ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Աջափնյակ թաղամասում
Այս շենքի (Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 26) մուտքը, մեղմ ասած, անմխիթար վիճակում է: Հավանաբար բնակիչները մեծ համարձակություն ունեն՝ օգտվելու համար այս շենքի մուտքից: Բնակիչների պնդմամբ՝ այս սառույցը օր օրի մեծանում եւ ավելի վտանգավոր է դառնում: Նրանք արդեն հոգնել են դիմել համատիրություն՝ խնդրին վերջնական լուծում տալու համար: Իսկ թե ինչ են մտածում պատկան մարմինները նման հարցերի շուրջ, թերեւս անհասկանալի է:
ՀԱՐՑ. Եթե անձը կորցրել է իր մեքենայի պետհամարանիշները, կամ այն վնասվել է, ապա վերականգնելու համար ի՞նչ է անհրաժեշտ: Գումար մուծելու անհրաժեշտություն կլինի՞, թե ոչ: Եթե այո, ապա ինչքա՞ն պետք է վճարեմ:
Լեւոն Առաքելյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տրանսպորտային միջոցի զույգ համարանիշներից մեկի կորստյան կամ զույգ համարանիշներից մեկի կամ երկուսի վնասվածք լինելու դեպքում դրանք վերականգնելու համար անհրաժեշտ է ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, հաշվառման վկայագիր եւ համարանիշների հատկացման համար նախատեսված պետական տուրքի (12.000 դրամ) վճարման անդորրագիր, իսկ համարանիշների կորստյան դեպքում՝ նաեւ հաշվառման վկայագիր հատկացման համար նախատեսված պետական տուրքի (6.000 դրամ) եւ հաշվառման գործողության կատարման վճարի (5.000 դրամ) վճարման անդորրագիր:
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ համարանիշների հատկացման գները 2016 թվականի նոյեմբերի 14-ից նվազել են: Օրինակ՝ 1.500.000 դրամ արժեք ունեցող XX+-XXX եւ XXX+-XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշների արժեքը նվազել է՝ կազմելով 1.000.000 դրամ, 2) 3.000.000 դրամ արժեք ունեցող 0X++00X, X0++00X, XX+-XXX, 00X++0X, X00++0X եւ XXX+-XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը՝ 2.000.000 դրամ, 3) 8.000.000 դրամ արժեք ունեցող XX++XXX եւ XXX++XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշների արժեքը դարձել է 5.000.000 դրամ:
ՀԱՐՑ. Շուտով լրանում է իմ 55 տարեկանը: Տեղյակ եմ, որ կարող եմ ստանալ մանկավարժական թոշակ (աշխատում եմ մանկապարտեզում): Բայց վերջերս լսեցի, որ օրենքն այլեւս չի գործում, մանկավարժական թոշակ ստանալու իրավունքը՝ նույնպես: Խնդրում եմ պարզաբանել՝ ես հիմա իրավունք ունե՞մ ստանալու ինձ հասանելիք մանկավարժական թոշակը:
Գյուլնարա Վարդանյան (54 տարեկան, դաստիարակ)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության՝ 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:
Վերոնշյալ ցանկի 6-րդ կետի համաձայն՝ մասնակի կենսաթոշակի իրավունք են տալիս մանկապարտեզում (մանկական օջախում եւ մանկական հրապարակում) եւ միացյալ մսուր-մանկապարտեզում հետեւալ պաշտոնները՝ վարիչ (տնօրեն), ղեկավար-դաստիարակ, դաստիարակ, ավագ դաստիարակ, մեթոդիստ-դաստիարակ, մանկավարժ-դաստիարակ, մանկավարժ, մանկավարժ-ղեկավար, ղեկավար, ուսուցիչ, երաժշտական ղեկավար (երաժիշտ-դաստիարակ, երաժշտական աշխատող), բուժքույր-դաստիարակ (քույր-դաստիարակ)
Ելնելով վերոգրյալից՝ եթե քաղաքացու աշխատանքային ստաժը բավարարում է օրենքով սահմանված պահանջներին, երբ լրանա նրա 55 տարին, կարող է դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին՝ մասնակի կենսաթոշակի նշանակման հարցով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնակի կենսաթոշակ նշանակվում է վերոնշյալ կետերում նշված այն անձանց, ովքեր մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվել են մասնակի կենսաթոշակ նշանակելու համար (ունեցել են առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ), եւ լրացել է նրանց՝ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող տարիքը: Ի դեպ, համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում: