Ռուսաստանը գույքագրում է հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ. Արմեն Բադալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 14-ին Սերժ Սարգսյանը պատրաստվում է երկօրյա այցով մեկնել Մոսկվա: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն` հղում անելով ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին: Ի՞նչ հնարավոր թեմաներ կքննարկվեն հանդիպման ժամանակ, եւ ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից: «Ժողովուրդ»-ի զրուցակիցը քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն է:

-Պարո՛ն Բադալյան, մարտի 14-ին երկօրյա այցով Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա: Նշվում է, որ ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպումը կկազմակերպվի երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակներում: Արդյո՞ք իրականում սա է լինելու հանդիպման առիթը:

-Առիթը կարող է դա լինել, եւ չի բացառվում, որ հենց դա է, որովհետեւ եթե նայեք Ռուսաստանի նախագահի` մի քանի օր առաջ տեղի ունեցած այցերը միջինասիական երկրներ, ապա կտեսնեք, որ առիթը նույնպես դա է, այդ դեպքում՝ Ռուսաստանի՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 25-ամյակը:

Բայց երբ որ ուսումնասիրում ենք ռուս քաղաքագետների գրածները, տեսնում ենք, որ այստեղ որոշակի ենթատեքստ կա, մասնավորապես՝ Ռուսաստանը ցանկանում է, այսպես ասենք, գույքագրել իր հարաբերությունները, տեսնել ինչ վիճակ է, ինչ իրադրություն է եւ այլն:

Կարելի է ենթադրել, որ նույնը տեղի է ունենալու Հայաստանի պարագայում՝ հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, թե Եվրամիության հետ ավարտել են համապատասխան քաղաքական ասոցացման պայմանագրի կնքման աշխատանքները, ինչպես նաեւ վերջերս նախագահը եղավ ՆԱՏՕ-ի շտաբ կայանում եւ այնտեղ նույնպես բանակցություններ վարեց ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ: Բնականաբար Ռուսաստանի ղեկավարությունը կցանկանար իմանալ, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ներկայումս ինչ վիճակում եմ: Չնայած իրականում գիտի, բայց ամեն դեպքում ստուգելը չի խանգարի:

-Իսկ արդյո՞ք քննարկման օրակարգի առանցքային հարցերից չի լինի արցախա-ադրբեջանական սահմանի լարված վիճակը, Ադրբեջանի վերջին ռազմական սադրանքները:

-Երբ որ ասում ենք Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններ, նկատի ունենք ոչ միայն զուտ Հայաստան-Ռուսաստան պետությունների փոխհարաբերությունները: Այսինքն՝ Հայաստանի նաեւ արտաքին քաղաքականության հարցերը պետք է քննարկման առարկա դառնան, իսկ ադրբեջանական խնդիրը բնականաբար Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր հարցերից մեկն է, եւ ինչպես գիտենք՝ ղարաբաղյան հարցը Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է գտնվում:

Ամենայն հավանականությամբ նաեւ ինչ-որ չափով ներքաղաքական հարցեր կքննարկվեն, որովհետեւ չմոռանանք, որ այստեղ սպասվում են ընտրություններ, այստեղ կա վարչապետի հարցը, կա խորհրդարանում ցանկալի պատկեր ստանալու հարցը եւ այլն:

Ռուս քաղաքագետները նշում են, որ, օրինակ, հանդիպման ժամանակ Ղրղզստանի նախագահը քննարկել է իր ժառանգորդի հավանական թեկնածուների հարցը: Ենթադրում եմ, որ Հայաստանը, լինելով ԱՊՀ երկրներում Ղրղզստանի մակարդակի երկիր, այս հարցը եւս քննարկման առարկա կդիտի:

-Ինչպես արդեն նշվեց՝ Հայաստանը պատրաստվում է ստորագրել ԵՄ հետ շրջանակային համաձայնագիրը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ հանդիպման ընթացքում այս մասով ՌԴ կողմից լինեն որոշակի ճնշումներ, խանդի դրսեւորումներ:

-Ո՛չ, այդ հարցը չի քննարկվի, այսինքն՝ կքննարկվի, թե ինչ չափով լինել Եվրամիության հետ հարաբերություններում, դա կքննարկվի, բայց ինչ չափով Հայաստանը պետք է լինի Եվրազեսի մեջ, դա չի քննարկվի, որովհետեւ դա Մոսկվան է որոշում: Եթե խանդի դրսեւորումներ լինեն, ապա դա անմիջապես կերեւա ղարաբաղյան ճակատում, սա մեկ, երկրորդ՝ Հայաստանի ղեկավարությունը այն կշիռը կամ այն գործոնները չունի, որի վրա հենվելով՝ կարողանա Եվրամիության հետ ունենալ Եվրազեսի չափ հավասար հարաբերություններ:

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ստորադասվելու են Հայաստան-ԵՏՄ հարաբերություններից, սա արդեն քննարկման առարկա չէ, եւ Հայաստան-Եվրամիություն սպասվելիք հարաբերություններն էլ հիմնականում կարող ենք ասել, որ ԵՄ կողմից իրականացվող քաղաքականություն է, որի նպատական է Եվրամիության, այսպես ասած, չինովնիկների կողմից ցույց տալ, որ իրենք ինչ-որ գործ են անում Հայաստանի հետ ինտեգրման քաղաքականություն իրականացնելու համար, ոչ ավելին:

Առավել եւս՝ այն փաթեթը, որ պետք է ստորագրվի, ճիշտն ասած ոչ մի էական առնչություն չունի նախկին ստորագրման փաստաթղթի հետ, սա ավելի շուտ կենացներ է հիշեցնում, քան լուրջ ինչ-որ փաստաթուղթ: Ուստի չեմ կարծում, որ Ռուսաստանը այդպիսի մի փաստաթղթի պատճառով խանդի:

Վահագն Հակոբյան




Լրահոս