Ընթացիկ տարվա հոկտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Վահան Բադասյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ պաշտպանության նախարարության միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»:
ՀՀ քննչական կոմիտեն երեկ պաշտոնական հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ վերը նշվածի հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2016թ. ընթացքում ցորենի գնման վերաբերյալ ընդհանրապես պայմանագրեր չի կնքել… ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի նախկին պետ Մովսես Հակոբյանի եղբոր՝ Արայիկ Հակոբյանի անվամբ գրանցված «Սիփան» ՍՊ ընկերությունը հայտարարված մրցույթին մասնակցել է միայն մեկ չափաբաժին առաջին տեսակի ցորենի ալյուրի մատակարարման հավակնությամբ, որում ճանաչվել է հաղթող, եւ ընկերության հետ կնքվել է պայմանագիր՝ 1 կիլոգրամի համար 173 ՀՀ դրամ գնով: Վ. Բադասյանի կողմից որպես հաղթող ներկայացված մյուս ընկերությունն իրականում չի հաղթել. ներկայացված հայտը մերժվել է առաջարկված գնի բարձր լինելու պատճառով»:
Ըստ ՀՀ ՔԿ-ի` Մովսես Հակոբյանն ու նկարագրված գործընթացի հետ առնչություն ունեցող մյուս անձինք օրենքով սահմանված կարգով իրականացրել են իրենց լիազորությունները:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Վահան Բադասյանը հայտարարեց, որ քննչական կոմիտեն այլ ուղղությամբ է տարել գործի քննությունը: Ինքը ՔԿ-ին ներկայացրել է միանգամայն այլ հանգամանքներ. «Ես նրանց ցույց եմ տվել ողջ թվաբանությունը: Իրավապահներին բացատրել եմ, որ, ենթադրենք, գնվել է հազար տոննա ցորեն, դրա 75 տոկոսը ալյուր է: Շատ պարզ երեւում է, որ քննչականը հանգամանքների մեջ չի խորացել: Ես նաեւ մատնանշել եմ, որ, օրինակ, Ալիկ Միրզաբեկյանի եղբոր, հայտնի գնդապետ Գաստիկի «Ավանգարդ» ՍՊԸ-ն, Սեյրան Օհանյանի ընկերություններն են մշտապես հաղթող ճանաչվել»:
Շարունակելով Վ. Բադասյանի խոսքը՝ հարկ ենք համարում նշել, որ այս տարեսկզբին «Ավանգարդ» ՍՊԸ-ին մեղադրում էին կասկածելի գործարքների մեջ հայտնվելում: Մասնավորապես «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, հրապարակելով կատարված ուսումնասիրությունների արդյունքները, հայտնել էր, որ ՊՆ-ն պետական գնումներում կասկածելի գործարքներ է կնքում: Կազմակերպությունը, մասնավորապես, վերլուծել էր, որ հայտնաբերվել են կոռուպցիայի եւ անարդյունավետ ծախսերի դեպքեր:
Այս աղմուկից հետո, սակայն, որեւէ իրավական գործընթաց չսկսվեց. հերթական հայտարարությունը մնաց օդում կախված:
Եվ զարմանալի զուգադիպությամբ նույն եւ մի քանի այլ ընկերությունների անուններ այժմ էլ Արցախի հերոսն է նշում, սակայն, ինչպես եւ կարելի էր կանխատեսել, գործը սառեցնելու քաղաքական հրահանգն իջեցված է: Ի վերջո, շոշափվում են այնպիսի անուններ, որոնց մեջ երկրի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ են:
Բադասյանը պնդում է, որ այնքան խոսուն փաստեր է ներկայացրել իրավապահներին բանակում տեղի ունեցող չարաշահումների ու թալանի մասով, որ միանգամայն կարող էին հարուցել քրեական գործ:
«Դա կախված էր քաղաքական որոշումից, ոչ թե դատախազության կամ քննչականի: Քանի որ փաստերը կան, ներկայացրել եմ, հանցակազմը կա, առկա է գողությունը, առկա են չարաշահումները, սակայն հանցագործության շրջանակը գնալով մեծանում է»,- հայտարարեց Վահան Բադասյանը:Ըստ նրա՝ քաղաքական որոշումը Ս. Սարգսյանն է կայացրել, ամեն ինչ եղավ վերջինիս հրահանգով: Դատելով իրադարձությունների զարգացումներից՝ Վահան Բադասյանը ենթադրեց, որ քաղաքական որոշումն ի շահ բանակի ու ժողովրդի չեղավ:
Արդյո՞ք Վահան Բադասյանը մտավախություն չունի, որ իրեն սուտ մատնության կամ զրպարտության մեղադրանքներ կառաջադրվեն: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ Բադասյանը հայտարարեց. «Չեն կարող դա անել, քանի որ ես հանցակազմն ապացուցող փաստեր ունեմ»:
Ի դեպ, Վ. Բադասյանը չի պատրաստվում հանձնվել. «Պաշտպանության նախարարությունը թալանվում է: Եկեք, մեկ օր անկախ հանձնաժողով ստեղծենք, գնանք, նկարենք գեներալների տները եւ վերլուծենք՝ արդյոք դրանք աշխատավարձով ստեղծված տներ են, թե թալանով: Ալիկ Միրզաբեկյանի եղբայրը 15-րդ կարգի ալրաղաց ունի, որի ալյուրով չի կարելի հաց թխել: Բայց մրցույթներ է շահել»:
Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ մի քանի անգամ բանակից կատարվող թալանի մասին խոսել է գեներալիտետի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Մովսես Հակոբյանի, նրանց հորդորել է կանգ առնել, սակայն ի պատասխան՝ նման խորհուրդ է ստացել. «Դու էլ մեզ միացիր»: «Ես շատ փաստեր ունեմ,-ասում է Վահան Բադասյանը եւ հավելում,-պարզապես չէի ցանկանա, որ բանակը, զինված ուժերը խեղկատակության վերածվեն: Սակայն հանդուրժել եւս այլեւս հնարավոր չէ»:
Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ ինքը Հադրութում հացի գործարան ունի եւ ցանկանում է լինել բանակի մատակարարը եւ բանակի չարաշահումների բարձրաձայնման հարցում շահագրգիռ անձ է. «Ճիշտ է, ես զբաղվել եմ հացի եւ ալյուրի մատակարարմամբ 2010-12թթ, բայց 2013 թվականից սկսած ես չեմ մասնակցում, որովհետեւ ինձ ձեռնտու չէ, ու ցանկություն էլ չունեմ, այնպես չէ, որ մասնակցել եմ մրցույթին ու չեմ շահել, ես այն գլխից էլ ցանկություն չեմ ունեցել մասնակցել: Չի կարող պատահել, որ տվյալ պարագայում լինեմ շահագրգիռ անձ: Բայց շահագրգռված անձ եմ այլ պայմաններում: Տեսնելով ապրիլի 2-ը, իմ վրա կրելով այդ ողջ ծանրությունն ու հաշվի առնելով, որ իմ ընտանիքը, երեխաներն այնտեղ են գտնվում, այսինքն` զոհասեղանին մեր երեխաներն են դրված, հաշվի առնելով, թե այդ օրերին բանակը գտնվեց նման վիճակում, որ սպառազինություն չկար, ժամանակակից տեխնիկան բացակայում էր, հանգամանքներ կան, որոնք չեմ նշում` ելնելով որոշակի հանգամանքներից, թե ինչպիսի վիճակում էր գտնվում բանակը, ինչ են անում մեր գեներալները, այստեղ ես մեծ շահագրգռվածություն ունեմ, ուզում եմ, որ անվտանգ ապրենք: Այնպես չէ, որ ես կախված եմ որոշ գեներալների նման միայն բանակից փող մսխելով կամ բանակին մատակարարումներ անելով ու շահույթ ստանալով: Ունեմ իմ աշխատանքը, իմ մի քանի հարյուր հեկտար հողատարածքը, այն առաջնագծին մոտ է, ես այնտեղ ցորեն եմ ցանում ու իմ ապրուստը հայթայթում եմ: Շահագրգռված չեմ բանակի հետ աշխատել ու շահույթ ստանալ»:
Վ. Բադասյանը ցավով նշեց. «Թվում էր` Սերժ Սարգսյանը եզրակացություններ է արել՝ ապրիլյան պատերազմ, «Սասնա ծռեր»: Այս իրադարձություններից հետո նոր վարչապետ կարգեց, նախարարներ փոխեցին: Ես կոչ արեցի Կարեն Կարապետյանին, որ իրական կոռուպցիան բացահայտի, ոչ թե ծիծաղելի երեւույթների հետեւից ընկնի, թե մայր ու աղջիկ իրար հետ են աշխատում նույն դպրոցում, թե ոչ: Թող այդ ծիծաղելի գործողություններից ետ քաշվի եւ բանակի մասին մտածի՝ հանուն հայրենիքի, հանուն մեր ժողովրդի, հանուն Արցախի ու մեր երեխեքի»,- ասաց Բադասյանը՝ պատրաստակամություն հայտնելով պայքարել մինչեւ վերջ:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՎ
Երեկ հայտնի դարձավ, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց բանտ տանելու առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը: Հիշեցնենք, որ դեպքի առթիվ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Իսկ ով է ՔԿՀ պետի` ձերբակալված նախկին տեղակալը եւ ինչով է հայտնի:
«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Ըստ այդմ, Կարապետ Մկրտչյանը վերջերս է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Ներքին ծառայողական քննության արդյունքները ստանալուց հետո ՔԿ վարչությունը որոշել է աղմուկ չբարձրացնելու համար «բարիով» ազատել երիտասարդ աշխատակցին, ով, ի դեպ, համակարգում բավականին երկար ժամանակ է ծառայել: Նա «Դատապարտյալների հիվանդանոց»-ում հիմնարկի սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների գծով պետի տեղակալի պաշտոնում փոխարինել է Խաչիկ Հարությունյանին, ով այժմ նույն պաշտոնը զբաղեցնում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ձերբակալված նախկին պաշտոնյայի անունը տարիներ առաջ շոշափվել է նաեւ կոռուպցիոն գործարքներում: Նա թեեւ որպես վկա է գործով անցել, այնուամենայնիվ, դատապարտյալը, ումից հիմնարկի անձնակազմը գումար է վերցրել, հաղորդում է տվել նաեւ Կարապետ Մկրտչյանի դեմ: Այս մասով եւս, մեր տեղեկություններով, ՀՔԾ-ում քննությունը շարունակվում է:
Կարապետ Մկրտչյանը Էրեբունու նախկին ոստիկանապետ, ԱԻՆ նախկին փոխնախարար Ավետիք Մկրտչյանի՝ Աղվես Ավոյի որդին է: Տարիներ առաջ խոսվում էր այն մասին, որ Ա. Մկրտչյանը այդ պաշտոնին էր առաջադրվել իր քավորի՝ Երեւանի նախկին ոստիկանապետ, Երեւանի փրկարարական վարչության պետ Ներսես Նազարյանի ջանքերով: Էրեբունու ոստիկանապետի պաշտոնից ազատվելուց հետո Ավետիք Մկրտչյանը երկար ժամանակ աշխատանք չուներ: Տարբեր միջնորդությունների արդյունքում, վերջապես, մոտ 2 տարի հետո Մկրտչյանի համար աշխատանք գտնվեց ՀՀ ԱԻՆ-ում. նրան այդ հնարավորությունը տվեց նախարար Արմեն Երիցյանը, ով ՀՀ նախկին փոխոստիկանապետն էր:
Իսկ ով էր գնդապետ Ավետիք Մկրտչյանը: «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2014-ի փետրվարի 4-ի համարում, անդրադառնալով Ավետիք Մկրտչյանի կենսագրությանը, որոշ փաստեր էր ներկայացրել նրա կյանքից: Նախկինում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, որի կիզակետում Մկրտչյանի ղեկավարած ԱԻՆ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունն էր: Այստեղ չարաշահումներ էին հայտնաբերվել: Սակայն գործը հետագայում կարճվել էր, ըստ երեւույթին Մկրտչյանի պաշտոնը կորցնելու գնով: Եվ հիմա էլ, փաստորեն, իրավապահների ուշադրության կիզակետում է հայտնվել նախկին ոստիկանապետի երիտասարդ որդին: Թե ինչ կպարզվի քննությամբ, եւ արդյոք նա պատիժ կկրի, դեռեւս վաղ է կանխատեսել:
Հավելենք, որ նա այն նույն ոստիկանապետն էր, որին հայտնի հեղինակություն Փայլակը որպես պատիժ շան բնում էր պահել, իսկ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանն էլ իր տղաների հետ ոստիկանապետի սենյակում ծեծի ենթարկեց Ավոյին:
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ
NEWS.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Հովհաննես Քոչարյանը։ Մինչ այս պաշտոնը Քոչարյանը իրավաբանական վարչության պետն էր, իսկ ավելի վաղ անձնագրային եւ վիզաների վարչության ղեկավարը։ Շտաբի նախկին ղեկավար Արամ Զաքարյանը տեղափոխվել է այլ վարչություն։ Նա նշանակվել է պետական պահպանության գլխավոր վարչության ղեկավար։
2000 ԿՐԱԿՈՑ
Նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 75 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 2000 կրակոց: Շփման գծի հարավային եւ հարավարեւելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (12 արկ), իսկ արեւելյան (Մարտունի) պաշտպանական հատվածում` 82 մմ-ոց ականանետ (6 արկ):