ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՆԵՂ» ՇՐՋԱՊԱՏՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականի նախագահական ընտրություններում փաստացի հաղթանակ տարած Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ձեւավորած համաժողովրդական շարժման հենքի վրա կարողացավ խորհրդարանում խմբակցություն ունենալ: Ավելի ուշ «Հայ ազգային կոնգրես» միավորումը վերածվեց կուսակցության, որտեղ համաժողովրդական շարժման ներկայացուցիչներից հաշված թվով մարդիկ մնացին:

ՀԱԿ կուսակցությունը եւս մտադիր է մասնակցել 2017-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ու արդեն վաղը Մելիք Ադամյան փողոցում գտնվող կառավարության նիստերի դահլիճում ՀԱԿ-ը կգումարի թվով երկրորդ (20-րդ) հերթական համագումարը: Հիշեցնենք, որ «Կոնգրեսի» առաջին համագումարը տեղի է ունեցել 2013 թվականի ապրիլի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում: ՀԱԿ-ի առաջին համագումարին ներկա էին ավելի քան 1200 պատվիրակներ եւ մոտ 1000 հյուրեր` քաղաքական դաշտից, մտավորականներ, իրավապաշտպաններ։ Համագումարին մասնակցում էին «հրաշալի քառյակի» կուսակցությունները` ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն: Ելույթներ ունեցան ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ Ստեփան Մարգարյանը, «Հայաստանի ժողովրդական կուսակցության» նախագահ Ստեփան Դեմիրճյանը, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետուհի Լյուդմիլա Սարգսյանը եւ այլն։ Սակայն Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այս անգամ իրեն չեն հրավիրել համագումարին: Տեղեկացանք, որ երեկվա դրությամբ հրավեր չէր ստացել նաեւ ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել՝ ՀԱԿ 2-րդ համագումարին ներկա են լինելու մոտ 500 պատվիրակներ եւ մոտ 300 հյուրեր: «Հայ ազգային կոնգրեսը», ի տարբերություն նախորդ համագումարի, այս անգամ հրավիրել է միայն իր հավատարիմ դաշնակցին` «Հայաստանի ժողովրդական կուսակցությանը»: Հիշեցնենք, որ ՀԺԿ ղեկավարն է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը` երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի որդին: Մնացածը ոչ թե որպես կուսակցություն են հրավիրվել, այլ որպես անհատներ:
Միջազգային կառույցներից ՀԱԿ համագումարին հրավիրվածներ չկան, ասել է, թե ՀԱԿ-ը նեղ միջավայրով է որոշել այս անգամ իրականացնել իր համագումարը:
Տեղեկացնենք, որ համագումարի ընթացքում կուսակցության պատմությանը նվիրված ֆիլմ կցուցադրվի, տեղի կունենա համագումարի նախագահության, քարտուղարության, ինչպես նաեւ` մանդատային եւ խմբագրական հանձնաժողովների կազմավորումը, համագումարի օրակարգի եւ աշխատակարգի հաստատումը, կուսակցության վարչության հաշվետվությունը, որը կներկայացնեն ՀԱԿ փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը:
Զեկույցներով հանդես կգան կուսակցության վերահսկիչ եւ մանդատային հանձնաժողովները: Հաշվիչ հանձնաժողովի կողմից «Կոնգրեսի» նախագահի եւ վարչության ընտրությունների կարգի վերաբերյալ հաղորդումից հետո ելույթ կունենա ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը, որին արդեն կհաջորդի «Կոնգրեսի» նախագահի եւ վարչության ընտրությունների քվեարկությունը: Այն տեղի կունենա փակ-գաղտնի: Նախագահի միակ թեկնածու է առաջադրվել Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Կոնգրեսի» վարչության կազմում առաջադրվել է 59 թեկնածու: Նշենք, որ վարչության անդամի իրենց թեկնածությունն են առաջադրել նաեւ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Համագումարի ընթացքում կներկայացվի նաեւ համագումարի բանաձեւի նախագիծը, տեղի կունենա կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի ընտրություն: Արդեն համագումարի վերջնամասում կընդունվի համագումարի բանաձեւը, եւ կհրապարակվի «Կոնգրեսի» նախագահի ու վարչության ընտրությունների գաղտնի քվեարկության արդյունքները: Նշենք, որ ՀԱԿ-ի համագումարը կտեւի մոտ ինը ժամ` ընդմիջումներով:
Հ. Գ. Դեռեւս հոկտեմբերի 24-ին ՀԱԿ-ը հայտարարել էր, որ «Հայ ազգային կոնգրեսի» վարչությունը սկսում է 2017թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական գործընթացը: ԱԺ ընտրություններին ընդառաջ նրանք պատրաստակամություն հայտնեցին համագործակցության ձեւաչափեր քննարկել բոլոր այն ուժերի հետ, որոնք «խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանության ձեւավորումն ու ժողովրդավարության հաստատումը»: Նույն սկզբունքների պահպանմամբ պատրաստ են բաց քաղաքականություն կիրառելու եւ լայն համագործակցության (այդ թվում՝ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվելը) հասարակական գործիչների, քաղաքացիական նախաձեռնությունների, գործարարների եւ անհատների հետ»:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
24-Ը` ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ բոլոր նախարարներն իրենց տարեկան ամփոփիչ ասուլիսները պետք է մինչեւ դեկտեմբերի 24-ը տան, ավարտեն: Քանի որ նախարարները պետք է աշխատեն արտակարգ ռեժիմով, ուստի պետք է հասցնեն ամփոփել տարին ու պլանավորեն 2017 թվականը: Գործ շատ կա անելու, եւ պետական համակարգում պատկերավոր են բացատրում իրավիճակը. վարչապետը «ճիպոտով» աշխատեցնում է պետական համակարգի աշխատակիցներին:

 

 

ՊՐԻՄԻՏԻՎ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 4-ին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում 2 տարեկան երեխա է մահացել: Ըստ նախնական տեղեկության` երեխան ընդունվել է հիվանդանոց ծանր վիճակում՝ թոքային դեստրուկցիա դիագնոզով, շնչառական անբավարարվածություն երրորդ աստիճանով, եւ փրկել չէր հաջողվել:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ «Սուրբ Աստվածամայր» կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը մասնավոր զրույցներում հայտարարել է, թե արժանի հակահարված է տվել լրատվամիջոցներից մեկին: Բանն այն է, որ լրատվամիջոցների որոշ հրապարակումների համաձայն` բժշկական կենտրոնի աշխատակիցներից ասել են, թե երեխայի մահն իրենց համար սովորական երեւույթ է: Հասկանալու համար` ինչ հակահարվածի մասին է խոսքը` «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Նիկոլայ Դալլաքյանի հետ: Վերջինս, լսելով մեր հարցը, կտրուկ պատասխանեց. «Ի՞նչ հայտարարություն: Ընդամենը «Այսօր» կայքում էր հրապարակում եղել, ես էլ հայտարարություն էի տարածել, թե ինչպես է եղել, նրանք դա էլ են հրապարակել, այդքան բան»:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլայ Դալլաքյանի տնօրինած ԲԿ-ում աշխատում են նրա ազգականները: Մասնավորապես նրա որդին` Դավիթ Դալլաքյանը, ԲԿ-ի մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչն է, քրոջ կամ եղբոր որդին մեկ այլ բաժանմունքի վարիչ է: Այս փաստի հետ կապված մեկնաբանություն տնօրենից ստանալ չհաջողվեց: Հարցը չլսած` Նիկոլայ Դալլաքյանն անջատեց հեռախոսը:

 

 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող երկու անձ 22 խցում վիճաբանել, ապա դանակահարել էին իրար: Մեզ հայտնի դարձավ, որ վիրավորում ստացածներից մեկը` 21-ամյա կալանավորը, դեպքից հետո շտապ հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ պարզվել է, որ վնասվել է նրա թոքը: Ու մինչ իրավապահները քննում են կատարվածը, երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ՔԿ-ում լուրջ ստուգումներ են սկսվել: Իսկ միջադեպի բոլոր դատապարտյալներին հարցաքննել եւ տեղափոխել են պատժախուց:
Ի դեպ, բացի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝ ստուգումներ են սկսվել «Արմավիր» ՔԿՀ-ում, որը, ըստ մեզ հասած լուրերի, կապված է ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի գործունեության հետ:

 

 
ՊԱՏՇԱՃ ՉԵՆ ԿԱՏԱՐԵԼ
Հասարակության կողմից կառավարությանն ու վարչապետին ուղղված խնդիրները հաճախ վերահասցեագրվել են համապատասխան գերատեսչություններին, սակայն գերատեսչություններից ստացված պատասխանները չեն գոհացրել վարչապետին։ Այս մասին երեկ հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի մեկնարկին: Նա նաեւ նշել է, որ նախարարությունները պատշաճ չեն կատարել տարեկան ծրագրերի կետերին ու գերակա խնդիրներին վերաբերող առաջարկությունները։ «Ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել, քանի որ առաջարկությունները միշտ չէ, որ հիմնավորված են չափերի, քայլերի հերթականությամբ եւ հստակ ժամկետների առկայությամբ, այս ձեւով այդ ծրագրերը չեն ընդունվելու։ Հանձնարարում եմ այդ ուղղությամբ աշխատանքներն ավարտել առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում, հաջորդ շաբաթվանից սկսած նախարարների հետ պլանային հանդիպումների ժամանակ մենք քննարկելու ենք ներկայացված տարեկան միջոցառումների ծրագրի կետերն ու գերակա խնդիրները», – ասել է վարչապետը։

 

 

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ՞
Խորհրդարանական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի մասնակցել-չմասնակցելու մասին տեղեկությունը հնարավոր կլինի հստակեցնել Ամանորից հետո: Այդ մասին armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ ընդգծելով, որ այդ մասին հրապարակման ենթակա տեղեկություն առայժմ չկա: Վերջինս դեռ նախորդ շաբաթ խոստացել էր, որ Քոչարյանի հետ կխոսի եւ այս շաբաթվա սկզբին այդ կապակցությամբ ասելիք կունենա: «Ինձ բազմաթիվ հարցեր են ուղղել այդ կապակցությամբ, եւ ես խոստացել եմ, որ կքննարկեմ իր հետ, ոչ թե ցուցակի, մասնակցության հետ կապված հարցեր, այլ ընդհանրապես՝ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը, ապա մամուլին կտեղեկացնեմ»,- ասել էր Սողոմոնյանը:

 

 

ԵՐԿՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության եւ գիտության ու պաշտպանության նախարարներին հանձնարարել է երկօրյա ժամկետում ավարտել եւ ամփոփել «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ում երկու նախարարությունների համատեղ հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունը եւ եռօրյա ժամկետում ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Մոտ մեկ ամիս առաջ, հիշեցնենք, «Փոքր Մհեր» կրթահամալիրի աշակերտները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով նորանշանակ տնօրեն Վահագն Յաղմուրյանի հրաժարականը։ ՄԻՊ ներկայացուցիչներն անհապաղ այց էին կատարել կրթահամալիր, ինչից հետո ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել էր, որ այնտեղ իսկապես մտահոգիչ խնդիրներ կան։




Լրահոս