ՇԱՏ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԷԼԻ ՄՆԱՑԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին իր ողջ հմայքով եւս մեկ անգամ երեւաց հայ քաղաքական դաշտի պերճանքն ու թշվառությունը: Բավական էր` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քիչ թե շատ ազդեցիկ որեւէ ուժ հայտարարեր դաշինք կազմելու մտադրության մասին, լուսանցքում հայտնված քաղաքական ուժերը մեծ աղմուկ-աղաղակով, ոհմակով «հարձակվում էին» նրանց վրա` սատարելով ու դաշինքին անդամակցելու ցանկություն հայտնելով, ընդ որում, այդ ամենն արվում էր օրը մի քանի անգամ հարցազրույցների ու ասուլիսների ուղեկցությամբ:
Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձից հետո «Ծառուկյան» դաշինքին անդամակցելու մասին հայտարարեցին է՛լ «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան» կուսակցությունից, է՛լ «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան» կուսակցությունից, է՛լ ռամկավարները, է՛լ «Ազգային համաձայնությունը»: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դաշինքում էլ շտապեցին Դեմկուսը, «Ազգային համաձայնությունը», «Երրորդ հանրապետությունը», Ժողովրդական կուսակցությունը, նաեւ ԱԻՄ-ը: Չստացվելուց հետո ԱԻՄ-ը հայտարարեց նաեւ «Ելք» դաշինքին անդամակցելու մասին, սակայն մերժվեց: Բայց այս մարդ-կուսակություններին որեւէ մեկն այդպես էլ իր դաշինքում չընդունեց, եւ հիմա նրանք կրկին վերադարձել են այնտեղ, որտեղից եկել էին` քաղաքական լուսանցք:

 

 
Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ ՀՀԿ ներսում դժգոհությունները հասել են գագաթնակետին: Պատճառը ընտրացուցակներն են, որտեղ ոչ բոլորի ակնկալիքներն են բավարարվել, եւ շատերի անունը համամասնական ցուցակում հայտնվել է այնպիսի տեղերում, որտեղ նրանք ամենավատ երազում անգամ չէին սպասում` հաշվի առնելով հարազատ կուսակցությանն այս տարիներին մատուցած ծառայությունները: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, սպասվում է, որ իրավիճակը շատ ավելի կլարվի նախընտրական քարոզչության ժամանակ եւ հենց քվեարկությունների օրը: Բանն այն է, որ ռեյտինգային ցուցակներում առաջադրված թեկնածուներից ոչ բոլորը կկարողանան պահել պայմանավորվածություններն ու չմտնել իրենց գործընկերոջ տարածք. օրինակ` թեեւ Երեւանի թիվ 1 ընտրատարածքում Միհրան Պողոսյանը պետք է գործի եւ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքի Զեյթունում, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը՝ Ավանում, նրանք արդեն մտել են մրցակցի տարածք: Նույնը նաեւ թիվ 2 ընտրատարածքում, երբ Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը, հավակնում է ձայներ ստանալ ոչ միայն Արաբկիրում, այլեւ Դավթաշենում, թեեւ այն «տրվել է» Արթուր Գեւորգյանին: Այդպես է նաեւ մյուս ընտրատարածքներում, այդ թվում` մարզային ընտրատարածքներում: Ու հիմա նրանց միջեւ մրցակցությունն ու լարվածությունը գնալով միայն ավելանում է:

 

 
Արդեն մի քանի օր է, ինչ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, Հաց բերող անունը ստացած Արթուր Սարգսյանի կալանավորման խնդիրը քննարկվում է քաղաքական ու իրավական շրջանակներում, բարձրացվում է քննիչներին պատասխանատվության ենթարկելու, Հաց բերողի ոտնահարված իրավունքների մասին հարցը: Կրկին կալանավորվելուց հետո Ա. Սարգսյանը հացադուլ է հայտարարել: Սակայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը լռում է: Ի՞նչ է նա անում այս առնչությամբ: Արդյո՞ք չկա մարդու իրավունքների ոտնահարում: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց. «Մարդու իրավունքների պաշտպանը այդ հարցում չունի լիազորություն: Մարդու իրավունքների պաշտպանը ունի այլ լիազորություն, օրինակ՝ անհամատեղելիություն հիվանդության հիմքով եւ տանենք քաղաքացիական հիվանդանոց: Մենք այդպիսի կարեւոր դեպք ունեցանք, որ վերաքննիչ քրեական դատարանը ազատ էր արձակել մարդուն՝ հիմք ընդունելով մեր որոշումը: Հիմա նույն հարցում նույն արդյունքը չեմ երաշխավորում, դա պրոֆեսիոնալ չի, դա որոշակի պրոցես է»:

 

 

