Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ արդեն իսկ հրապարակվել են քաղաքական ուժերի ցուցակները: Ընտրություններին մասնակցող 9 կուսակցությունների եւ դաշինքների մի մասի ցուցակներում կան նոր դեմքեր, որոշ ուժեր, սակայն, հանդես են եկել հիմնականում հին կոնտինգենտով: Այդ շարքում նորություններ չունի նաեւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, որի համամասնական ցուցակում տեղ են զբաղեցրել կուսակցության գրեթե բոլոր պաշտոնյաները, այդ թվում` այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Կարեն Շախմուրադյանը, Միքայել Մանուկյանն ու Արմեն Բաբայանը: Ստորեւ փորձենք հասկանալ, թե ինչ նշանակություն է ունեցել ՀՀ Ազգային ժողովի գործունեությունում սույն պատգամավորների իրականացրած օրենսդրական աշխատանքը:
Կարեն Շախմուրադյանը՝ 2005թ. Տոլյատիի օդանավակայանում սպանված գործարար Ռաֆայել Շախմուրադյանի որդին, ՀՀ ԱԺ պատգամավոր է դարձել այն բանից հետո, երբ 2016թ. փետրվարին ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու արդյունքում Արծվիկ Մինասյանը նշանակվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար: Շախմուրադյանի բիզնեսների շարքում են «Արմենիա-Լադա», «Կարկոմավտո» ընկերությունները: Մինչ պատգամավոր դառնալը, նա զբաղվում էր բիզնեսով, որի ղեկավարումը փոխանցել է եղբորը: Շախմուրադյանը չի թաքցնում, որ մանկության ընկերներ են Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հետ: Հիշեցնենք նաեւ, որ Շախմուրադյանը, 2013թ. «Մալիբու» Հայաստանի դիզայներների միության փոխնախագահ Ռուբեն Թոփալյանի պնդմամբ՝ իրեն ծեծի էր ենթարկել` չվճարելով վերջինիս դիզայներական աշխատանքի համար: Շախմուրադյանն էլ իր հերթին էր վստահեցնում, որ իրական տուժողն ինքն է եղել, որին սադրել է վերոնշյալ Թոփալյանը` մի քանի հարված հասցնելով:
Հատկանշական է, որ այսօր Շախմուրադյանը ՀՅԴ-ի ցուցակում զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը: Հաշվի առնելով նրա ինտելեկտուալ եւ բիզնես կարողությունները` զարմանալի է, որ ՀՅԴ-ն իր պատգամավորին կարծես չի ցանկանում այլեւս տեսնել խորհրդարանում: Իսկ այստեղ 2 տարվա աշխատանքի արդյունքում Շախմուրադյանը լուրջ նվաճումներ չի ունեցել: Մասնավորապես նա ԱԺ ամբիոնին է մոտեցել միայն մեկ անգամ, իսկ հարցապնդումներով երբեւէ հանդես չի եկել: ՀՅԴ պատգամավորը բացակայել է ԱԺ 50 նիստերից, 1 անգամ հրաժարվել քվեարկությունից: Ներկա լինելու դեպքում կողմ է քվեարկել 211 անգամ, դեմ` 1, ձեռնապահ` 4: Ի դեպ, նա կողմ է քվեարկել ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանի «1000 դրամների» նախագծին, ԱԺ կանոնակարգ օրենքին եւ այլն:
Միքայել Մանուկյանի՝ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված կենսագրականի համաձայն՝ նա փորձառու դաշնակցական է, որը եղել է «Երկիր» օրաթերթի թղթակից, ՀՅԴ Գերագույն մարմնի կուսակցական կազմակերպական աշխատանքների պատասխանատու, ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ: Նա 2007-2012թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, իսկ 5-րդ գումարման պատգամավոր դարձել 2014թ. հունվարին՝ ՀՅԴ հայտնի գործիչ Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում դեսպան նշանակվելուց հետո: 1990-ականներին նա կալանավորվել էր Համբարձում Գալստյանի սպանության գործով, սակայն հետագայում ազատ արձակվել: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ այսօր Մանուկյանը Օպերայի հարեւանությամբ գործող «Մեղեդի» սրճարանի սեփականատերերից է:
Մանուկյանը 5-րդ գումարման խորհրդարանում երբեւէ ԱԺ ամբիոնին չի մոտեցել: Նույնկերպ նա երբեք հարցերով հանդես չի եկել: Դրա փոխարեն բացակայել է 101 անգամ, իսկ քվեարկություններից հրաժարվել՝ 37: ՀՅԴ-ական պատգամավորը 142 անգամ ձեռնապահ է քվեարկել, դեմ եղել 37 անգամ, իսկ կողմ քվեարկել՝ 354: Նա կողմ է քվեարկել «1000 դրամների նախագծին», սակայն բացակայել աղմկահարույց մյուս օրինագծերի քվեարկություններից, ինչպես, օրինակ, «ԱԺ կանոնակարգ-օրենք», «Բյուջե 2017», «Ապօրինի հարստացման քրեականացում» եւ այլն: Հավելենք, որ ՀՅԴ-ի՝ օրերս հրապարկված համամասնական ցուցակում Մանուկյանը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:
ՀՅԴ-ի համամասնական ցուցակի 7-րդ տեղում Արմեն Բաբայանն է՝ ՀՅԴ խմբակցության անկուսակցական պատգամավորը: 2012թ. նա ՀՅԴ ցուցակում կրկին 7-րդն էր եւ պատգամավոր դարձավ կուսակցական 2 գործիչների ինքնաբացարկի արդյունքում: Հիշեցնենք, որ այնժամ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Արտյուշա Շահբազյանն ու Կարինե Հարությունյանը հրաժարվել էին մանդատից, որպեսզի հենց Բաբայանը պատգամավոր դառնա, որը համարվում էր ՀՅԴ քարոզարշավին ֆինանսական մեծ աջակցություն ցուցաբերած գործարար Հրանտ Վարդանյանի ներկայացուցիչը: Ի դեպ, Արմեն Բաբայանը «Գրանդ Քենդի» հայ-կանադական ձեռնարկության գործադիր տնօրենն էր: ՀՅԴ-ից խոստանում էին, որ Բաբայանը խորհրդարան էր գալիս ոչ թե որպես «Գրանդ Քենդիի» ներկայացուցիչ, այլ տնտեսագետ, որը իր կարողությունները պիտի ներդներ խորհրդարանում:
Եվ, իրոք, Բաբայանի խորհրդարանական գործունեությունը որոշակի արդյունավետություն ունեցել է: 5 տարվա ընթացքում նա քանիցս հանդես է եկել օրենսդրական նախաձեռնություններով, ինչպես, օրինակ, 2014թ. ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու, «Հանրաքվեի մասին» օրենքը փոփոխելու, մաքսային, կրթության ոլորտներին վերաբերող եւ այլն: 2012-17թթ. ընթացքում ՀՅԴ պատգամավորը կողմ է քվեարկել 259 օրինագծերի, դեմ եղել 47 անգամ, ձեռնապահ՝ 185: Նա քվեարկությունից հրաժարվել է 22 անգամ, բացակայել 450 նիստերից: Վերջին շրջանում գերակշռում են Բաբայանի բացակաները, մասնավորապես՝ «1000 դրամների» նախագծի, «Բյուջե 2017»-ի, «Ապօրինի հարստացման քրեականացման» քվեարկություններից:
Ենթադրելի է, որ վերոնշյալ երեք պատգամավորն էլ հազիվ թե հայտնվեն խորհրդարանում, քանզի առկա իրավիճակում ՀՅԴ-ի համար 5 տոկոսանոց շեմի հաղթահարումն արդեն լուրջ հաջողություն կլինի, իսկ ԱԺ-ում ստացած մանդատները բաշխվելու են համամասնականի ու ռեյտինգայինի թեկնածուների միջեւ:
Ն. Հովսեփյան