Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսայի՝ Հրանտ Կարապետյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ ՀՀ կառավարության առընթեր պետական եկամուտների Գավառի տարածքային բաժնի հարկայինի տեսչության՝ արդեն նախկին պետ Կարապետյանը իր գործած հանցանքները քողարկելու համար ստիպված եղավ աշխատանքից ազատման դիմում գրել:
Հարկահավաք պաշտոնյան ու բիզնեսները
Դեռեւս 2016թ. մարտին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր Մաշտոցի հարկային ծառայության նախկին ղեկավար Հրանտ Կարապետյանին, որը 10 տարի աշխատելով համակարգում, բացի հարկահավաք լինելուց՝ հընթացս միլիարդատեր է դարձել: Գրել էինք, որ Հ. Կարապետյանին են պատկանում մի շարք բիզնեսներ, «Վալան պրոֆ» ընկերությունը, որն արտադրում է մետաղապլաստե դռներ, պատուհաններ, վիտրաժներ: «Այգ» անունով խմելու ջրի արտադրությունն էլ, ըստ էության, Կարապետյանինն է: «Նաշ սադ» խնամքի պարագաների ապրանքանիշը, Ջրվեժում գտնվող «Վասպուրական» ռեստորանային համալիրը, մի քանի բենզալցակայաններ, Եղվարդում գտնվող գազալցակայաններից մեկը դե ֆակտո պատկանում են Հ. Կարապետյանին: Նոր Գեղի համայնքում հեկտարներով խնձորի այգիներ եւ սառնարաններ ունի, որտեղ պահվող մրգերը արտահանվում են: Համակարգում խոսակցություններ են պտտվում, որ չի բացառվում՝ նա «կիսովի» բիզնեսներ ունի մի շարք գործարարների հետ: Սխեման հայտնի է պետեկամուտների կոմիտեում յուրաքանչյուր աշխատակցի. որեւէ գործարար արհեստական ստեղծած խնդիր է ունենում հարկային ծառայության հետ, մի բարի «պետ» օգնում է, հարթում խնդիրները եւ դառնում բաժնետեր: Ըստ էության մեր այս հրապարակումը պետք է հիմք դառնար ՀՀ իրավապահների համար` գործընթաց սկսելու, բայց ոչ: Քանի որ ՀՀ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր, իսկ Հ. Կարապետյանի աներն էլ` Կովալենկո Շահգալդյանը` վարչապետի խորհրդականը, այս աղաղակող փաստերը մոռացության մատնվեցին:
ԱԱԾ-ի բացահայտումն ու պետի տեղափոխումը
Բայց շատ չանցած ազգային անվտանգության ծառայությունը 2016 թվականի հոկտեմբերի 15-ին աղմկահարույց բացահատում արեց: Կաշառք ստանալու պահին ձերբակալվեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի՝ Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչը: «Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ավագ տեսուչը իր կողմից ի պաշտոնե սպասարկվող տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին իր լիազորությունների շրջանակում հովանավորելու, ստվերային եղանակով աշխատելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, այդ թվում՝ ՀԴՄ կտրոնները պակաս տպելու, իրական շրջանառության ծավալները ցույց չտալու եւ հարկային օրենսդրության խախտումներին սահմանված կարգով չարձագանքելու դիմաց նրանցից որպես կաշառք պահանջել եւ պարբերաբար ստացել է տարբեր չափերի գումարներ»:
Դեպքի առիթով հարուցվեց քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով, քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հայտնաբերված չարաշահումներից հետո նշված բաժնում խստացված հսկողություն էր սահմանվել, ինչի արդյունքում նոր բացահայտումներ եղան: Մամուլում հրապարակվեց, որ Հրանտ Կարապետյանը, տարիներ ի վեր լինելով Մաշտոցի հարկայինի պետ, այդտեղ պահել է ապօրինի բաժին, որն զբաղված է եղել փող հավաքելով: Այն անվանել են կոոպերատիվ գանձումների բաժին, սակայն հաստիքացուցակով եւ կառուցվածքով նախատեսված չի եղել նման բաժին, աշխատակիցներն էլ այլ հաստիքների եւ ֆունկցիաների վրա են գրանցված եղել: Թե որտեղ են գնացել հավաքված գումարները, թերեւս կարելի է ենթադրել:
Ու թեեւ հրապարակումները իրավապահների համար հիմք պետք է լինեին առնվազն ողջամիտ կասկածներ ունենալու համար, որ ավագ տեսուչը չէր կարող միայնակ նման քայլի գնալ, սակայն իրավապահները բավարարվեցին միայն «մանր ձկներին» ձերբակալելով, իսկ ահա «խոշոր ձկներին», ի դեմս ՀՀ Կոտայքի նախկին մարզպետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսայի, տեղափոխեցին Գավառի հարկային տեսչություն: Այսինքն` մայրաքաղաքից հեռացնելով՝ փորձեցին պատժել նրան:
Հարկայինում կրքերը չեն հանդարտվում
«Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ այս օրերին Մաշտոցի հարկայինում Կարապետյանի կողմից «շահագործվող» ապօրինի բաժնի աշխատակիցներից 7 հոգու ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել: Ու թեեւ դժկամորեն, բայց դիմումները գրվել են: Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Հ. Կարապետյանին են նույն կերպ «վերեւներից» հասկացրել աշխատանքից ազատման դիմում գրել ու հեռանալ Գավառի հարկային տեսչության պետի պաշտոնից:
Չի բացառվում, որ դժգոհող աշխատակիցները կամ կալանավորված տեսուչը իրավապահներին այնպիսի տեղեկություններ են տրամադրել նախկին պետի` Հրանտ Կարապետյանի գործունեության վերաբերյալ, որ ՊԵԿ-ում որոշել են խնդիրը լուծել՝ բավարարվելով միայն նրան հեռացնելով:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնապես ՀՀ ՊԵԿ-ից պարզել, թե ինչն է եղել Հրանտ Կարապետյանի աշխատանքից հեռացման պատճառը: Մեզ ՊԵԿ լրատվական բաժնից պատասխանեցին, որ հունվարի 12-ին Հրանտ Կարապետյանը սեփական դիմումի համաձայն՝ հարկային ծառայությունից ազատվել է: Այսպիսով՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը իր կողմից ղեկավարվող համակարգում առկա կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարում է դիմում գրելու պարտադրանքով: Իսկ թե ով պետք է պատասխան տա այդ խայտառակության համար, այդպես էլ մնում է անհասկանալի: Ու պետք է արձանագրել, որ Վարդան Հարությունյանի կողմից «թելադրված նոր խաղի կանոնները» ամենեւին էլ տրամաբանական ու ազնիվ չեն: Արդյո՞ք կոռուպցիան ու հովանավորչությունը այսպես են արմատախիլ անում համակարգից:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆՈՐ ԲՈՒՆՏ ԿԼԻՆԻ
2017 թվականի հունվարի 21-ին «Նուբարշեն» ՔԿՀ-ի դատապարտյալները ինքնավնասել են իրենց: Պատճառն այն է, որ ՔԿՀ այցելած դիտորդները արձանագրել էին, որ ՔԿՀ 1-ին հարկի խուցը անմխիթար վիճակում է, որի առիթով ՔԿՀ ղեկավարությունը որոշում էր կայացրել դատապարտյալներին 1-ին հարկի խցերից տեղափոխել 5-րդ հարկի 89 խուց, որտեղ գտնվում են ցմահ դատապարտյալները:
Երբ այս որոշման մասին հայտնել են դատապարտյալներին, վերջիններս ասել են, թե իրենք չեն տեղափոխվի ցմահ դատապարտյալների խուց, քանի որ մտահոգվում են իրենց անվտանգության հարցով, եւ, առհասարակ, այնտեղ պայմանները նորմալ չեն: Բայց այս դժգոհությունը հաշվի չի առնվել, եւ հունվարի 21-ին ՔԿՀ աշխատակիցները որոշել են տեղափոխել: Դատապարտյալները դիմադրել են, որից հետո ՔԿՀ ղեկավարությունը գործի է դրել մահակները: Դատապարտյալներն էլ չկարողանալով դիմադրել «50 հոգով լցված» մահակավորներին՝ ինքնավնասման էին գնացել. դատապարտվածներից մեկը դանակով փորն էր վնասել, մյուսը՝ վիզը, թեւերը եւ այլն:
Ի դեպ, դատապարտյալների հարազատները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեցին, որ ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանը ոչ մի կերպ չի ընդառաջել դատապարտյալների այն առաջարկին, որ իրենք պատրաստ են սեփական միջոցներով բարեկարգել 1 հարկի խուցը, միայն թե չտեղափոխվեն: Թե ինչն է պատճառը, դժվար է ասել: Ամեն դեպքում, ՔԿՀ-ում տարածված լուրերի համաձայն՝ բանտապետ Սերոբ Հարությունյանը չի գնում այդ քայլին, քանի որ, այսպես ասած, «զոն նայողները» պահանջել են տեղափոխել եւ վերջ:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին armlur.am լրատվականը հրապարակեց աղմկահարույց տեսանյութ, թե ինչպես են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները ինքնավնասում իրենց:
2016 թվականի մայիսի 4-ին էլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում աղմկահարույց չարաշահումներ էին հայտնաբերվել, ինչից հետո աշխատանքից ազատվեց ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանը: Վերջինիս փոխարինեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, որին մարտի 2-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ազատել էր պաշտոնից` քրեական տարրերի հետ «սեղան նստելու համար:
Հավելենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալներից մի քանիսի հարազատները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեցին, որ չեն լռելու եւ շարունակելու են բողոքը, եթե իրենց հարազատներին շարունակեն պահել այդ խցերում. «Նոր բունտ կլինի, որը ավելի վատ հետեւանքներ կունենա»:
Երեկ ՀՀ արդարադատության նախարարությունը կատարվածի վերաբերյալ ներկայացրել էր պարզաբանում. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առաջին հարկի աստիճանական ապաբնակեցման վերջին փուլի ընթացակարգի համաձայն` բնակեցված վերջին խցում պահվող կալանավորված անձինք այլ հարկաբաժիններ տեղափոխվելու ընթացքում չեն ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին եւ դիմել են ինքնավնասումների: Ըստ նախարարության՝ դատապարտյալների նկատմամբ բռնի ուժ չի կիրառվել:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՅՑԵԼԵԼ ԵՆ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են հայ զինծառայողին, որը 2014 թվականի դեկտեմբերից գերի է պահվում Ադրբեջանում: Ինչպես ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան, այցելությունը տեղի է ունեցել հունվարի 18-ին: Նշվում է, որ ԿԽՄԿ-ի աշխատակիցների միջոցով զինծառայողը եւ նրա ընտանիքը փոխանակվել են տեղեկատվությամբ: Հիշեցնենք, որ ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014 թվականի դեկտեմբեր 26-ին: 2015 թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ դիվերսիոն գործողություններ կատարելու մեղադրանքով: Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել այն մասին, որ ԼՂՀ ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, ինչի ընթացքում էլ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը ձերբակալվել է: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ պնդումները` տեղեկացնելով, որ լինելով պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել էր մշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված էր եղել ծառայությունից:
ՆՈՐ ԶՈՀ
Հունվարի 22-ին եւ լույս 23-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 430 կրակոց: ԼՂՀ ՊՆ փոխանցմամբ՝ շփման գծի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը առավել ինտենսիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից (92 կրակոց), ինչպես նաեւ կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ): Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել 22-ամյա պայմանագրային զինծառայող Կարեն Մարատի Ուլուբաբյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ պարոն Գիդո Ռայմոնդիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանից նշանակված դատավոր Արմեն Հարությունյանը եւ դատարանի քարտուղար Ռոդրիկ Լիդելը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության եւ Եվրոպական դատարանի համագործակցությանն առնչվող հարցեր: