ՖՈՏՈ. Սա հետամնացության դրսեւորում է. «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը կցուցադրի գրաքննության ենթարկված գործերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս քանդակագործ Սուրեն Մելքոնյանը բացումից ժամեր անց փակել է իր անհատական ցուցահանդեսը եւ «Նարեկացի» արվեստի միությունից տեղափոխել աշխատանքները: Պատճառը եղել է միության տնօրինության կողմից կիրառված սահմանափակումը: Միության ղեկավարությունը քանդակագործին հորդորել է «Շնչառություն կամ հետադարձ հայացք» խորագրով ցուցադրությունից հանել մերկ եւ կիսամերկ քանդակներն ու նկարները: Սուրեն Մելքոնյանը սկզբունքորեն հրաժարվել է կատարել պահանջը՝ նախընտրելով փակել ցուցահանդեսը:
«Մեզ մոտ մանկական խմբակ կա, եւ հիմնադիրներն առհասարակ խնդրել են, որ նման ցուցադրություններ չլինեն, քանի որ երեխաները շատ են գնում-գալիս: Նաեւ մանկական նվագախումբ ունենք, որը նույն տարածքում է: Քանի որ իրենք փոքրիկ են, մենք չենք կարող հետեւել այդ ամենին, դա ներկայացնել որպես արվեստի նմուշ, գեղեցկությունը ցույց տալ: Այդ պատճառով հիմնադիրներն առաջարկում են, որ փորձենք ուղղակի բալիկների համար այդ մասը սահմանափակել»,- «Մեդիալաբ»-ին ասել է «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը:

Կարելի է ենթադրել, որ եթե ինչ-որ հրաշքով Ռոդենը կամ, օրինակ, Միքելանջելոն հայտնվեին մեր ժամանակներում, մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավորություն չէին ունենա ցուցադրվելու «Նարեկացի» արվեստի միությունում. նրանց պարզապես կմերժեին:
Թեմային արձագանքել է նկարչուհի, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը` պատրաստակամություն հայտնելով պատկերասրահում կազմակերպել Սուրենի` գրաքննության ենթարկված ցուցադրությունը. «Ինձ համար սա սկզբունքային հարց է: Առաջին անգամ եմ նման բան լսում: Սա հետամնացության ահավոր դրսեւորում է, ես զարմացած եմ: Նման գործելաոճ ունեցող միություններին հորդորում եմ արվեստին վերաբերվել որպես արվեստի: Կատարվածը ոչ մի տեսակ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ես ծանոթացել եմ Սուրենի աշխատանքներին եւ համոզվել եմ, որ նա աշխատում է պրոֆեսիոնալ մակարդակով: Եթե այդ կտավների կամ քանդակների մեջ գռեհիկ բան տեսնեի, ուրիշ բան, բայց քանի որ չեմ տեսել, այն համոզման եմ, որ պետք է սատարեմ նրան, որպեսզի այդ մարդը չկոտրվի, չհուսահատվի: Հնարավոր է` մյուս շաբաթվա ընթացքում արդեն Սուրենի գործերը մեր պատկերասրահում ցուցադրվեն»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց տիկին Մուրադյանը:

Նկարչուհին շեշտեց, որ բոլոր ժամանակներում ամբողջ աշխարհում փառաբանվել է մերկ մարմինը` համարվելով որպես բնության գեղեցիկ ստեղծագործություն. «Տվյալ միություն ժամանակին հաճախել եմ եւ գիտեմ, որ ղեկավարությունն աջակցում է նույնիսկ ինքնուս, սիրողական մակարդակի գործիչներին: Բայց չեմ հասկանում` այս դեպքում ինչպես կարելի է մերժել պրոֆեսիոնալի, չեմ հասկանում արվեստի գործեր ցուցադրելիս մերկ մարմիններից հրաժարվելու վերաբերյալ ներկայացված պատճառաբանությունը: Ի՞նչ է` պարտադիր է, որ երեխաները մուտք գործեն ինչ-որ կայքեր եւ այնտե՞ղ տեսնեն բաներ, որ իրենց պետք չեն, թե՞ արվեստի միջոցով ծանոթանան մերկությանը: Մեր պատկերասրահում, օրինակ, ցուցադրում ենք նաեւ գործեր, որտեղ պատկերված են մերկ մարմիններ, ցուցադրություններն էլ բաց են նաեւ երեխաների համար»,-ասաց տիկին Մուրադյանը:

Մենք հետաքրքրվեցինք` եթե էլի ուրիշ արվեստագետներ հայտնվեն գրաքննության թիրախում, պատրաստ է արդյոք «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը իր հարկի ներքո ցուցադրել նրանց աշխատանքները. «Մենք ունենք փոքր խորհուրդ, որի անդամներով քննարկում ենք` որ գործերը ցուցադրել, եւ որոնք` ոչ: Եթե դրանք լինեն արվեստի արժեքավոր ստեղծագործություններ, իհարկե, պատրաստ ենք»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս