«Հաց բերող» Արթուր Սարգսյանը շարունակում է գտնվել առանց պատշաճ դեղորայքային եւ սննդային բուժում ստանալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Դավիթ Գյուրջյանը եւ Վահե Գրիգորյանը հայտարարություն են տարածել։

Նրանք, մասնավորապես, նշել են. «2016 թ․ օգոստոսի 2-ին ձերբակալված Արթուր Սարգսյանի ներկայացուցիչները դեկտեմբերի 17-ին դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ՄԻԵԴ կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքով, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել դիմողի բուժումը, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացիական հիվանդանոցում, եւ գործուն միջոցներ ձեռնարկել Արթուր Սարգսյանի նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված անմարդկային վերաբերմունքից նրան զերծ պահելու համար։

Մինչեւ կալանավորվելն Արթուր Սարգսյանն ուներ «Բեխտերեւի» հիվանդություն, որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ չափերի՝ մոտ 15 սանտիմետր, տարել է ողնաշարի վիրահատություն՝ C1 եւ C2 մասնահատումով եւ պրոտեզավորմամբ: Նա երկրորդ կարգի զինվորական հաշմանդամ է։ Արթուր Սարգսյանի՝ բժիշկ հրավիրելու եւ բժշկական օգնություն ստանալու պահանջները շարունակաբար անտեսվել են «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմի կողմից, իսկ տրամադրված բժշկական օգնությունը սահմանափակվել է արյան ճնշումը չափելով եւ միայն ցավազրկողներ առաջարկելով: Դեկտեմբերի 10-ից ի վեր Արթուր Սարգսյանի վիճակը կտրուկ վատացել է. ունեցել է գլխապտույտներ, սրտխառնոցներ եւ փսխումներ, իսկ դեկտեմբերի 11-ին Սարգսյանի մոտ սկսվել են արդեն արյունային փսխումներ։ Արթուր Սարգսյանին այցելած «Նուբարաշեն» ՔԿՀ բժիշկը կրկին սահմանափակվել է ցավազրկող առաջարկելով եւ արյան ճնշումը չափելով, իսկ Արթուր Սարգսյանի շտապօգնություն հրավիրելու պահանջը մերժվել է:

Միայն Արթուր Սարգսյանի վիճակի շարունակական եւ ակնհայտ վտանգավոր վատթարացման, ինչպես նաեւ խցակից կալանավորների ճնշման արդյունքում է դեկտեմբերի 11-ի գիշերը հրավիրվել շտապօգնություն, որի բժիշկները, տեսնելով Արթուր Սարգսյանի վիճակը, «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմի հետ բանակցությունների արդյունքում տեղափոխել են նրան «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշել են ստամոքսի եւ կերակրափողի էրոզիաներ եւ կերակրափողի ճաք, որն էլ արնահոսում էր: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նշանակել են դեղորայքային բուժում եւ հատուկ սննդակարգ։ Սակայն դեկտեմբերի 12-ի գիշերը՝ ժամը 02:00-03:00-ի սահմաններում, Արթուր Սարգսյանին անսպասելիորեն տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ նրան չի տրամադրվել ո՛չ դեղորայք, ո՛չ բուժհսկողություն եւ օգնություն, եւ ոչ էլ հատուկ սննդակարգը՝ պատճառաբանելով, որ համապատասխան դեղորայք եւ հատուկ սնունդ չունեն՝ կալանավորին խորհուրդ տալով այդ հարցով դիմել իր ազգականներին՝ միաժամանակ նրան չտրամադրելով որեւէ կապի միջոց՝ արտաքին աշխարհի հետ կապվելու համար։

Միայն դեկտեմբերի 14-ին է Արթուր Սարգսյանի եղբայրը տեղեկացել նրա կարիքների մասին: Իսկ մինչ այդ, փաստորեն, օրեր շարունակ Արթուր Սարգսյանը հարկադրված է եղել իր առողջության համար վտանգավոր սնունդ ընդունել եւ ամիսներ շարունակ զրկված մնալ իրեն անհրաժեշտ դեղորայքից ու բուժօգնությունից։ Նման պայմաններում Արթուր Սարգսյանն ստիպված է ընդունել նախկինում իրեն ազգականների կողմից փոխանցված սնունդը, որը չի համապատասխանում նշանակված հատուկ սննդակարգին, այն էլ ծայրահեղ քիչ քանակով՝ փորձելով չսրել իր հիվանդությունը։ Իսկ դեկտեմբերի 12-ին «Էրեբունի» ԲԿ-ից կալանավայր տեղափոխելուց հետո Արթուր Սարգսյանը ընդհուպ մինչեւ այսօր չի ստացել ո՛չ դեղորայքային բուժում, ո՛չ հատուկ սնունդ:

Դեկտեմբերի 12-ին Արթուր Սարգսյանի պաշտպանները դիմել էին արդարադատության նախարարություն, ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչություն, «Նուբարաշեն» ՔԿՀ եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պահանջելով անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Արթուր Սարգսյանին պատշաճ բուժզննություն եւ բժշկական պատշաճ օգնություն տրամադրելու ուղղությամբ, սակայն մինչ օրս վերջիններից որեւէ գործուն արձագանք չեն ստացել։

ՄԻԵԴ ներկայացված միջնորդությամբ Սարգսյանի ներկայացուցիչները դատարանի ուշադրությունն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ միայն «Բեխտերեւի» հիվանդությունը հիմք է կալանավորման տեսքով խափանման միջոցը փոփոխելու համար, քանի որ այն անհամատեղելի է բանտային պայմանների հետ։ Այդ պատճառով էլ կառավարությունն իր N 825 որոշման 37-րդ կետով այս հիվանդությունը դասել է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին։ Մինչդեռ նախնական կալանքի այն ռեժիմը, որ կիրառվում է Հայաստանում, առավել խիստ սահմանափակումներ է նախատեսում կալանավորների համար, քան ազատազրկման ձեւով պատիժը ըստ հայաստանյան օրենքների:

Արթուր Սարգսյանը շարունակում է գտնվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ առանց պատշաճ դեղորայքային եւ սննդային բուժում ստանալու եւ առանց պատշաճ եւ անընդհատ բժշկական որակյալ հսկողության»:




Լրահոս