Վերջին շրջանում հնդկական սերիալները պարզապես զավթել են հայկական եթերը: Հայ հանրության մի ստվար հատված սոցիալական ցանցերում պարբերաբար իր դժգոհությունն է հայտնում այդ առթիվ: «Որ ալիքի վրա կանգ ես առնում, հնդկական սերիալ է ցուցադրվում»,-նկատում են օգտատերերը: Բանը հասել է նույնիսկ նրան, որ հայկական սերիալային ոլորտի գործիչները սկսել են անհանգստանալ` գուցե հայկական արտադրանքը այս ամենի հետեւանքով պարզապես մղվի երկրորդ պլան եւ դուրս մնա հայ հեռուստադիտողի հետաքրքրության շրջանակից:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Հայաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանի հետ, որը նկարահանվում է նաեւ սերիալներում:
«Հնդկական արտադրանքի նկատմամբ մեծ հետաքրքրությունը մեզանում նոր երեւույթ չէ: Երբ մտովի գնում եմ ետ, հիշում եմ, որ դեռեւս խորհրդային տարիներին կինոթատրոններում մեծ հերթեր էին գոյանում, եւ դռներ էին ջարդվում` հնդկական ֆիլմերի ցուցադրությանը ներկա գտնվելու համար: Այսօր արդեն հնդկական արտադրանքը ինտենսիվորեն հրամցնում են եթերով: Այնինչ՝ պետք էր հայկական սերիալային պրոդուկտի որակը բարձրացնել: Բայց չէ՞ որ դա ծախսատար եւ աշխատատար գործընթաց է: Մերոնք էլ հասկանում են, որ չեն կարող դրա «տակից դուրս գալ», ասում են` լավ, մենք էլ չունենանք լավ սերիալ: Չցանկանալով զարգացնել մերը` գնում, առնում են ուրիշինը: Ընդ որում, ես համոզված եմ, որ լավագույն հնդկական սերիալները չէ, որ ցուցադրում են մեր հեռուստաընկերութունները. նրանք գնում են ամենաէժան եւ մատչելի սերիալները ցուցադրելու իրավունքը: Դե, այդպես ձեռնտու է. քիչ ծախսերով ունենում են շատ եկամուտ եւ հայկական սերիալային ինդուստրիան զարգացնելու համար մեծ գումարներ ծախսելու նպատակ էլ չունեն»,-մեկնաբանեց դերասանը:
Իսկ ահա կինոռեժիսոր, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայկական սերիալները հնդկականներից ավելի ցածր որակ ունեն. «Ինչո՞ւ եք սեւեռվում հենց հնդկական սերիալների վրա. հայկականներն ավելի վատն են` խայտառակ դերասանական խաղով, սիթքոմները` հումորի ի սպառ բացակայությամբ: Պետք է հենց հայկական արտադրանքը փնովել, որովհետեւ դրա որակի բարձրացման վրա կարող եք ազդեցություն ունենալ, իսկ հնդկականի վրա` ոչ»,-ասաց նա:
Մի շարք հայկական սերիալների ռեժիսոր Ելենա Արշակյանն էլ հիշեցրեց` օտար սերիալները նոր չեն ցուցադրվում հայկական հեռուստաեթերում. «Բոլորս էլ հիշում ենք մեքսիկական, բրազիլական սերիալները, որոնցից շատերը մեծ վարկանիշ ունեցան ինչպես մեր երկրում, այնպես էլ տարածաշրջանում: Պարզապես հիմա հնդկական սերիալների «շրջանն» է: Կարծում եմ` հայ հեռուստադիտողի համար հնդկական կինոն դեռ 90-ականներից ունի իր ուրույն տեղը: Այդ ժամանակահատվածում մեր հեռուստադիտողը անուն առ անուն գիտեր իր սիրելի դերասաններին եւ ուշադրությամբ հետեւում էր նրանց թե՛ էկրանին, թե՛ դրանից դուրս: Ու հիմա հնդկական նոր հեռուստասերիալները շատերի մոտ նոստալգիա են առաջացնում»,-նշեց նա:
Հայկական մի շարք սերիալների սցենարիստ Անահիտ Մխիթարյանն էլ հայտնեց, որ հնդկական սերիալների` հայկական եթերը գրավելու հանգամանքն իրեն վտանգավոր չի թվում. «Ասեմ ավելին` այդ պարագայում շատ ավելի հետաքրքիր է աշխատել մրցակցային դաշտում»,-նկատեց նա:
Մեզ հաջողվեց թեմայի շուրջ ստանալ նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության մեկնաբանությունը: «Ժողովուրդ»-ը հարցրել էր` ինչը ստիպեց ՀԸ ղեկավարությանը հնդկական սերիալներ հեռարձակելու որոշում կայացնել, որքան գումար է պահանջվել տվյալ հեռուստաընկերությամբ հեռարձակվող հնդկական սերիալի հայկական հեռարձակողը դառնալու համար: Մենք խնդրել էինք տրամադրել տվյալներ հնդկական սերիալների վարկանիշի վերաբերյալ եւ հարցրել էինք` մտավախություն չունեն արդյոք, որ հնդկական սերիալները կարող են ավելի գրավիչ դառնալ հեռուստադիտողների համար, եւ վերջիններիս շրջանում կարող է նվազել հետաքրքրությունը հայկական արտադրանքի նկատմամբ: Ի պատասխան մեր հարցմանը` հեռուստաընկերությունից մանրամասն ներկայացրել էին իրենց ծրագրերի, դրանց վարկանիշի մասին տեղեկություններ, որոնք ոչ մի կապ չունեին թեմայի հետ: Ակնհայտ էր, որ ղեկավարությունը խուսափել էր հարցերից: Հնդկական սերիալների մասով պատասխանը ընդամենը հետեւյալն էր. «…Հնդակական հեռուստասերիալներն էլ բացառություն չեն, դրանք բարձր վարկանիշ են ունեցել աշխարհի տարբեր երկրներում: «Արմենիա թի-վի»-ի եթերում այժմ ցուցադրվում է երկու հնդկական հեռուստանովել՝ «Ի՞նչ կոչել այս սերը» եւ «Թռիչք»»:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Հովհաննես Թումանյանի՝ Դսեղի տուն-թանգարան հունվարի 19-ին այցելել է թանգարանին խիստ անհրաժեշտ ենթակառույցների շինարարության հնարավոր հովանավոր, ամերիկահայ երաժիշտ Աշոտ Տիգրանյանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Տիգրանյանը տեղում զննել է Հայաստանի մշակույթի նախարարության մշակած նախագիծը, որի համաձայն` նախատեսվում է թանգարանի մոտակայքում սանհանգույց, հուշանվերների փոքրիկ կրպակ, այցելուների համար կարճատեւ հանգստի գոտի կառուցել: Թանգարանի մոտակայքում նաեւ փայտե կոճղերից Թումանյանի հերոսների քանդակներն են կերտվելու։
ԶԱՐԴԵՐԸ ՎԱՃԱՌՎԵԼ ԵՆ
Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի թանկարժեք զարդերի թալանի գործի հետաքննությամբ զբաղվող Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ կողոպտիչները հանել են քարերը, ապա հալեցրել ու վերավաճառել են զարդերը: The Daily Mail-ը հայտնում է, որ զարդերի թվում եղել է նաեւ Քարդաշյանի` ամուսնուց ստացած նշանադրության մատանին, որի արժեքը կազմում է 5 մլն դոլար:
Հիշեցնենք, որ Քարդաշյանը նախորդ տարվա հոկտեմբերի 3-ին Փարիզի հյուրանոցներից մեկում կողոպուտի էր ենթարկվել: Հետաքննության շրջանակում Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է 10 հոգու: Նրանք արդեն մի շարք մանրամասներ են հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ:
ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում կայացել է People՚s Choice («Ժողովրդի ընտրություն») մրցանակի հանձնման արարողությունը, որի հաղթողները որոշվել են հանդիսատեսի քվեարկության արդյունքում: People-ի փոխանցմամբ` արարողության շրջանակում ամերիկացի դերասան Ջոնի Դեփը արժանացել է «Լավագույն կինոկուռք» մրցանակին, իսկ ամենասիրված ֆիլմ է ճանաչվել Էնդրյու Սթենթոնի եւ Անգուս Մաքլեյնի «Փնտրելով Դորիին» ժապավենը: Ամենասիրված դերասան է ընտրվել Ռայան Ռեյնոլդսը, ամենասիրված դերասանուհի` Ջենիֆեր Լոուրենսը: Հանդիսատեսն ամենասիրված էքշն-ֆիլմ է ճանաչել Թիմ Միլլերի «Դեդփուլը»: Նույն ժանրում People՚s Choice մրցանակին են արժանացել Ռոբերտ Դաունի կրտսերն ու Մարգո Ռոբին:
Երաժշտական անվանակարգերում միանգամից երկու պարգեւ է շնորհվել ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսին. նրան ճանաչել են «Լավագույն փոփ-երգչուհի» եւ «Լավագույն կատարող»: Տղամարդկանց կատեգորիայում հաղթանակ է տարել Ջասթին Թիմբերլեյքը` դառնալով «Լավագույն երգի» համար մրցանակի դափնեկիր (Can՚t Stop the Feeling կոմպոզիցիայի համար): «Լավագույն խումբ» է հայտարարվել Fifth Harmony կանանց կոլեկտիվը, իսկ «Լավագույն ալբոմ» է դարձել ամերիկացի քանթրի-կատարող Բլեյք Շելթոնի If I՚m Honest («Եթե ես ազնիվ եմ») սկավառակը: