ԴԱՀԿ ՆԱԽԿԻՆ ՊԵՏՆ ՈՒ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին քրեական պատմություններից «մաքրելու» գործընթացը մտավ ավարտական փուլ: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը պետք է մասնակցի «պարզ ճակատով»՝ առանց քրգործերի, որպեսզի ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքի:

Ինչից սկսվեց
2016 թվականի ապրիլի 2-ին «Հետք» պարբերականը գաղտնազերծեց փաստաթղթեր, համաձայն որոնց՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը բաժնետեր է Պանամայի օֆշորային գոտում գրանցված երեք ընկերությունների:
Արդյունքում, մայիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց: Հարցաքննվեց ինչպես ԴԱՀԿ նախկին պետը, այնպես էլ միջազգային կառույցների մի շարք ներկայացուցիչներ: Նույնիսկ ՀՔԾ-ն մի նամակ էր գրել միջազգային հայտնի բանկերին, որպեսզի այնտեղից ԴԱՀԿ նախկին պետի գործունեության մասին մանրամասներ հայտնեին: Բայց կարծես թե արժեքավոր պատասխան չստացվեց կամ անտեսվեց այն: Եւ երեկ Պողոսյանի գրասենյակը պաշտոնապես տեղեկացրեց, որ օֆշորային գործարքների առիթով հարուցված քրեական գործը ՀՔԾ-ում կարճվեց: Իսկ ՀՔԾ-ն շարունակում էր լռել:

Քաղաքական առաջին քայլը
«Ժողովուրդ»-ը դեռեւս 2016 թվականի մայիսի 17-ին գրել է, որ Հայաստանի քաղաքական վերնախավը կատարել էր իր առաջին քայլը՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ զիջումների գնալու գործընթացի սկիզբը դնելով: Դեռես 8 ամիս առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սերժ Սարգսյանի մանկական ընկերներ Գրիգոր ու Միքայել Հարությունյանների քրոջ որդի Միհրան Պողոսյանն այս անգամ էլ կներվի: Արդեն ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավարությունը ստացել է քաղաքական հրահանգը՝ Միհրան Պողոսյանին առնչվող բոլոր քրեական գործերը կարճել կամ կասեցնել` մոռացության մատնելով պետության հաշվին հարստանալու անթույլատրելիության, կոռուպցիայի դեմ պայքարի խոստումների եւ այլ խոստումների մասին:
Հիշեցնենք, որ 2016 թվականի մայիսի 17-ին ՀՔԾ նախ կարճեց նաեւ Միհրան Պողոսյանի թիկնապահների եւ օդանավակայանի աշխատակցի միջեւ տեղի ունեցած ծեծի գործը:

Հերթը բանանինն է
2016 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է անարգել ներկրել ցանկացած ապրանք»: Այս հայտարարությանն անմիջապես հաջորդեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարականը մաքսային մարմիններին՝ խիստ եւ հետեւողական լինել գործընթացի նկատմամբ: Եւ, ահա, նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ մի տնտեսվարող բանան էր ներկրել Հայաստան, սակայն հանրապետության տարածքում իրացնելու հարցում կանգնել էր խնդրի առաջ:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ տնտեսվարողին է զանգահարել անհայտ անձ եւ տեղեկացրել, որ ներկրված բանանը չես կարող իրացնելՀայաստանում, պետք է սահմանին վաճառես մեզ եւ հեռանաս դաշտից, եթե չես ցանկանում խնդիրներ ունենալ:
Համարձակ տնտեսվարողը իր խնդրի մասին հայտնել էր ՀՀ ՊԵԿ-ին: Ու թեեւ հարկայինի օպերատիվ աշխատակիցները շտապ դեպքի վայր էին հասել, այնուամենայնիվ, այդպես էլ չէր հաջողվել բռնել գործարարին ահաբեկած անձին կամ անձանց: Իսկ ինչու չէին հասցրել, որովհետեւ շահագրգիռ մարդիկ հենց հարկայինից տեղեկացրել էին բանանի հիմնական խոչընդոտողին, որ օպերատիվնիկները իրենցով են զբաղվում:

Իսկ ո՞վ էր «ահաբեկիչը»
Ինչպես հայտնի է՝ բանանի ներկրման մենաշնորհը տարիներ ի վեր պատկանել է «Քեթրին Գրուպ» ընկերությանը, որի հետ առնչվում է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը, ուստի չէր բացառվում, որ խոչընդոտման գործընթացի հետեւում հենց նա է կանգնած: Եվ ահա տնտեսվարողին ահաբեկելու մասով «Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունից փորձել էր պարզել՝ արդյոք քայլեր ձեռնարկվել են անհայտ անձանց հայտնաբերելու եւ կատարվածը բացահայտելու ուղղությամբ: Ի պատասխան մեր հարցադրման՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել էին. «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության մեջ ներկայացված դեպքի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից պահանջվել են տեղեկություններ տվյալ դեպքի եւ այդ առնչությամբ իրականացված իրավական ընթացակարգերի մասին»: Իսկ ավելի ուշ դատախազությունից հայտնեցին, որ ՊԵԿ-ը փաստաթղթերի փաթեթ է պատրաստում, որը ձեւավորվելուն պես կհանձնի դատախազությանը:

Փաթեթն ուղարկված է
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախօրեին ՊԵԿ-ը «բանանի գործով փաթեթը» կազմել եւ ուղարկել է դատախազություն: Այստեղ էլ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է ՊԵԿ քննիչներին, որպեսզի ներկայացված նյութերն ուսումնասիրեն եւ որոշում կայացնեն քրեական գործ հարուցելու կամ մերժելու մասին: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ առաջիկայում ՊԵԿ-ը եւս կհայտարարի, որ բանանի ներկրման խոչընդոտների առիթով քրեական գործ չի հարուցվելու հանցակազմի բացակայության հիմքով:
Նկատենք, որ մինչ ՊԵԿ քննչականում փաստեր են հավաքում՝ ԴԱՀԿ նախկին պետին այս գործից եւս «չոր դուրս բերելու համար», Միհրան Պողոսյանն այս օրերին առավել ակտիվ գործունեություն է ծավալում: Նա մտադիր է խորհրդարանական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը թիվ մեկ ընտրատարածքում, որն իր մեջ ներառում է Քանաքեռ-Զեյթուն, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանները: Մեզ հասած լուրերի համաձայն՝ այս օրերին Պողոսյանն իրեն պատկանող ընկերության բոլոր աշխատակիցներին գրանցում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որպեսզի իրեն ընտրեն ապրիլի 2-ին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՊԱՏԻԺ ԴԱՏԱՎՈՐԻՆ
Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը միջնորդություն է ներկայացրել արդարադատության խորհրդին, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկվի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը: Թե ինչու, արդարադատության խորհուրդը չի գաղտնազերծում:
Նշենք, որ ըստ ՀՀ դատական օրենսգրքի` դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետեւյալ տեսակներից մեկը. 1) նախազգուշացում. 2) նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով 3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով. 4) դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ հանրապետության նախագահին դիմելով:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ դատավոր Աիդա Դավթյանը հայտնվում է արդարադատության խորհրդի ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնի է՝ 2012 թվականին խորհուրդը որոշել էր, որ արդարադատություն իրականացնելիս դատավոր Դավթյանը, դուրս գալով օրենքով սահմանված լիազորությունների սահմաններից, թույլ է տվել նյութական եւ դատավարական օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ, ինչի արդյունքում Աիդա Դավթյանին հայտարարել էին նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատավոր Աիդա Դավթյանը չցանկացավ խոսել նախարարի միջնորդության մասին՝ նշելով, որ նիստը կայանա, վերջանա, նոր ինքը իր տեսակետը կհայտնի:

 

 

 

ԿՍՏԻՊԵՆ ՎՃԱՐԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր, որ Սերժ Սարգսյանի մտերիմ, գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ՍՊԸ-ն մի շարք ընկերությունների դեմ դատական հայց է ներկայացրել: «Ֆլեշը» տարբեր ընկերությունների բենզին էր մատակարարել, սակայն մատակարարած ապրանքի դիմաց գումարը գնորդները չեն վճարել:
2015 թվականի մայիսի 6-ին «Ֆլեշը» դիմել էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հօգուտ «Ֆլեշ»-ի բռնագանձվի կես միլիոն դրամ: Եվ ահա շուրջ 6 ամիս տեւած քննությունից հետո գործը նախագահող դատավորը բավարարել է ընկերության դիմումը եւ պարտադրել հիվանդանոցին մարել Բարսեղ Բեգլարյանին ունեցած կես մլն դրամ պարտքը:

 

 
ՓԱԽՈՒՍՏԻ ՓՈՐՁ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ նախօրեին վերաքննիչ դատարանից ՔԿՀ տեղափոխման ճանապարհին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Ալբերտ Գրիգորյանը փախուստի փորձ է կատարել: Կալանավորի հետ նույն մեքենայում է գտնվել մեկ այլ կալանավոր եւս, ով հորդորել է փախուստի չդիմել: Սակայն Ալբերտ Գրիգորյանը չի անսացել եւ փորձել է փախչել: Ուղեկցող գումարտակի աշխատակիցներին հաջողվել է նրան բռնել Մայիսի 9 փողոցում: Նշենք, որ Ա. Գրիգորյանը 61 խցի կալանավոր է, ում պատժի կրմանը կարճ ժամանակ է մնացել: Այս դեպքից հետո նրա պատժաչափը կարող է ավելացվել:

 

 

ԿՊԱՇՏՈՆԱՎԱՐԻ
«Ժողովուրդը» ԱՄՆ դեսպանատնից տեղեկացավ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կշարունակի պաշտոնավարել: «Դեսպան Միլսը շարունակում է մնալ ԱՄՆ դեսպանը Հայաստանում: Միացյալ Նահանգների բոլոր դեսպանները համարվում են երկրի նախագահի անձնական ներկայացուցիչն իրենց նշանակման երկրում եւ ծառայում են նախագահին: Ընդունված պրակտիկայի համաձայն՝ այն դեսպանները, որոնք «քաղաքական պաշտոնյա» են, այսինքն՝ կադրային դիվանագիտական ծառայող չեն, նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտին հրաժարական են ներկայացնում: Երդմնակալության նախօրեին նախագահ Թրամփի անցումային թիմը տեղեկացրել էր Օբամայի վարչակազմի քաղաքական պաշտոնյա հանդիսացող դեսպաններին, որ նրանց լիազորությունները կդադարեն հունվարի 20-ին, կեսօրվա դրությամբ: Սակայն Միացյալ Նահանգների դեսպանների 70%-ը կադրային դիվանագիտական ծառայող է եւ չի համարվում քաղաքական պաշտոնյա: Դեսպան Միլսը եւս կադրային դիվանագիտական ծառայող է: Կադրային դիվանագիտական ծառայող հանդիսացող դեսպաններից հրաժարական չի պահանջվել, եւ նրանք շարունակում են պաշտոնավարել իրենց նշանակման վայրերում»,- նշված է պարզաբանման մեջ:




Լրահոս