ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐԻ ԹԱՓՈՆԱՋՐԵՐԸ ԼՑՎԵԼ ԵՆ ԳԵՏԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարի աղտոտված պարզվածքը լցվում է Նորաշենիկ եւ Արծվանիկ գետեր: Այս մասին ահազանգում են Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը եւ Հայկական բնապահպանական ճակատը:

Նորաշենիկ եւ Արծվանիկ գետեր լցվող պոչամբարի թափոնաջրերը այնուհետեւ խառնվում են Ողջի գետին: Բնապահպան Արմեն Փարսադանյանը բազմիցս ահազանգել է Նորաշենիկ գետ թափվող աղտոտված պարզանքի համար: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Փարսադանյանը հայտնեց, որ նման վթարներ հաճախակի են լինում: Բնապահպանը նույնիսկ կասկածներ ունի՝ արդյո՞ք այսկերպ դիտավորյալ բեռնաթափում են Արծվանիկի պոչամբարը, թե՞ ունեն տեխնիկական խնդիրներ, որոնք պարզապես անտեսում են: «Փաստերը արձանագրելով՝ կարող եմ ասել, որ ընկերության ղեկավարությունը լուրջ չի վերաբերում բնապահպանական խնդիրներին»,- նշեց Փարսադանյանը:
Ըստ Համահայկական բնապահպանական ճակատի՝ Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրն իր մեջ պարունակում է մոլիբդենի համաշխարհային պաշարների մոտ 7 տոկոսը: Այս հանքավայրը շահագործվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կողմից, որի գլխավոր բաժնետերն է գերմանական «Քրոնիմետ» (CRONIMET) ընկերությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսության այս հսկան դեռեւս 2004 թվականին վաճառվեց ընդամենը 132 մլն դոլարով:
ՀԲՃ-ն տեղեկացնում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Ողջի գետի ավազանից տարեկան վերցնում է մոտ 70 մլն խորանարդ մետր գերազանց (I) եւ լավ (II) որակի դասերի ջուր, իսկ հանքաքարի վերամշակումից հետո Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերի տեսքով հետ է վերադարձնում բնությանը գրեթե նույնքան, բայց արդեն անբավարար (IV) եւ վատ (V) որակի ջուր:
Բացի այս՝ պոչամբարի թափոնաջրերը թափվելով Արծվանիկ ու Նորաշենիկ գետերը՝ լուրջ վնաս են հասցնում գետերի ջրային էկոհամակարգին՝ խախտելով դրա նորմալ կենսագործունեությունը: Օրինակ՝ տոքսիկ մետաղների՝ կոբալտի, կադմիումի, մանգանի, մոլիբդենի, պղնձի, ծարիրի բարձր պարունակության արդյունքում Արծվանիկ գետի ջրում պոչամբարից ներքեւ ընկած հատվածում չի հայտնաբերվում ջրային կենսաբազմազանություն, այդ թվում նաեւ՝ ձկներ:
Խնդրի շուրջ ահազանգած ՀԲՃ-ի համոզմամբ՝ Արծվանիկ, Նորաշենիկ եւ Կավարտ վտակների թափման արդյունքում վատթարանում է նաեւ Ողջի գետի ջրի որակը՝ հասնելով մինչեւ ջրի վատ (V) որակի դասի՝ մանգան, կոբալտ, պղինձ եւ մոլիբդեն մետաղներով: Արդյունքում Ողջի գետի ջուրը դառնում է օգտագործման համար ոչ պիտանի: Մինդեռ նշենք, որ Արծվանիկ գետից օգտվում է Սյունիք գյուղը, որի բնակիչները այդ ջուրը օգտագործում են իրենց այգիները ոռոգելու համար: Ի դեպ, սյունիքցիները պարբերաբար դժգոհում են, որ ոռոգման ջրի խնդրի պատճառով իրենք չեն կարողանում իրենց հողակտորների մեծ մասը մշակել:
Ե՛ւ ՀԲՃ-ն, ե՛ւ Արմեն Փարսադանյանը պնդում են, որ սա առաջին դեպքը չէ, եւ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը պարտավոր է բոլոր դեպքերում արձանագրել վթարը, հաշվարկել շրջակա միջավայրին հասցված վնասը եւ նշանակել տուժանք: Ինչու բնապահպանական պետական տեսչությունը հետեւողական չէ վթարները արձանագրելու հարցում եւ արդյոք հետամուտ կլինի բնապահպանների ահազանգին: Այս հարցերին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց ԲՆ, որտեղից փոխանցեցին, որ նախարարության բնապահպանական տեսչության մարզային կառույցը եղել է տեղում եւ ջրի փորձանմուշներ վերցրել: Այսպես՝ լաբորատոր արդյունքներից հետո պարզ կլինի՝ ԲՆ-ն տեսչական ստուգումներ կիրականացնի՞ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, թե՞ ոչ:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Ալյոտիգ» ընկերությունը, որը կոչված էր Հայաստանում խնդրահարույց 3՝ Ողջիի, Փխրուտի եւ Արծվանիկի պոչամբարների վերամշակմամբ զբաղվել, որոշ ժամանակով սնանկ է ճանաչվել: Տեղեկացնենք, որ դեռեւս 2014 թվականի հոկտեմբերի 16-ին նշված ընկերության եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված «Մտադրությունների մասին» հուշագրի համաձայն՝ «Ալյոտիգ»-ը պետք է կատարեր 240 մլն դոլարի չափով ներդրում: Դեռեւս 2015-ին ՀՀ Ազգային ժողովում քննարկվեց 3 պոչամբարներում կուտակվող թափոնների մշակման վերաբերյալ օրենքի նախագիծը: Ծավալված բուռն քննարկումների ընթացքում ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ կասկածի տակ դրեցին ծրագրով հետաքրքրված ընկերության գործունեության արդյունավետությունը: Փաստորեն պատգամավորները չէին սխալվել: Արդյունքում՝ այսօր անհայտ է՝ ընկերությունը, ի վերջո, 240 մլն դոլարի ներդրում կատարե՞լ է, թե՞ ոչ: Չէ՞ որ ինչ-որ ժամանակով սնանկացել է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՀԵՐԹԱԿԱՆ ՆՈՐԱԾՆԻ ՄԱՀԸ
Հունվարի 28-ին Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում Արմավիրի ԲԿ-ից տեղափոխված 2 օրական նորածին է մահացել՝ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչներ Իսա Իսայանի ու Նարինե Բրոյանի առաջնեկը:
Մահացած նորածնի պապը՝ Ռուստամ Իսայանը, «Ժողովուրդի» հետ զրույցում հայտնեց, որ ծննդաբերությունը տեղի է ունեցել վակուումի միջամտությամբ. «Մինչեւ այդ ամեն ինչն առողջ է եղել: Ամսի 26-ի առավոտը բերել ենք, ամեն ինչ նորմալ է եղել: Բժիշկներն ասեցին նորմալ է, պետք է ծննդաբերի, իսկ երեկոյան ժամը 18:00-ին՝ ծնունդը սկսելու ժամանակ, ասացին՝ դժվար ծննդաբերություն կլինի»,-նշեց Ռ. Իսայանը:
Նրա խոսքով՝ ծննդաբերությունից հետո բժիշկներն ասել են, որ ամեն ինչ նորմալ է անցել, ապա ծննդաբերության երկրորդ օրը վերջինիս ուղարկել են դեղատուն՝ կաթ բերելու: «Յուրաքանչյուր նորածնի ստամոքս պտղաջրեր են գնում, որոնք մաքրելուց հետո նոր պետք է կաթ տան, բայց պտղաջրերը չեն մաքրվել, նրանք կաթ են տվել երեխային»,-պնդում է նորածնի պապը: Դրանից հետո՝ հունվարի 28-ի առավոտյան, Իսայանները տեղեկացել են, որ փոքրիկը մահացել է:
Թեեւ Իսայանները կատարվածում բժշկի մեղավորությունն են տեսնում, նրանք, սակայն, չեն պատրաստվում բողոք ներկայացնել իրավապահ մարմիններին:

 

 

 

ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՆԵՐԻՆ ԿԱՍԵՑՆԵԼ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ շաբաթ օրը տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Պետական գույքի կառավարման եւ օտարման գործընթացի հետ կապված ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա բոլոր գերատեսչությունների հետ համատեղ մշակվել է մասնավորեցման նոր ծրագիր, որն արդեն ուղարկվել է կառավարություն եւ վերջնական քննարկումից հետո կներկայացվի Ազգային ժողով:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է պետգույքի վարչության պետին արագ ավարտին հասցնել աշխատանքներն ու պատրաստել ամբողջ փաթեթը՝ ընդգծելով. «Պետք է հստակ ձեւակերպենք՝ ինչը պետք է լինի ոչ պետական: Մենք լիքը գույք ունենք, որտեղ տնօրենը տարեցտարի վատ թվեր է բերում, ո՛չ տնօրեն ենք հանում, ո՛չ էլ որոշակի քայլեր կատարում»,- նկատել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է կասեցնել պետական այն կառավարիչների գործունեությունը, որոնք արդյունավետ չեն աշխատում:

 

 
ԵՂԱՆԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ ԿՑՐՏԻ
Հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը: Հունվարի 31-ին կեսօրից հետո հանրապետության բոլոր մարզերում կսկսվի ձյուն եւ կշարունակվի մինչեւ փետրվարի 1-ի երեկո: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային առանձին գոտիներում՝ նաեւ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Փետրվարի 2-ի գիշերվա առաջին կեսից տեղումները կդադարեն, եւ փետրվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում կլինի պարզ, առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը եղանակի պարզեցմամբ եւ արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի՝ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը հասնելով -25…-30, Լոռիում՝ -22…-27, Տավուշում՝ -15…-20, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռներում՝ -17…-20, Սյունիքի հովիտներում՝ -10…-15, Սյունիքի նախալեռներում՝ -18…-23, Արցախում՝ -12…-16, Արարատի եւ Արմավիրի մարզերում՝ -20…-25, Երեւանի բարձրադիր գոտում՝ -16…-18, ցածրադիր գոտում՝ -23…-25 աստիճանի:

 

 

ՓԱԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Տեղացած առատ ձյան, բքի եւ վատ տեսանելիության պատճառով հունվարի 30-ին ՀՀ տարածքում եղել են մի շարք փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է եղել Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Հակո, Կանչ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները, Արագածի տարածաշրջանի Շենկանի, Միրաք, Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի բոլոր միջհամայնքային ճանապարհները:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, ինչպես նաեւ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի եւ Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Սյունիքի մարզերի եւ Տավուշի մարզի Կողբ, Հաղթանակ գյուղերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին կրկին հորդորվում է՝ ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն եւ ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածներից օգտվելուց:




Լրահոս