ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ամփոփելով 2016 թվականը, որպես Հայաստանի արտաքին քաղաքականության տարվա ձեռքբերում մատնանշել է ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելը: Մինչդեռ իրականում ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելն ընդամենը ձեւական երեւույթ էր. 2016թ. ընթացքում Ադրբեջանի կողմից ոչ միայն ԼՂՀ-ի, այլ նաեւ ՀԱՊԿ անդամ ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգությունների բազմաթիվ փորձեր եղան, ու թեեւ ռազմաքաղաքական այդ դաշինքը, իր կանոնադրության համաձայն, պարտավոր էր արձագանքել նման գործողություններին (ի դեպ, այդ մասին մի քանի անգամ նույնիսկ Սերժ Սարգսյանն է խոսել ու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների մոտ դժգոհել), անգամ Հայաստանի նախագահության ընթացքում որեւէ ծպտուն չլսվեց: Բացի այդ՝ ինչպես հայտնի է՝ դեռ նախորդ տարի Հայաստանի ներկայացուցիչը ռոտացիոն կարգով պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, բայց ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների՝ Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների պատճառով այդ հարցը հետաձգվում է անընդհատ: Ու այդքանից հետո ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելը համարել Հայաստանի արտաքին քաղաքականության ձեռքբերում, առնվազն ծիծաղելի է: Չնայած՝ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանը 2016թ. ընթացքում այդպես էլ որեւէ լուրջ ձեռքբերում չի ունեցել, այլ ընթացել է ձախողումների ճանապարհով, ամենափոքր դրական իրադարձությունն էլ կարելի է ձեռքբերում համարել: Նաեւ նախարարի՝ 2017-ի հունվարի վերջին օրը 2016-ի տարվա ամփոփում անելը:
Սոցիալապես անապահով ընտանիքները դեռեւս չեն ստացել հունվարի համար նախատեսված նպաստը, այնինչ` այդ գումարները պետք է վճարված լինեին մինչեւ հունվարի 25-ը: Եւ հիմա տասնյակ հազարավոր ընտանիքներ հայտնվել են անելանելի դրության մեջ, քանի որ չեն կարող մուծել կոմունալ վարձավճարները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նպաստների ուշացման իրական պատճառը բյուջեում համապատասխան միջոցների բացակայությունն է, այլ կերպ ասած՝ ուղղակի փող չկա: Այդ փաստն անուղղակի երեւաց նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ մեր թերթի հարցմանն ի պատասխան տրամադրած պարզաբանման մեջ. «Նպաստների վճարման ուշացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հունվար ամսին աշխատանքային ամիսը սկսվել է ուշ՝ հունվարի 9-ից, հետեւաբար օրենքով սահմանված գործընթացները, ինչպես նաեւ ֆինանսական տարին եւս սկսվել են ուշ: Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ վճարումներն այս շաբաթվանից սկսած կիրականացվեն»,- նշված է նախարարության պարզաբանման մեջ:
Առաջիկայում կառավարության կազմում կրկին փոփոխություններ են իրականացվելու: Բանն այն է, որ անցած տարվա սեպտեմբերին, երբ ՀՀ կառավարության կազմը ձեւավորելիս վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներ էր նշանակում, պաշտոնյաների ընտրությունը երկու ձեւ մեկնաբանվեց. կա՛մ նշանակվողներն իր թիմակիցներն էին, կա՛մ մարդիկ, որոնցից լավն այդ պահին վարչապետը չէր հասցրել գտնել: Եւ ահա մամուլում արդեն մի քանի անգամ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ վարչապետի «տեմպին» կառավարության ոչ բոլոր անդամներն են դիմանում: Դա երբեմն տեսանելի է դառնում նույնիսկ կառավարության նիստերի ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ ՀՀ վարչապետը որոշակի փոփոխություններ է նախատեսում գերատեսչությունների ղեկավարների շրջանում: Ընդ որում, խոսվում է այն մասին, որ չի խնայելու նաեւ իր բերածներից ոմանց: Ու հիմա չի բացառվում՝ այդ փոփոխություններն իրականացվեն նույնիսկ մինչեւ խորհրդարանական ընտրությունները:
Արտագաղթի տեմպերը կրկին նոր թափ են ստանում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է ժողովրդագրական ցուցանիշները, ըստ որի՝ նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել 54 հազար 31 ՀՀ քաղաքացի: Համեմատության համար նշենք, որ 2015թ. այդ ցուցանիշը 47 հազար 676 հոգի էր, իսկ 2014թ.` 47 հազար 74 մարդ: Այլ կերպ ասած՝ վերջին երեք տարիներին Հայաստանից արտագաղթը միայն աճի միտումներ է ցուցաբերում: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Հայաստանից մարդիկ հիմնականում հեռացել են ցամաքային ճանապարհով, նշանակում է` շատերը ցամաքային ճանապարհով հեռացել են այլ երկրներ մշտական բնակություն հաստատելու նպատակով: Ի դեպ, արտագաղթի պատկերը շատ ավելի ցցուն է երեւում ժողովրդագրական ցուցանիշների ֆոնին. պաշտոնական տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 18.3 տոկոսով նվազել է բնական հավելաճը: Հայաստանում 2016թ. ծնվել է 40 հազար 638 երեխա, մինչդեռ 2015թ. ծնվել էր 41 հազար 763 երեխա: Նախորդ տարի աճել է նաեւ մահացությունների թիվը` 2015թ. 27 հազար 878-ի փոխարեն 2016թ. մահացել է 28 հազար 129 հոգի:
ԱՆՔԱՂԱՔԱՊԵՏ
Չնայած որ նախընտրական քարոզարշավի մեկնարկին հաշված օրեր են մնացել, սակայն այս օրերին հանրությանը քաղաքական վերադասավորումներից շատ հուզում են նոր ցրտաշունչ ցիկլոնները, որոնք ոչ մի կերպ չեն ցանկանում հեռանալ Հայաստանի՝ ջեռուցման կարոտ բնակավայրերից: Իսկ ահա մայրաքաղաք Երեւանում բնակիչներին հուզում է այն հարցը, թե ինչու է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իր անմիջական պարտականությունների իրականացումը թողած, ամբողջովին տրվել նախընտրական մրցավազքին՝ այդ ընթացքում իսպառ աչքաթող անելով Երեւանի փողոցների մաքրման աշխատանքները: Այսօր Տարոն Մարգարյանի ղեկավարած «ավելի բարեկարգ Երեւանի» փողոցներով քայլելն ուղղակի վտանգավոր է կյանքի համար: Ընդ որում, խոսքը ոչ միայն քաղաքի ծայրամասերի կամ բակային հատվածների, այլեւ հենց կենտրոնական փողոցների մասին է:
Համատարած սառած փողոցներ եւ մայթեր, ծառերից եւ շենքերի տանիքներից կախված հսկայական սառցակույտեր, որոնք ամեն պահի կարող են վտանգել քաղաքացիների կյանքը, սառը, չջեռուցվող հանրային տրանսպորտ, որոնցով քաղաքացիները երթեւեկում են բառացիորեն դողալով ոչ միայն ցրտից, այլեւ հաճախ սառած ճանապարհներին վթարի ենթարկվելու վտանգից: Այս ամենը, թվում է, պետք է որ բավարար պատճառ լիներ, որպեսզի որեւէ քաղաքի ղեկավար, այն էլ իր համար կրկնակի նախընտրական տարում, օրուգիշեր աշխատեր: Տարոն Մարգարյանի համար, ինչպես գիտենք, կարեւոր են ոչ միայն եւ ոչ այնքան այս ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, այլեւ մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները: Այսինքն՝ այս օրերին մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին վնասվածքաբանների պոտենցիալ հաճախորդի կարգավիճակում պահող քաղաքապետն ընդամենը չորս ամսից խնդրելու է նույն երեւանցիների քվեն: Հետաքրքիր է՝ ինչ երեսով:
Ակնհայտ է, որ Երեւանի քաղաապետի պաշտոնում վերընտրվելու հնարավորությունը Տարոն Մարգարյանը կապում է բացառապես Սերժ Սարգսյանի եւ ոչ ամենեւին՝ երեւանցիների կամքի հետ: Դրա համար էլ իր ունեցած բոլոր ռեսուրսները ծառայեցնում է ոչ թե քաղաքի, այլ հարազատ կուսակցության խնդիրների լուծմանն ու Սերժ Սարգսյանի հրահանգների իրագործմանը: Փողոցները մաքրելու փոխարեն՝ նա զբաղված է Էրեբունու թաղապետին աշխատանքից հեռացնելու քաղաքական հրահանգը կյանքի կոչելով, հանրային տրանսպորտը կարգի բերելու փոխարեն՝ սեփական աներձագի նախընտրական շտաբների ձեւավորմամբ կամ մերձավորներին ՀՀԿ խորհրդի կազմում ընդգրկելով: Հիրավի, սիրուն չէ, Տարո՛ն: Ոչ միայն սիրուն չէ, այլեւ տգեղ է, շատ տգեղ: