Բիզնեսմենների և զբոսաշրջիկների հետաքրքրվածությունը չի առաջանում չինովնիկների խոսքերից. վրաց քաղաքագետը` Կարեն Կարապետյանի այցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Վրաստան կատարած այցի շուրջ ArmLur.am-ը զրուցել է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեի հետ:

– Պարո′ն Վասաձե, ի՞նչ արդյունքներ եք Դուք տեսնում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Վրաստան կատարած այցից հետո` հաշվի առնելով նաև այն հայտարարությունները, որոնք արվեցին երկկողմանի: 

– Ինքնին այցը կարևոր է, քանի որ տեղի ունեցավ հետաքրքիր ժամանակ: Այն հետաքրքիր է ինչպես Հայաստանի համար, քանի որ առջևում խորհրդարանական ընտրություններ են և անցում է կատարվում խորհրդարանական համակարգի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի և աշխարհի համար: Այդպիսի իրավիճակում այսպիսի բարձր կարգավիճակով շփումները հնարավորություն են տալիս ոչ միայն լավ ճանաչել հարևանին, այլ նաև հաստատել անձնական հարաբերություններ, ինչը շատ կարևոր է: Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա և Վրաստանում, և Հայաստանում փոքր շուկաներ  են: Իհարկե, կարևոր է ոչ միայն զարգացնել տնտեսական հարաբերություններ, այլ նաև հիմք ստեղծել` միացյալ տնտեսական տարածություն ստեղծելու համար Հարավային Կովկասում: Հասկանում եմ, որ այսօր իմ խոսքերը ֆանտաստիկ են հնչում, սակայն վստահ եմ, որ բոլոր քաղաքական խնդիրները, որքան էլ որ անլուծելի թվան, վաղ թե ուշ անցյալ կդառնան: Քաղաքական գործիչների իմաստությունը կայանում է նրանում, որ չկենտրոնանան այսօրվա խնդիրների վրա, այլ մտածեն վաղվա օրվա մասին:

– Հաշվի առնելով Լարսի շուրջ ընթացող գործընթացները, ի՞նչ կարող է լինել այս հարցում:

– Ինչ վերաբերում է Լարսի այլընտրանքի հարցին, ապա միանգամից կարող եմ ասել, որ Աբխազիայով ճանապարհի բացման մասին խոսք լինել չի կարող:  Ավելի շատ խոսք է գնում Հարավային Օսեթիայով ավտոմեքենաների ճանապարհի մասին: Իմ կարծիքով հենց այս ճանապարհի շուրջ համաձայնության մասին է խոսք գնում:

 – ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ընդգծեց, որ Հայաստանը հետաքրքրված է, որ մեր երկիրը Վրաստանի քաղաքացիների համար դառնա ոչ միայն զբոսավայր, այլև ներդրումների համար լավ տարածք: Ըստ Ձեզ, ի՞նչը կարող է նպաստել Վրաստանից ներդրումների աճին դեպի Հայաստան:

– Հայտարարությունն ինքնին լավն է, սակայն բիզնեսմենների և զբոսաշրջիկների հետաքրքրվածությունը չի առաջանում չինովնիկների հայտարարություններից: Բիզնեսին անհրաժեշտ է հետաքրքրվել այն հնարավորություններով, որոնք ունեն հարևան երկրները: Ընդգծեմ, որ տնտեսական կապեր կան և վատ չեն գործում: Դե իսկ ավելի բարձր մակարդակի անցնելու համար անհրաժեշտ են կոնկրետ պայմանավորվածություններ` ինչպես կառավարությունների, այնպես ել բիզնես-շրջանակների կողմից:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս