ՊԱՐՏԱԴԻՐԸ ՆԱՀԱՆՋԵՑ ՄԱՍԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագիծը: Սույնով առաջարկվում է ամեն ամիս ՀՀ յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից պահում կատարել 1000 դրամի չափով:
Եվ երեկ խորհրդարանում պարզ դարձավ, որ լայն զանգվածների քննադատությունները նախագծում որեւէ էական փոփոխության պատճառ չդարձան, թեեւ նախագծի հեղինակ նախարարը նախորդ ամիս վստահեցնում էր` հանրային քննարկումներն ու օրենսդիրի ներկայացուցիչների դիտարկումները քննության կառնվեն: Սակայն իրականում պարտադիրը մնաց ուժի մեջ՝ ենթարկվելով չնչին փոփոխության. եթե ընտանիքում կա ժամկետային զինծառայող, հաշմանդամ զինծառայող կամ զոհված զինծառայող:
Սա այն դեպքում, երբ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե հնարավոր է այնպիսի տարբերակ, երբ մարդիկ ստանան վճարից կամավոր հրաժարվելու հնարավորություն: Պարտադիր բաղադրիչը ցանկալիով փոփոխելու եզրույթի մասին ակնարկներով փոխանցվել էր նաեւ օրենսդիր մարմնի շատ ներկայացուցիչներին, որոնք պետք է այդ քարոզչությունն առաջ տանեին: Բայց Վիգեն Սարգսյանը ներիշխանական բոլոր գործընթացներում պնդեց պարտադիրի անհրաժեշտությունը՝ ըստ էության անհարմար իրավիճակի մեջ դնելով իշխող խմբակցության ղեկավարին եւ անդամներին:
Հ.Գ. Ի դեպ, երեկ նախագծի քննարկման ժամանակ, երբ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը եզրափակիչ ելույթով հանդես եկավ, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հուզվեց: Քանի որ նա էր նիստը վարողը, մի պահ լռություն էր դահլիճում, չէր կարողանում խոսել: ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը հետաքրքրվեց. «Տիկի՛ն Նաղդալյան, հուզվեցի՞ք»: «Այո՛, հուզիչ էր»,- ասաց Նաղդալյանն ու շարունակեց վարել ԱԺ արտահերթ նիստը:

 

 
Դեկտեմբերի 12-ից հրավիրված ՀՀ ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագծի քննարկումն է, որն ուժի մեջ կմտնի 2017-ի հուլիսի մեկից: Ասել է, թե օրինագծի հիմնական դրույթներով մինչ այդ ապօրինի հարստացողները չեն պատժվի: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից փորձեց պարզել` մտավախություն չունի՞ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վերահսկիչ պալատը տիկնոջը պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ում խախտումներ էր հայտնաբերել: «Նման բան չի եղել, սուտ է»,- պատասխանեց Նաղդալյանը: Վստա՞հ եք, որ փաթեթի ընդունումից հետո խնդիրներ չեք ունենա օրենքի հետ, թեեւ արդեն դե յուրե վաճառել եք ընկերությունը, հետաքրքրվեցինք Նաղդալյանից. «Ո՛չ, մտավախություն չունեմ, որեւէ հարցով, մեկ էպիզոդով, ապօրինի հարստացման կամ որեւէ այլ բանի մասին որեւէ անհանգստություն չունեմ»,- շտապեց արդարանալ Հերմինե Նաղդալյանը:

 

 
Երեկ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանին որեւէ դաշնակցական չէր մասնակցում: Աղմկահարույց 1000 դրամների նախագծի քննարկման ժամանակ իշխող հանրապետականների կոալիցիոն գործընկեր որեւէ դաշնակցական ելույթ չունեցավ: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը ՀՅԴ խմբակցության աշխատակիցներից հետաքրքրվեց, թե որտե՞ղ են դաշնակցական պատգամավորները, պատասխանեցին, որ երկրում չեն: Կուսակցության ներկայացրած պաշտոնական տեղեկության համաձայն՝ «դեկտեմբերի 10-ին ՀՅԴ բյուրոյի նախաձեռնությամբ Փարիզում հավաքվել էին հոգեւոր, պետական, քաղաքական, կուսակցական այրեր՝ միասնաբար մասնակցելու Հայ դատի աշխատանքների հզորացման ու աջակցության համար կազմակերպված դրամահավաք ճաշկերույթին, որտեղ ներկա էր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը»: Ասել է, թե դաշնակցականները 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ գումար են հավաքում, որ նախընտրական, քարոզչական ծախսերը հոգան:

 

 
Այս տարվա հունվար-նոյեմբերին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 926 հազար 386 ուղեւորի: Այս ցուցանիշը շուրջ 164 հազար ուղեւորով ավել է 2014-2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-նոյեմբերին «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 963 հազար 309, իսկ ժամանել 953 213 ուղեւոր: Նույն ժամանակահատվածում «Շիրակ» օդանավակայանից մեկնել է 5317, իսկ ժամանել 4547 ուղեւոր: Ստացվում է, որ այս տարվա հունվար-նոյեմբերի արդյունքներով՝ ինքնաթիռով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 10 հազար 866 ուղեւոր: Հարկ է նկատել, որ ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիվը չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը: Բայց տրամաբանական է, որ չվերադարձածների մի մասը հենց արտագաղթածներն են: Բայց սրանք միայն ինքնաթիռով մեկնածների տվյալներն են: Ինչպես հայտնի է՝ Ռուսաստան արտագաղթողները հիմնականում նախընտրում են ավտոբուսով մեկնել, քանի որ այդպես տոմսի արժեքն էժան է, իսկ անվճար ուղեբեռ տեղափոխելու հնարավորությունն էլ՝ ավելի մեծ:

 

 

 
ԹԻՐԱԽԱՎՈՐՎԱԾ
Մինչ Հայաստանի իշխանություններն շտապեցին վավերացնել համատեղ օդային պաշտպանության մասին պայմանագիրը, ապա օրերս Մոսկվայում ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը մեծ ոգեւորությամբ ստորագրեց հայ-ռուսական միավորված զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը, անկախ փորձագետները ահազանգում էին, որ առանց այն էլ Ռուսաստանից ռազմաքաղաքական չափազանց մեծ կախվածության մեջ գտնվող Հայաստանն այս քայլերով էլ ավելի է թիրախավորվում Ռուսաստան-ՆԱՏՕ հակասությունների սրման համատեքստում: Մանավանդ որ թե՛ ՀՕՊ համակարգի, թե՛ միացյալ զորախմբի գործողությունները միտված են լինելու ոչ թե Հայաստանի ու նրա կողմից երաշխավորվող Արցախի սահմանների անառիկությանը, այլեւ սպասարկելու են, այսպես կոչված, «արտաքին սահմանները». մի հասկացություն, որը մնացել է դեռեւս Խորհրդային Միության տարիներից, եւ որը շարունակում է կարեւոր տեղ ունենալ Ռուսաստանի ռազմական դոկտրինայում:
Նախօրեին էլ ռուսական «Իզվեստիա» պարբերականը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ առաջիկայում ՀԱՊԿ-ն մտադիր է կոշտ պատասխան տալ ՆԱՏՕ-ին: «Դեկտեմբերի 26-ին կայանալիք գագաթնաժողովում կազմակերպության անդամ երկրների ղեկավարները քննարկելու են իրենց գործողությունների ծրագիրը Արեւելյան Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի ակտիվացման պայմաններում»,- պարբերականին հայտնել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դ. Պեսկովը: Իսկ ահա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան էլ հայտարարել է. «Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչ է կատարվում մեր սահմանների մոտ, եւ ինչու է ՆԱՏՕ-ն սպառազինություններ կենտրոնացնում, ենթակառուցվածքներ ստեղծում եւ հավելյալ չորս գումարտակ տեղակայում Արեւելյան Եվրոպայում: Ի՞նչ նպատակ է դա հետապնդում, ինչպե՞ս պետք է մենք արձագանքենք, որ հետո ուշ չլինի: Մենք չենք կարող լռել եւ ոչինչ չձեռնարկել՝ կողքից նայելով, թե ինչպես են մեր հարեւան երկրները չափից ավելի զենք լցնում ու զորախմբեր տեղակայում»:
Այսպիսով՝ ուզի, թե չուզի՝ Հայաստանը ստիպված է լինելու ներքաշվել ընդդեմ ՆԱՏՕ-ի սպասվող գործընթացի մեջ, եւ սա այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացումը հանդիսանում է մեր ռազմական դոկտրինի երկրորդ կարեւոր ուղղությունը: Եվ սա դեռ խաղաղ իրավիճակում, երբ Ռուսաստանն ընդամենը ցանկանում է իր կողմից կառավարվող ռազմաքաղաքական դաշինքի միջոցով «նախազգուշացնել» ՆԱՏՕ-ին՝ իր սահմաններին մոտ ավելորդ ակտիվություն ցուցաբերելու համար: Իսկ ինչ կլինի, եթե, Աստված մի արասցե, ՌԴ-ՆԱՏՕ հակասությունները էլ ավելի սրվեն, ինչպիսի դեր է այդ ժամանակ վերապահվելու իր տարածքում ռուսական ռազմաբազա, ՀՕՊ եւ համատեղ զորախումբ ունեցող Հայաստանին: Արդյո՞ք մեր իշխանությունները այս հարցի մասին մտածել են՝ սեփական աթոռը պահպանելու դիմաց անգամ Հայաստանի օդը հանձնելով ռուսների տնօրինմանը:




Լրահոս