Ընդունված է ասել՝ մարդն իմաստություն եւ փորձառություն ձեռք է բերում իր կյանքի ընթացքում, բայց հասկացողություն՝ վաղ մանկուց: Եւ այս խնդիրը առավել ակնառու է նկատվում ՀՀ ոստիկանության շատ աշխատակիցների մոտ:
Հերքում են անհերքելին
«Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին գրանցված հանցագործությունների քանակը կազմել է 15 հազար 46, որն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 1446-ով: Անցած տարի գրանցվել էր 14.015 հանցանք: Սակայն ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հերքում-պարզաբանում էր գրել, տեղադրել պաշտոնական կայքում, ինքնամոռաց տարածում էր համացանցի բոլոր էջերում: «Պարզվում է՝ ԱՎԾ տեղեկանքից Armlur-ին հաճո թիվ արտագրելը մի բան է, վիճակագրություն հասկանալը՝ միանգամայն այլ բան… Պարզ թվաբանական գործողությամբ կարելի է ստանալ տարվա ընթացքում գրանցված հանցագործությունների իրական պատկերը՝ 1446-1343=103»,-ահա, այսպիսի խրատական փորձի տոնայնությամբ բացատրություն է տվել ոստիկանությունը՝ հերքելով չոր փաստերը:
ՀՀ ոստիկանությունն այնքան է տարվել, որ հաղորդագրությունն իջեցրել է փողոցային տաղավարի՝ «բեսեդկայի» մակարդակի՝ police.am-ում տեղադրելով այսպիսի պարբերություն. «Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ու հատկապես «սիրողական վերլուծաբաններին» հերթական անգամ կոչ ենք անում հրապարակում պատրաստելիս խորհրդատվության խնդրանքով դիմել ոստիկանության համապատասխան կառույցներին, եթե չեք ցանկանում ինքնախաբեությամբ զբաղվել ու թյուրիմացության մեջ գցել հասարակությանը»:
Խոսենք փաստերով
Հիմա ներկայացնում ենք պաշտոնական վիճակագրության տվյալները, որպեսզի ոստիկանության տաք սենյակներում համազգեստի մեջ «տեղավորված գերգրագետ» մարմինները հասկանան եւ գոնե փորձեն հաշտվել իրականության հետ: Այսպես՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2016-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է 15.461, որը անցած տարվա հունվար-հոկտեմբերին գրանցված հանցագործությունների թվից ավել է 1446-ով, քանի որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընդհանուր հանցագործություններ քանակը կազմել է 14015: Այսինքն՝ հանցագործությունների քանակն ավելացել է:
Այստեղ մի պահ կանգ առնենք եւ հիշեցնենք «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ կետը, որը սահմանում է ՀՀ ոստիկանության խնդիրները.
1) մարդու անվտանգությունը` սույն օրենքով նախատեսված դեպքերում,
2) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը եւ խափանումը:
Այսինքն՝ ՀՀ ոստիկանությունը ոչ միայն պարտավոր է կատարված հանցանքների հետեւից գնալ, նկարահանել, շոու բեմադրել, թե բացահայտում է արել, այլեւ նախականխել, կանխել եւ խափանել հանցագործությունները: Թե ինչ մակարդակով է արվում այս աշխատանքը, ցույց է տալիս վիճակագրական ծառայությունը՝ արձանագրելով, որ 2016 թվականին հանցագործությունների թիվը աճել է:
Պաշտոնական թվեր
Շարունակենք ներկայացնել պաշտոնական թվերը, ըստ որոնց՝ միջին ծանրության հանցագործությունների քանակը այս տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է 5204, մինչդեռ նախորդ տարի 3665 է եղել:
Աճել է նաեւ առանձնապես ծանր հանցագործությունների քանակը՝ 162 այս տարի, իսկ նախորդ տարի 143 էր:
Սպանությունների թիվը եւս ավելացել է՝ 61 դեպք, մինչդեռ նախորդ տարվա հունվար- հոկտեմբեր ամիսներին գրանցվել էր սպանության 48 դեպք:
Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի քանակն էլ է ավելացել այս տարի՝ 952, անցած տարի 914 էր:
Հրազենի, ռազմամթերք պատրաստելու, ապօրինի շրջանառության դեպքերի քանակն էլ է աճել. այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 596, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում եղել է 529:
Էապես աճել է նաեւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակը: Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 6179, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում 5859 դեպք էր արձանագրվել: Անձնական գույքի հափշտակության 5634 դեպք այս տարի է արձանագրվել՝ նախորդ տարվա 5301-ի դիմաց:
Հանրապետությունում ավելացել են նաեւ գողության դեպքերը: Այս տարվա հունվար-հոկտեմբերին գրանցվել է գողության 4476, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 4172 դեպք:
Պետության դեմ հանցանքների աճ
Շեշտակի աճել է նաեւ պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր քանակը: Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 2284, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 880 դեպք:
Միայն պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների քանակը այս տարվա հունվար-հոկտեմբերին 2047 է, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում 605 է եղել:
Երեկ «ժողովուրդ» օրաթերթը ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանից հետաքրքրվեց, թե որն է հանցագործությունների նման շեշտակի աճի պատճառը: «Զարգանում է հասարակությունը, կան երեւույթներ, կան դեպքեր, եւ ամենակարեւորն այն է, որ մենք երբեւիցե չենք թաքցնում հանցագործությունները, եւ հենց դա է հիմնական պատճառը, որ այդ աճը կա: Դա էլ է տատանողական, հնարավոր է, որ մյուս տարի հանցագործությունների աճի տեմպերի նվազում լինի», – նշեց նա:
Անիմաստ ծախսեր
Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեում զետեղված տվյալների համաձայն՝ ՀՀ ոստիկանության համար, որպես պահպանման ծախս, 2016 թ. նախատեսվել է 36,485.6 մլն դրամ: Իսկ աշխատողների աշխատավարձերի, հավելավճարների եւ քաղաքացիական ծառայողների պարգեւատրումների համար 2016 թ. ծրագրավորել են 31,655.8 մլն դրամ, որը 2015 թ. նախատեսածի համեմատ աճել է 72,7 մլն դրամով:
Թե հանցագործությունների աճի այս խայտառակ ցուցանիշների համար ում եւ ինչ հիմնավորմամբ է պարգեւատրելու ՀՀ ոստիկանապետը, դժվար է ասել: Բայց ՀՀ շարքային քաղաքացին կարող է փաստել, որ ոստիկանությունն ակտիվ աշխատում է համացանցում, մարդիկ է պահում, որոնք հարձակվում, վիրավորում ու զրպարտում են բոլոր այն քաղաքացիներին, որոնք համարձակվում են քննադատել իրավապահ այդ կառույցին: Հարձակումներից անմասն չեն մնում նաեւ լրագրողները, հասարակական-քաղաքական գործիչները, որոնք ոստիկանությանը քննադատելուց հետո դառնում են «ոստիկանական ֆեյքերի» հարձակման թիրախ:
Էլ չասենք հնչած այն տեսակետների մասին, որ ոստիկանությունը քաղաքական ու հասարակական գործիչների ապօրինի գաղտնալսմամբ է զբաղված՝ նրանց դեմ խարդավանքներ հյուսելով: Ահա թե ինչու ժամանակ չկա պայքարելու, կանխելու, խափանելու հանցագործության դեպքերը:
Հ. Գ. ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության «սիրողական վերլուծաբաններին» հրավիրում ենք խմբագրություն՝ մեր պրակտիկանտների մոտ տարրական թվաբանական դասընթացների:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»
ՀԵՌԱՎՈՐ ԳՅՈՒՂԵՐԸ ԿՏՐՎԱԾ ԵՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ պետք է լուծել գյուղական բնակավայրերի հետ տրանսպորտային հաղորդակցության խնդիրը: Փոքրիկ Հայաստանում գյուղեր կան, ուր վաղուց հասարակական տրանսպորտ չի մեկնում: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, Ադրբեջանին սահմանակից Բարեկամավան գյուղը կտրված է մեծ աշխարհից, դեպի գյուղ հասարակական ավտոբուս կամ միկրոավտոբուս չի մեկնում: Բարեկամավանից մեծ չափով արտագաղթ է եղել Հայաստանի տարբեր բնակավայրեր, Ռուսաստան: Մարդիկ սահմանամերձ գյուղից հեռացել են նաեւ տրանսպորտային հիմնահարցի պատճառով: Բարեկամավանցին գործով Երեւան, Իջեւան, Նոյեմբերյան մեկնելիս միշտ մտահոգ է, թե ինչպես է գյուղ վերադառնալու: Գյուղը Նոյեմբերյան քաղաքից հեռու է 35 կմ: Բարեկամավանցիները Նոյեմբերյան քաղաքում գործերն ավարտելուց հետո տաքսիով են մեկնում հայրենի գյուղ՝ վճարելով 4000 դրամ: Դեբեդավանը Նոյեմբերյանի տարածաշրջանի, Վրաստանին սահմանակից գյուղ է, նախկին վարչական շրջանի կենտրոն Նոյեմբերյան քաղաքից հեռու է ավելի քան 30 կմ: Դեբեդավան եւս հասարակական տրանսպորտ չի մեկնում: Նշենք, որ Դեբեդավանը Բագրատաշեն գյուղից հեռու է մոտ 4 կմ: Նոյեմբերյանից Բագրատաշեն օրական 2 անգամ միկրոավտոբուս է մեկնում: Դեբեդավանի նախկին գյուղապետ, Դեբեդավանում խոշորացված Այրում համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչ Վանյա Դամիրչյանն ասաց, որ Նոյեմբերյանից Բագրատաշեն վերջին միկրոավտոբուսը վերադառնում է կեսօրին: Դա դեբեդավանցիներին ձեռնտու չէ, քանի որ նրանք կեսօրին չեն հասցնում Նոյեմբերյան քաղաքում ավարտել իրենց գործերը: Այդ պատճառով համախմբվելով՝ դեբեդավանցիները 4 հոգանոց խմբեր են կազմում, համամասնորեն ֆինանսական ներդրում կատարում, տաքսի վարձում, դրանով մեկնում Նոյեմբերյան եւ տաքսիով վերադառնում:
ՔԻՉ ԵՆ ՀԱՎԱՔԱԳՐՎԵԼ
2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Տավուշի մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 2 միլիարդ 904 միլիոն 700 հազար դրամ, որը 2016 թվականի 11 ամիսների համար նախատեսվածի 97.6 տոկոսն է: Նույն ժամանակահատվածում մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 603.4 միլիոն դրամ, որը նախատեսվածի 87.7 տոկոսն է: Դեկտեմբերի 6-ին Տավուշի մարզապետարանում կայացած մարզխորհրդի նիստում եկամուտների հավաքագրման ցածր կատարողական ունեցող համայնքների ղեկավարներին առաջարկվել է ամենօրյա հետեւողական աշխատանք կատարել՝ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը բարելավելու համար:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՊԵԿ-ի ղեկավարին, հաշվի առնելով գալիք ամանորյա տոները, քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար ՊԵԿ աշխատանքային ռեժիմի հստակ գրաֆիկը, նաեւ դեկտեմբերի ոչ աշխատանքային եւ հունվարի տոնական օրերին. «Պարո՛ն Հարությունյան, սա շատ լավ առիթ է արտակարգ ռեժիմ սահմանելու համար, որ մաքսիմալ հարմարավետ պայմաններ ստեղծվեն ներկրողների համար»: Վարչապետը դիմեց նաեւ ԿԲ նախագահին՝ հանձնարարելով տոնական օրերին, ինչպես նաեւ նախատոնական շաբաթ, կիրակի օրերին բանկերի աշխատանքն ապահովել: Կ. Կարապետյանը հանձնարարական տվեց նաեւ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին եւ նշեց, որ հաշվի առնելով գալիք ամանորյա տոները՝ պետք է առավել ուշադիր լինել հակամրցակցային գործընթացում. «Մաքսիմալ ուշադիր եղե՛ք, տնտեսվարողի շահը ապահովե՛ք, միջամտե՛ք միայն այն դեպքում, երբ հասկանում եք, որ տնտեսվարողը գերիշխող է, որպեսզի միջամտությունը չդառնա բեռ բիզնեսի համար»: