«Ժողովուրդ»-ը շարունակում է Ամանորին ընդառաջ հայ հայտնիների հետ ամփոփել 2016-ը` անդրադառնալով տարվա ձեռքբերումներին, կորուստներին, հուսահատության ու ոգեւորության պահերին: Այս անգամ մենք զրուցել ենք երգիչ Նարեկ Մակարյանի հետ:
-Նարե՛կ, որո՞նք եք համարում 2016-ի Ձեր լավագույն ձեռքբերումները ստեղծագործական եւ անձնական կյանքում:
-Այս տարի ձեռք բերեցի նոր ընկերներ, ավելի հասունացա. սա շատ կարեւոր է տղամարդու համար: Ինչ վերաբերում է գործնականին, ապա կառանձնացնեմ եւս մեկ անգլալեզու երգի հիման վրա տեսահոլովակի թողարկումը: Հավելեմ նաեւ, որ գրել եմ մի շարք նոր երգեր. դրանք կթողարկեմ արդեն 2017-ին:
-Ինչի՞ հետ էր կապված այս տարվա Ձեր հիասթափությունը:
-Նման պահեր, ցավոք, բավական շատ են եղել: Ու թեեւ կապիկի տարի էր` իմ տարին էր, դժգոհ եմ նրանից. այս տարի կապիկն ինձ հետ ընկեր չեղավ: Հիասթափություններիս մասին չեմ մանրամասնի. դրանք բոլորն անձնական բնույթի են, սակայն կասեմ, որ դրանցից համապատասխան դասեր եմ քաղել, ինչը շատ կարեւոր է:
-2016-ին ի՞նչը կամ ո՞վ է կարողացել զարմացնել Ձեզ:
-Ինձ զարմացնելը բարդ է. հատուկ մի բան չեմ մտաբերում:
-Իսկ ֆինանսական առումով կապիկը բարեբե՞ր էր:
-Նորմալ էր: Այդ առումով տարին չէի բնութագրի շատ լավ, ոչ էլ շատ վատ: Փաստն այն է, որ ես ինձ թույլ տվեցի որոշ նյութական ձեռքբերումներ ունենալ: Այնուամենայնիվ, ակնկալում եմ, որ մյուս տարի այդ առումով ավելի լավ է լինելու. համենայն դեպս, կաշխատեմ այդ ուղղությամբ:
-Այս տարվա անհաջողություններն ինչի՞ն էին առնչվում:
-Գիտեք, մի շարք դեպքեր գրանցվեցին. կոտրեցին մեքենայիս ապակին, գումար եւ փաստաթղթեր գողացան, հետո գողացան նաեւ իմ մոտոցիկլետը: Դրանք, սակայն, ես համարում եմ փոքր անախորժություններ: Կարող էին է՛լ ավելի վատ բաներ կատարվել:
-2016-ին սիրո հետ ինչպե՞ս «դասավորվեցին» Ձեր հարաբերությունները:
-Օ՛յ, դժվար էր: 2016-ին սիրո հետ կապված ոչինչ չստացվեց, հուսամ` 2017-ին կստացվի: Արդեն 24 տարեկան եմ եւ ուզում եմ լուրջ հարաբերություններ սկսել, գուցե նաեւ ընտանիք կազմել, սակայն դեռ չի ստացվում: Պատճառն այն է, որ չեմ գտնում իմ կեսին: Առհասարակ, շատ դժվար է լինել շոու-բիզնեսում եւ ունենալ ընտանիք: Գուցե կողքից չհասկացվի, բայց դա շատ բարդ է: Փորձում եմ գտնել այնպիսի մեկին, որն ինձ կհասկանա եւ կընդունի այնպիսին, ինչպիսին ես կամ, այլ ոչ թե կփորձի փոխել ինձ:
-Ո՞րն է այս տարվա ամենամեծ փորձությունը:
-Ծննդյանս օրն էր, որոշեցի, որ պետք է յուրահատուկ, էքստրեմալ ձեւով նշեմ: Հոգնել էինք ռեստորանային իրավիճակներից եւ 4 մոտոցիկլիստ ընկերներով ճանապարհ ընկանք, այսպես ասած` սարեր: Ամառ էր: Ասեմ, որ սպասվածից հարյուր անգամ ավելի էքստրեմալ իրավիճակում հայտնվեցինք: Ես եւ ընկերս խառնեցինք ճանապարհը եւ հայտնվեցինք Վրաստանի սահմանին` սարերի մեջ: Շատ վատ ճանապարհ էր, ասֆալտ բացարձակ չկար, իսկ մոտոցիկլետս նախատեսված չէր տվյալ պայմանների համար: Բացի այդ` գիշեր էր, կապի որեւէ միջոց չէր աշխատում, բենզինը վերջանում էր, ջուր չկար, մի կողմից անտառն էր, որտեղ մեզ սպասում էին արջերն ու գայլերը, մյուս կողմից` անդունդը: Այդպիսի ծնունդ ես չեմ ունեցել, կարելի է ասել` մի քանի անգամ վերածնվեցի (ծիծաղում է): Կարծես որեւէ ֆիլմի կամ հաղորդման մասնակցելիս լինեինք: Արդյունքում մի կերպ դուրս պրծանք իրավիճակից: Դա այս տարվա ամենահետաքրքիր եւ փորձություններով լի պահն էր:
-Եվ վերջին հարցը` 2017-ից ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Սպասելիքներս կամ հույսերս ոչ թե տարվա հետ են կապված, այլ ինձ հետ: Ակնկալում եմ, որ կլինեմ ավելի աչալուրջ, որ աշխատանքս կկատարեմ ավելի պրոֆեսիոնալ ձեւով: Իսկ եթե խոսելու լինենք գալիք տարվա հետ կապված իմ նպատակների մասին, ասեմ, որ ծրագրում եմ երգարվեստին զուգահեռ` հանդես գալ նաեւ մեկ այլ բնագավառում, որն, իհարկե, կրկին առնչվում է շոու-բիզնեսին: Բայց այդ մասին մանրամասներ արդեն կհայտնեմ հաջորդ տարի:
ՆԿԱՐՈՒՄ Է ԻՐ ԻՍԿ ՊԱՏՄԱԾ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ
Այս տարվա նոյեմբերին «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման 8¬րդ փառատոնի շրջանակում լավագույն հայկական անիմացիոն ֆիլմ ճանաչվեց եւ Լեւ Ատամանովի անվան մրցանակի արժանացավ Հայկ Սայադյանի «Պապիկիս երազը» կինոժապավենը: «Ժողովուրդ»-ը Հայկից հետաքրքրվեց` ինչ նախագծերի վրա է հիմա նա աշխատում. «Ակտիվորեն համագործակցում եմ արտերկրի ֆիլմարտադրողների հետ, նաեւ որպես համահեղինակ, ֆրանսիական եւ իրանական դպրոցներում տալիս եմ վարպետության դասեր: Հայ հանդիսատեսին պատրաստվում եմ ներկայանալ «Մեծ երազներ» ֆիլմաշարով: Եվ արդեն մեծ ու պրոֆեսիոնալ թիմով աշխատում ենք «Մոմիկ» անիմացիոն եռապատումի վրա»-տեղեկացրեց նա:
Նշենք, որ Հայկը ներկայանում է որպես այլընտրանքային ֆիլմերի հեղինակ. «Ես ֆիլմերս համարում եմ այլընտրանքային թե՛ կատարողական, թե՛ ձեւաչափային, թե՛ թեմատիկ առումով»-մեզ հետ զրույցում շեշտեց նա:
Հայկի ֆիլմերում, փաստորեն, խոսողը նրա կտավներն են, ուստի հարցրինք` ինչպես է նա անիմացիան ծառայեցնում նկարներին «խոսեցնելու» նպատակին. «Բոլոր կտավներն ինքնին խոսուն են, եթե դրանց հեղինակը վարպետ է: Սակայն, երբ դրանք կախված են ցուցասրահի պատին, ոչ բոլորի հետ են խոսում: Իսկ անիմացիոն հնարքներով կենդանություն առած կտավները կարող են խոսել շատ մեծ ու լայն լսարանի հետ: Ես վաղուց արդեն համագործակցում եմ տաղանդավոր դերասանների, կոմպոզիտորների ու երաժիշտների հետ, որոնց օգնությամբ կտավներս ավելի խոսուն եւ երգեցիկ են դառնում»,-մեկնաբանեց անիմատորը:
Ի դեպ, բացի երգահանների հետ համագործակցելուց` Հայկն ինքը երբեմն իր ֆիլմերի համար գրում է երաժշտություն, նա հեղինակում է նաեւ հեքիաթներ. «Երաժշտական կրթությունս առել եմ սարերում ու անտառներում, գետերի ափին եւ թափառող գուսանների հետ հանդիպումներում: Ինչ վերաբերում է հեքիաթներին, ասեմ, որ սիրում եմ, երբ ինքս եմ նկարում իմ պատմած հեքիաթները եւ ինքս եմ դրանց համար երաժշտություն գրում: Սա նման է գյուղերի տարեցների արածին: Նրանցից շատերը հեքիաթ պատմելիս օգտագործում են ցանկացած խոսուն գործիք եւ հնարավորություն` ստանձնելով մի քանի մասնագետի ֆունկցիա»,-բացատրեց Հայկը:
Անիմատորից հետաքրքրվեցինք` արդյոք պետությունն աջակցում է իր ֆիլմերի ստեղծմանը, հատկապես, որ դրանցից շատերն արծարծում են ազգային թեմաներ. «Մի քանի գերատեսչություն ի սկզբանե հետաքրքրված են «Մոմիկ» ֆիլմով, եւ այդ հետաքրքրությունը պարբերաբար թակում է իմ դուռը` իմանալու համար, թե ով կա տանը»,-եզրափակեց նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ «ՈՍԿԵ ԳԼՈԲՈՒՍԻ»
Հայաստանը ներկայացնող 3 ֆիլմ հավակնում է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության 74-րդ արարողության շրջանակում արժանանալ «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» մրցանակին: Այս մասին տեղեկացնում է Asbarez-ը: Դրանցից մեկը ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչն» է (The Last Inhabitant), որի հիմքում ընկած է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը: Մյուս հավակնորդ ֆիլմը Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, սառը ձմեռն» է (Hot Country, Cold Winter), որն անդրադառնում է շարքային քաղաքացիների կյանքի վրա Խորհրդային Միության փլուզման բացասական ազդեցությանն ու ծանր հետեւանքներին, իսկ երրորդ ֆիլմն էլ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժն» է. այն պատմում է 1988թ. Գյումրիում եւ Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժի մասին: