ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Վանաձորում

Վանաձորի Երեւանյան 90 հասցեում գտնվող հանրակացարանը փլուզման եզրին է: Առաջին հարկի հատակի մի մասի վրա մեծ փոս է առաջացել, երեխաները շատ հաճախ ընկնում են նկուղ: Իսկ սանհանգույցները ջրագծերի ու կոյուղագծերի սառչելու պատճառով պայթել են, ինչի հետեւանքով բաղնիք-զուգարանները սառցադաշտի են վերածվել: Բնակիչները սանհանգույցներից օգտվել չեն կարողանում: Շենքում բնակություն են հաստատել կրծողները: Վանաձորի քաղաքապետարանից հայտնեցին, որ տեղյակ են ստեղծված իրավիճակից ու մեկ անգամ եւս կուսումնասիրեն խնդիրը՝ փորձելով գտնել լուծման ուղիներ:

 

 

 

 
ՀԱՐՑ. Քույրս ապրում է եվրոպական երկրում, կորցրել է ծննդյան վկայականը եւ չի կարողանում գալ Հայաստան: Խնդրում եմ ասեք՝ այս դեպքում նա ի՞նչ պետք է անի: Ո՞ւր պետք է դիմի:

Մարինե Միքայելյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օտարերկրյա պետության տարածքում բնակվող ՀՀ քաղաքացիները ծննդյան վկայականի կրկնօրինակ ստանալու նպատակով կարող են դիմել տվյալ պետությունում ՀՀ հյուպատոսական հիմնարկ: Միաժամանակ տեղեկացնենք, որ ՔԿԱԳ մարմնի կողմից ծննդյան վկայականի կրկնօրինակ կարող է տրամադրվել նաեւ երրորդ անձանց: Նշված դեպքում երրորդ անձը ՔԿԱԳ մարմին պետք է ներկայացնի իր անձնագիրը, լիազորող անձի (ում վերաբերում է տվյալ ծննդյան գրանցումը) անձնագրի պատճենը, նոտարական կարգով հաստատված եւ միջազգային պայմանագրերով վավերացված (ապոստիլ) ծննդյան վկայականի կրկնօրինակը ստանալու համար տրված լիազորագրի բնօրինակը եւ պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Լիազորագիրը պետք է թարգմանված լինի հայերեն լեզվով նոտարական կարգով: Թարգմանության ենթակա են նաեւ լիազորողի կամ լիազորված անձի անձնագրերը, եթե դրանք տրված են այլ պետության կողմից: Լիազորագիրը կարող է հաստատված լինել նաեւ օտարերկրյա պետությունում ՀՀ հյուպատոսական հիմնարկի կողմից:

ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ լիազորագրերի վերաբերյալ տեղեկանքներ, քաղվածքներ, ինչպես նաեւ նոտարական գործից պատճեններ (լուսապատճեններ), կրկնօրինակներ տրվում են միայն լիազորած կամ լիազորված անձանց:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ապրում եմ միայնակ: Տղաս իր ընտանիքով արդեն երկար տարիներ է` բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Աղջիկս էլ ամուսնացած է եւ ունի իր առանձին ընտանիքը: Ես միանյակ թոշակառու եմ, 82 տարեկան, չունեմ եկամտի ոչ մի աղբյուր՝ բացի իմ թոշակից, որը բավականին սուղ է՝ գոյատեւելու համար: Ուզում եմ հասկանալ՝ ես իրավունք ունե՞մ անապահովության նպաստ ստանալ: Եթե ոչ, ապա խնդրում եմ օրենքով սահմանած կարգով նշել, թե ինչու:

Միքայել Հարությունյան (82 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (այսուհետ՝ Համակարգ) քաղաքացու ընտանիքի (մեկ անձից բաղկացած) անապահովության միավորը կազմում է 29.31, որը ցածր է սոցիալական նպաստ նշանակելու համար ՀՀ կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային մեծության միավորից (30.00), որի հետեւանքով նրա ընտանիքը չի կարող ընդգրկվել սոցիալական նպաստի վճարման ցուցակներում:
Տեղեկացնում ենք, որ նպաստի իրավունք չունեցող եւ «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքին անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում նշանակվում է եռամսյակային հրատապ օգնություն՝ հաշվի առնելով տվյալ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները:
Հ. Միքայելյանը կարող է դիմել սոցիալական աջակցության Արտաշատի տարածքային գործակալություն, հաշվառվել Համակարգում (վերջին անգամ հաշվառվել է 2015 թվականին) եւ դիմել եռամսյակային հրատապ օգնության ցուցակներում ընդգրկվելու համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ըստ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ մեր երկրում ապրում է 2 միլիոն 800 հազար մարդ, որից 924 հազարը համարվում է աղքատ:




Լրահոս