ՏՄՊՊՀ-ն ե՞րբ է պատրաստովում ուսումնասիրել դեղերի շուկան. բնակիչները տարակուսած են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան քաղաքի շատ բնակիչներ տարակուսած են դեղերի գների հետ կապված իրավիճակի պատճառով: Նրանք ասում են, որ տարիներ շարունակ անտրամաբանական բարձր գներ են վճարել Հայաստան ներկրված որոշ դեղամիջոցների համար: Այցելեցինք Տավուշի մարզկենտրոնի մի քանի դեղատներ: Դեղատներից մեկում ասացին, որ իրենց մոտ վաճառվող դեղորայքը Իջեւանում ամենաէժանն է, վաճառքի ժամանակ իրենք ներկրված գնին քիչ հավելավճար են ավելացնում: Այդ դեղատնում հայտնեցին, որ Հայաստանի դեղատնային շուկայում ներմուծող 3-րդ խոշոր ընկերության՝ «Վագա ֆարմ»-ի հայտնվելուց հետո որոշ դեղերի գները կտրուկ նվազել են: Օրինակ՝ ջերմություն իջեցնող «Նարոֆեն» դեղը տարիներ շարունակ վաճառվել է 2900 դրամով, իսկ հիմա այդ դեղի գինը 1300 դրամ է:

«Կատաֆաստ» դեղի մի փաթեթի գինը նախկինում եղել է 600 դրամ, այժմ այն 5 անգամ էժան է՝ 120 դրամ: Մարդու արյան մեջ շաքարի պարունակությունը չափող բժշկական սարքը նախկինում Իջեւանի դեղատներում վաճառվում էր 11500 դրամով, այժմ այդ բժշկական սարքի գինը 6500 դրամ է: Որոշ դեղերի կրկնակի եւ ավել էժանացումը տեղի է ունեցել 2016թ. ապրիլից հետո: Դեղատանը հայտնեցին, որ արտերկրի դեղագործական մեծ ընկերությունները Հայաստանի փոքր շուկա դեղ են մատակարարում ավելի թանկ գներով, քան դեղագործական մեծ շուկա հանդիսացող Ռուսաստանը: Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո դեղագործական ընկերությունները հնարավորություն ունեն, այսպես կոչված, զուգահեռ ներկրում կատարել, այսինքն՝ Ռուսաստանից Հայաստան դեղամիջոցն ավելի էժան ներկրել: Սակայն Հայաստանում վաճառվող շատ դեղեր ու բուժամիջոցներ շարունակում են թանկ մնալ: 7 մանկահասակ երեխաների հայր, իջեւանցի իրավաբան Դավիթ Սահակյանը «Ժողովուրդ»-ին դժգոհեց մանկական կերի թանկությունից: Նա ասաց, որ ընտանիքի դրամական միջոցները չեն բավարարում՝ իր երեխաներին մանկական կերով ապահովելու համար: Գերմանական արտադրության «Հումանա» մանկական կերի 300 գրամանոց փաթեթը Իջեւանի դեղատներում վաճառվում է 3050 դրամով:

Դեղատնում ասացին, որ իրենք այդ մանկական կերի փաթեթն ստանում են 2900 դրամով, այն վաճառքի հանելով՝ 150 դրամ են ավելացրել, ինչը մեծ հավելում չէ: Վճառվող մանկական այլ կերակուրներ եւս թանկ են: Դավիթ Սահակյանը կարծում է, որ մանկական կերի՝ Հայաստան ներկրման գործում մենաշնորհ կա, այլապես այն այդքան թանկ չէր լինի: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ե՞րբ կուսումնասիրի բնակչության համար այդքան կարեւոր նշանակություն ունեցող դեղերի շուկան:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս