Հեռուստատեսային մրցութային նախագծերի պակաս կա. Իռեն Ուլիխանովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոֆի Դեւոյանի «Հոգու եւ պարի» թատրոնի պարուհի Իռեն Ուլիխանովան, ով նախկինում հաճախ էր երեւում էկրաններին` մասնակցելով հեռուստատեսային տարբեր նախագծերի, վերջին շրջանում, կարծես, պասիվացրել է իր գործունեությունը: «Ժողովուրդ»-ը պարուհու հետ զրուցել է նրա ներկայիս ծրագրերի, պարարվեստի ոլորտի բացերի եւ այլ թեմաների շուրջ:

-Իռե՛ն, առաջիկայում Ձեզ կտեսնե՞նք հեռուստատեսային նոր նախագծերում:

-Ինձ մոտ այժմ ստեղծագործական շրջան է, ունեմ պարային խմբեր, «Հոգու եւ պարի» թատրոնի փորձավարն եմ, դասավանդում եմ ԵՊՀ ուսանողների, փոքրիկների: Հեռուստատեսային նախագծերում դեռեւս մասնակցություն չունեմ, բայց, կարծում եմ, առաջիկայում կունենամ:

Զբաղվածություն ունեմ նաեւ կոորպորատիվ միջոցառումներում, որոնք կազմակերպում ենք ամուսնուս` Վահագն Գրիգորյանի հետ: Ինքս մի նախագիծ հեղինակելու գաղափար ունեմ, եթե այն կյանքի կոչվի, ես կլինեմ նաեւ հաղորդման վարողը:

-Նկատելի է, որ ինչպես երգարվեստի, այնպես էլ Ձեր ոլորտի համերգները պակասել են, ավելի հազվադեպ են կազմակերպվում նման միջոցառումներ:

-Այո՛, ցավալի է, բայց եթե պարային խումբը պետական չէ, համերգներ կազմակերպելը նրա համար դժվար է դառնում: Պետական խմբերին, որքանով տեղյակ եմ, պետությունը տրամադրում է դահլիճներ, եւ նրանք վարձակալության խնդիր չեն լուծում: Իսկ ոչ պետական խմբերը կանգնում են ֆինանսական խնդիրների առաջ:

Շատ կցանկանամ, որ մեր մշակույթի նախարարը ուշադրություն դարձնի այս խնդրին, եւ, բացի այդ, կուզենամ, որ մեր երկրում հաճախակի կազմակերպվեին պարային մրցույթներ, մրցանակաբաշխություններ եւ այլն: Դրանք ոգեւորիչ կլինեն նաեւ այն պարողների համար, որոնք, ավարտելով ուսումնական հաստատությունները, հաճախ չեն պատկերացնում` ինչպես պետք է դասավորեն իրենց ապագան:

-Իսկ մրցույթների, փառատոների կազմակերպումը ինչո՞ւ է մեզ համար խնդիր:

-Կա հիմնական խնդիր. դու կարող ես կազմակերպել մրցույթ, բայց խնամի-ծանոթ սկզբունքը գործի եւ այն դառնա ոչ օբյեկտիվ: Շատ կցանկանամ, որ մեզ մոտ պրոֆեսիոնալ մակարդակով կազմակերպվեն փառատոներ, ժյուրիի կազմում լինեն բարձրակարգ մասնագետներ, որոնք մասնակիցներին կգնահատեն առանց միջնորդության:

Նաեւ հեռուստատեսային մրցութային նախագծերի պակաս կա: Ուղղակի մեր երկրում, չգիտեմ ինչու, պարին ուշադրություն չեն դարձնում: Այնինչ՝ մենք ունենք բարձրակարգ պարողներ, որոնցից շատերը չեն զիջում արտերկրի առաջատարներին:

-Ձեր շրջապատից շատե՞րն են արտերկրում ինքնահաստատվում, այնտեղ գործունեություն ծավալում:

-Այո՛, մենք արտերկրում շատ լավ պարողներ ունենք, հիմնականում` տղաներ: Օրինակ` Գերմանիայում, Շվեյցարիայում բարձր են գնահատում նրանց տաղանդը: Վերջիններս էլ բարձր են պահում մեր երկրի անունը: Լավ կլիներ, որ նրանց անունները հենց այստեղի բեմերում թնդային:

Բայց նրանք գնացել են դուրս, որպեսզի գումար վաստակեն: Եթե գան, միանշանակ, առաջինը բախվելու են ֆինանսական խնդիրների: Ինչպես Հայաստանում մշակույթի բոլոր ոլորտների, այնպես էլ մեր բնագավառի ներկայացուցիչները ունեն քիչ վարձատրվելու խնդիր. միայն պարելով դժվար է պահել ընտանիքը:

-Քանի որ դասավանդում եք, կարծում եմ` լավ ծանոթ եք այն պարողների խնդիրներին, որոնք նոր են փորձում մուտք գործել ասպարեզ:

-Իհարկե, նախ` նրանք ընտրության առաջ են կանգնում` ուսումնական որ հաստատությունն ընտրեն, որ լավ մասնագետ դառնան: Մեզ պետք է կրթության որակ, որը կհամապատասխանի հայկական եւ միջազգային ստանդարտներին: Մեզ անհրաժեշտ են նաեւ այդ ստանդարտներին համապատասխան դահլիճներ, որակյալ կրթական համակարգ, տարբեր երկրներում մասնագիտացած դասախոսներ եւ այլն: Հուսով եմ` առաջիկայում այս խնդիրներին ինչ-որ կերպ լուծում կտրվի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս