«ՈՉ ՄԻ ՊՐՈԲԼԵՄ ՉԻ ԷԼ ԵՂԵԼ, ՈՐ ԿԱՐԳԱՎՈՐՎԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի հետ տարբեր թելերով կապված լրատվամիջոցները վերջին շրջանում թիրախավորում էին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին: «Ժողովուրդ» օրաթերթը արդեն տեղեկացրել է, որ, ըստ իշխանական այդ լրատվամիջոցների, Մարտիրոսյանը բոլոր գերատեսչություններին հրահանգել է օգտվել «Ռոստելեկոմ»-ի կապից:

Մարտիրոսյանի այդ քայլը դուր չէր եկել Միքայել Մինասյանին, քանի որ դե ֆակտո վերջինիս է պատկանում մինչ օրս բոլոր գերատեսչություններին կապ ապահովող «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի մեծ մասը: Ամիսներ առաջ «Պանարմենիան մեդիա գրուպ»-ը անգամ դադարեցրեց իր հեռուստաընկերությունների հեռարձակումը «Ռոստելեկոմ»-ով: Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը «Ռոստելեկոմի»-ի հիմնադիրներից մեկն է եղել, ապա գործադիր տնօրենը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք արդեն կարգավորվել են իր եւ Մինասյանի հարաբերությունները, ինչպես նաեւ նախարարի հետ զրուցեցինք ոլորտային մի քանի հարցերի շուրջ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, Ձեր եւ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հարաբերությունները վերջին շրջանում կարծես թե լարված էին: Վերջինիս ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածում, որ Դուք բոլոր գերատեսչություններին հրահանգել եք օգտվել «Ռոստելեկոմի» կապից, ինչն էլ, բնականաբար, դուր չի եկել դե ֆակտո «Յուքոմի» սեփականատեր Միքայել Մինասյանին: Այժմ ինչպե՞ս են Ձեր փոխհարաբերությունները, խնդիրը կարգավորվե՞լ է:
-Ոչ մի պրոբլեմ չի էլ եղել, որ կարգավորվեր կամ չկարգավորվեր:
-Համենայն դեպս, «Պանարմենիան մեդիա գրուպ»-ը դադարեցրեց իր հեռուստաընկերությունների հեռարձակումը «Ռոստելեկոմ»-ով: Դրանից հետո «Ռոստելեկոմ»-ն իր հերթին հայտարարեց, որ նոյեմբերի 1-ից «Պանարմենիան մեդիա գրուպ» ՓԲԸ կողմից առանց որեւէ պատճառի դադարեցվել է հեռարձակումը նաեւ «Ռոստելեկոմ»-ի հայաստանյան ցանցում։ Ու այդպես մի քանի օր շարունակ երկու ընկերությունները հայտարարություններ էին տարածում՝ պարզաբանելով մեկը մյուսի հայտարարությունները:
-Դա մաքուր կոմերցիոն հարց է, հարցը ուղղեք «Ռոստելեկոմ»-ին եւ «Արմենիա» հեռուստաընկերությանը:
-Լավ, այդ դեպքում անդրադառնանք ոլորտային խնդիրներին: Ի վերջո, մի օր կավարտվե՞ն Հյուսիս-հարավ մայրուղու շինարարական աշխատանքները:
-Իհարկե:
-Ի սկզբանե նշվում էր, որ այդ մայրուղին վերջնականապես պատրաստ կլինի 2019թ-ին, մինչդեռ մայուղու գերակշիռ մասը դեռեւս կառուցված չէ: Ձեր հաշվարկներով՝ ե՞րբ կավարտվի Հյուսիս-հարավի կառուցումը:
-Չեմ կարող ասել:
-Յուրաքանչյուր տարի՝ ձմռան ամիսներին, շատ է բարձրաձայնվում սառցակալած ճանապարհների մասին: Պատասխանատուներն ամեն անգամ ասում են, որ ճանապարհները մաքրում են ձնից, մշակում աղով եւ ավազով, բայց այդպես էլ հանրապետությունում դժվարանցանելի ճանապարհների խնդիրը չի հաջողում բավարար մակարդակով լուծել:
-Կարո՞ղ եք այսօր ցույց տալ սառցակալած ճանապարհներ:
-Այդ մասին պարբերաբար տեղեկանում ենք ԱԻՆ հաղորդագրություններից եւ ճանապարհային պատահարների մասին ծանուցագրերից: Բացի այդ՝ վարորդներն իրենք հաճախ են ահազանգում, որ ճանշինները թերանում են իրենց աշխատանքները կատարելիս, եւ առատ ձյան տեղումներից հետո ճանապարհները փակվում են:
-Ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Ճանշիններն իրենց աշխատանքը պատշաճ կատարում են, եւ այդպիսի հայտարարություն անելուց պետք է զերծ մնալ, քանի նախաքննությունները չեն ավարտվել:
-Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ բարձրաստիճան կուսակցական պաշտոնյաները փորձում են անել հնարավորն ու անհնարինը՝ իրենց հարազատ կուսակցությանը օգտակար լինելու համար: Դուք ինչպե՞ս եք ՀՀԿ-ին օգնելու:
-Կտեսնենք:

 

 

 
ՈՒՆԵՆ ՀԱՅԵՐԵՆԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿ, ԲԱՅՑ ՓՈԽԱՐԵՆԸ՝ ՄԻ ՔԱՆԻ ԴԻՊԼՈՄ

Նախօրեին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հրաման ստորագրեց «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին»: Արդյո՞ք այս նոր կարգը կիրառելի կլինի եւ կգտնվի թեկուզ մեկ թեկնածու, ով չի ունենա ավարտական համապատասխան փաստաթուղթ: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն է:

-Պարո՛ն Երիցյան, նախօրեին ԿԳՆ Լեւոն Մկրտչյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` որպես ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացին հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում պետք է քննություն հանձնի: Արդյո՞ք այս կարգը կիրառելի է:
-Իհարկե, կկիրառվի, եթե օրենքի պահանջը կա: Ես ուղղակի, չգիտեմ, կարծում եմ` մեր պատգամավորության թեկնածուները դպրոցն ավարտել են Հայաստանում, բուհն ավարտել են Հայաստանում, եւ նրանք սկզբունքորեն այդ պահանջին չեն ենթարկվում, որովհետեւ նրանք ունեն իրենց համապատասխան կրթության վկայականները, հայոց լեզվի եւ գրականության գնահատականը: Եթե կլինեն մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով բուհը, հանրակրթությունը կամ կրթության մյուս հատվածները չեն ստացել Հայաստանում, անկասկած նրանք ապրում են Հայաստանում, գործում են Հայաստանում եւ, բնականաբար, նվազագույն չափով մեր լեզվական կանոններին տեղեկացված կլինեն: Այդ թեստերն էլ ոչ այդքան մեծ բարդություն ունեն, դրանք սկզբունքորեն հաղթահարելի են դպրոցական գիտելիքներ ունեցող մարդկանց համար: Այնպես որ, ես չեմ կարծում, թե բարդություններ կարող են լինել, ուրիշ խնդիր է, թե որքան թեկնածուներ կլինեն, որոնք պետք է այդ քննությունները հաղթահարեն:
-Հարցը հենց դա է: Արդյո՞ք կգտնվի մեկը, ով հնարավոր է՝ չներկայացնի այդ փաստաթուղթը:
-Գիտեք, կարծում եմ՝ դա մեր խնդիրը չէ, որովհետեւ ոչ միայն այդ վկայականը, այլեւ բազմաթիվ փաստաթղթեր են ներկայացնում համապատասխան ընտրական հանձնաժողովներին, եւ արդյոք այդ օրենքի պահանջը նրանք կատարել են, տվյալ պարագայում փաստաթղթերի հիման վրա պետք է համապատասխան ընտրական հանձնաժողովները որոշեն, իսկ այդ որոշումից հետո ընդունվելիք կարգի համաձայն՝ կդիմեն կրթության եւ գիտության նախարարությանը: Այդ կարգի համաձայն՝ կձեռնարկվեն համապատասխան քայլերը, եւ այդ նվազագույն պահանջների թեստերով քննությունը կանցկացվի:
-Պարո՛ն Երիցյան, կան պատգամավորներ, ովքեր ունեն հայերենի իմացության ցածր մակարդակ, բայց միեւնույն ժամանակ մի քանի բուհերի դիպլոմներ:
-Դե, գիտեք, բնականաբար, այստեղ հնարավոր չէ այդ գործոնները լիովին հաշվի առնել: Կարող են լինել նման իրավիճակներ, բայց տվյալ պարագայում, երբ որ մենք գործ ունենք փաստաթղթերի եւ մարդկանց, ինչպես նաեւ մեր կրթական համակարգի գնահատականների հետ, այստեղ որեւէ այլ կերպ վարվել չէր կարելի: Ուրիշ խնդիր է, որ, այո՛, կարող են լինել բացառություններ:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 

ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ
Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալուց անմիջապես հետո նրա շուրջն են փորձում համախմբվել ոչ միայն այլ քաղաքական ուժեր ու անհատներ, այլեւ նախկին ԲՀԿ-ականներ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, նախկին ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նա եւս կվերադառնա ԲՀԿ: «Սպորտը քաղաքականություն չի ճանաչում, իհարկե, արտաքին քաղաքականության մեջ մենք մեծ դերակատարություն ունենք, բայց ներքին քաղաքականության մեջ սպորտը դերակատարում չունի: Մենք չենք միանում որեւէ քաղաքական գործընթացների»,- մի փոքր մտորելուց հետո ասաց նա:

 

 

ՔԱՎՈՐՍԱՆԻԿԱԿԱՆ ԿԱՊԵՐՈՎ
«Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Դավիթ Գրիգորյանը, որ տարիներ առաջ մեկնել եւ ապրում էր Բարսելոնայում, 2014 թվականի օգոստոսից նշանակվել է Մետրոպոլիտենի խորհրդի նախագահի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով՝ այդ պաշտոնում նշանակելու մեջ մեծ դերակատարություն է ունեցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որի հետ մտերմությունը վաղուցվա պատմություն ունի: Ժամանակին Դ. Գրիգորյանը բարձր պաշտոն է զբաղեցրել հարկային ծառայությունում եւ ընտրությունների ժամանակ, երբ պարտադրվել է աշխատել Ռոբերտ Մասումյանի՝ Բենզին Ռուբոյի օգտին, նա հակառակվել է եւ աշխատել երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի սանիկի՝ Պիստ Արմենի համար: Սա նախկին ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանի կողմից չի ներվել, եւ Գրիգորյանը հեռացվել է աշխատանքից: Հիմա, փաստորեն, Մարգարյանը վերադարձրել է յուրայինին:

 

 

ՆՈՐ ՊԱՐՏԱՏԵՐ
Մինչ «Էյր Արմենիա» ավիաընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը փորձում է վաճառել աճուրդի հանված գույքը, այս ընթացքում նոր պարտատերեր են ի հայտ եկել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2015 թվականին սնանկացած, ուղեւորափոխադրումներով զբաղվող «Էյր Արմենիա» ավիաընկերությունը «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին պարտք է 4 մլն 815 հազար դրամ: Նշենք, որ մոտ մեկ տարի է, ինչ «Էյր Արմենիա»-ի ավիաընկերության գույքը հանվել է աճուրդի: Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի խոսքերով՝ աճուրդի հանված հիմնական գույքը գրավադրված է բանկերում, որոնք էլ մնացել են բանկերին: Իսկ ընկերության՝ աճուրդի հանված մյուս գույքը դեռ գնորդ չի կարողանում գտնել:




Լրահոս