 
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ` 5 կուսակցություն եւ 4 դաշինք: Ընդ որում, նրանք բոլորն իրենց ռեյտինգային ու համամասնական ընտրացուցակները ներկայացրել են առաջադրումների համար նախատեսված վերջին օրը: Եւ այսպես՝ իշխանական կոալիցիայի անդամ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ինչպես նաեւ` «Հայկական վերածնունդը», «Ազատ դեմոկրատներն» ու Կոմկուսն ընտրություններին մասնակցելու են միայակ: Իսկ չորս դաշինքները հետեւյալն են` «Կոնգրես-ՀԺԿ», «Ծառուկյան» դաշինք, որին մաս են կազմել ԲՀԿ եւ Առաքելություն կուսակցությունները, «Ելք» դաշինքը, որ ձեւավորվեց «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից, ինչպես նաեւ` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որին անդամակցում են «Համախմբում» եւ «Ժառանգություն» կուսակցությունները: Այս ուժերի հիմնական պայքարն ընթանալու է պատգամավորական առնվազն 101 տեղի համար, սակայն եթե ընտրությունների արդյունքում կայուն մեծամասնություն չձեւավորվի, կոալիցիա չկազմավորվի, ապա կանցկացվի նաեւ երկրորդ փուլ` ամենաշատ ձայն ստացած երկու կուսակցությունների միջեւ, եւ, ըստ այդմ, պատգամավորական տեղերը կարող են ավելանալ:

 

 
ԱՆՆԱԽԱՁԵՌՆՈՂ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Մյունխենում կայացել է Հայաստան|ի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան|ի հանդիպումը Ադրբեջան|ի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հայտնի դարձավ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի՝ ուշ երեկոյան կատարած տվիթերյան գրառումից: Իսկ մինչ այդ՝ չնայած դեռեւս շաբաթներ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բարձրաձայնած պատրաստակամությանը՝ երկու արտգործնախարարների հանդիպման կազմակերպման շուրջ, նման համաձայնություն այդպես էլ ձեռք չէր բերվել: Նկատենք, որ նույնանման իրավիճակ էր նաեւ անցած տարեվերջին՝ Համբուրգում, երբ դարձյալ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը մինչեւ վերջին պահը չէր հաստատվում, եւ, փաստորեն, այն կայացավ միջնորդների գործադրած լրացուցիչ ջանքերի արդյունքում: Նման ընթացակարգով հանդիպումների անցկացումը ինքնին արդեն բացասական ազդակ է եւ խոսում է այն մասին, որ կողմերի մոտ չկա քիչ թե շատ ընդհանրական դիրքորոշում բանակցային օրակարգի վերաբերյալ: Եվ, հետեւաբար, երեկվա հանդիպումից առանձնապես շոշափելի ակնկալիքներ, թերեւս, պետք չէ ունենալ:
Բանակցային գործընթացում այս՝ գրեթե պատային վիճակը ոչ մի լավ բան չի խոստանում: Որքան էլ որ որոշ հայաստանյան փորձագետներ պնդեն, թե հայկական կողմն է, որ չի ցանկանում վերսկսել բանակցությունները, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ դա գնահատեն որպես ճիշտ մոտեցում, ակնհայտ է, որ այս իրավիճակը երկար շարունակելը վտանգավոր է: Եթե ոմանք մտածում են, որ հաշվի առնելով Հայաստանում կայանալիք առաջիկա ընտրությունները՝ գործընթացը եւս մի քանի ամսով սառեցնելու ռեսուրս կա՝ համաձայն նման դեպքերում գործող չգրված օրենքի, ապա Ադրբեջանն իր վերջին տարիների վարքագծով ցույց է տվել, որ կարող է լինել միանգամայն անկանխատեսելի եւ դիմել լայնամասշտաբ սադրանքների՝ անտեսելով որեւէ գրված կամ չգրված օրենք: Հետեւաբար հայկական կողմը պետք է ոչ թե սպասի, մինչեւ Ադրբեջանը հարկ կհամարի իրագործել Վիեննայի պայմանավորվածությունները կամ էլ կհայտարարի դրանցից իսպառ հրաժարվելու մասին, այլ պետք է հանդես գա նախահարձակ դիվանագիտական քայլերով:
Ապրիլյան պատերազմից հետո մենք անընդմեջ լսում էինք դիվանագիտական նոր մոտեցումների, նոր առաջարկությունների անհրաժեշտության մասին: Նման առաջարկություններ, սակայն, անգամ փորձագիտական մակարդակով մինչ օրս չեն շրջանառվել: Հայկական կողմը շարունակում է վարել իրավիճակային դիվանագիտություն՝ մշտապես լինելով պոստ ֆակտում արձագանքողի եւ Ադրբեջանի ձեւավորած օրակարգի հետեւից գնացողի դերում: ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աշխատանքի խոչընդոտման եւ Լապշինի արտահանձնման շուրջ Ադրբեջանի քայլերը դրա վերջին օրինակներն են:




Լրահոս