ՏՆՕՐԵՆՆ ՈՒ ՌԵԺԻՍՈՐԸ` ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որոշմամբ` օրեր առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն նշանակվեց նույն թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը (տնօրենի թափուր պաշտոնի համար կայացած մրցույթին մասնակցել է 3 հոգի): Ավելի վաղ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա պատմել էր այդ պաշտոնում առաջադրվելու որոշման մասին: Մենք Տ. Վիրաբյանից հետաքրքրվել ենք` ինչ եղանակով է պատրաստվում լուծել թատրոնում առկա խնդիրները եւ որ հարցերին է նա առաջնահերթություն տալիս:

-Պարո՛ն Վիրաբյան, առաջիկա տարիների համար թատրոնի զարգացմանն ուղղված ռազմավարական ի՞նչ ծրագրեր եք մշակել:
-Թատրոնում աշխատած բոլոր տարիներին, երբ զբաղեցրել եմ ադմինիստրացիային, պրոդյուսերությանը, մենեջմենթին առնչվող պաշտոններ, նախկին տնօրենի, գեղարվեստական ղեկավարի հետ մշակել ենք ռազմավարական ծրագիր` կոլեգիալ որոշման արդյունքում: Ընդ որում, խոսքը ոչ թե կարճաժամկետ, այլ զարգացման հեռանկարային ծրագրի մասին է, որը «տարածվում է» նաեւ 2017 թվականի վրա: Տնօրենի փոփոխությունը չի կարող որեւէ կերպ խաթարել այդ ծրագրի իրականացումը: Մինչ այդ մենք մեր առջեւ նպատակ էինք դրել թատրոնը դարձնել հանրապետության մասշտաբով մրցունակ կառույց, այնպես անել, որ այն տարիների ընթացքում չունենա հանդիսատեսի ապահովման խնդիր, որ թատրոնը որպես համերգասրահ չկիրառվի, այլ որպես թատերասրահ, կարծում եմ` ստացվեց իրականացնել այդ պլանները` իհարկե, գրանցելով որոշ բացթողումներ: Մեր հնգամյա ծրագրի վերջին փուլն արդեն առնչվում է 2017-ի հետ: Նպատակ ունենք հասնել այն բանին, որ թատրոնը տեխնիկապես վերազինվի, հանդիսատեսի շարքերը խտանան, հրավիրյալ ռեժիսորների թիվը մեծանա թատրոնում այլ ձեռագրերի «ներմուծման» նպատակով: Շատ կարեւոր է նաեւ, որ 2017-ին թատրոնը մաքսիմալ հետաքրքիր դարձնենք մասնավոր սեկտորի համար: Առաջին քայլերն արդեն արել ենք:
-Խոսքը, հավանաբար, ներդրումների մասին է: Մանրամասնե՛ք, խնդրեմ:
-Մի քանի մասնավոր ընկերությունների հետ ձեռնարկել ենք որոշ նախագծեր: Օրինակ` մի ընկերության հետ իրականացնում ենք սոցիալական ծրագիր, ցավոք, Շիրակի մարզի բնակիչներից ոչ բոլորի համար են մատչելի մեր թատրոնի տոմսերի գները: Ուստի մեկ տարվա կտրվածքով տվյալ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել վճարել աբոնեմենտային ամեն տոմսի համար վճարվելիք գումարի 40 տոկոսը:
-Թատրոնի կարեւորագույն հատկություններից մեկն էլ ժամանակի զարկերակը զգալն է: Այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ եք պատրաստվում տանել:
-Այդ նպատակը կյանքի կոչելու ուղիներից մեկը, ինչպես նշեցի, նոր ձեռագիր ունեցող ռեժիսորներին թատրոն հրավիրելն է: Կառույցը հանդիսատեսի համար մշտապես հետաքրքիր դարձնելու եղանակներից մեկն էլ փառատոների կազմակերպումն է: Ինչպես հայտնի է՝ մեր թատրոնը ծնունդ է տվել «Դուետ» միջազգային փառատոնին, որը պատրաստվում ենք անցկացնել նաեւ 2017-ին: Ավելին` աշխատելու ենք ընդլայնել փառատոնի աշխարհագրությունը:
-Պարո՛ն Վիրաբյան, տարբեր մասնագետներ, մշակույթի գործիչներ հաճախ պնդում են, որ այսօր հայ թատրոնը դարձել է տնօրինական. այսինքն` տնօրենի խոսքն է որոշիչ անգամ գեղարվեստական կյանքին առնչվող հարցերում: Սրա հետեւանքով գլխավոր ռեժիսորները հաճախ մնում են ստվերում: Ի՞նչ երաշխիքներ կան, որ Գյումրու դրամատիկական թատրոնի դեպքում եւս այս խնդիրը առաջ չի գա:
-Մեր թատրոնը զերծ է այդ վտանգից: Ասեմ, որ գլխավոր ռեժիսորի հետ ուսանողական ընկերներ ենք. մեր ստեղծագործական ողջ ճանապարհը միասին ենք անցել, միասին ենք գծագրել այն թատրոնը, որն ուզեցել ենք ունենալ: Իսկ, առհասարակ, ես այն կարծիքին եմ, որ մեր ամբողջ ռեսուրսները պետք է մաքսիմալ ծառայեն հենց ստեղծագործական կազմին, քանի որ ներկայացումն է, դերասանն է, ստեղծագործողն է կառույցի դեմքը, եւ թատրոնի առաջնահերությունն էլ պետք է լինի հենց ստեղծագործական աշխատանքի բարձր որակի ապահովումը:

 

 

 
«2016-Ի ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՍ ԱՌՆՉՎՈՒՄ ԷՐ ԽԱԲԵՈՒԹՅԱՆԸ»

«Ժողովուրդ»-ը «Խաղ իմ կանոններով», «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմերից եւ մի շարք հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Լիա Զախարյանի հետ ամփոփել է 2016-ը, փորձել է պարզել` այս տարին որքանով էր արդյունավետ Լիայի համար, ինչ անակնկալներ նրան մատուցեց հրե կապիկը, եւ ինչ հույսեր է կապում դերասանուհին գալիք տարվա հետ:

«Ասեմ, որ տարեսկզբին այնքան էլ խոստումնալից չէր, գործնական առումով բավականաչափ բեղուն չէր, սակայն հետո շատ դրական փոփոխություններ գրանցվեցին` նոր նախագծերի տեսքով: Կարիերայիս հետ կապված շատ կարեւոր աշխատանք կիսատ եմ թողել` 2017-ին կյանքի կոչելու ակնկալիքով: Գալիք տարում հեռուստադիտողներն ինձ կտեսնեն սիթքոմում եւ սերիալում, խոստանում եմ, որ հանդես կգամ շատ տարբեր կերպարներում»,-մանրամասնեց նա:
Մենք հետաքրքրվեցինք նաեւ` արդյոք 2016-ը Լիայի համար սիրառատ տարի էր. «Համեմատած նախորդ տարիների հետ` այո: Հենց այս տարի էր, որ առաջին անգամ իմ անձնական կյանքում փոփոխություն գրանցվեց (նկատի ունեմ` սիրահարվեցի)»,-պատասխանեց նա: (Նշենք, որ Լիան մարտին հայտնեց, որ ընտրյալ ունի` Միշան` ապագա իրավաբան, սակայն արդեն հուլիսին լուրեր տարածվեցին այն մասին, որ զույգը բաժանվել է: Դերասանուհին ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց այդ տեղեկությունը-հեղ.):
Մեր զրուցակիցը, շարունակելով անկեղծանալ, անդրադարձավ նաեւ 2016-ի տված ամենամեծ դասերին. «Չհավատա՛լ, չվստահե՛լ, չնվիրվե՛լ»,-նշեց նա:
Իսկ հարցին, թե ինչին էր առնչվում այս տարվա ամենամեծ հիասթափությունը, Լիան տվեց լակոնիկ պատասխան. «Խաբեությանը»:
Ընդառաջ գնալով երկրպագուների հետաքրքրությանը` հարցրինք նաեւ, թե դերասանուհին որտեղ, ինչ միջավայրում է պատրաստվում նշել Ամանորը. «Նոր տարվա գիշերը լինելու եմ աշխատանքային պրոցեսի մեջ: Ասեմ, որ որոշել եմ` ինչ եմ խնդրելու Ձմեռ պապիկից, բայց դեռ չեմ բարձրաձայնի այդ մասին»,-եզրափակեց Լիան:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
10 ՏԱՐԻ ԱՆՑ
Երգչուհի Անի Քրիստին հանդիպում է կազմակերպել իր երկրպագուների համար: Դեկտեմբերի 18-ին երեւանյան ակումբներից մեկում կկայանա երգչուհու լոսանջելեսյան առաջին մենահամերգի DVD տարբերակի շնորհանդեսը եւ փոքրիկ մենահամերգ: Հանդիպման առիթը խորհրդանշական է. այն կլինի Անի Քրիստիի առաջին ակումբային մենահամերգը, ինչպես նաեւ երեւանաբնակ հանդիսատեսի համար յուրատիպ վերադարձ-համերգ շուրջ տասը տարի ընդմիջումից հետո: «Շատ ոգեւորված եմ եւ անհամբերությամբ եմ սպասում այս հանդիպմանը, որովհետեւ Հայաստանում վաղուց է, ինչ ելույթ չեմ ունեցել»,- ասված է երգչուհու տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում երգչուհին կենդանի բենդի նվագակցությամբ կկատարի երկու տասնյակի հասնող երգեր, կլինեն նաեւ պրեմիերաներ: «Էմոցիաներս ու զգացողություններս այնքան շատ են ու տարբեր, որ վստահ եմ` կկարողանամ հեշտությամբ փոխանցել բոլոր ներկաներին»,- նշել է նա: «Feelings of love» խորագիրը կրող DVD-ն կնվիրվի բոլոր ներկաներին: Այն Լոս Անջելեսում 2014 թվականին կայացած համանուն մենահամերգի տեսագրությունն է:

 

 

ՉՏԵՍՆՎԱԾ ՁԵՎԱՉԱՓ
«Լոնդոնում կորածը» ֆիլմը կդառնա պատմության մեջ առաջին կինոժապավենը, որը նկարահանված կլինի իրական ժամանակի ռեժիմով, այսինքն` կինոթատրոնի հանդիսատեսին այն կհրամցվի անմիջապես նկարահանման պահին: Entertainment Weekly-ն տեղեկացնում է, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2017-ի հունվարի 19¬ին, այն ամերիկացի դերասան Վուդի Հարելսոնի ռեժիսորական դեբյուտն է. «Խոսքը իսկական ֆիլմի մասին է` 14 նկարահանվող հարթակներից եւ 30 դերասաններով»,-մեկնաբանել է ռեժիսորը: Կինոնկարի տեւողությունը 100 րոպե է, այն կնկարահանվի մեկ խցիկով եւ մեկ դուբլով: Ի դեպ, Հարելսոնը հանդես կգա ոչ միայն որպես ռեժիսոր, այլեւ որպես դերասան:

 

 

ՌՈԲԵՐԹՍԸ` ՍԵՐԻԱԼՈՒՄ
Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսն իր 30-ամյա կարիերայի ընթացքում առաջին անգամ կնկարահանվի սերիալում, եւ հենց գլխավոր դերում: The Daily Mail-ի փոխանցմամբ` խոսքը «Այսօրն այլ կլինի» (Today Will Be Different) նախագծի մասին է: Այն հիմնված կլինի Մարիա Սեմփլի համապատասխան նովելի վրա: Նշենք, որ սերիալի գործողությունները ծավալվում են 24 ժամվա ընթացքում եւ ներկայացնում են ընդամենը 1 օրվա պատմություն:




Լրահոս