաջադրելու է Վարդեւան Գրիգորյանին, իսկ ընդդիմության թեկնածուն, թերեւս, կլինի ԳԱԼԱ-ի կողմից առաջադրված Վահան Խաչատրյանը: Առայժմ նախընտրական Շիրակի պատկերն այսպիսին է:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆ ՕԳՆԵԼ
Դեռեւս անցած ամիս Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սիրիայում բնակվող հայերի անվտանգության երաշխավորման եւ վերջիններիս աջակցություն տրամադրելու խնդրով դիմել էր մի շարք միջազգային կազմակերպության ղեկավարներին: «Ժողովուրդ»-ը ՄԻՊ Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե ինչ արձագանքներ են եղել այդ նամակից հետո: Ի պատասխան մեր հարցման՝ Թաթոյանը նշեց. «Այստեղ աշխատանքներ է տանում նաեւ սփյուռքի նախարարությունը, մի պահ հարցեր էին առաջացել, դրա համար նաեւ փախստականների հարցերով ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչի հետ իմ նախաձեռնությամբ մի քանի քննարկումներ եղան, եւ դրա արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ծրագրեր պետք է իրականացվեն, այդ թվում դրամական միջոցների հատկացմամբ, եւ դա արդեն ուժի մեջ է: Ես արդեն գիտեմ, որ համապատասխան հատկացումներ ՄԱԿ-ի գրասենյակն արդեն ստանում է, եւ հիմա մենք նաեւ հիմնարար ծրագրի վրա ենք աշխատում, շուտով ես ՄԱԿ-ի գրասենյակի հետ կստորագրեմ համապատասխան փաստաթուղթ, որտեղ մենք էլ մեր ներգրավածությամբ կփորձենք այդ հարցերի լուծմանը նպաստել»:

 

 

ՍԱՀՄԱՆԻՆ
Արդեն հայտնել ենք, որ Արցախում նոյեմբերի 30-ին երկու պայմանագրային զինծառայող է վիրավորվել: ArmLur.am-ին լուրեր հասան, որ երեկ՝ մինչեւ կեսգիշեր, իրավիճակը սահմանին լարված էր, կային երկկողմանի վիրավորներ: Ի՞նչ իրավիճակ է ղարաբաղաադրբեջանական սահմանին: Այս հարցը պարզաբանելու համար ArmLur.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: «Իրավիճակը վերահսկելի է, որեւէ արտառոց բան չկա: Ամեն ինչ այնպիսին է, ինչպես ամեն օր: Որտեղից են այդպիսի լուրերը: Արհեստական աժիոտաժ է ստեղծվում, նման ապատեղեկատվությունները գրգռում են իրավիճակը»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց Բաբայանը:

 

 

ՇԻՆԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ Շիրակի մարզպետարանը բանակցային ընթացակարգով 3 անավարտ շենքերի կառուցման շինաշխատանքների ծառայություններ է ձեռք բերել: Սակայն բնակարանային շինարարության իրականացման լրացուցիչ շինարարական աշխատանքների գնման գործընթացը ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնի կողմից բացասական եզրակացություն է ստացել: Բանն այն է, որ գնման առարկայի տեխնիկական բնութագրում խմբավորված են եղել տարբեր բնութագրեր ունեցող աշխատանքներ, ինչը չի համապատասխանել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին: Այն է՝ արգելվում է խմբավորել առանձին բնութագրեր ունեցող գնումները որպես մեկ չափաբաժին, եթե դրանք կարող են ներկայացվել գնման նույն ընթացակարգի առանձին չափաբաժիններով:

 

 
ԽԱՌՆԵԼ Է
Կառավարության երեկվա նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2017 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխությունների հարցը` ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ լիագումար նիստում նախագծի քննարկման արդյունքներով ներկայացված առաջարկությունների հիման վրա: Վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով նախարարին, ասել է. «Երեւում է` ամբողջ գիշեր աշխատել եք, պարո՛ն Արամյան, որովհետեւ տրիլիոնը միլիարդի հետ եք խառնում, միլիարդը` միլիոնի»: Նախարարն էլ արդարացել է, որ գիշերը ժամը 3-ին է տուն գնացել:

 

 

ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է
Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով 2017/2018 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը: Որոշման ընդունման նպատակն է կանոնակարգել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության քննությունների ցանկը, ինչպես նաեւ դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս պետական եւ ոչ պետական բուհերի դիմորդների համար ապահովել միեւնույն պայմանները:

 

 

ՁՅՈՒՆ ԿԳԱ
Դեկտեմբերի 2-ին, 3-ի գիշերը Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, դեկտեմբերի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ տեղեկացմամբ՝ օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 1-3 աստիճանով: Երեւանում դեկտեմբերի 2-ին, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում՝ թաց ձյուն եւ ձնախառն անձրեւ, ցածրադիր գոտիներում՝ հիմնականում անձրեւ: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԽԹԱՆԵԼՈՎ
Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են արտահանման խթանման, հայ արտադրողների մուտքը նոր շուկաներ ապահովելուն վերաբերող հարցեր: Ըստ ոլորտների՝ վարչապետ Կարապետյանին են ներկայացվել ներդրումային փաթեթներ՝ տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում հատկապես անդրադարձ է կատարվել տնտեսության այն ճյուղերին, որտեղ առկա է արտահանման ներուժ: Իրականացվող քայլերն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է առավել ուժեղացնել շփումները մասնավոր հատվածի հետ:

 

 

ԴԵՌ ՉԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում, որ դեկտեմբերի սկզբին Գերմանիայի Համբուրգ քաղաքում հանդիպում ունենա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: «Չեմ բացառում, բայց դեռեւս այդ հանդիպումը հաստատված չէ»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Ավելի վաղ Երեւան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել էին, որ երկու երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա Համբուրգում՝ դեկտեմբերի 8-ին եւ 9-ին կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական հավաքի շրջանակում։




Լրահոս