ԱԺ-ում մեծ թիվ են կազմում այնպիսի պատգամավորները, ովքեր աչքի են ընկնում ոչ թե ելույթներով, առաջարկություններով կամ հարցերով, այլ իրենց «անթերի» վարքով: Այսպիսի պատգամավորների շարքին է դասվում նաև ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը` հոկտեմբերյանցի Նովո մականվամբ: Նահապետ Գևորգյանը խորհրդարանում է 1999 թվականից: Սակայն այս ընթացքում նա խորհրդարանում ավելի շատ աչքի է ընկել լրագրողներին կոպիտ պատասխաններ տալով, քան որևէ օրենսդրական գործունեությամբ:
Պատգամավորն Արմավիրի մարզի ամենաազդեցիկ դեմքերից է, իսկ նրա որդին ժամանակ առ ժամանակ հայտնվում է այս կամ այն իրադարձության կենտրոնում: Մասնավորապես, դեռևս 2012 թվականին Արտակ Գևորգյանը Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ, իջնելով իր կողմից վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել էր Վիրաբ Ա.-ի կողմից վարվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել էր: Մի քանի ամիս կալանավայրում գտնվելուց հետո Արտակ Գևորգյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել: Մեկ անգամ էլ պատգամավորի որդին և եղբորորդին ծեծել էին Արմավիր-Երևան երթուղայինի մի վարորդի և պահանջել էին չաշխատել այդ գծում:
Հետաքրքիր է, որ ի տարբերություն շատ պատգամավորների, Նահապետ Գևորգյանը մի անգամ խոստովանել էր, որ զբաղվում է բիզնեսով: Նա ունի ջերմոցներ, որտեղ բանջարեղեն է աճեցնում, ինչպես նաև, ըստ տեղեկությունների, նրան են պատկանում Արմավիրում գործող ավազի հանքերը: Նշենք նաև, որ Նահապետ Գևորգյանը մշտապես աչքի է ընկնում իր սկանդալային վարքով և լրագրողների հասցեին հայհոյանքներ շաղ տալով: Նա բազմիցս ԱԺ-ում դրսևորվում է իր «ողջ հմայքով»: Տեսնենք, թե ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած տվյալների, ինչ ունեցվածք ունի պատգամավորը:
2012 թվականի՝ ԱԺ պատգամավոր դառնալու տարում ներկայացված հայտարարագրում Գևորգյանը հայտարարագրել էր 1 բնական և 1 անհատական բնակելի տուն: Բացի այդ, պատգամավորը հայտարարագրել է նաև GAZ 3102 և HYUNDAI AZERA 3.3 մակնիշի ավտոմեքենաներ: Նրա դրամական միջոցներն այդ տարում կազմել են 4 մլն 500 հազար դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում էլ կարողացել է վաստակել 3 մլն դրամից ավել գումար:
2013 թվականին ներկայացված հայտարարագրում նոր տվյալներ առկա չեն: Հայտարարագրից պարզ է դառնում, որ Գևորգյանի դրամական միջոցներն ավելացել են 500 հազար դրամով, իսկ մեկ տարվա ընթացքում էլ վաստակել է 3 մլն դրամից ավել գումար:
Նրա՝ 2014 թվականի հայտարարագրում դրամական միջոցների մասին առհասարակ ոչ մի տվյալ ներկայացված չէ: Այս անգամ էլ աշխատանքի վարձատրության շնորհիվ նա վաստակել է 4 մլն 500 հազար դրամ:
2015 թվականի հայտարարագրում ևս դրամական միջոցների մասին ոչ մի տվյալ չկա: Այնպիսի տպավորություն է, որ պատգամավորը ոչ մի դրամական միջոց չունի: Ըստ հայտարարագրի, նա այս անգամ մեկ տարվա ընթացքում վաստակել է 6 մլն դրամից ավել գումար:
Նաիրա Հովհաննիսյան