ՍԱՐԳՍՅԱ՞Ն, ԹԵ՞ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՎԱՐՉԱՊԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած, որ այս փուլում քաղաքական դաշտի ուշադրությունը բեւեռված է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն բոլորին շարունակում է հուզել այն հարցը, թե 2018 թվականից հետո, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվի, եւ նոր Սահմանադարությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, ո՞վ կլինի Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Այս պահի դրությամբ այդ պաշտոնի հիմնական հավակնորդները Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն են, թեեւ վերջին շրջանում հաճախ է շոշափվում նաեւ ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի անունը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2014թ ապրիլին, սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկի մասին հայտարարելով, հավաստիացրել էր, թե ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին: Սակայն ավելի ուշ՝ տարեվերջին, ապա նաեւ 2016 թվականի հոկտեմբերին, «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրագրողի այն հարցին՝ Դուք դիտարկու՞մ եք 2018-ին վարչապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը, տվել էր խուսափողական պատասխան. «Գիտեք, ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը…»,- ասել էր նա:
Ուշագրավ է, որ նույնկերպ իր հայտարարությունները վերանայեց նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով, ինչպես գիտենք, խնդիր ունի նոր Սահմանադրությամբ սահմանված մշտակեցության ցենզի հետ, ինչի պատճառով չընդգրկվեց ՀՀԿ համամասնական ցուցակում: Եվ ահա Կարեն Կարապետյանը, ով մինչեւ վերջերս այս արգելքի հետ կապված տալիս էր ոչ միանշանակ պատասխաններ՝ ասելով, թե «կարող է եւ նման խնդիր կա», «եթե կա, ապա…», նախօրեին արդեն լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում շատ հստակ հայտարարեց, որ 2018-ին բավարարած կլինի վարչապետի թեկնածու լինելու պահանջներին:
«Ժողովուրդ» օրաթերթը Կարեն Կարապետյանի կառավարության եւ ընդհանրապես նրա թիմի անդամներ՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից եւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանից հետաքրքրվեց, թե ու՞մ կցանկանան 2018 թվականից հետո տեսնել վարչապետի պաշտոնում՝ Կարեն Կարապետյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին:

Սուրեն Կարայան, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար
-Պարո՛ն Կարայան, վարչապետ Կարեն Կարապետյանը չհայտնվեց Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում, որովհետեւ Հայաստանում վերջին չորս տարում մշտական բնակության խնդիր ուներ: Հաշվի առնելով դա եւ այլ հանգամանքներ՝ ըստ Ձեզ՝ նրան կհաջողվի՞ 2018 թվականից հետո լինել վարչապետ:
-Ես չեմ այն մարդը, որ պետք է պատասխանեմ այդ հարցին, ճիշտ մարդու չեք տալիս այդ հարցը:
-2018-ի ապրիլին կառավարությունը պետք է հրաժարական տա այն բանից հետո, երբ լրանա Սերժ Սարգսյանի նախագահական պաշտոնավարման ժամկետը: Դրանից հետո պետք է ձեւավորվի նոր կառավարություն, որի ղեկավարը դե յուրե կլինի երկրի առաջին դեմքը: Այդ պաշտոնում Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Կարեն Կարապետյանին կցանկանաք տեսնել:
-Ուշանում ենք, ուշանում ենք, թողեք, գնանք:
-Ինչո՞ւ եք խուսափում այս հարցին պատասխանելուց:
-Ինձ տնտեսությունից հարց տվեք էլի, նման հարցեր մի՛ ուղղեք:
-Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած համամասնական ցուցակի համար ձայներ ապահովելու նպատակով գործի կդնե՞ք Ձեր հնարավորությունները:
-Այո՛:

Վահան Մարտիրոսյան, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
-Պարո՛ն Մարտիրոսյան, Դուք համարվում եք վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցը: Այսօր ակտիվորեն խոսվում է այն մասին, որ Կարապետյանին չի հաջողվի 2018 թվականից հետո պաշտոնավարել: Ըստ Ձեզ՝ նրան կհաջողվի՞ հաղթահարել արգելքները եւ կրկին ստանձնել այդ պաշտոնը՝ այդ կերպ լինելով նաեւ երկրի առաջին դեմքը:
-Այդ հարցն ինձ մի՛ ուղղեք:
-Իսկ Դուք կցանկանա՞ք այդ ժամանակ նրան կրկին տեսնել վարչապետի պաշտոնում:
-Իհարկե, կցանկանամ:
-Բայց Սերժ Սարգսյանը դեռեւս հստակ չի հայտարարել, որ ինքը ցանկություն չունի այդժամ զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Ըստ այդմ, կցանկանաք, որ Սերժ Սարգսյա՞նը լինի գործադիրի ղեկավարը, թե՞ Կարեն Կարապետյանը:
-Իսկ ինչո՞ւ է հարցն այդպես դրված՝ կա՛մ… կա՛մ:
-Այդ դեպքում էլ ո՞վ: Հստակ խոսակցությունները կան, որ այդ պաշտոնում կա՛մ Սերժ Սարգսյանն է լինելու, կա՛մ Կարեն Կարապետյանը: Սերժ Սարգսյանն էլ, ըստ էության, չի հերքել, որ մտադրություն ունի 2018-ին զբաղեցնել այդ պաշտոնը:
-Որտե՞ղ են այդ խոսակցությունները, ովքեր են տարածում այդ խոսակցությունները, գնացեք, նրանցից հարցրեք:
-Կարծում եք՝ Սերժ Սարգսյանը սպառե՞լ է իր ներուժը, որ 2018 թվականին որոշի իշխանությունը հանձնել Կարեն Կարապետյանին:
-Դա նշանակում է, որ սպառե՞լ է, հարցադրումը ճիշտ դրեք, այդպես չէ:
-Դե ուրեմն, հստակ նշեք, թե կոնկրետ ում հետ Դուք կցանկանայիք աշխատել՝ Կարապետյանի՞, թե՞ Սարգսյանի, ո՞ւմ կցանկանաք տեսնել վարչապետի պաշտոնում:
-Այդպիսի հարցեր մի՛ տվեք… երկուսին էլ կցանկանամ:

 

 

 
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՈՒՅՆ ԴԱՇԻՆՔՆԵՐՈ՞Վ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ

Երեւանի ավագանու հերթական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները անհրաժեշտ փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն 2017թ. մարտի 30-ից մինչեւ 2017թ. ապրիլի 9-ը՝ ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Ինչպես արդեն հայտնի է՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 5 կուսակցություն եւ չորս դաշինք: «Ժողովուրդ» օրաթերթն այդ չորս դաշինքներից փորձեց պարզել՝ արդյո՞ք Երեւանի ավագանու ընտրություններին եւս պատրաստվում են մասնակցել արդեն կազմած դաշինքներով:
Պարզվեց՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը դեռեւս հստակեցումներ չի կատարել: «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այդ հարցի մասին քննարկումներ դեռեւս տեղի չեն ունեցել. «Ամսի 25-ին մեր համաժողովը պետք է լինի, այդ աշխատանքներով ենք զբաղված, օրակարգում հիմնականում դա է»,-նշեց Մանուկյանը:
Ի տարբերություն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի՝ «Ելք» դաշինքն արդեն որոշակի հստակեցումներ կատարել է: «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ թեեւ դեռեւս թեկնածուի հարցը չի քննարկվել, բայց որ նույն դաշինքով են մասնակցելու, դա հաստատ է. «Անպայման մասնակցելու ենք, մեր հուշագրի մեջ նշված է, մնում է արդեն որոշել, ստորագրել եւ հրապարակել»,-նշեց Սիմոնյանը:
Իսկ ահա նորաստեղծ «Ծառուկյան» դաշինքում նման քննարկումներ դեռ չեն եղել. «Որովհետեւ դեռեւս չգիտենք, թե ինչ ֆորմատով կմասնակցենք, այս պահին դեռեւս վաղ է, բայց մենք հասկանում ենք, որ ժամկետային սահմանափակում կա, կարծում եմ՝ մի քիչ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ընթացք տալուց հետո արդեն կզբաղվենք Երեւանի ավագանու ընտրություններով եւ արդեն ավելի հստակ կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին»,- նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ տեղեկացնելով նաեւ, որ նախնական քննարկումներով Երեւանի ավագանու իրենց ցուցակը գլխավորելու հարցում ֆավորիտ տեսնում են «Միասնություն» շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանին: «Բայց բոլոր հարցերին՝ դաշինքով կլինի, ինչ կերպ կլինի, կպատասխանենք պատշաճ պահին»,-եզրափակեց Զոհրաբյանը:
Իսկ արդյոք «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը կպահպանի նույն տեսքը նաեւ ավագանու ընտրություններին: ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում եւս նշեց, որ իրենք դեռեւս այդ հարցը չեն քննարկել. «Այդքան շուտ արդեն քննարկումներ են սկսվե՞լ»,- զարմացավ Աբրահամյանը:
Այսպիսով՝ քաղաքական գրեթե ողջ դաշտը Երեւանի ավագանու ընտրությունների մասին մտածելու ժամանակ չունի, համենայն դեպս այս պահին: Ըստ ամենայնի՝ խորհրդարանական ընտրությունները հորով-մորով անելուց, նախընտրական դաշինքների առանձին անդամների աշխատանքը գնահատելուց հետո նոր միայն հիմնական ուժերը կանդրադառնան Երեւանին:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 

ՍԱՀԱԿՅԱՆԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵ՞Տ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այլեւս ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում չէ, նա զբաղեցնում է ՀՀԿ համամասնական ցուցակի 45-րդ համարը, ավելին՝ ինքը հայտարարել է, թե հաջորդ ԱԺ-ում չի լինի, այլ գործունեությունը կշարունակի գործադիրում: Սահակյանը, սակայն, չի մանրամասնել, թե գործադիրում կոնկրետ ի՞նչ պաշտոն է ստանալու: Եւ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին քննարկվում է Հովհաննես Սահակյանին ԱԺ ընտրություններից հետո Լոռու մարզպետի պաշտոնում նշանակելու հարցը: Միաժամանակ չի բացառվում, որ նրան նշանակեն ՀՀ արդարադատության փոխնախարար: Տեղեկությունները փորձեցինք ճշտել անձամբ Հովհաննես Սահակյանից, սակայն երեկ նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Իսկ Լոռու ներկայիս մարզպետ Արթուր Նալբանդյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ նշեց. «Ես նման տեղեկություն չունեմ եւ առաջին անգամ եմ լսում նման բան»:

 

 

ՀԱՐԿԵՐԸ ՊԱԿԱՍԵՑՐԵԼ Է
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը տարեցտարի նվազեցրել է պետական բյուջե վճարվող հարկերն ու տուրքերը: Եւ այսպես, ըստ ՊԵԿ տվյալների՝ 2014 թ. ընթացքում «Քեթրին գրուպ»-ը պետբյուջե է վճարել 1 մլրդ 615 մլն 972 հազար 900 դրամ, 2015 թվականին նրա վճարած հարկերը հասել են 1 մլրդ 207 մլն 487 հազար դրամի: Իսկ ահա 2016թ. ընթացքում Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ»-ը պետբյուջե է վճարել 958 մլն 458 հազար 700 դրամ: Ստացվում է, որ միայն երկու տարվա ընթացքում այս ընկերությունն իր հարկերը նվազեցրել է ավելի քան 650 մլն դրամով, ու սա այն դեպքում, երբ տեւական ժամանակ Քեթրինի Միհրանը մենաշնորհային դիրք է ունեցել մի շարք ապրանքների ներկրման ոլորտում:

 

 

ԱՆԽՆԱ ԾԱԽՍՈՒՄ ԵՆ
Մինչ Հայաստանի նպաստառու եւ սոցիալապես անապահով ընտանիքները կաշվից դուրս գալով փորձում են վճարել հունվար ամսվա կոմունալ վարձերը, այս ընթացքում ՀՀ նախագահականը վճարում է ընթացիկ տարվա սպառվելիք կոմունալ վարձերը: Այսպես՝ Բաղրամյան 26-ը ընթացիկ տարվա էլեկտրաէներգիայի վարձի համար պետական միջոցներից հատկացրել է 93 մլն 756 հազար 300 դրամ, գազի համար՝ մոտ 30 մլն դրամ, ջրի համար՝ 4.5 մլն դրամ, հեռախոսկապի համար՝ 15.6 մլն դրամ, իսկ շարժական կապի ծառայության համար՝ 19 մլն 422 հազար դրամ: Բացի կոմունալ ծախսերից՝ նախագահականը գումար է հատկացրել նաեւ ախտահանման համար, ասել է, թե կրծողների եւ միջատների պայքարի համար՝ 1 մլն 960 հազար դրամ, որն էլ պետք է իրականացնի «Երեւանի կանխարգելիչ ախտահանում» ընկերությունը:




Լրահոս