Ադրբեջանը վերջին օրերին սկսել է ակտիվացնել դիվերսիոն եւ հարձակողական գործողությունները: Ինչո՞ւ հիմա, ի՞նչ ուղերձ են ադրբեջանցիների այդ գործողություններն իրենց մեջ պարունակում, եւ, ի վերջո, մինչեւ ե՞րբ ենք շարունակելու պաշտպանվել. «Ժողովուրդ»-ի զրուցակիցը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է:
-Պարո՛ն Շարմազանով, վերջին օրերին Ադրբեջանը կրկին սկսել է ակտիվացնել իր հարձակողական եւ դիվերսիոն գործողությունները: Ինչո՞ւ հիմա, ի՞նչ կոնկրետ ենթատեքստեր կան ազերիների այդ գործողություններում:
-Գոնե երկու պատճառ կամ առիթ կարող եմ նշել. առաջինը, այսպես կոչված, Խոջալուի 25-ամյակը ոչ այլ ինչ է, քան ֆիկցիա է, որովհետեւ Խոջալուն եղել է, եղել են ջարդեր, բայց այդ ջարդերի հեղինակը եղել են ադրբեջանական ժողովրդական ճակատի ներկայացուցիչները, ինչի մասին 91 թվականին «Նիզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի՝ այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը: Շատ հստակ Մութալիբովը ասել է, որ հայերը, հայկական զինված խմբավորումները, հայկական բանակը որեւէ առնչություն Խոջալուի ահաբեկչության կամ Խոջալուի ջարդերի հետ չունեն: Դա բացառապես ներադրբեջանական գզվռտոցների արդյունք է: Եւ երկրորդը՝ բնականաբար նախընտրական պրոցեսները: Ադրբեջանը ցանկացած նախընտրական պրոցեսների ընթացքում հույս է փայփայում, որ Հայաստանում թե՛ իշխանությունների, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակության ուշադրությունը կսեւեռվի նախընտրական գործընթացների վրա, եւ, միգուցե, ըստ իրենց կարճ խելքի՝ մենք ազգային անվտանգության ոլորտներում ունենանք բացեր: Բայց տեսաք` վերջին գործողությունները ցույց տվեցին, որ, ինչպես նախագահ Սարգսյանը նշեց, այս փուլում մենք պետք է ավելի զգոն լինենք եւ մենք տեսանք, որ Արցախի ինքնապաշտպանական ուժերը կարողացան փառքով կատարել իրենց գործողությունները եւ կոնկրետ դիվերսիոն այն խմբերին, ովքեր փորձում էին ներթափանցել մեր կողմ, չեզոքացրեցին:
-Հնարավո՞ր է՝ սա նաեւ պատասխան էր Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե եթե Ադրբեջանը փորձի նախընտրական այս փուլում ակտիվանալ, համարժեք պատասխան կստանա:
-Չգիտեմ՝ ինչ պատասխան էր, բայց պատասխանը մենք տվեցինք ու շատ համարժեք:
-Իսկ ըստ Ձեզ՝ որքանո՞վ այս լարվածության աճը կապ ունի Արցախում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հետ:
-Դե, նաեւ դրա հետ կապ ունի, բայց Ալիեւի տրամաբանությունը հաշվարկելը բարդ է, որովհետեւ իրենից ամեն ինչ սպասելի է, որովհետեւ եթե մարդ իր տիկնոջը նշանակում է առաջին փոխնախագահ, վաղը եթե որդուն նշանակի մեջլիսի նախագահ, հարս ունենա, հարսին նշանակի մեջլիսի փոխնախագահ, չգիտեմ, աղջկան նշանակի վարչապետ եւ այդպես շարունակ, պետք չէ զարմանալ, այդ մարդկանց տրամաբանությունը հետեւյալն է, եւ դժվար թե առողջ, ժողովրդավար տրամաբանությամբ մենք կարողանանք հաշվարկել Ալիեւի քայլերը, դրա համար մենք պետք է ցանկացած զարգացման պատրաստ լինենք:
-Ադրբեջանը հարձակողական եւ դիվերսիոն գործողություններով, ինչպես նաեւ դիպուկահարների գործադրմամբ վարում է մեզ հյուծելու քաղաքականություն: Մինչեւ ե՞րբ ենք շարունակելու պաշտպանվել:
-Ես չէ, որ պետք է այդ հարցին պատասխանեմ, այսինքն՝ մեր նպատակը Բաքուն գրավելը չէ, իսկ ռազմական, ռազմաքաղաքական որոշում կայացնողները հաստատ ինձնից եւ Ձեզնից շատ ավելի լավ ու մանրամասն են տիրապետում իրավիճակին եւ հաշվարկում բոլոր սցենարները: Համոզված եղեք՝ թե՛ Արցախում եւ թե՛ Հայաստանի Հանրապետությունում բոլոր սցենարներն ուշադրությամբ քննարկվում են: Մենք Բաքուն գրավելու նպատակ չունենք, մեր պայքարը 88 թվականին սկսել է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար, որպեսզի Արցախի ժողովուրդը չլինի Ադրբեջանի կազմում, եւ մենք հասցնելու ենք մեր միասնական պայքարը հաղթական ավարտի, մի տարի հետո կլինի, հինգ տարի հետո, թե տասը տարի հետո, սա է մեր խաչը, եւ մենք պետք է սա կրենք, մենք ուրիշ ճանապարհ չունենք: Պանթուրքիզմը որպես պետական քաղաքականություն առկա է այսօր, դժբախտաբար, թե՛ Թուրքիայում եւ թե՛ Ադրբեջանում: Քանի դեռ մեր երկու հարեւան թուրքական պետությունների ղեկավարները վարում են ոչ թե խաղաղությանը միտված, այլ լարումը եւ սպառնալիքները ավելացնելու քաղաքականություն, մենք պետք է անվտանգության համակարգը ավելացնենք, հզորացնենք, եւ սրանով է նաեւ պայմանավորված եղել, որ ՀՀԿ-ն գնում է ընտրությունների «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով, ոչ թե նրա համար, որ անվտանգությունը վատ ենք ապահովել, այլ զուտ այսօր մեր տարածաշրջանում իրադրությունն այնպիսին է, որ անվտանգության մարտահրավերը առաջնային է մեր երկրի համար:
-Պարո՛ն Շարմազանով, Համո Սահյանն ասել է՝ երկիրը պատկանում է իշխանություններին, պատերազմի ժամանակ անունը դնում են հայրենիք ու տալիս ժողովրդին: Համաձա՞յն եք:
-Ես համոզված եմ, որ հայրենիքը պատկանում է բոլորիս, Նժդեհն է ասել, իսկ Անդրանիկն ասել է՝ հայրենիքը նախ եւ առաջ պատկանում է ժողովրդին: Եւ երբ որ 18 թվականին, կարծեմ, Խորսանում, Բաղրամյանի ջոկատը հրաժարվեց կռվել, Անդրանիկը նրան կանչեց, մի հատ սիրուն ապտակ տվեց եւ ասաց, որ անկախ նրանից, թե ով է իշխանությունը, դու պետք է պայքարես քո հայրենիքի համար, եւ Բաղրամյանն ասաց, որ Անդրանիկի այդ ապտակը նրան սարքեց մարշալ: Պետք է լսենք Անդրանիկին, Նժդեհին եւ, առհասարակ, մեր արյան կանչին, իսկ մեր արյան կանչը մի բան է ասում՝ թուրքի, ադրբեջանցու համար մենք բոլորս հայ ենք: Իշխանությունները, կուսակցությունները գալիս են ու կգնան, Հայաստանը եւ Աստված հավիտենական են:
ՍԱՏԱՐԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը՝ նույն ինքը՝ Բելաջոյի Գրիշը, չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին. որեւէ քաղաքական ուժի ցուցակում պատգամավորն այս անգամ ընդգրկված չէ: Վերջին շրջանում էլ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Մարգարյանը արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ այնտեղ զբաղվում է գործարարությամբ: Ինչո՞ւ գործարար պատգամավորը չի ընդգրկվել որեւէ կուսակցության ցուցակում եւ արդյո՞ք պատրաստվում է ընտրություններից հետո մեկնել Հայաստանից: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Գրիգորի Մարգարյանի հետ:
-Պարո՛ն Մարգարյան, առաջիկա խորհրդարանական ընտրություններին, փաստորեն, չեք մասնակցելու: Ինչո՞ւ: Դա եղել է Ձեր անձնական ցանկությո՞ւնը այլեւս չզբաղվել քաղաքականությամբ եւ հեռանալ Ազգային ժողովից, թե՞, այնուամենայնիվ, ցանկացել եք շարունակել պատգամավորական գործունեությունը, սակայն Ձեզ չի հաջողվել որեւէ ցուցակում ընդգրկվել:
-Իհարկե, իմ ցանկությունն էր, ինչո՞ւ չպետք է հաջողվեր որ:
-Ձեր գործընկերներից շատերը, որոնք եւս մեծ ռեսուրսներ ունեին եւ կարող էին բավականին շատ քվեներ բերել՝ հօգուտ իրենց կուսակցության, այս անգամ դուրս մնացին ընտրապայքարից: Ասվեց, որ կուսակցության ղեկավարությունը նպատակահարմար չի գտել նրանց կրկին ԱԺ-ում տեսնել:
-Ուրեմն, ես երեք անգամ մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր եմ, եւ համոզված եղեք, որ բոլոր կուսակցություններից էլ առաջարկ ունեցել եմ՝ ընդգրկվելու այդ ուժերի ցուցակների մեջ, բայց ցանկություն չեմ ունեցել պարզապես, այդքան բան:
-Այնուամենայնիվ, մամուլում ակտիվորեն շրջանառվեց, որ Դուք ցանկանում եք վաճառել Ձեր բիզնեսները, հեռանալ երկրից եւ զբաղվել գործարարությամբ որեւէ այլ երկրում:
-Ես ասեմ Ձեզ, որ դա երեւակայության արդյունք է: Ես այս երկրից բացակայելու կամ արտագաղթելու որեւիցե նպատակ չունեմ եւ ես օֆիցիալ հայտարարել եմ, որ որեւիցե մի երկրում, բացի Հայաստանի Հանրապետությունից, որեէ մի բիզնես չունեմ եւ չեմ պլանավորում ունենալ:
-Եթե մնում եք Հայաստանում, թեկուզեւ չեք առաջադրվում, այնուամենայնիվ, ենթադրելի է, որ որեւէ կուսակցության կսատարեք: Ո՞ր կուսակցությունն է ստանալու Ձեր աջակցությունը:
-Իհարկե, Հայաստանի հանրապետական կուսակցությունը:
Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ
ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՆ
2017թ. փետրվարի 6-ը դեռ երկար կմնա հայոց խորհրդարանի պատմության մեջ. մոտ տասը տարի պատգամավոր եղած ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը՝ Սասի Արտակը, այդ օրը առաջին անգամ որոշել էր տեղից ելույթ ունենալ: Մինչ դահլիճում բոլորը հետաքրքրությամբ, շունչները պահած սպասում էին նրա խոսքին, պարզվեց՝ խոսափողը չի միանում. փացել էր: Եւ ահա երեկ ԱԺ նիստի ժամանակ «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ Արտակ Սարգսյանի խոսափողը վերանորոգելու համար դահլիճ էին հրավիրել տեխնիկական մասնագետի, որը հենց նիստի ընթացքում փորձում էր լուծել այդ հարցը: Սակայն տեխնիկական մասնագետի ջանքերն ապարդյուն են. հազիվ թե այս գումարման խորհրդարանի նիստերին Արտակ Սարգսյանը որոշի եւս մեկ ելույթ պարգեւել հանրությանը: Այնպես որ, նրա խոսափողն այս անգամ էլ չի ծառայի բուն նպատակին: Այն լուսանկարներում ֆոն կապահովի ընդամենը:
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն այս գումարման խորհրդարանի ամենայուրօրինակ միավորն էր: Խորհրդարանի կազմավորումից որոշ ժամանակ անց՝ 2012թ. աշնանը, այն սկսեց փլուզվել. «Ժառանգության» ցուցակով պատգամավոր դարձած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչների հետ տարաձայնություններ սկսվեցին, Րաֆֆի Հովհաննիսյանը վայր դրեց մանդատը, նրա փոխարեն պատգամավոր դարձավ անկուսակցական Թեւան Պողոսյանը: Այդ ընթացքում ԱԴԿ ղեկավար Խաչիկ Քոքոբելյանը դուրս եկավ խմբակցությունից: Հետո խմբակցության հետ իր հարաբերությունները դադարեցրեց Ալիկ Արզումանյանը, թեեւ դե յուրե նա խմբակցության անդամ է համարվում: Եւ ստացվեց այնպես, որ «Ժառանգություն»-ում երկու հոգի էին այդ կուսակցության անդամ՝ Ռուբիկ Հակոբյանն ու Զարուհի Փոստանջյանը: Բայց հետո Հակոբյանն էլ դուրս եկավ այս կուսակցությունից՝ նաեւ հրաժարական տալով խմբակցության ղեկավարի պաշտոնից: Մոտ մեկ տարուց ավելի այս խմբակցությունը չուներ ղեկավար. կա միայն խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: Եւ ահա երեկ էլ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը լքելու մասին հայտարարեց Զարուհի Փոստանջյանը, որը նախորդ շաբաթ տարաձայնությունների պատճառով դադարեցրել էր իր անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Ու հիմա ստացվել է այնպես, որ «Ժառանգություն» խմբակցությունում «Ժառանգություն» կուսակցությունից չկա որեւէ մեկը: Ի դեպ, երբ երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց խմբակցությունից Փոստանջյանի դուրս գալու մասին, դահլիճում նստած պատգամավորներից մի քանիսը՝ ՀՀԿ շարքերից, կատարվածը ողջունեցին բուռն, ոգեւորված ծափահարություններով: