Վարդենիսի հիվանդանոցն ու հոսպիտալը կմիավորվե՞ն. աշխատակիցները մտահոգ են` միավորման արդյունքում իրենք գործազուրկ կդառնան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքային հիվանդանոցի աշխատակիցները մտահոգված են. տեւական ժամանակ է, ինչ ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարությունները քննարկում են հիվանդանոցը Վարդենիսի կայազորային հոսպիտալին միացնելու ծրագիրը: Հիվանդանոցի աշխատակիցները մտավախություն ունեն, որ այդ միավորման արդյունքում իրենք գործազուրկ կդառնան:

Նշենք, որ փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ու առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը աշխատանքային այցով եղել են Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում: Շրջայցին մասնակցել են նաեւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ու զինվորականներ: Այցը մեկնարկել է Վարդենիս քաղաքից, որտեղ շրջելով ու տեղում ծանոթանալով կայազորային հոսպիտալի եւ քաղաքային հիվանդանոցի պայմաններին՝ պաշտպանության ու առողջապահության նախարարները քննարկել են բուժհաստատությունների միավորմանն առնչվող հարցեր, կարեւորել քաղաքացու ու զինծառայողի համար բուժման լավագույն պայմանների ապահովումը: Նշենք, որ երկու բուժհաստատությունները իրար հարեւանությամբ են գտնվում:

Քաղաքային հիվանդանոցի եւ կայազորային հոսպիտալի միացման հեռանկարից խիստ մտահոգվել են հիվանդանոցի աշխատակիցները: Նրանք վստահ են, որ միացման արդյունքում իրենք գործազուրկ կդառնան:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հակոբյանի հետ, որը հայտարարեց, որ երկու գերատեսչությունների կողմից այս ընթացքում իրականացվող բոլոր գործողություններն ու քայլերը տանում են դեպի երկու բուժհաստատությունների միավորման:

«Ես այս հիվանդանոցում սկսել եմ աշխատել 2015 թվականից, բայց ձեզ վստահեցնում եմ, որ մենք վնասով չենք աշխատում: Չեմ կարող ասել, թե ինչու են քննարկում այս հիվանդանոցի եւ հոսպիտալի միացման հարցը, նույնիսկ չգիտեմ՝ կո՞ղմ եմ, թե՞ դեմ: Դեռ իրենց հայտնի չէ, թե միավորվելու արդյունքում ինչ մեխանիզմով են աշխատելու, լա՞վ է լինելու, թե՞ վատ: Չէ՞ որ միացման արդյունքում բավականին աշխատողներ են կրճատվելու»,- նկատեց քաղաքային հիվանդանոցի տնօրենի ԺՊ Հակոբյանը:

Մեր զրուցակիցը վստահաբար նշեց, որ միավորման դեպքում կայազորային հոսպիտալում աշխատողների կրճատումներ չեն լինելու: Իսկ, ահա, քաղաքային հիվանդանոցում, ըստ նրա, սպասվում է 20-30 աշխատակցի կրճատում: «Այս ընթացքում հիվանդանոցի աշխատակիցները հիասթափված են, բոլորի տրամադրությունը զրոյին հավասար է, աշխատելու ցանկություն չունեն: Հիվանդանոցում կան երիտասարդ մասնագետներ, որոնց հետ վերջին երկու տարիներին բավականին լավ աշխատում ենք: Բայց իրենք հիմա վճռական են տրամադրված՝ ասում են, որ եթե միավորումը տեղի ունենա, ապա միանշանակ դուրս են գալու: Նրանք նշում են, որ իրենք զինվորական համազգեստ չեն պատրաստվում կրել. չէ որ միավորման արդյունքում իրենք դա ստիպված են լինելու կրել: Դա լինելու է ծառայության նման բան»,- աշխատակիցների մտահոգություններով կիսվեց Հակոբյանը:

Քաղաքային հիվանդանոցի տնօրենի ԺՊ-ն նշեց, որ միայն 2015 թվականից հետո է սկսել ավելանալ վիրահատությունների թիվը:

«Նախկինում այս հիվանդանոցում կեսարյան հատումներ չեն արվել, հիմա բարդ վիրահատություններ ենք անում, ընդհուպ՝ աղիների, ստամոքսի մասնահատում: Ես ինքս վիրաբույժ եմ, բացի այս՝ երիտասարդ կադրեր են ընդունվել աշխատանքի, որը մեծ բոնուս է Վարդենիսի եւ վարդենիսցիների համար: Բայց հիմա էխոյի երիտասարդ մասնագետ ունենք, ով արդեն որոշել է, որ միացման արդյունքում հաստատ չի աշխատելու հիվանդանոցում: Գինեկոլոգներ, վնասվածքաբան ունենք եւ արդեն սկսել ենք վնասվածքաբանական վիրահատություններ անել, որը այս հիվանդանոցում արվել է 80-ականներին»,- ներկայացրեց տնօրեն-վիրաբույժը:

Զրույցի ընթացքում նա նաեւ փոխանցեց, որ միայն 2016 թվականի ընթացքում 6 մլն դրամի ներդրում է արվել հիվանդանոցում: Եւ չնայած սրան՝ հիվանդանոցը ունի բժշկական ժամանակակից սարքավորումների խնդիր: Ըստ Հակոբյանի՝ դրանք թանկ են, եւ դժվար է ձեռք բերել: «Բայց տեսեք՝ հոսպիտալն ունի կենտրոնական ջեռուցում, մենք չունենք, այնտեղ կա արհեստական շնչառական ապարատ, որից մեր հիվանդանոցում չկա»,- անկեղծացավ Հակոբյանը:

Վարդենիսի հիվանդանոցի եւ հոսպիտալի միավորման թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանի հետ: Նրան փոխանցեցինք հիվանդանոցի աշխատակիցների մտահոգությունները: «Դա ընդամենը նախագիծ է, որը ուսումնասիրվում է:

Այստեղ կրճատումների եւ հաստիքների խնդիրները դրված չեն: Գերատեսչությունները քննարկում են, որպեսզի Վարդենիսի հիվանդանոցում բժիշկների առումով հագեցվածություն ապահովեն: Այնպես որ, այստեղ բուժանձնակազմին եւ ազգաբնակչությանը ի օգուտ արվող գործընթաց է, որը քննարկման մեջ է»,- շտապեց հանգստացնել մարզպետարանի պաշտոնյան:

Չնայած որ քաղաքային հիվանդանոցի տնօրենի ԺՊ-ն մեզ հետ զրույցում նշեց, որ հիվանդանոցում երիտասարդ կադրեր են ընդունվել աշխատանքի, այնուամենայնիվ, Անուշ Պողոսյանը հակառակը պնդեց՝ նշելով. «Վարդենիսում բժիշկների խնդիրը միշտ եղել է արդիական, չունենք բժիշկներ, իսկ հարեւան շենքում (նկատի ունի հոսպիտալը-Ս.Հ.) որը մի դուռ է բաժանում, կան բավականին պրոֆեսիոնալ բժիշկներ: Ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում Հակոբյանը. ինքը լինելով վիրաբույժ՝ մտածում է, որ եթե հիվանդանոցն ունի վիրաբույժ, ուրեմն շատ լավ է, բայց մենք չունենք այնտեղ անեսթեզիոլոգներ, առանց որոնց վիրաբույժը չի կարող աշխատել, ունենք գինեկոլոգ, որը նույնպես առանց անեսթեզիոլոգի չի կարող վիրահատել: Այսպիսի խիստ մասնագիտական խնդիրներ կան»,- հավաստիացրեց մարզպետարանի պաշտոնյան:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս