«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, անդրադառնալով Վրաստանի իրավապահների կողմից միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի հետեւանքով իր հորեղբորորդու` Միհրան Մովսիսյանի կալանավորման դեպքին, ասաց, որ իր եղբայրն արդարացվել է:
2016 թվականի ապրիլի 18-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության ՊԱԾ հատուկ կարեւոր գործերով քննիչ Պավլե Մոթիաշվիլին հայտարարել էր, որ միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար Վրաստանում ձերբակալվել է 5 անձ, որոնցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, երեքը՝ Վրաստանի քաղաքացի: Ըստ վրացական մամուլի՝ կալանավորվածները մտադրված են եղել 200 միլիոն դոլարի դիմաց ուրան վաճառել: Ձերբակալվածներից մեկի տանը գործարանային արտադրության տրանսպորտային կոնտեյներ է գտնվել՝ Ս 238 տեսակի ռադիոակտիվ նյութով: Հետագայում հայտնի դարձավ, որ ձերբակալված ՀՀ քաղաքացիներից մեկը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հորեղբորորդի, Արցախյան ազատամարտի եւ կանանց միության նախագահ Միհրան Մովսիսյանն է:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասել էր, թե հորեղբորորդին կապ չունի այդ պատմության հետ. «էս մարդը իր վրացի ընկերոջ տունը հյուր է գնացել, եկել են, նրան բռնել են ու մյուսներին էլ են տարել, դրա համար չեն կարողանում դատեն եւ շուտով ազատ կարձակեն: Դատական նիստն էլ հետաձգում են, քանի որ ոչ մի հիմք չունեն, ինչի համար դատեն: Կրկնում եմ՝ ինքը տենց խաղերի մեջ չկա»:
Նկատենք, որ Առաքել Մովսիսյանը նաեւ հայտնել էր, թե ինքը անգամ հորեղբոր որդու համար ցանկացել է պաշտպան ներգրավել, սակայն վերջինս նշել է, թե չի ցանկանում պաշտպան ունենալ, քանի որ պաշտպանության կարիք չունի եւ, առհասարակ, բացահատման հետ առնչություն չունի:
Նկատենք, որ շուտով Վրաստանի իրավապահների կողմից կատարվող քննության մեկ տարին կլրանա, եւ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ պատգամավորից հետաքրքրվել, թե ինչ փուլում է գտնվում հարուցված քրեական գործը, եւ արդյո՞ք իր եղբայրը շարունակում է մնալ կալանքի տակ: Պատգամավորն ասաց. «Կայացվել է նրա գործով վճիռը: Միհրանն ընդհանրապես մեղավոր չի: Կապ չունի էդ հարցերում: Դատը եղել, վերջացել է, եւ շուտով նա ազատության մեջ կլինի եւ կվերադառնա տուն` Հայաստան»:
Մեր այն հարցին, որ եթե վճիռը հրապարակվել է, եւ նա արդարացվել է, ապա ինչո՞ւ չեն ազատում կալանքից, ԱԺ պատգամավորը պատասխանեց, թե սպասում են վրացական կողմի քայլերին. «Սպասում են, եթե չլինի բողոքարկում, այսինքն՝ որեւէ մեկը բողոք չներկայացնի, ուրեմն մի ամսից կգա»:
Առաքել Մովսիսյանից հետաքրքրվեցինք` միայն իր եղբա՞յրն է արդարացվել, թե՞ այս գործով այլ անձինք էլ են անմեղ ճանաչվել: Առաքել Մովսիսյանը տեղեկացրեց, որ իր հորեղբոր որդուց բացի՝ գործով կալանավորված մյուս անձինք եւս արդարացվել են եւ շուտով ազատ կարձակվեն:
Հիշեցնենք, որ Միհրան Մովսիսյանի անունը շրջանառվում էր նաեւ Հոկտեմբերի 27-ի, ապա իր թիկնապահի՝ Սամվել Առաքելյանի սպանության գործերի շրջանակներում, ինչի արդյունքում 14 տարի ազատազրկման դատապարտվեց նրա թիկնապահը՝ Արթուր Այվազյանը՝ Մանախը, ով անցած տարի ազատ արձակվեց բանտից:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Միհրան Մովսիսյանի որդին` Ռոբերտ Մովսիսյանը եւս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, եւ նրան մեղադրանք է առաջադրվել դատապարտյալից գումար շորթելու մասով: Այժմ այս գործը քննվում է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ
«Ժողովուրդ»-ը անդրադարձել էր ԱԺ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ իշխող ՀՀԿ-ի դեմ դուրս եկած պատգամավորների ու գործիչների շուրջ ստեղծված իրավիճակին, թե ինչպես են նրանց «դեմ դրվել» «թաքստոցներում» պահված մի շարք քրեական գործեր:
Մասնավորապես Աժ պատգամավոր Արագած Ախոյանին հիշեցրել էին նրա խնդիրները ամերիկահայ գործարար Հրաչ-Ներսես Կապրիելյանի հետ, մի շարք շինարարական ընկերությունների ահռելի թվով գումար պարտքեր ունենալը: Սակայն այսքանով ամեն ինչ չէր ավարտվել: Հիշեցումներից էր եղել պատգամավորի ամենացավոտ թեման՝ վերջինիս որդու հետ կապված աղմկահարույց պատմությունը, որ 2014 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Երեւանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի մուտքի մոտ 4 դիմակավորված անհայտ անձինք էլեկտրաշոկով հարձակվել էին 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, հափշտակել նրա բջջային հեռախոսն ու տան բանալիները: Սակայն այս գործն այդպես էլ չբացահայտվեց, ու այդպես էլ հայտնի չդարձավ, թե ինչ թշնամիներ ունեին Ախոյանները:
«Ժողովուրդ»-ը օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի հետ. «Նման բան երբեւիցե ո՛չ եղել է, ո՛չ էլ կարող է որեւիցե մեկը ինձ ինչ-որ բան հիշացնի կամ ցույց տա, քանի որ աշխատել եմ ե՛ւ քաղաքականության մեջ ե՛ւ, ընդհանրապես, աշխատել եմ կախվածության մեջ քիչ լինել»:
Մեր այն դիտարկմանը, որ հատկապես խնդրի առաջ կանգնել է այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին, եւ նա ցանկացավ միանալ նրան, սակայն «թաքստոցներում» պահված քրեական գործերն են առաջ եկել, Արագած Ախոյանը նշեց. «Ես ողջունել եմ Գագիկ Ծառուկյանի վերադարձը, քանի որ որպես մարդ իր էությամբ պահանջված կերպար է, բայց որպես քաղաքական գործիչ չեմ կարող գնահատական տալ: Երբեւիցե նման բան չի եղել, որ իր վերադառնալուց հետո ցանկություն հայտնեմ վերադառնալ նրա մոտ: Ես այդ մարդը չեմ, ճիշտ չեն հասցեագրում, նախընտրական փուլ է, ու ինչ-որ մեկի երեւակայությունը, չեմ ուզում անդրադառնալ այս ամենին եւ կարեւոր էլ չեմ համարում»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՀ-ՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՍՊԱՍՈՒՄ Է
Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ-ում բելառուսական համայնքը ներկայացնող հասարակական կազմակերպության նախագահ Իրինա Պողոսյանի հետ:
-Տիկի՛ն Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոյի եւ դատարանի կայացրած որոշումը:
-Դուք գիտեք, ես այս հանգամանքը գնահատում եմ ինչպես ցանկացած ՀՀ քաղաքացի: Իհարկե, դա ինձ համար անհասկանալի է, եւ այս իրավիճակն ինձ տհաճ է:
-Այս ամենում ի՞նչ վտանգ եք տեսնում:
-Ես չէի ցանկանա շատ խոսել այդ մասին: Կցանկանայի տեսնել, թե ինչ կլինի հետագայում: Սա այնպիսի հարց է, որը լուրջ է եւ անհանգստացնող:
-Բայց Դուք կոնկրետ այս հարցում Ձեր մասով ի՞նչ եք արել կամ անում:
-Դեռ ոչինչ չենք արել:
-Ինչո՞ւ, չե՞ք պատրասվում որեւէ քայլ ձեռնարկել` որպես բելառուսական համայնքը ներկայացնող ՀԿ ղեկավար:
-Դեռ ոչինչ կոնկրետ չեմ կարող ասել: Ես նույնպես կհետեւեմ, թե ինչ է կատարվելու: Ես ոչ մի հանդիպում չեմ ունեցել, մենք ավելի շատ զբաղվում ենք մշակութային հարցերով: Լապշինի արտահանձնման հարցն ինձ ավելի շատ անհանգստացնում է ոչ թե որպես բելառուսական համայնքի ղեկավար, այլ որպես մարդու, ով իր սրտին մոտ է ընդունում երկու հայրենիքներում տեղի ունեցածը:
-Իսկ համայնքը ոչինչ չի՞ արել:
-Մենք հիմնականում զբաղվում ենք մշակույթով, լեզվի պահպանության հարցերով: Իսկ կատարվածը ավելի շատ քաղաքական հարց է, թող համայնքի ներկայացուցիչներն իրենք իրենց համար որեւէ որոշում ընդունեն, ես նրանց վրա ազդեցություն ունենալ չեմ կարող:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԿԵՆԱՑՆԵՐԸ ՔԱՂՑՐԱՆՈՒՄ ԵՆ
Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը, դեռ չնշանակված, անցել է նախընտրական գործունեությանը: ArmLur.am-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանն իր մոտ է կանչել Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանին եւ հրահանգել աշխատել Հայաստանի Հանրապետական կուսակցության համար: Տնօրենը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը եւ հավելել, որ ինքը ի պատասխան մարզպետի հրահանգի՝ պարզաբանել է, որ անկուսակցական է, ծանրաբեռնված աշխատում է եւ չի կարող քարոզչական գործունեությամբ զբաղվել: Իսկ մարզպետն իր հերթին հայտարարել է, որ դիմում-բողոքներ կան պոլիկլինիկայից այն մասին, որ Սերինե Հայրապետյանը հակաքարոզչություն է իրականացնում. «Ես մարզպետին խնդրեցի ինձ ապացույցներ ներկայացնել, թե ինչ դիմումների մասին է խոսքը, նա մերժեց՝ ասելով, որ ինձ ապացուցելու բան չունի: Ես հեռացված եմ աշխատանքից: Եվ հիմա ողջ կոլեկտիվը հավաքված է իմ աշխատասենյակում: Պատրաստվում ենք դիմումներ ներկայացնել հանրապետության նախագահին, վարչապետին, ինչպես նաեւ մարզպետին: Որից հետո կգնանք մարզպետարան»,- հայտնել է պոլիկլինիկայի տնօրենը: Վերջինիս փոխանցմամբ՝ ողջ անձնակազմը գործադուլ է հայտարարել, եւ բոլորը հայտարարում են, որ բուժաշխատողները ՀՀԿ-ի համար քարոզչական աշխատանքներ չեն տանելու:
ՄԵԿ ԶՈՀ, ՄԵԿ ՎԻՐԱՎՈՐ
Փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը: Նույն օրը հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ ժամը 12:00-ի սահմաններում կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը: Կատարվում է քննություն:
ՉԻ ՄԻԱՆԱ
Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Մերժելով «Ժառանգություն» կուսակցության իմ գործընկերների կողմից դաշինքով մասնակցությունը խորհրդարանական ընտրություններ անվան տակ քաղաքական գործընթացին` իմ դիրքորոշման հիմքում ընկած է քաղաքականությամբ զբաղվելու հիմնական կանոնը` համաձայնություն սկզբունքների, ծրագրի եւ գաղափարախոսության շուրջ: Հուսով եմ, որ «Ժառանգություն» կուսակցությունն իր մեջ ուժ եւ իմաստություն կգտնի՝ իր մասնակցությունը բերելու քաղաքական գործընթացներին սեփական անվան տակ: Հակառակ դեպքում ես չեմ պատրաստվում միանալ որեւէ միավորի»: