Սասնա ծռեր խմբավորմանն օժանդակած «Հաց բերող» Արթուր Սարգսյանի պաշտպանները` Վահե Գրիգորյանն ու Տիգրան Եգորյանը, հայտարարություն են տարածել` անդրադառնալով իրենց պաշտպանի կալանավորմանը:
Նրանք, մասնավորապես, նշել են.
«Արթուր Սարգսյանի կալանավորման պատճառների մասին ՀՔԾ-ն որեւէ հրապարակային պարզաբանում չի ներկայացրել առ այսօր: Հանրային կարեւորության հարց է, բազում մարդկանց է անհանգստացնում, սակայն սա բավարար չի համարվել որեւէ պարզաբանում ներկայացնելու համար: Ըստ երեւույթին, ՀՔԾ հաշվարկն այն էր, որ պարզաբանումներ ներկայացնելու մենաշնորհն իրենն էր, իսկ պաշտպանության կողմը կլռի, ինչպես, որ օրենքի ուժով տարածված պրակտիկա է Հայաստանում:
Քրեական դատավարության օրենսգրքով ծայրահեղ անհամաչափ սահմանափակում կա նախատեսված նախաքննության գաղտնիքի հրապարակման համար, որի բերումով էլ իրավապահ մարմիններն իրենք իրենց հայեցողությամբ են որոշում հրապարակման ենթակա տեղեկությունների ծավալը եւ ցանկը՝ պաշտպանության կամ տուժող կողմին մշտական սպառնալիքի տակ պահելով նման հրապարակումների դեպքում: Նույնիսկ քրեական պատասխանատվություն է նախատեսված այդ տվյալները հրապարակելու համար՝ առանց որեւէ այլ կարգավորման, թե որ դեպքերում եւ ինչ ծավալով:
Եթե սա է եղել ՀՔԾ լռության պատճառը, ապա այն մեր մասով, թերեւս, չի աշխատի. քրեական դատավարության օրենսգրքից բացի Հայաստանն ունի նաեւ Սահմանադրություն եւ միջազգային բազում պայմանագրերով քրեական դատավարության ստանդարտների մասին ստանձնած պարտականություններ, որոնք այս դրվագի մասով վաղուց արդեն ժամանակն է գործի դնել:
Եւ, եթե ՀՔԾ-ն, մտադիր է դրանց կարգավորումների հետ առավել մանրամասն ծանոթանալ, ապա այս դեպքն իսկական առիթն է իրենց կողմից չարչրկված եւ հայաստանյան արդարադատության համար վաղուց պատուհաս դարձած (հատկապես այն քրեական գործերով, որոնցում հստակ արտահայտված քաղաքական միջամտություն կա) քրեական դատավարության օրենսգրքի 201 հոդվածի հարցով լուրջ զբաղվելու համար: Դեմ չենք լինի իրենց այդ՝ «հրավերն» ընդունել: Այս հրապարակումն ուղղված է նաեւ հենց այդ՝ «նախաքննության գաղտնիք» բառակապակցության չարաշահողների եւ դրա օգտագործմամբ իրենց իսկ կատարած հանցագործությունները թաքցնելու պրակտիկայի դեմ:
Այս լրատվական բացը փորձ է արվել վերացնել դատախազության կողմից մի քանի օր հրապարակված հաղորդագրությամբ, որը միակողմանի է եւ չունի հանրության հետաքրքրությունը բավարարելու նվազագույն տարրեր: Մենք դա կլրացնենք եւ ճշգրտումներ կմցնենք:
Հանրությանը Ա. Սարգսյանին ձերբակալելու ՀՔԾ այս ապօրինության մանրամասներին տեղեկացնելու հարցն իրականում մենք երկրորդական էինք համարել Արթուրի գործով իրավաբանական-դատավարական որոշ գործողությունների պատրաստվելու նկատմամբ: Վերջին օրերին նախաքննության մարմինը եւ քրեակատարողական համակարգը կոորդինացված կերպով լրացուցիչ ապօրինությունների են դիմել այս եւ “Սասնա Ծռեր” խմբի մի քանի այլ անդամների գործերով:
Եւ, քանի որ աշխատանքի գերակշիռ մասն արդեն ավարտված է, ներկայացնում ենք հակիրճ փաստական տվյալներ եւ կարճ մեկնաբանություն Արթուր Սարգսյանի գործի մասով: Աշխատել ենք զերծ մնալ այնպիսի տեղեկությունների ներառումից, որոնք ըստ էության (բայց ոչ բոլոր մանրամասներով) արտացոլված են այստեղ եւ, հնարավոր է նախաքննության համար ունենան արժեք, որը այլ կերպ հրապարակվելով կարող էր վնասվել:
Փորձել ենք հնարավորինս զերծ մնալ փաստերի եւ իրավունքի՝ մասնագիտական լեզվի բարձ ձեւակերպումներից, այս ամենը ներկայացնելով ավելի պարզ լեզվով:
Ա. Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ քննությունը.
1. Ինչպես գիտեք, Արթուրին կալանքի ընթացքում հետազոտությունների էին ենթարկել եւ դրա արդյունքների վերաբերյալ կոնսիլիումի եզրահանգումները հիմք էին հանդիսացել սույն գործով դատախազի համար՝ Արուրի կալանքը վերացնելու համար: 26/12/2016թ.-ին «Սասնա Ծռեր» խմբի գործը քննող քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանը որոշում էր կայացրել Ա. Սարգսյանի նկատմամբ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:
Արթուրին տարբեր հետազոտությունների էին ենթարկել այս կապակցությամբ եւ ստացվել էին այս հետազոտությունների արդյունքները: Ի պատասխան այս որոշման 23/01/2017թ.-ին հանձնաժողովը ներկայացված բժշկական փաստաթղթերի, Արթուրի զննության և նրա նկատմամբ կատարված հետազոտության արդյունքների վրա փորձագետները կազմել են մանրամասն եզրակացություն, հիմնավորումները եւ պատճառաբանությունները հիմնավորելով վերաբերելի ակադեմիական մոտեցումներով եւ պատճառաբանություններով այն մասին, որ Արթուրը տառապում է անկիլացնող սպոնդիլոարտրիտով (Բեխտերևի հիվանդություն), խրոնիկ պրոգրեսիվ ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով, որը հանդիսանում է ծանր հիվանդություն և համապատասխանում է ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 26-ի 825-Ն որոշման 2-րդ հավելվածի 37-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին:
Մի փաստ, որի մասին նախաքննության մարմինը եւ դատարանը տեղեկացվել են պաշտոնապես 2016թ.-ի օգոստոսի 2-ի լույս 3-ին 8 ժամից ավել տեւած դատավարության ընթացքում, որի միայն կեսը քննարկվել է Արթուր առողջական վիճակը եւ դրա հետ կապված փաստաթղթերի ձեռքբերման եւ դրանց հիման վրա ներկայացված միջնորդությունները: Սակայն Արթուրին կալանքի վերցնելու հանձնարարության կատարման համար սա լուրջ խոչընդոտ կարող էր լինել, եւ քննչական խմբի ղեկավարը եւ համապատասխան քննիչն այս մասին հաշվենկատորեն «մոռացել» են, չնայած այս մասին իրենց հիշեցվել է այս գործով մյուս բողոքարկումների ընթացքում՝ շարունակաբար:
2. 31/01/2017թ.-ին քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանը ստացել է վերը նշված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը եւ ՆՈՒՅՆ օրը կայացրել կրկնակի հանձնաժողովային փորձաքնություն նշանակելու մասին որոշում, փորձագետներին առաջադրելով տառացիորեն ՆՈՒՅՆ հարցերը: Որպես սույն՝ կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին որոշման պատճառաբանություն, քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանի որոշման մեջ նշված պատճառաբանությունը մեջբերում եմ ամբողջությամբ. “Նկատի ունենալով, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ հիշյալ [նայիր նախորդ պարբերությունը-ընդգծումն մերն է] եզրակացությունը կասկած է հարուցում, ուստի մի շարք այլ հարցերի պարզաբանման համար անհրաժեշտ է նշանակել դատաբժշկական կրկնակի փորձաքննություն”:
Որեւէ այլ պատճառաբանություն առ այն, թե ինչու է կասկածի տակ դրվել 4 բարձրակարգ բժիշկների կողմից հանձնաժողովային փորձաքննության տվյալները, ոչ այս, ոչ որեւէ այլ որոշման մեջ չի նշվել:
3. Նշանակված կրկնակի դատաբժշկական փորձաքննության համար Արթուրը՝ քննչական խմբի ղեկավարի եւ իր պաշտպանի միջեւ պայմանավորվածությամբ (այս հանգամանքը լրացուցիչ անգամ հաստատել է քննիչը՝ կալանքի գործով դատական նիստի ժամանակ ի պատասխան դատավորի հարցին) համաձայնեցված օրն ու ժամին 06/02/2017թ.-ի ժամը 9.30-ին իր պաշտպանի հետ ներկայացել է ՀՔԾ՝ կրկնակի փորձաքննության որոշմանը ծանոթանալու, հարցաքննությանը մասնակցելու համար:
Տեղեկանալով, որ այդ որոշման պահանջների կատարումը ներառում է նաև կրկնակի ճառագայթման եւ այլ պրոցեդուրաների (մագնիս-ռեզոնանսային հետազոտություն) անցկացում, Արթուրն ու իր պաշտպանը հետաքրքրվել են, թե ինչու նախաքննության մարմինը փորձագետներին չի տրամադրել արդեն իսկ կատարված ՆՈՒՅՆ հետազոտությունների արդյունքները: Էդ. Հակոբյանը որեւէ պարզաբանում չի ներկայացրել:
Արթուրն առարկել է անցնել ՆՈՒՅՆ հետազոտությունները՝ խնդրելով իր առողջության նկատմամբ նվազագույն հարգանք դրսեւորել եւ, որ ինքը համաձայն չի եղել անցնել ՆՈՒՅՆ հետազոտությունը կրկին ճառագայթման ենթարկվելով (բացի դրա այլ՝ ընդհանուր բացասական հետեւանքների, նաեւ Արթուրի ողնաշարում եղած մետաղական իմպլանտների առկայության պատճառով): Բացի այս, քննչկական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանի այս գործելաոճը՝ փորձագետներից թաքցնել արդեն իսկ կատարված հետազոտությունների արդյունքները կասկած է հարուցել պաշտպանության կողմի մոտ առ այն, որ փորձ է կատարվում նոր հետազոտությունների անվան տակ կեղծել դրանց տվյալները՝ հակառակ արդեն առկա տվյալների եւ արդյունքների:
4. Ինչեւէ, այն նպատակը, որի համար Արթուրը ՀՔԾ է հրավիրվել ամսի 3-ին և 4-ին, բավարարված է եղել ամսի 6-ին եւ Արթուրն ու իր պաշտպանը հեռացել են: Արթուրը հրաժարվել է ենթարկվել կրկնակի ճառագայթման, որի մասին համապատասխան արձանագրության մեջ նշում է կատարվել իր պաշտպանի կողմից եւ խնդրել են, որպեսզի նախաքննության մարմինը փորձագետներին տրամադրի արդեն իսկ կատարված հետազոտությունների տվյալները՝ էլէկտրոնային կրիչի կամ մեկ այլ կերպ՝ բացառելով Արթուրի ներկայությունն այդ հետազոտություններին:
Ամփոփենք. և Արթուրը, և իր պաշտպանը հնարավոր ամենամանրամասն բացատրություններով կազմված արձանագրության մեջ արձանագրելով հայտարարել են, որ ամեն դեպքում Արթուրը ՀՐԱԺԱՐՎՈՒՄ է մասնակցել այդ` իր առողջության համար վտանգավոր եւ իր նկատմամբ կամայականորեն նշանակված հետազոտություններին:
5. 08/02/2017թ.-ին, այսինքն՝ Արթուրին հարցաքննելուց երկու օր անց, ստացվել է կրկնակի փորձաքննության եզրակացությունը, որը, ինչպես եւ պաշտպանության կողմը մտահոգություն է ունեցել, պարզել է, որ Արթուրի մոտ առկա հիվանդությունների ներկայիս դրսևորումները չեն դասվում ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 26-ի Ն 825 որոշման 2-րդ հավելվածի 37-րդ կետով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին՝ առանց որեւէ հստակ պատճառաբանության առ այն, թե ինչում են սխալվել նախկին փորձագետներն իրենց եզրակացությանը հանգելիս:
Այս փորձագետները նշել էին նաեւ, որ Արթուրը չունի ստացիոնար բուժման կարիք: Այլ խոսքով՝ տրամագծորեն հակառակ եզրակացություն՝ նույն փաստական տվյալների առկայության դեպքում: Այսինքն այն, ինչ պաշտպանության կողմը մտահոգություն ուներ, որ ամեն գնով ցանկանում է ձեռք բերել քննչական խմբի ղեկավարը (ներքեւում մեկնաբանություններում հակիրճ պարզաբանում ունենք այս կապակցությամբ):
Ա. Սարգսյանի ձերբակալման հիմքերն՝ ըստ ՀՔԾ-ի
6. Արդեն ասեցինք, որ քննիչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանին 06/02/2017թ.-ին ներկայանալով Արթուրը մանրամասն ցուցմունք էր տվել նաեւ այն մասին, թե իր որ հասցեով ուղարկեն իր ծանուցագրերը, ինչպես եւ մանրամասն պարզաբանել է, թե ինչու եւ ինչպես է անհնար եղել իր կողմից 03/02/2017թ.-ին ուղարկված ծանուցագրով (հարցաքննության նշանակված ժամից 3 ժամ առաջ) քննիչին ներկայանալը:
Զուտ մարդկայնորեն խնդրել էր իր ցուցմունքում, որ իրեն հարցաքննության հրավիրելիս՝ հաշվի առնելով իր առողջական վիճակը եւ գյուղում ապրելու հանգամանքը (կալանքի պատճառով հայտնված նյութական ծանր վիճակի բերումով Արթուրը բնակվում էր գյուղում) առնվազն մեկ օր շուտ ուղարկել ծանուցագիրը, որպեսզի՝ կախված նաեւ քննչական գործողության բնույթից կարողանա պատրաստվել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ խորհրդատվություն ստանալ այդ կապակցությամբ: Հայտնել է նաեւ, որ հանրային տրանսպորտը չի կարող ապահովել գյուղից իր շտապ ներկայությունը ըստ ծանուցագրի ներկայանալը, իսկ ամեն անգամ ի վիճակի չէ օգտվել տաքսի ծառայություններից:
7. Կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալու հաջորդ առավոտյան Արթուրը ձերբակալվել է քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանի կողմից՝ որպես խափանման միջոցի պայմանների խախտում մեղսագրելով նրան չներկայանալն այն գործողությունների կատարման համար, որոնց անցկացման համար նույն այդ ձերբակալման որոշումը կայացրած Էդ. Հակոբյանը եւ պաշտպանը համատեղ պայմանավորվածություն են ունեցել եւ այն տեղափոխել են 06/02/2017թ.-ին: Ավելին, 03/02/2017թ.-ի երեկոյան Տ. Եգորյանն զանգահարել եւ ճշտել է, թե կարող են արդյոք ներկայանալ Արթուրի հետ հենց այդ ժամին, որին ի պատասխան Էդ. Հակոբյանը հայտնել է, որ չի կարող այդ օրն ընդունել ուշ ժամի պատճառով, քանի որ աշխատավայրից դուրս է եկել արդեն:
Միաժամանակ, պայմանավորվել են հանդիխել ամսի 6-ին: Ամսի 6-ին հանդիպելու պայմանավորվածության մասին պաշտպանը հաղորդագրությամբ տեղյակ է պահել Արթուրին, որին հետագայում են ներկայացել են ու ավարտել իրենց գործը:
8. Արձանագրենք հետեւյալ փաստն ու առաջ անցնենք. Արթուրին վերագրվում է փետրվարի 3-ին եւ 4-ին քննչական գործողության կատարման համար ծանուցված լինելու եւ չներկայանալու միջոցով խափանման միջոցի խախտման կազմ: Մինչդեռ նրան ձերբակալելու ուղղությամբ ոչ փետրվարի 3-ին, ոչ էլ 4-ին որեւէ միջոց չի ձեռնարկվել: Որեւէ միջոց չի ձեռնարկվել նաեւ նույն ամսնվա 6-ին, երբ Արթուրը ներկայացել էր քննչական գործողության: Նմանապես եւ ոչ ամսի 7-ին, ոչ էլ՝ 8-ին նման միջոց չի ձեռնարկվել: Եւ չէր էլ կարող, քանի որ որեւէ հիմք չի եղել այդ անելու:
Այդ միջոցը ձեռնարկվել է այն ժամանակ, երբ Էդ. Հակոբյանը վերջապես ձեռք է գցել իր փրկօղակը՝ այն փորձաքննության եզրակացությունը, որով Արթուրի հիվանդությունը չի դասվում ազատազրկումը բացառող հիվանդությունների շարքին: Քիչ անց մենք կպարզաբանենք, թե սույն անձի համար դա ինչ փրկօղակ է:
9. Քննիչն այդպես էլ չի պարզաբանել, թե ինչ իրավաչափ նպատակի (Սահմանադրության պահանջն է) բավարարամանն է ուղղված եղել գաղտնալսումներ իրականացնելը: Բայց, փոխարենը դատարանին հայտնել է, թե Արթուրի կալանքն անհրաժեշտ էր նաեւ այլ հանցագործության կանխման նպատակով: Մասնավորապես, հայտնել է, որ փետրվարի 3-ին Ա. Սարգսյանի եւ իր հարազատ եղբոր միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ընթացքում Արթուրը՝ վրդովվելով ոստիկանների՝ իր հարազատների նկատմամբ դրսեւորած վերաբերմունքից հայտնել է, թե.
Կալանքի նիստում քննիչի հիմնավորումները ի պատասխան դատավորի հարցին.
“Դատավոր 40:45-40:53 – Այ այդ նոր հանցանք կատարելու մեղադրական դատողությունը կանխատեսական է՞, թե՞ ռեալ իրական փաստեր հանգամանքներ կան հանցանք կատարելու:
ՎԻՄ 40:55-41:42 – Նոր հանցանք կատարելու վերաբերյալ դատողություները վարույթն իրականացնող մարմնի (ՀՔԾ քննչական խմբի) կողմից բխում է նույնպես գաղտնալսման բովանդակությունից: Մասնավորապես նույն օրը, երբ Սարգսյանը փետրվարի 3-ին զայրացած խոսում է եղբոր հետ հարցաքննության էտ ծանուցագիրը վերցնել-չվերցնելու բան, հայհոյանքներ է հնչեցնում իրավապահ մարմնի աշխատակիցների հասցեին, ասում է իսկականից եմ ասում խելոք չեն ուզում մնան, բառացի ընթերցումեմ, լավ ես ավելի ծանր բան կանեմ, որ իրենք չեն իմանում: Այսինքն այս ենթադրությունը հիմք է տալիս վարույթն իրականացնող մարմնին Սարգսյանի կողմից նոր հանցանք, հնարավոր հացանք կատարելու մասին:”
10. Իրականում այդ խոսակցության համատեքստը ամբողջովին կտրել են գաղտնալսման արձանագրությունից եւ դատարանին ներկայացրել Արթուրի արտաբերած միայն հետեւյալ հատվածը. .«…իսկականից եմ ասում, էլի, խելոք չեն ուզում բան անեն, լավ, ես ավելի (հայհոյանք), ավելի ծանր բան կանեմ ու իրանք չեն էլ հասկանում ինչ են անում: Դավայ լավ Արտակ ջան մի բան լինի, կկապվենք»:
Հակիրճ մեկնաբանություններ.
Մեր կողմից ավելացնենք, որ սրան նախորդել եւ հաջորդել են Արթուրի եւ իր եղբոր՝ Արտակ Սարգսյանի, Արթուրի եւ իր մոր՝ տկն. Դոնարայի միջեւ հեռախոսային խոսակցությունները, որոնցից ակնհայտ է, որ ոստիկանների՝ Արթուրի հարազատների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից Արթուրը վրդովված է եղել, նամանավանդ այն բանից հետո, երբ եղբայրը հաղորդել է, թե ինչպես են ոստիկանները վերաբերվել տկն Դոնարային: Շատ բնական է, որ յուրաքանչյուրն էլ իր հարազատի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում այս ամենից հետո վրդովվեր եւ դրանով կիսվեր հարազատի հետ հետ:
Հակառակը՝ շատ անբնական կլիներ, եթե նման ռեակցիա չլիներ այս մասին իմանալուց եւ հարազատներին բառացիորեն ահաբեկելուց եւ նրանց նկատմամբ վիրավորական վերաբերմունքից հետո: Մենք նույնիսկ մի կողմ ենք թողնում այս հիմնավորման բարոյական էթիկական կողմը. ՆԿՎԴ-ական լավագույն ավանդույթների կիրառմամբ բավական չի հարազատների միջեւ հեռախոսային խոսակցություններ են գաղտնալսել, դեռ կոնտեքստից կտրված արտահայտությունները իրենց անհեթեթ եւ անմիտ մեկնաբանություններով էլ ներկայացրել են, իբրեւ այլ հանցագործության կատարման մտադրություն:
ՀՔԾ քննչկան խմբի ղեկավար Էդ. Հակոբյանի եւ նույն գործով զբաղվող այլ քննոիչ կողմից 2016թ.-ի օգոստոսից հետեւողականորեն եւ բոլոր ջանքերի գործադրմամբ անտեսվել են Ա. Սարգսյանի առողջության մասին ներկայացված բոլոր փաստաթղթերը: Ավելին, նույնիսկ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության արդյունքների առկայությամբ, համաձայն որոնց Ա. Սարգսյանի մոտ առկա հիվանդությունները դասվել են նրան ազատազրկման ձեւով պատժի հետ անհամատեղելի հիվանդությունների շարքին, առանց որեւէ պատճառաբանության համարել է “կասկածելի” եւ անմիջապես դիմել կրկնակի փորձաքննության:
Կրկնակի փորձաքննության արդյունքները ստանալիս՝ Արթուրին Էդ. Հակոբյանը անմիջապես ձերբակալել է՝ դրա հիմքում դնելով նրա, նրա եղբոր եւ մոր միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների վերծանումները, որոնցով իբր հաստատվում է, որ Արթուրը խոչընդոտել է ստանալ իրեն հասցեագրված՝ փետրվարի 3-ի եւ 4-ի ծանուցագրերը, մինչդեռ Արթուրն ընդհամենը վրդովմունքն է հայտնել, որ իրեն մի քանի ժամ առաջ կանչում են հարցաքննության եւ, որ այդ ողջ քաշքշուքին դիտավորությամբ մասնակից են դարձնում իր հարազատներին:
Սա նույնիսկ այն դեպքում, երբ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերված եղել հարցաքննությունը տեղափոխել ամսի 6-ի առավոտյան, ինչի մասին Արթուրը տեղյակ է եղել, եւ ինչը հաստատվել է նաեւ քննիչի կողմից եւ տեղի է ունեցել:
Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ արտաբերած արտահայտության մեջ այլ հանցանք կատարելու մտադրության մասին քննիչի պնդումը, ապա նման վրդովմունքի պահին մարդու թույլ տված արտահայտության մեջ հանցանք կատարելու ապացույց օգտագործել՝ իր ծանր հիվանդությամբ իրեն ազատազրկելու միջոցով փաստացի իր առողջության համար վտանգավոր պայմաններում պահելը, խնդրի իրավական կողմը մի կողմ դրած (որը, բնականաբար, քննարկման առարկա է արդեն այլ ատյաններում), առնվազն ստորություն է:
Ավելին թողնում ենք յուրաքանչյուրի դատողությանը՝ թե արդյոք սույն վարքի եւ պրոֆեսիոնալ կեցվածքի տեր մարդուն իրավապահ կոչելը վիրավորանք չի ցանկացած իրավապահի համար: Շատերս ամեն օր կարող է առնվազն մեկ նման արտահայտություն թույլ տանք որեւէ հարազատի եւ մտերիմի հետ խոսակցության ընթացքում նրա հասցեին, ով մարդու հարազատների նկատմամբ անհարգալից կվերաբերվի կամ այդ պահին ուղակի կթվա, որ այդպես է: Մասնավոր խոսակցություն է. այդ հատվածը օգտագործողը ինքը պետք է բարի լինի նախեւառաջ ապացուցել, թե այդ ինչ իրավաչափ շահ է հետապնդել հարազատների խոսակցությունները գաղտնալսելով, նոր դրանից հետո դատողություններ կառուցի ստացված արդյունքների մասին՝ չմոռանալով բանականության եւ տրամաբանության տարրական կանոնները:
Ակնհայտ է, որ Արթուրին ամեն գնով ձերբակալելու խնդիր է հետապնդվել: Դրա համար «խոչընդոտ» է հանդիսացել իր առողջական վիճակի մասին ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված փաստաթղթերի եւ Արթուրին բազմակողմանիորեն հետազոտելու եւ զննելու արդյունքում ստացված տվյալները, որոնց վերացման համար նշանակվել է կրկնակի փորձաքննության եզրակացությունը, որը Էդ. Հակոբյանի կողմից անմիջապես կասկածելի է կոչվել:
Այս, ամենամեղմ գնահատմամբ՝ խիստ վիճահարույց նպատակներով նշանակված եւ անցկացված դատաբժշկական կրկնակի փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո ՆՈՒՅՆ պաշտոնյան՝ թերեւս իրավապահ համակարգի ողջ ներուժն օգտագործերով փորձել է իրավական հիմնավորում տալ արդեն իսկ նախորոշված՝ Ա. Սարգսյանին ձերբակալելու իր որոշմանը եւ Արթուրի՝ ազատության մեջ մեկ ամսից ավել գտնվելու ժամանակ շարունակական գաղտնալսման եւ, չի բացառվում նաեւ՝ արտաքին դիտման (օպերատիվ հետախուզական միջոցառման տեսակ է) ողջ ընթացքում չի կարողացել գտնել որեւէ առիթ Արթուրի կողմից օրենքի խախտման կամ խախտման վտանգի մասին, ու գտել եւ որպես հիմնավորում ներկայացրել է այն, որ.
ա) Արթուրը չի ներկայացել այն քննչական գործողությանը, որի ժամն ու օրը հենց իր հետ պայմանավորվածությամբ է փոփոխվել, եւ
բ) Արթուրն իր եղբոր հետ հեռախոսային խոսակցության ընթացքում ասել է. «… իսկականից եմ ասում, էլի, խելոք չեն ուզում բան անեն, լավ, ես ավելի (հայհոյանք), ավելի ծանր բան կանեմ ու իրանք չեն էլ հասկանում ինչ են անում: …»:
Բնական հարց կարող է մնալ այս ամենից հետո ամենահանդուրժող ընթերցողի մոտ: Լավ, բայց ինչու եւ ինչ շարժառիթներով պետք մարդը մարդուն այս աստիճան ատի, որ նման միջոցների դիմի:
Նախ, ֆորմալ որոշում կայացնողները նման՝ քաղաքական ուղղակի հետաքրքրության կամ դրանց նկատմամբ ուշադրության գործերով երբեք էլ նրանք չեն, որ ստորագրում են փաստաթղթերը: Սա փաստված իրողություն է: Ապա եւ որոշողների եւ ի կատար ածողների տարբերության, առավել եւս որոշողների լրացուցիչ պաշտպանվածության դեպքում, նման որոշումների իրավական եւ բարոյական բաղադրիչը առաջնային կարեւորություն չունի:
Չենք ասում չունի, նկատի ունենք՝ առաջանային չէ, որոշիչ չէ: Ապաեւ մարդը գին չունի դրանցում, այն ընդամենը գործոն է, որի հետ հապատասխանավաբար պետք է վերաբերվել՝ ելնելով հետապնդած շահից: Եւ եթե Արթուրին պետք է ձերբակալեն, ապա նրան պետք է ձերբակալեն ամեն դեպքում՝ անկախ այլ, ինչպես արդեն նշեցի՝ իրավական եւ բարոյական նկատառումների: Դե իհարկե, հնարավորության դեպքում նաեւ՝ նման նկատառումների պատրանքներ հրամցնելով (ասենք, եղբորը հեռախոսով ասել է. «… իսկականից եմ ասում, էլի, խելոք չեն ուզում բան անեն, լավ, ես ավելի (հայհոյանք), ավելի ծանր բան կանեմ ու իրանք չեն էլ հասկանում ինչ են անում: …» կամ էլ, իհարկե եկել ներկայացել է ամսի վեցին, ոնց որ պայմանավորվել էինք, բայց ինչու չի եկել ներկայացել ամսի 3-ին կամ 4-ին, չնայածեւ մենք պայմանավորվել էինք 6-ին): Հուսամ այս ընդհանուր հատվածը սպառիչ է:
Կա նաեւ խնդրի երկրորդ կողմը: Երբ նման հանձնարարություններ ի կատար ածողի անձնական կամ իր ներկայացրած գերատեսչության վերաբերմունքը տրված հանձնարաարության կատարմանը: Դրանք երբեմն ավելի շահագիրգիռ են լինում դրա կատարման մեջ՝ անձնական շահագրգրռվածությունից ելնելով: Սա հենց այդ դեպքն է: Շատ հակիրճ կլինենք այս մասով: Չնայած մանրամասներն ավելի գրավիչ են, բայց դրանք կպատշաճի քննարկել մասնագիտական-իրավասու հարթակներում: Իհարկե արդյունքները երբեք գաղտնի չեն մնալու:
Այդ երկրորդ պատճառը հետեւյալն է: Սույն գործով քննչական խմբի ղեկավար է հանդիսանում մի անձ՝ Էդ. Հակոբյանը, որը պատասխանատվություն է կրում 03/08/2016թ.-ից ի վեր Արթուրի ծանր հիվանդության մասին տեղեկացված լինելու եւ այն հստակ դիտավորությամբ անտեսելու համար: Այս պայմաններում նա կարող է ունենալ միայն մեկ փաստարկով պաշտպանություն՝ չի իմացել այդ մասին:
Այս հարցով նրան շատ անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել (մեզ այս պահին դեռ չի է հետաքրքրում՝ գիտակցված, թե՝ ակամա) նաեւ մի խումբ մարդիկ, ովքեր այս գործի տարրական տվյալներին անգամ տեղյակ չլինելով կամ տեղյակ լինելով, բայց դրանք անտեսելով, փորձել են հանրային գիտակցության մեջ ամրապնդել, որ Արթուրի հիվանդության մասին ՀՔԾ-ն տեղեկացվել է միայն 2016թ.-ի դեկտեմբերին՝ իրենց կողմից: Այս հարցում անուղղակիորեն մասնակից են դարձվել նաեւ Արթուրի հարազատները, որի կապակցությամբ Արթուրի զայրույթը կազմակերպիչների հասցեին հենց իրենց թիրախավորած փաստաբանի խնդրանքով չի հրապարակվել. մենք չէինք կարող թույլ տալ, որ փաստաբաններից որեւէ մեկն իր պաշտպանության համար օգտագործեր տեղեկություններ, որոնք պետք էին մեր պաշտպանյալի պաշտպանական ռազմավարության համար:
Ինչեւէ, նույնիսկ այս թյուրիմացությունը ի վիճակի չէ քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանին օգնել մնալ քրեական օրենսգրքով նախանշված սահմաններում եւ միաժամանակ չունենալ այն հարցի համոզիչ պատասխանը, թե ինչպես է ծանր հիվանդությամբ մարդու մասին տեղեկատվությունը անտեսվել իր կողմից ղեկավարած քննչական խմբի կողմից շուրջ 4 ամիս, երբ դրա վերաբերյալ նշումները հետեւողականորեն տեղ են գտել կալանքի գործով իր կամ իր ենթակա քննիչի մասնակցությամբ Արթուրի կալանքի մասին դատավարական բողոքներում, իսկ այդ մասին ինքը եւ արդարադատության նախարարությունն հանկարծակի սկսեցին հետաքրքրվել միայն ՄԻԵԴ՝ ՀՀ կառավարությանն ուղղված հարցերից անմիջապես հետո: Նա անհրաժեշտություն ունի մանրամասն պարզաբանումներ տալ, թե ինչպես է այսպիսի տեղեկությունների անտեսմամբ մարդուն հասցրել իր կյանքի համար վտանգավոր մի առողջական վիճակի:
Էդ. Հակոբյանի արարքն իր մեջ հանցագործության հստակ հատկանիշներ է պարունակում, որի առաջին իսկ զորեղ ապացույցը եղել է հանձնաժողովային դատաժշկական փորձաքննության եզրակացությունը, որի կապակցությամբ նա հենց ՆՈՒՅՆ օրը նշանակել է կրկնակի փորձաքննություն, որպեսզի չեզոքացնի իր դեմ այս՝ հանցագործության ապացույցը՝ մարդուն անմարդկային պայմաններում բանտարկության միջնորդություն հարուցելու եւ նրա առողջական վիճակը դատարաններին չբացահայտելու եւ նրա խափանման միջոցը փոփոխելու միջոցներ չձեռնարկելու համար:
Այսինքն, այս մարդը հստակ անձնական շահագրգռվածություն է ունեցել Ա. Սարգսյանի վերաբերյալ կրկնակի փորձաքննություն նշանակելու եւ Արթուրի մոտ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդությունների մասին փորձագետի դրական եզրակացությունը վերացնելու գործում՝ իր ծառայական լիազորությունները օգտագործելով ուղղակիորեն ծառայեցնելով իր անձնական շահերին՝ իր կողմից հանցագործության հատկանիշների ապացույցները վերացնելու նպատակով:
Այլ խոսքով, այդ Արթուրն է այս գործով մեղադրողն արդեն, այլ ոչ՝ ՀՔԾ-ն: ՀՔԾ-ն, ի դեմս «Սասնա Ծռեր» խմբի գործով քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանի, ընդամենն ինքն իրեն պաշտպանելու խնդիր է հետապնդում: Հայաստանյան արդարադատության դասական տարբերակ է, երբ մարդու՝ հանցագործություն կատարելու մեջ պնդման պայմաններում, նա շարունակում է քննել իր տուժողի գործը՝ նախաքննության մարմնի կարգավիճակում:
Ահա այն ամենը, ինչը քննությանը չվնասելու նկատառումներից ելնելով հրապարակում ենք սույն գործով՝ հանրային ուշադրությունը բավարարելու եւ որոշ հարցերում հստակություն մցնելու համար:
Սա չնչին մասն է Արթուրի գործով բազմաթիվ ուշագրավ նկատառումների, որոնք, ցավոք (դեռ) հրապարակել չենք կարող: Լրագրողներին խնդրում եմ այս կապակցությամբ մեզ կամ Արթուրի մյուս պաշտպաններին հարցեր չտալ. որքան հնարավոր ենք համարել, հրապարակել ենք:
Մենք շնորհակալ ենք այս գործի լուսաբանման ընթացքում մեր հարյրենակից լրագրողների դրսեւորած պրոֆեսիոնալիզմի եւ այս գործը ուշադրության կենտրոնում պահելու համար: Հատկապես այն բանի համար, որ երբեք տուրք չեն տվել անձերի նկատմամբ ունեցած համակրանք-հակակրանքի դրսեւորման համար իրենց մասնագիտությունը գործիք եւ ասպարեզ ծառայեցնելու՝ հայաստանյան իրողություններում ընդունված պրակտիկային:
Մենք հուսով ենք, որ մոտ ապագայում մեր ձեռնարկած միջոցների արդյունքների մասին հանրությանը տեղեկացնելու առիթ կունանանք: Սույն գործի իրավական ասպեկտների մասին որեւէ մտահոգություն չունենք: Մեր միակ մտահոգության պատճառն Արթուրի առողջությունը եւ իր հացադուլը չդադարեցնելու վճռակամությունն է»: