Ի՞նչ խնդիրներ են բարձրացրել մշակույթի գործիչները` նախագահի հետ հանդիպմանը և ի՞նչ արձագանք են ստացել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով դեկտեմբերի 8-ից 11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ: Նման հանդիպում ունենալու պատրաստակամություն հայտնել էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպման ժամանակ:
Արցախի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ եւ ԼՂՀ մշակույթի նախարարները: «Ժողովուրդ»-ը այնտեղ ներկա եղած մի քանի մշակույթի գործիչներից հետաքրքրվեց` ինչ մթնոլորտում է անցել քննարկումը, եւ որքանով է այն արդյունավետ եղել:

15400983_1237076299706767_2000184673298428909_n

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը մեզ տեղեկացրեց, որ նախագահի եւ նախարարների հետ հանդիպումից զատ` իրենք եղել են նաեւ զորամասերում, երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն ու Դավիթ Ամալյանն էլ զինվորների համար հանդես են եկել ելույթներով: Մեր զրուցակիցը նշեց, որ հանդիպմանը ներկա մշակութային գործիչների մեծ մասը նախագահին ուղղել է նույն հարցը. «Արդյո՞ք Սերժ Սարգսյանի երակարաժամկետ այցը Լեռնային Ղարաբաղ կապված է արտաքին վտանգի հետ»: «Նախագահը մեզ վստահեցրեց, որ նման բան չկա. ինքը պարբերաբար այցելում է Արցախ եւ ստուգում է կատարվող աշխատանքները»,-ասաց գրականագետը:

15554669_1237076289706768_1582675366_n

Հարցին, թե կոնկրետ ինչ խնդիր է բարձրացրել ինքը, եւ ինչպիսին է եղել նախագահի արձագանքը, Ա. Նիկողոսյանը պատասխանեց. «Հարցադրումս, բնականաբար, վերաբերում էր գրքին, գրականությանը: Ես նկատեցի, որ վերջին 25 տարիների ընթացքում մենք ստեղծել ենք գրական արժեքներ, բայց այդ արժեքները չեն իրացվում (ոչ այնքան վաճառվելու իմաստով, այլ այն իմաստով, որ դրանք չեն դառնում մեր հասարակական, հոգեւոր պահանջմունքի բաղկացուցիչը): Նշեցի, որ Հայաստանում այսօր հակագրքային մթնոլորտ է, առկա է հոգեւոր, բարոյական անկում, անարդարություն: Եվ այն մարդը, որն ուզում է գիտելիքի միջոցով առաջ գնալ, իր հեռանկարը չի տեսնում: Հարցրի, թե ինչպես է նախագահը տեսնում այս խնդիրների լուծումը: Նա պատասխանեց, որ այդ դժվարությունները քայլ առ քայլ հաղթահարվում են, եւ բերեց մի օրինակ` շեշտելով, որ կարեւորում է գիտելիքի դերը: Ասաց, որ ինքը նախագահականում պարբերաբար ընդունում է այն դպրոցականներին, որոնք հաղթում են տարբեր օլիմպիադաներում:

15555697_1237076293040101_1722996859_n

Սերժ Սարգսյանի խոսքով` նախագահը տվյալ դեպքում գիտելիք քարոզող է: Նրա դիտարկմամբ` եթե նախագահի՝ նման քաղաքականությունը չի ծառայում որպես լավ օրինակ, նշանակում է` ինչ-որ բան այն չէ նաեւ գրականության ոլորտում: Սերժ Սարգսյանն ասաց, որ չի պատկերացնում այնպիսի իրավիճակ, որի պայմաններում ստեղծվեն մեծ արժեքներ, սակայն հասարակությունը չսպառի դրանք»:
Դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարեւորեց, որ ինտելիգենցիան համապատասխան առիթի դեպքում հանդիպում է նախագահին:
Դիրիժորը տեղեկացրեց, որ քննարկման ընթացքում բարձրացրել է ռաբիս երաժշտության դեմ պայքարի հարցը. «Երբ 1961 թվին առաջին անգամ ոտք դրեցի Երեւան, իշխողը Բաքվի երաժշտությունն էր: Բարեբախտաբար, հետո ժողովուրդը նահանջեց` այն գիտակցությամբ, որ դա իր երաժշտությունը չէ: Հիմա արդեն մեզ մոտ ռաբիսն է շատ. դա մեզ պատիվ չի բերում: Կոմիտաս, Նարեկացի ունեցած ժողովուրդը հիմա ուրախանում է «Ավլեմ-թափեմ փոշին» երգի նման հասարակ գործերով, այնինչ՝ մեզ սազական է բարձր երաժշտությունը: Կգա ժամանակ, երբ ռաբիսը, ինչպես Բաքվի երաժշտությունը, կնահանջի, եւ երիտասարդները կգնահատեն իսկական հայկական երաժշտությունը: Իմ այս դիտարկմանն ի պատասխան` նախագահն ասաց, որ դրա համար պետք է նոր գործեր ստեղծել, որոնք հրապուրիչ կլինեն, եւ ժողովուրդը կգնա դեպի դրանք, ոչ թե դեպի հասարակ բաները»,-մեկնաբանեց Հ. Չեքիջյանը:

15492556_1237076296373434_930512906820365291_n

Զրուցեցինք նաեւ հանդիպմանը ներկա այլ մշակութային գործչի` Համազգային պետական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ: Նա նշեց, որ քննարկման ընթացքում բարձրացրել է համազգային թատրոնի շենք չունենալու հարցը, եւ ստացել դրական արձագանք. «Ես ասացի, որ տարածքը, որտեղ այժմ գործում է թատրոնը, իր գետնահարկով մեզ տարամադրելու դեպքում խնդիրը կստանա իր լուծումը: Նախագահը պատասխանեց, որ ծանոթ է իրավիճակին: Կարծում եմ` առաջիկայում խնդիրը, իսկապես, կլուծվի: Չէ՞ որ Համազգային թատրոնը նորանկախ Հայաստանի առաջին թատրոնն է եւ մեզ համար սիմվոլիկ նշանակություն ունի»,- եզրափակեց տնօրենը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս