ՀՅԴ-ն որևէ զարգացում չի բացառում. ինչպես կուսակցությունը կմասնակցի ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական դաշտում տեղի են ունենում ակտիվ վերադասավորումներ: Բնական է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ամեն կերպ փորձում է հավաքել ամբողջ ներուժը եւ ընտրությունների ժամանակ հաջող արդյունքներ գրանցել: Ի՞նչ փուլում է գտնվում Դաշնակցությունը եւ ինչպես է արձագանքում տեղի ունեցող վերադասավորումներին: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանն է:

-Պարո՛ն Համբարձումյան, քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում, որոշ ուժեր արդեն դաշինքներ են կազմել, մի մասը դեռ քննարկումներ է անցկացնում: Ի՞նչ փուլում է գտնվում ՀՅԴ-ն:

-Հաստատուն եւ կայուն: Ինչպես նախընթաց ընտրություններում, Դաշնակությունը շատ հանգիստ իր ներքին կազմակերպչական ներուժը մեկտեղելու ընթացքի մեջ է, եւ ըստ մեր նախանշած գրաֆիկի՝ պատրաստվում ենք նախընտրական արշավի մեկնարկին: Բնական է եւ տրամաբանական, որ ցանկացած համապետական ընտրություններից առաջ քաղաքական դաշտում պետք է լինեն վերադասավորումներ, խմբավորումներ, բեւեռացումներ, մանավանդ նոր Սահմանադրության պայմաններում, երբ ԱԺ-ի դերակատարությունը բավականին մեծանալու է, եւ, ըստ էության, խորհրդարանական ընտրությունների արդյունքով է որոշվելու, թե որ քաղաքական ուժը կամ ուժերն են ներկայացնելու իշխանությունը: Ավելին՝ այս պարագայում կարեւորվում է ընդդիմադիր դաշտում հիմնական դերակատարների հարցը, որովհետեւ, ի տարբերություն նախորդ Սահմանադրության, գործող Սահմանադրությամբ ընդդիմությունը խորհրդարանում ունենալու է բավական ազդեցիկ քվոտա, բավականին մեծ լիազորություններ, այնպես որ ակնկալելի էր, որ մրցակցությունը բավականին թեժ է լինելու:

-Վերջերս ՀՅԴ-ն դրամահավաք իրականացրեց: Ի՞նչ արդյունք տվեց այն: Հավաքված գումարը կբավականացնի՞ ընտրություններին:

-Դրամահավաք դեկտեմբեր ամսին անցկացվել է Փարիզում, բայց դա նպատակային դրամահավաք էր, որը պարբերաբար Դաշնակցության նախաձեռնությամբ կազմակերպվում է, եւ այդ ամբողջ հավաքագրված միջոցները նպատակաուղղվում են միայն ու միայն Հայ դատի աշխատանքներին աշխարհի տարբեր երկրներում: Այնպես որ կատարված դրամահավաքը որեւէ կերպ չի առնչվում մեր նախընտրական բյուջեի հետ եւ որեւէ կապ չունի ներքաղաքական գործընթացների հետ:

-Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն: Ի՞նչ տեսակետ ունի ՀՅԴ-ն նրա վերադարձի վերաբերյալ:

-Կարծում եմ՝ Դուք հիշում եք երկու տարի առաջ փետրվարյան իրադարձությունները, դրան նախորդած եւ հաջորդած ժամանակահատվածը, պիտի որ հիշեք նաեւ այն ժամանակ մեր արձագանքների մասին: Այնպես որ, այս առումով մեզ համար որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել: Քաղաքական դաշտում որեւէ բան առհասարակ պետք չէ բացառել, բայց, այնուամենայնիվ, կարծում ենք, որ ժողովուրդը պետք է դատի իր կեցվածքով քաղաքական այս կամ այն գործչի, ուժի որդեգրած դիրքորոշումների մասին: Յուրաքանչյուրն ինքն է կայացնում իր որոշումը եւ յուրաքանչյուրն էլ ըստ կայացրած որոշման պետք է կարողանա հետեւանքներին տեր կանգնել: Առհասարակ, ներքաղաքական դաշտում մեր պատկերացումն այն է, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ, քաղաքական ուժ պետք է լիարժեք հնարավորություն ունենա մասնակցելու ներքաղաքական գործընթացներին, եւ գնահատական տվողը պետք է լինի միայն ու միայն ընտրողը:

-Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանին նախապես ասել է, որ եթե Ծառուկյանը վերադառնա, ապա ՀՀԿ-ն պետք է օգնի ՀՅԴ-ին, որպեսզի կուսակցությունը կարողանա հաղթահարել անցողիկ շեմը…

-Նմանատիպ տեղեկություններին լուրջ չենք վերաբերվում: Այդպիսի խնդիր Դաշնակցությունը չունի: Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի քաղաքականություն մտնելով՝ մեր քվեների հետ կապված մենք խնդիր ենք ունենալու, որովհետեւ Դաշնակցությունը, ի տարբերություն մյուս բոլոր քաղաքական ուժերի, ունի կայուն էլեկտորատ, եւ այս առումով Դաշնակցության էլեկտորատի վրա ներազդելու այլ քաղաքական ուժերի հնարավորությունները, կարծում եմ, բավականաչափ սահմանափակ են: Այնպես որ, մտահոգվելու առիթ չենք տեսնում, հետեւաբար նման խոսակցությունների մասին տեղեկությունները, մեղմ ասած, հավաստի չեն:

-Կարծես թե լարված են ՀՅԴ-ՀՎԿ հարաբերությունները: Համենայն դեպս, երկու կուսակցություններին պատկանող կայքերը վարկաբեկում էին միմյանց…

-Առաջին դեպքը չէ, նախկինում էլ նման իրավիճակներ ունեցել ենք, երբ տարբեր ԶԼՄ-ներով այդ տեսակ հրապարակումներ են եղել, որոնք սուր եզրեր են ունեցել: Կարծում եմ՝ չափի զգացողությունը լավ բան է, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ նրան սպասարկող լրատվամիջոց պետք է այդ առումով շատ զգույշ լինեն իրենց արտահայտությունների եւ գնահատականների, որակումների մեջ, որովհետեւ գոտկատեղից ներքեւ հարվածելու փորձերը, մեղմ ասած, մեր գործելաոճը չէ, եւ ճիշտ չենք համարում այդ դաշտում հարաբերություններ պարզելը: Քաղաքական ուժերը հարաբերությունները պետք է պարզեն քաղաքական դաշտում եւ կոռեկտ պայքարի շրջանակներում:

-Արդեն վերջնականապես հստակեցվա՞ծ է, թե Դաշնակցությունն ինչ ձեւաչափով է ընտրություններին մասնակցելու՝ միայնա՞կ, թե՞, այնուամենայնիվ, դաշինքով:

-Մինչ օրս մենք չենք քննարկել դաշինքային տարբերակով ընտրություններին մասնակցելու հարցը: Դաշնակցությունը բոլոր ընտրություններին մասնակցել է առանձին: Կարծում եմ, որ այս անգամ եւս բացառություն չի լինի: Այս պահին մեր օրակարգում ուրիշ հարց այս առումով չունենք: Դեռ ժամանակ կա, որեւէ բան չի բացառվում, բայց այս պահին մեր օրակարգում առանձին չմասնակցելու վերաբերյալ հարց չունենք:

-Եթե չի բացառվում, ապա դաշինք կարող է լինել կոալիցիոն գործընկերո՞ջ, թե՞ այլ ուժերի հետ:

-Քաղաքական գործընթացներ են, կարծում եմ, որ այս խմորումները եւ բեւեռացումները երբ որ կգան որոշակի վերջնական փուլի, երբ կհստակեցվեն հայտ ներկայացրած քաղաքական ուժերի վերջնական ձեւաչափերը, եթե արտառոց վերադասավորումների հարց չլինի, որեւէ բան չի փոխվի: Բայց կրկնեմ՝ որեւէ դեպքում չի կարելի բացառել որեւէ զարգացում:

Վահագն Հակոբյան




Լրահոս