ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՃՈԽ ԳՆՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը ընթացիկ տարվա համար միայն էլեկտրաէներգիայի դիմաց պետական միջոցներից հատկացնելու է ավելի քան 181 մլն դրամ: Իսկ տարածքի վարձակալության համար՝ ավելի քան 150 մլն դրամ:

Այսպես՝ նշված գերատեսչությունը այս տարվա համար կգնի 10 հազար 230 լիտր բենզին, բայց միայն պրեմիում տեսակի, որի համար նախատեսել է հատկացնել 3 մլն 7560 հազար դրամ: Նշենք, որ պրեմիում տեսակի բենզինը ավելի թանկ է վաճառվում, քան ռեգուլյարը: Ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար նախատեսվել է հատկացնել 1 մլն դրամ, իսկ գրասենյակային գույքի վերանորոգման ծառայությունների համար՝ 500 հազար դրամ: Պետական գույքի կառավարման վարչությունը ընթացիկ տարվա հեռախոսակապի համար նախատեսել է հատկացնել 1 մլն 305 հազար 110 դրամ, խմելու ջրի համար՝ 5 մլն 21 հազար 600 դրամ, գազի համար՝ 38 մլն 364 հազար 400 դրամ: Իսկ ահա էլեկտրաէներգիայի համար Արման Սահակյանի ղեկավարած կառույցը նախատեսել է հատկացնել 181 մլն 42 հազար դրամ:
Բացի այս՝ պետական գույքի կառավարման վարչությունը ընթացիկ տարվա համար կգնի նաեւ համակարգիչներ, որոնք ունեն տարբեր գներ. նախատեսվել է գնել մեկ համակարգիչ, որի միավորի արժեքն է 750 հազար դրամ, եւ եւս 14 հատ համակարգիչ՝ ընդհանուր 3 մլն 640 հազար դրամ արժեքով, իսկ միավորի գինն է 260 հազար դրամ: Արման Սահակյանի ղեկավարած պետական մարմինը ընթացիկ տարվա համար գնելու է նաեւ կահույք. մեկական փոքր բազմոցի համար նախատեսված է հատկացնել 100 հազար դրամ, ղեկավարի սեղանի համար՝ 700 հազար դրամ: Նախատեված է գնել նաեւ ղեկավարի երկուական բազկաթոռ, միավորի արժեքը՝ 300 հազար դրամ:
Այս կառույցը վճռական է տրամադրված ընթացիկ տարում կահույքը փոխելու հարցում. նախատեսված է գնել խորհրդակցությունների սենյակի կահույք՝ 800 հազար դրամ արժեքով: Նաեւ գնվելու է կահույք, թե ում աշխատասենյակի համար, նշված չէ, բայց այս կահույքի համար նախատեսել են հատկացնել 600 հազար դրամ: Գնվելու է նաեւ թեյի պատրաստման 5 հատ սարք, միավորի արժեքը՝ 15 հազար դրամ, եւ մեկ հատ փոշեկուլ՝ 42 հազար դրամով:
«Ժողովուրդ» օրաթերթը վերոնշյալ գերատեսչության գնումների պլանից տեղեկացավ նաեւ, որ ոչ բնակելի անշաժ գույքի վարձակալության համար նախատեսվել է հատկացնել 103 մլն 614 հազար դրամ: Բացի այս՝ պետական գույքի կառավարման վարչությունը նախատեսում է եւս երկու տարածք վարձակալել՝ տարեկան 20 մլն 722 հազար 800 եւ 23 մլն 683 հազար 200 դրամով:
Ինչպես հայտնի է՝ պետական գույքի կառավարման վարչության վարձակալած տարածքը գտնվում է Տիգրան Մեծի 4 հասցեում՝ «Հանարդնախագիծ ինստիտուտ» ԲԲԸ-ի շենքում: Այն հիմնադրվել է 2004 թվականի դեկտեմբերի 1-ին: Դեռ այդ տարիներին ընկերության բաժնեմասի 48,67 տոկոսը տնօրինել է ՀՀ կառավարությունը՝ ի դեմս քաղաքաշինության նախարարության, իսկ 51,33 տոկոսը՝ «Հանարդնախագիծ ինստիտուտ» ընկերությունը: Ըստ շրջանառվող լուրերի՝ «Հանարդնախագիծ» ընկերությունը պատկանում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ, այժմ գործազուրկ Արամ Հարությունյանին՝ Բուլկի Արամին: Ի դեպ, «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի տնօրենն է Արայիկ Խաչիկի Հարությունյանը, ով ծնվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Նշենք, որ Արամ Հարությունյանը նույնպես Եղվարդից է: Ենթադրվում է, որ Արայիկը Արամ Հարությունյանի հարազատ եղբայրն է:
Տեղեկացնենք, որ «Հայարդնախագիծ» ԲԲԸ-ից կառավարությանն առընթեր մարմիններն իրենց գործունեության նպատակով տարածքներ են վարձակալում, ինչի համար պետբյուջեից հսկայական գումարներ են ծախսվում: Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքում է գործում նաեւ ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, պետական գույքի կառավարման վարչությունը: Ի դեպ, անցած տարվա հունվարի 20-ին պետական գույքի կառավարման վարչությունը վերոնշյալ ընկերության հետ տարածք վարձակալելու վերաբերյալ պայմանագիր էր կնքել եւ մեկ տարվա համար վարձակալած տարածքի դիմաց վճարել էր 127 մլն 297 հազար 200 դրամ: Ստացվում է, որ պետական գույքի կառավարման վարչության համար կառավարությունը ամսական «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ին վճարում է 10 մլն 608 հազար 100 դրամի չափով վարձ:
«Ժողովուրդ» օրաթերթը պետական գույքի կառավարման վարչության ներկայացրած գնումների պլանից տեղեկացավ, որ այս տարի նույնպես կառույցը նախատեսել է նույն արժեքով երկու տարածք վարձակալել: Այսինքն՝ գերատեսչությունը երկու տարածք այս տարի եւս վարձակալելու է «Հանարդնախագիծ» ընկերությունից, եւ պետական միջոցներից կրկին կհատկացվի 127 մլն 297 հազար 200 դրամ, այսինքն՝ ամսական՝ 10 մլն 608 հազար 100 դրամ:
Այսքանից հետո հարց է առաջանում՝ արդյոք պետական գույքի անբարեխիղճ կառավարիչների «ողնաշարները կոտրելու» վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորներն ուղղված էին ճիշտ հասցեով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
7 ԱՄԻՍ Է՝ ՁԳՁԳՈՒՄ ԵՆ
2016 թվականի հունիսի 24-ին Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղում 17-ամյա Աստղիկ Հանիսյանի սպանության մեջ մեղադրվող 26-ամյա Արսեն Խոջոյանի նկատմամբ 2016թ. հունիսի 29-ին նշանակվել է դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննություն, որի եզրակացությամբ նա մեղսունակ է ճանաչվել:
Հիշեցնենք, որ Ա. Խոջոյանը 2014 թվականի մարտի 7-ից մինչեւ ապրիլը 10-ը գտնվել է Ադրբեջանի տարածքում: Ա. Խոջոյանի պաշտպան Աննա Մեժլումյանից տեղեկացանք, որ 2016 թվականի հունիսի 25-ին այդ քրեական գործով նշանակվել է դատահետքաբանական եւ դատակենսաբանական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չկա: Այդ պատճառով քրեական գործով նախաքննությունը ձգձգվում է: Ա. Մեժլումյանն ասաց, որ Ա. Խոջոյանը գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:
Նախաքննական մարմնի կողմից իր կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունների ժամանակ Ա. Խոջոյանը դատարան գալու ցանկություն չի հայտնում՝ ասելով, որ մեկ է՝ ամեն դեպքում իր կալանքի ժամկետը երկարացնում են:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԱՐԱԳԱՉԱՓ ՍԱՐՔԵՐԸ ԿԳՈՐԾԵՆ
2017թ. փետրվարի 13-ից գործարկվելու է Երեւան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցում (թիվ 98 հիմնական դպրոցի հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքը` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է: Նույն օրվանից կկատարվեն նախկինում գործարկված արագաչափ սարքերի տեղակայման վայրերի փոփոխություններ. Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցում տեղադրված արագաչափ սարքը կգործի նույն փողոցի 26 հասցեի հարակից ճանապարհահատվածում՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցի 26 հասցեի հարեւանությամբ գործող արագաչափ սարքը կգործի նույն փողոցի 10 հասցեի հարակից ճանապարհահատվածում՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

 

 

ԲՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՓԱԿ Է
Փետրվարի 8-ին բքի պատճառով փակ է եղել Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվել են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

 

 
ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ 88%-ՈՎ ՆՎԱԶԵԼ Է
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Ռուսաստանում 88%-ով ավելացել է դեպի ԱՄՆ ավիատոմսերի նկատմամբ պահանջարկը: Ընդ որում, ողջ աշխարհում այդ թիվը նվազել է 17%-ով, գրում է Forbes-ը՝ վկայակոչելով վերլուծական Hopper ընկերության հետազոտությանը: «Ես չեմ կարող ասել, թե ինչն է նման հետաքրքրություն առաջացրել Ռուսաստանում, սակայն այդ աճն ակնհայտորեն դուրս է գալիս ընդհանուր պատկերից, քանի որ որոնողական հարցումների թիվը բազմաթիվ այլ երկրներում նվազել է»,-նշել է Hopper-ի գլխավոր փորձագետ Պատրիկ Սերրին: Ընդհանուր առմամբ, մեկնաբանելով դեպի ԱՄՆ ավիատոմսերի որոնողական հարցումների անկումը, նա նշել է, որ «ստեղծվում է տպավորություն, թե դռները փակվում են, եւ ԱՄՆ-ը այլեւս ուրախ չէ հյուրերի համար»:

 

 

ԳՈՐԾԱԴՈՒԼ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ
Գերմանիայի մայրաքաղաքում ավելի քան 130 չվերթ են չեղարկել «Տեգել» եւ «Շենեֆելդ» օդանավակայանների անձնակազմի գործադուլի պատճառով: Ըստ Tagesspiegel-ի՝ «Տեգել»-ում 112 թռիչք եւ վայրէջք է չեղարկվել, «Շենեֆելդ»-ում՝ 22: Գործադուլին մասնակցում են 5 առաջատար տրանսպորտային ընկերությունների աշխատակիցներ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 2 հազար մարդ:
Ակցիայի կազմակերպիչ Verdi արհմիությունը պահանջում է տարեկան աշխատանքային պայմանագիր կնքելիս աշխատավարձը ժամում 1 եվրոյով բարձրացնել: Ներկայում աշխատողը ժամում շուրջ 11 եվրո է ստանում:
Նշենք, որ գործատուների հետ հաջորդ բանակցությունները կայանալու են փետրվարի 10-ին:




Լրահոս