Փետրվարի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված է հատուկ ժողով՝ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի մասնակցությամբ և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի գլխավորությամբ: Հանդիպման նպատակը, ինչպես հայտնի է, Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպման առթիվ ծագած անհամաձայնությունների և խնդիրների հարթումը ու համատեղ լուծում գտնելն է:
Այդ հանդիպումից առաջ Թուրքիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին՝ պահանջելով հորդորել Արամ Աթեշյանին հրաժարական տալ, փոխանցում է Ermenihaber-ը:
«Նորին Ս. Օծություն Տ. Տ. Գարեգին 2-րդ ,
Արդեն ամբողջ 8 տարի է՝ ինչ Թուրքիայի հայերի պատրիարքի պաշտոնը թափուր է: Եկեղեցու և համայնքի որոշ առաջնորդներ, պետությունը պատրվակ դարձնելով, հետաձգում են ընտրությունները:
Մենք այս վիճակի մասին Ձեզ տեղեկացրել էինք՝ ավելի քան հինգ հազար ստորագրությամբ մի նամակով: Բայց, ցավոք, Մայր Աթոռից որևէ պատասխան չստացանք:
Այս ութ տարվա ընթացքում բազմաթիվ բացասական միջադեպեր տեղի ունեցան: Հակառակ մեր ավանդույթներին՝ պետության կողմից փոխանորդ նշանակված Արամ Աթեշյան Սրբազանը ժողովրդի կողմից իրեն չտրված, անարդարացիորեն ձեռք բերած այդ պաշտոնում անպատասխանատու կերպով է գործում:
Ցավոք, առաջնորդական ձիրք չունեցող Արամ Աթշյան Սրբազանը, արհամարհելով 1915թ. մեր կորուստները, այդ ցավն իրենց սրտում կրող և ամեն առիթով բարձրաձայնողների հոգիներում խորը վերքեր է բացել: Մեր միակ մխիթարանքն այն է, որ չնայած այդ՝ ենթարկվողի դիրքորոշմանը, Թուրքիայի տարբեր քաղաքներում դեռևս շարունակում են իրականացվել ապրիլի 24-ի հիշատակի արարողություններ:
Պատրիարքարանն ինքը խնդիրներ ստեղծողի դերում է հայտնվել, մինչդեռ անհրաժեշտ էր, որ եղած խնդիրները լուծի: Որոշ հոգևորականներ,չդիմանալով իրենց դեմ կիրառվող ճնշումներին, մեղքի հանցակից են դարձել: Արդյունքում թուլացել են հայ համայնքի և եկեղեցու միջև եղած կապերը: Առանց հովվի մնացած մեր եկեղեցական համայնքը օր օրի թուլացավ: Ի վերջո, մարդկանց համբերությունն այն աստիճան սպառվեց, որ նրանք անգամ պատրիարքարանի դիմաց ցույցի դուրս եկան:
Վեհափառ Տեր,
Մի շարք դժվարություններից հետո այսօր, ի վերջո, պատրիարքական ընտրությունները հնարավոր են դարձել: Մենք գիտենք նաև, որ որոշները ամեն ջանք կթափեն, որպեսզի այդ ընտրությունները տեղի չունենան: Սակայն մենք այս ընտրությունները կատարելու հարցում առավել քան երբևէ վճռական ենք տրամադրված:
Չպետք է մոռանալ, որ ընտրված պատրիարքը ոչ միայն եկեղեցու առաջնորդը պետք է լինի, այլև պետք է Թուրքիայի հայերի ներկայացուցիչը լինի պետության առաջ:
Մենք գոհունակությամբ ենք ընդունում մեր եկեղեցում ծագած խնդրին Ձեր՝ թեկուզ մի փոքր ուշացած միջամտությունը՝ որպես մեր մեծի:
Մենք՝ Թուրքիայի հայերս, վճռական ենք տրամադրված՝ սեփական խնդիրները սեփական ցանկությամբ լուծելու հարցում:
Որպեսզի պատրիարքական ընտրությունները անցկացվեն արդար և թափանցիկ, խնդրում ենք Ձեզանից, որ խորհուրդ տաք Արամ Աթեշյան Սրբազանին՝ մի կողմ թողնել անձնական կրքերը և հրաժարվել փոխանորդի պաշտոնից, իսկ մեր հոգևորականներին առաջարկեք անկողմնակալ տեղապահ ընտրել:
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ մենք միայն եկեղեցական համայնքն առաջնորդող հոգևորական չենք ընտրում, այլ ընտրում ենք մի առաջնորդի, ով միևնույն ժամանակ ողջ հայ համայնքի ներկայացուցիչը կլինի պետության և օրենքի առաջ, ներսում և դրսում:
Վեհափառ Տեր,
Մեզ համար Ձեր մտահոգությունն ու խնդիրը լուծելու ջանքերը մեզ ուժ են հաղորդել:
Այս նամակը գրի է առնվել՝ փոխանցելու համար Թուրքիայի հայերի մեծ մասի հույզերն ու զգացմունքները:
Հարգանքներով՝
Տիգրան Ալթուն, Նազարեթ Բինաթլը, դոկ. Ավետիս Դեմիր, Խոսրով Քյոլեդավիթօղլու, Գարո Գաբրիելյան, Թալար Հիսարլը Հորոզօղլու, Լուիզ Ալաչամ, դոկ. Ադամ Սագիս, Նատալի Բըլդըրջըն, Արփինե Չիզմեջիյան, Գարբիս Եվյափան, Հրաչյա Սուրեն, Նվարդ Բաքըրօղլու, Էլիզաբեթ Փեյնիրջի, Սուզան Սուզի, Արեն Դադըր»: