ԹՈՒԽՄԱՆՈՒԿԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՆԱՆԿԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրը շահագործող «Մեգո գոլդ» ընկերությունը սնանկ է ճանաչվել: Պատճառը պարտքերն են, որոնք ընկերությունը տարիների ընթացքում կուտակել է:

ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում հայտնի «Մեգո գոլդ» ընկերությանը հարկադրված սնանկ ճանաչելու պահանջով այս տարվա սեպտեմբերի 29-ին դատարան է դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Իսկ մինչ այդ` անցած տարվա սեպտեմբերի 18-ին, «Մեգո գոլդ»-ին հարկադրված սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել նաեւ քաղաքացի Արաքսյա Բոժեվոլնովան: Արդյունքում, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 1-ի վճռով «Մեգո գոլդ» ընկերությունը ճանաչվել է սնանկ:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական ռեգիստրից տեղեկացավ, որ «Մեգո գոլդ» ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին, իսկ հիմնադիրն է Հրայր Թովմասյանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ խոսքը ՀՀ արդարադատության նախկին նախարար, ներկայումս ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի մասին է: Ավելին՝ ըստ շրջանառվող լուրերի՝ որպես ընկերության իրավաբանական հասցե նշված է Թովմասյանի հայրական տան հասցեն` նրա ծննդավայր Արարատի մարզի Դարակերտ գյուղում: Նշենք, որ 2000 թվականին, երբ ոսկու հանք շահագործելու նպատակով հիմնադրվել է «Մեգո Գոլդ» ընկերությունը, Հրայր Թովմասյանն աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում:
Հանքարդյունաբերության ոլորտում հայտնի ընկերությունը ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղում գտնվող Թուխմանուկի ոսկու հանքավայրում աշխատած ավելի քան 40 մելիքգյուղցիների չի վճարել տարիներով կուտակած աշխատավարձերը: Բացի այս՝ «Մեգո Գոլդ» ընկերությունը պատշաճ կերպով չի կատարել համայնքի նկատմամբ ստանձնած պարտավորությունները: Արդյունքում կուտակել է պարտքեր, ապա սնանկացել: Ի դեպ, տեղեկացնենք, որ պարտատերերի առաջին ժողովը նշանակված է 2017 թվականի հունվարի 16-ին:
Չնայած ֆինանսական պարտավորությունների կատարման հարցում թերացմանը՝ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն տեւական ժամանակ փորձում էր կառուցել Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարը, սակայն գյուղի բնակիչները դեմ էին ընկերության ներկայացրած նախագծին: Նրանք այս առիթով տարբեր բողոքի ակցիաներ են իրականացրել, ընդհուպ փակել են միջհամայնքային ճանապարհը: Բնակիչները զայրացած նշում էին, որ Մելիքգյուղում ոսկու հանքավայրի շահագործման հետեւանքով առողջապահական եւ բնապահպանական լուրջ խնդիրներ են առաջացել: Հիշեցնենք, որ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող 2 պոչամբարները լցված են եւ ո՛չ շահագործվում են, ո՛չ էլ ռեկուլտիվացվում: Նոր պոչամբարի կառուցմամբ՝ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն մտադիր էր բաց եղանակով շահագործել Թուխմանուկի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասը: Ընկերությունը 2013 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացրեց երրորդ պոչամբարի կառուցման նախագիծը, սակայն այն մերժվեց: Բանն այն է, որ երբ դեռ 2012 թվականին «Մեգո Գոլդ» ընկերությունը հայտարարեց, որ կառուցում է երրորդ պոչամբարը, բնապահպանները մտահոգվեցին, քանի որ 2006 թվականին, մի կերպ ստանալով հանքի շահագործման թույլատվություն, ընկերությունը հանքի ծավալին համապատասխան ստացել էր երկու պոչամբարներ կառուցելու թույլտվություն, որոնք, ինչպես նշվեց, արդեն լցված են: Բնապահպանները պնդում էին, որ առանց հանքի ընդլայնման նախագծի ուղղակի անհնար է, որ «Մեգո Գոլդ»-ը երրորդ պոչամբար կառուցի: Եվ հիմա՝ ընկերության սնանկ ճանաչվելուց հետո, հարց է առաջանում, թե ով պետք է ռեկուլտիվացնի լցված պոչամբարները:
Նշենք, որ Թուխմանուկի հանքավայրը գտնվում է Մելիքգյուղի արեւելքում՝ 1.5-2 կմ հեռավորության վրա: Մոտակա համայնքներն են Ապարան քաղաքը, Ծաղկահովիտ ավանը, Մելիքգյուղ, Միրաք, Ջարջառիս եւ Ղուռիբողազ գյուղերը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀՈՎՆԱՆՅԱՆԻ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾՈՎ
Դիլիջան քաղաքի բնակիչներ Արարատ Մադաթյանին եւ նրա կնոջը՝ Մարինե Ծովյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք դիտավորությամբ՝ կարծելով, որ ունեն որոշակի իրավունք եւ գիտակցելով, որ այն իրականացնում են օրենքով սահմանված կարգի խախտմամբ, 2015 թվականի աշնանից մինչ օրս ինքնագլուխ, խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սեփականության անձեռնմխելիության իրավունքը, իրականացրել են իրենց ենթադրյալ իրավունքները, այն է՝ բնակվել են «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին օգտագործման իրավունքով պատկանող հողատարածքի վրա՝ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղուն հարող, նախկին առողջարանի տարածքում գտնվող 640 քառակուսի մետր մակերեսով հողամասի վրա տեղադրված ընկերության վագոն-տնակում:
Ամուսիններն այդ հողամասին կից կառուցել են ավտոլվացման կետ՝ նախկինում հողամասից ու վագոն-տնակից իրենց վտարումը համարելով անօրինական, որի հետեւանքով ընկերության շահերին պատճառել են էական վնաս: Բացի այդ՝ Մարինե Ծովյանը՝ գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է, 2016 թվականի հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ցուցմունք է տվել, որ իբր «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի հետ, ի դեմս ընկերության տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանի, 2008 թվականի սեպտեմբերի 3-ին կնքված առքուվաճառքի պայմանագրում եւ նույն օրը կազմված հանձման-ընդունման ակտում իր անվան դիմաց կատարված ստորագրությունները կեղծված են:
Ա. Մադաթյանին եւ Մ. Ծովյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասով («Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին»), Մ. Ծովյանին նաեւ՝ 333 հոդվածի 1-ին մասով («Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է»): Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նշանակված է դեկտեմբերի 23-ին:
«Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն պատկանում էր հայտնի գործարար, բարեգործ Վահագն Հովնանյանին, ով մահացել է 2015 թվականի օգոստոսի 31-ին, 83 տարեկան հասակում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս