Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջին՝ 175-րդ հոդվածի ձևակերպումը մեզ չի զրկում Ադրբեջանի իշխանությունների իրավազորության տակ գտնվող մեր կորցրած տարածքների հանդեպ ունեցած պահանջից:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը: «Մենք չենք մոռացել Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի և Մարտակերտի շրջանների կորցրած մեր մյուս գյուղերի մասին, որտեղից հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները, որտեղ մեր անմեղ հայրենակիցների արյունն է թափվել»,- ասել է Ռ. Հյուսնունցը՝ հավելելով, որ այդ պահանջից ելնելով էլ ձևակերպվել է նոր Սահմանադրության նախագծի վերջին հոդվածը:
Հարցին, թե ինչպես է պատկերացնում այդ տարածքները վերադարձնելը՝ ԱԺ պատգամավորը պատասխանել է, որ հայկական կողմը Ղարաբաղյան հիմնախնդրի վերջանական կարգավորումը միշտ էլ դիտարկում է խաղաղ բանակցությունների միջոցով, սակայն Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը շարունակում է արկածախնդրություններ փնտրել: «Ապրիլյան ռազմագործողություններից դեռ չսթափված՝ այդ երկրի մեջլիսը Երևանի վերադարձի ինչ-որ աբսուրդ օրինագիծ է քննարկում, դիվանագիտական բարձր մակարդակներով ղարաբաղյան արտադրության ապրանքների արտահանման դեմ անհեթեթ փորձեր կատարում կամ Արցախ այցելած օտարերկրյա քաղաքացիների դեմ հետապնդումներ իրականացնում… Իհարկե, սա հեռու է ադեկվատ գործողությունների տրամաբանությունից, և նման գործելաոճը մառազմի է վերածում այդ երկրի ամբողջ քաղաքականությունը»,- նշել է Հյուսնունցը և ընդգծել, որ Սահմանադրությունը ընդունվում է տասնամյակների համար, և ժամանակը ցույց կտա:
Ռուդիկ Հյուսնունցը խոսել է նաև Սահմանադրության նախագծի առաջին հոդվածի մասին՝ նշելով, որ համաձայն չէ բոլոր այն տեսակետներին, որ Այո-ի կողմնակիցները, փոխատեղումներ անելով, զբաղված են մանիպուլյացիայով: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները գործող Սահմանադրության մեջ նույնական են և, թվում է, իսկապես, գումարելիների տեղափոխությունից ոչինչ չի փոխվում: Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե իրականում հավասարազոր էին, ինչու էր պաշտոնական գրագրության մեջ ընդգծված տարբերություն դրվում: Ի դեպ, այս մասին ես պնդում էի դեռ 2006թ.-ին՝ Սահմանադրության ընդունման ժամանակ: Հուսով եմ՝ կգա նաև իմ կողմից առաջարկվածն ընդունելու՝ Արցախը՝ որպես քրիստոնեական հանրապետություն հռչակելու ժամանակը: Հայտնի ասացվածք է, ով մոռանում է իր պատմությունը, նա ապագա չի կարող ունենալ, իսկ մենք դարավոր ազգ ենք և մեր անցյալով հպարտանալու բազմաթիվ առիթներ ունենք»,- ասել է պատգամավորը:
Առիթն օգտագործելով՝ հետաքրքրվեցինք նաև Սահմանադրության քարոզարշավի ընթացքում քաղաքական կուսակցությունների՝ միմյանց նկատմամբ փոխադարձ վերաբերմունքին: ԱԺ պատգամավորը նշեց, որ Արցախի քաղաքական դաշտը անցած տարիներին շատ փորձություններով է անցել, և ոչ ոքի համար նորություն չէ, որ համերաշխության պտուղները ամենաքաղցրն են: «Մեր ամենամեծ ձեռբերումներից ես համարում եմ այն, որ այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք ազատվել միատարրությունից՝ ձևավորելով բազմատարր ու բազմաշերտ քաղաքական մշակույթ, և, տարբեր գաղափարներով հանդերձ, հանուն մեր երկրի ու ժողովրդի աշխատել միասին: Ես անընդունելի եմ համարում բոլոր այն փորձերը, որոնք ուղղված են այդ համերաշխության դեմ, քանի որ այն ոչ միայն մեզ պատիվ չի բերում, այլև խեղաթյուրում է մեր բոլոր պատկերացումները ապագայի նկատմամբ: Անկախ մեր ունեցած դիրքորոշումներից ու գաղափարներից՝ մեզանում ապրում է միայն պետականամետ հայը, ու ոչ ոք իրավունք չունի դրանում կասկածել: Ոչ մեկը անսխալական չէ, և ամեն դեպքում, ողջախոհությունը կփոխի բոլոր տրամադրությունները»,- նշել է Հյուսնունցը և ընդգծել, որ փետրվարի 20-ը մեր պետականաշինության ճանապարհին հերթական հաջողությունը արձանագրելու օրն է: Հենց այս գիտակցումով բոլորս պետք է մասնակցենք հանրաքվեին: