ԵԹԵ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԼԻՆԵՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷԻ ՄՏՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը տարեվերջյան ամփոփիչ հարցազրույց անցկացրեց, որի ընթացքում ԱԺ նախագահը հիշեց երիտասարդ տարիները, երբ սաքսաֆոն էր նվագում, ապա կատակեց, թե «հիմա էլ եմ նվագում, ամեն օր քաղաքականության մեջ եմ»:

-Պարո՛ն Սահակյան, 2017-ի խորհրդարանական ընտրությունները մոտենում են: Տեղեկություններ կան, որ գալիք խորհրդարանական ընտրություններին Ձեր որդին է մասնակցելու, եւ Ձեր փոխարեն ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ԱԺ պատգամավորի մանդատ կստանա:
-Իմ փոխարեն որեւէ մեկը չի կարող մանդատ ստանալ, որովհետեւ պետք է հաշվի առնեք, որ ՀՀԿ հիմնադիրներից եւ այդ ոգով դաստիարակված մարդկանցից մեկը ես եմ: Եւ կուսակցությունն իր ամբողջական ծրագրերում նաեւ հնարավորություն է ստեղծել, որ ես պիտի կուսակցության գործունեությանը մասնակից դառնամ: Այնպես որ, որեւէ մեկը իմ փոխարեն չի կարող խորհրդարան մտնել: Ես կմտնեմ իմ փոխարեն:
-2017 թվականի՞ն:
-Այո՛, այո՛: Իմիջայլոց, դեռեւս կուսակցությունում քննարկումներ չեն եղել: Ըստ էության, քաղաքականությունն այնպիսին է, որ քաղաքական թիմը ինչպես որոշում է, թիմի անդամները այդ ճանապարհով գնում են: Եթե խնդիրը վերաբերում է պատգամավոր դառնալուն, կարծում եմ, որ բոլոր լիազորություններն ունեմ պատգամավոր դառնալու, որովհետեւ 1995-ից ես ԱԺ-ում եմ, խորհրդարանի ամբողջ գործունեության ծավալներն ինձ հայտնի են, մեծ ֆրակցիայի ղեկավար, նաեւ ԱԺ նախագահ: Չեմ կարծում՝ այնպիսի գործունեություն կա, որ խորհրդարանի համար անհրաժեշտ չի եղել:
-Հանրապետական կուսակցության ընտրացուցակի ո՞ր համարում կլինեք:
-Այն համարը, որտեղ որ իմ համարը կլինի, ոչ թե 1-ին, 2-րդ, այլ կարեւորագույն համարներից մեկն է լինելու: Կլինի 4-րդ համարը, թե 55-րդը, միեւնույն է: Այն համարը, որտեղ ես եմ, դա ամենակարեւոր համարը կլինի:
-Դուք ԱԺ-ում տեղի ունեցող բոլոր գործընթացներին տիրապետո՞ւմ եք՝ որպես ԱԺ նախագահ:
-Բնականաբար:
-Բոլո՞ր:
-Բնականաբար:
-Հայ հասարակությունը 2016-ին բազում փորձությունների միջով անցավ. զինված հանցախմբեր, ապրիլյան պատերազմ, կառավարության փոփոխություն: Ինչ դասեր քաղեցիք իրավիճակից, կամ, առհասարակ, քաղեցի՞նք, թե՞ ոչ:
-Նախ պարտավոր ենք ամեն օր դասեր քաղել: Այն պետությունը, որ մենք ինքներս կամ մեր ժողովուրդն է մտածում, շատ անելիքներ ունենք՝ այդ պետությանը հասնելու համար: Յուրաքանչյուր քաղաքական իրադրություն, բնականաբար, կամ շատ օգուտ է մեր պետությանը, կամ շատ վնաս է:
-Դուք, որպես բարձրագույն իշխանության ներկայացուցիչ, գո՞հ եք Ձեր կառավարած երկրում տիրող իրավիճակից. մենք ունենք պաշտոնական տվյալներ արտագաղթի ծավալների մեծացման մասին, աղքատության ցուցանիշը 35 տոկոսից չի իջնում, արտաքին պարտքը, որ հասել է 6 մլրդ դրամի սահմանին…
-Ձեր ասած թվերը, խոսքերը կարող եմ լիարժեք չընդունել: Բայց եթե Ձեր ասած բոլոր պայմանները շատ լավ լինեին, էդ դեպքում ես քաղաքականության մեջ չէի լինի:
-Այդ դեպքում որտե՞ղ կլինեիք:
-Բնականաբար կաշխատեի իմ մասնագիտությամբ (հիշեցնենք, որ պարոն Սահակյանը մասնագիտությամբ մանկավարժ է եւ քաղաքականություն է մտել դպրոցի տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո):
-2017-ի համար ի՞նչ կանխատեսումներ ունեք:
-Մեզ համար շատ բարդ տարի է: Ընտրությունների տարի է եւ շատ նորովի ընտրությունների: Մենք կարողացել ենք նաեւ ընդդիմության հետ միասին ստեղծել այնպիսի ընտրական օրենսգիրք, որ ընտրությունները պիտի կատարյալ լինեն: Չեմ կարծում, որ որեւէ տեղից հնարավոր կլինի որեւէ բանի համար բողոքել: Եւ եթե կարողացանք ընտրությունները այդպես անցկացնել, կարծում եմ՝ սա եզակի տարի կլինի:
-Եւ վերջում, եթե չեմ սխալվում, Դուք սաքսաֆոն եք նվագել երիտասարդ տարիքում: Այո՞:
-Այո՛, շատ երկար եմ նվագել, բայց, բնականաբար, հետո էլ չեմ նվագել:
-Վերջին անգամ ե՞րբ եք նվագել:
-Հիմա էլ եմ նվագում: Ամեն օր քաղաքականության մեջ եմ:
Հ. Գ. Զրույցի մյուս հատվածները կներկայացնենք ArmLur.am լրատվական կայքում:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՌՈՒԲԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Երեկ Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ամփոփեց քաղաքական տարին: «2016 թ-ը բարդ եւ նահանջի տարի էր, սակայն մեզ հաջողվել է ոչ միայն չնահանջել, այլեւ մարտահրավերները հաղթահարելով՝ ապահովել առաջընթացի հիմքեր»,- հայտարարեց Աշոտյանը:

Նահանջի տարում չնահանջած հանրապետականները Աշոտյանի խոսքով` 12-13 հազար նոր անդամներ են ունեցել, եղել են այնպիսիք, որ դուրս են եկել, իսկ ավելի շուտ իրենք են հեռացրել կուսակցությունից բոլոր նրանց, ովքեր պատշաճ կերպով, ակտիվ ներգրավված չեն եղել կուսակցության գործունեության մեջ. «ՀՀԿ-ն տարին փակում է՝ ունենալով շուրջ 158 հազար անդամներ, ՀՀԿ-ն ոչ միայն ընդունում է մարդկանց, այլեւ հեռացնում է: Մենք հեռացնում ենք բազմաթիվ կուսակցականների, մենք մաքրում ենք մեր կուսակցական շարքերը, ցավոք սրտի, լինում են բնական կորուստներ` մահ եւ այլն: Լինում են մարդիկ, որ դուրս են գալիս կուսակցությունից, եւ այս գործընթացը քարացած չէ, ուստի կուսակցությունը բաց քաղաքական մարմին է, դինամիկ մարմին է ոչ միայն ինստիտուցիոնալ տեսանկյունից, այլեւ իր մարդկային ռեսուրսով»,- նշեց Աշոտյանը:
Ավեի ուշ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից պարզել, թե կոնկրետ ովքեր են հեռացվածները, կան նրանց մեջ հանրությանը ծանոթ անուններ: Սկզբում Թադեւոսյանը նշեց, որ դա մշտական գործընթաց է, եւ ՀՀԿ-ում անընդհատ դա տեղի է ունենում, երբ որ խախտումներ են թույլ տալիս. «Պարբերաբար կատարվում է դա, անունները, ազգանունները Ձեզ ոչինչ չեն ասի», -պատասխանեց Թադեւոսյանը` չգիտես ինչու մեր հարցը տարօրինակ որակելով: Նկատենք, սակայն, որ տարօրինակը հենց Թադեւոսյանի պատասխանն էր, որովհետեւ ՀՀԿ-ական այս գործիչը նախ այդ հարցի կոնտեքստում սկսեց «պրովոկացիա» փնտրել, այնուհետ անզոր գտնվելով՝ խորհուրդ տվեց դիմել իրենց տարածքային կազմակերպություններին. «Նորմալ կուսակցական աշխատանքներ են գնում, ինչ կապ ունի Մարտիրոսյան է կամ Պողոսյան»,- նեղսրտեց մշտապես խորհրդակցությունների մեջ գտնվող Թադեւոսյանը: Սակայն, երբ նշեցինք, թե որն է հարցի էությունը, եւ գուցե այդ անունների մեջ լինեն հանրությանը ծանոթ պաշտոնյաներ, որոնք հեռացվել են, հնչեց Թադեւոսյանի ոչ պակաս տարօրինակ պարզաբանումը. «Բոլորը հանրությանը ծանոթ անձնավորություն են, ՀՀ քաղաքացիներ են, հարգելի՛ս»:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ԽԱԲՈՒՄ Է
Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, որոնք դժգոհում են Ծաղկաձորի «Ալպինա» հյուրանոցի գործելաոճից: Բանն այն է, որ հյուրանոցային համալիրի պաշտոնական կայքէջում նորապսակներին վերաբերող «հատուկ առաջարկ» կա տեղադրված, որտեղ նշված է, որ հյուրանոցը 3 օրով եւ 3-անգամյա սննդով սենյակ ամրագրելու դեպքում եւս մեկ օր անվճար սենյակ կտրամադրի: Բայց երբ մարդիկ գայթակղվում եւ զանգահարում են, պարզ է դառնում, որ հյուրանոցի տնօրինութունը պարզապես խաբում է քաղաքացիներին եւ մոլորեցնում նրանց: Հեռախոսով տեղեկացնում են, թե առաջարկը հատուկ չէ, եւ ակցիան ավարտվել է: Մինչդեռ կայքէջում այդ մասին ոչ մի տեղեկություն չկա, իսկ մոլորեցնող առաջարկը կայքէջից չի հանվել: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց հյուրանոցի տնօրինության հետ, որտեղից մեզ անտարբեր տոնով հորդորեցին «հանգիստ մնալ», քանի որ իրենք բոլոր հետաքրքրվողներին զանգով մանրամասն բացատրում են, որ անվճար սենյակ չեն կարող տրամադրել:

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ
«Արփա-Սեւան» ԲԲԸ արհեստակցական կազմակերպությունը լուծարվում է: Տեղեկացնենք, որ այն հիմնադրվել է դեռեւս 2001 թվականին: Ի դեպ, երկու ամսվա ընթացքում հնարավոր պարտատերերը պահանջներ կարող են ներկայացնել կազմակերպության նախագահ Աիդա Ղազարյանին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս կազմակերպությունը կապ ունի ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Արփա-Սեւան» ԲԲԸ-ի հետ, որի տնօրենը նրա որդին է՝ Պարույր Հակոբյանը: Նշենք, որ «Արփա-Սեւան» ԲԲԸ-ն իրականացնում է «Արփա-Սեւան» թունելի առավել վթարային հատվածների հիմնանորոգումը:

 

 

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական պահպանության ծառայությունը շրջանակային համաձայնագրերի միջոցով վառելիք է գնել: Սակայն ՊՊԾ-ի գնման գործընթացը ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնի կողմից բացասական եզրակացություն է ստացել: Բանն այն է, որ «Տեխնիկական միջոցներ» եւ «Աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշների գնահատման նպատակով առաջին տեղը զբաղեցրած մասնակցից պահանջվել է ներկայացնել տվյալ որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթեր: Ինչը չի համապատասխանել գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 1-ին ենթակետի սահմանված պահանջներին:
Նշենք, որ գնման առարկա հանդիսացող ապրանքների գնման եւ վճարման պայմաններն ունեն հստակեցման կարիք:




Լրահոս