Այսօր իշխող «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը կանցկացնի Գործադիր մարմնի, ապա՝ խորհրդի՝ առավել ընդլայնված նիստ:
Հիշեցնենք՝ նախորդ հինգշաբթի՝ այս տարվա առաջին ԳՄ նիստից հետո ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ ղեկավար մարմինը կհստակեցնի նախընտրական ցուցակների հարցը, խորհրդի նոր կազմը, նախընտրական շտաբի, քարոզչական աշխատանքների հետ կապված հարցեր եւ դրանք կներկայացնի խորհրդի քննարկմանը:
Եվ ահա ժամեր անց տեղի ունենալիք նիստին ընդառաջ ArmLur.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Այսպես, ՀՀԿ-ամերձ մեր աղբյուրները հայտնում են, որ այսօրվա նիստից առաջ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարները ՀՀԿ վերնախավին նախապես ներկայացրել են իրենց տարածքներից ռեյտինգայինով կամ ոչ ռեյտինգային կարգով առաջադրվող պատգամավորների պոտենցիալ թեկնածուների ցուցակները, որպեսզի դրանք վերջնական տեսքի բերվեն, հստակեցվեն և հաստատվեն:
Մեր աղբյուրների պնդմամբ՝ ՀՀԿ-ականներին Մելիք Ադամյանից բացատրել են, որ յուրաքանչյուր ռեյտինգային թեկնածուի առջեւ դրվելու է ձայների նվազագույն շեմ, որ պետք է ապահովվի: Ըստ այդմ՝ յուրաքանչյուրի ուսերին դրվելու է պարտականություն՝ ապահովել միջինը 3 հազար ձայն:
Դե իհարկե, պարզ է, որ կան առանձին անհատներ, հեղինակություններ, որոնց համար 3 հազար ձայն ապահովելն անպատվաբեր է: Նրանք պետք է այդ ցուցանիշին 0 ավելացնեն, որպեսզի իրենց լիարժեք զգան թիմի ներսում: Տեղեկացնենք, որ ՀՀԿ-ականներին հրահանգված է ձայներ ապահովել ամեն գնով, բայց ծածուկ, խաղաղ, որպեսզի աղմուկ չբարձրանա:
Այսպիսով, ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս իշխող ՀՀԿ-ին, որպեսզի անհատների ունեցած թաղային կամ մարզային վարկանիշն օգտագործի՝ ձայներ ապահովելու համար: Եւ տարեց տարի հեղինակազրկված ՀՀԿ-ն այդկերպ կհաջողացնի բավականին մեծ թվով ձայներ հավաքել՝ ձգտելով մեծամասնություն ունենալ:
Ինչպե՞ս, բացատրենք: Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների, կուսակցությունում արդեն իսկ մոտավոր հաշվարկներ կան, որ պետք է առավելագույնը 164 ռեյտինգային թեկնածուներ առաջադրվեն:
Եւ եթե այդ 164 թեկնածուները ՀՀԿ վերնախավի ակնկալած միջինը 3 հազար ձայն ապահովեն, ստացվում է՝ 492 հազար ձայն: Ասել է թե՝ ՀՀԿ-ն միայն ռեյտինգային թեկնածուների ջանքերի շնորհիվ ակնկալում է ստանալ մոտ 45 տոկոս ձայն՝ առանց լուրջ միջամտությունների:
Եթե սրան էլ գումարենք ադմինիստրատիվ ռեսուրսների կիրառումն ու ահաբեկչական ավանդական դարձած գործողությունները, ապա ապրիլյան ընտրությունների ելքը խիստ կանխատեսելի է դառնում:
Հավելենք, որ ՀՀԿ-ում անթաքույց խոսում են այն մասին, որ եթե չհաջողվի բացարձակ մեծամասնություն, այսինքն՝ մոտ 54 տոկոս ձայն հավաքել, ապա հնարավոր է ՀՀԿ-ն կոալիցիա կազմի ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի հետ, որպեսզի 2-րդ փուլ հայտարարելու անհրաժեշտություն չլինի:
Թե որքանով կիրականանան ՀՀԿ-ի այս ծրագրերը, ժամանակը ցույց կտա:
Հ. Գ. Այսօր ՀՀԿ ԳՄ նիստը կկայանա ժամը 19:00-ին, իսկ խորհդրի նիստը՝ 20:00:
Տաթև Հարությունյան