Ինչու է նախընտրական շրջանում սննդամթերքը թանկանում. մեկնաբանում է տնտեսագետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին աճել են պարենային ապրանքների գները: Ըստ ԱՎԾ-ի՝ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է 2.5 տոկոս: Հիմնականում թանկացել են միրգը եւ բանջարեղենը՝ մոտ 20 տոկոսի չափով, ձկնամթերքը՝ մոտ 1.9 տոկոսով, շաքարավազը՝ 16.3 տոկոսով: 1.5 տոկոսով էլ թանկացել են ալկոհոլն ու ծխախոտը: Իսկ ահա ծառայությունների եւ ոչ պարենային ապրանքների շուկայում, ընդհակառակը, գնանկում է արձանագրվել:

Օրինակ՝ այս տարվա փետրվարին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը մրգի շուկայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրել է 20.8 տոկոս գնաճ: Նույն ժամանակահատվածում թանկացել է նաեւ ձկնամթերքը՝ 1.9 տոկոսով: Իսկ ահա մսամթերքի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 1 տոկոս: Յուղերի ու ճարպերի դեպքում նույնպես թանկացումներ են արձանագրվել՝ 0.4 տոկոսի չափով: Առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներից շաքարավազը այս տարվա փետրվարին, անցած տարվա նույն ամսվա համեմատ, 16.3 տոկոսով թանկացել է:

Հայաստանում նախընտրական շրջանում արձանագրված գնաճը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ո՞րն է թանկացման պատճառը, ի՞նչ կարգով է վերահսկվում գնաճը շուկայական հարաբերություններում, ինչո՞վ է պայմանավորված լայն սպառման, առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը: Սակայն հնչեցված հարցերը պատասխան չունեն: Քանի որ մեր հանրապետությունում գործող պետական մարմինը՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը կոչված է վերահսկելու ապրանքատեսակների անհիմն թանկացումները, այս օրերին որեւէ տեսանելի գործունություն չի ծավալում այդ ուղղությամբ:

Թերեւս բացառություն է կազմում շաքարավազի շուկան: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շաքարավազի թանկացման հետ կապված դժգոհությունների հետքերով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մոտ մեկ ամիս է, ինչ ուսումնասիրություններ է անցկացնում շաքարավազի շուկայում: Հուսանք՝ այս ուսումնասիրությունները չեն արժանանա բենզինի շուկայում կատարված ուսումնասիրությունների ճակատագրին: Հիշեցնենք, որ նույն կառույցը հունվարին բենզինի շուկայում արձանագրված կտրուկ թանկացման վերաբերյալ նույնպես ուսումնասիրություններ կատարեց, սակայն անպտուղ. բենզինը շարունակվում է վաճառվել թանկ գնով:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով ապրանքատեսակների թանկացումներին, հայտարարեց, որ իր համար դա զարմանալի է այնքանով, որ զուտ տնտեսագիտական առումով թանկացման հիմք չկա: «Եթե նույնիսկ պատկան մարմինները փորձեն այդ թանկացումները հիմնավորել մատակարարման կամ այլ պատճառներով, միեւնույն է՝ ես կարող եմ ասել, որ համաշխարհային տնտեսության վերջին 25 տարվա պատմության մեջ 2016 թվականը ցածր գների առումով աննախադեպ տարի է եղել:

Ես չեմ կարծում, որ այս տարվա առաջին երկու ամիսներին այնպիսի իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում, որոնց արդյունքում ապրանքների գները կտրուկ աճել են: Կամ դրսից ներկրվող ապրանքատեսակների վրա դրանք ազդեցություն են թողել: Բնավ ոչ: Ուղղակի սա մեր շուկային բնորոշ մենաշնորհային հերթական ամբարտավան քայլն է շուկայի մասնակիցների, հիմնականում՝ մատակարարների կողմից»,- նկատեց Խաչատրյանը: Մեր զրուցակիցը համոզված է, որ Հայաստանի տնտեսությունը մենաշնորհային է, որտեղ նոր մարդկանց, տնտեսվարողների մուտքը սահմանափակված է:

Իսկ այդ իրավիճակում որոշողը ոչ թե շուկան է, այլ իշխանությունը: Նրա պնդմամբ՝ այս ամենի արդյունքում է, որ հիմա մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գները բարձրացել են: «Նախընտրական այս ժամանակահատվածում դա ապացուցեց, որ գործող իշխանության համար ոչ մի նշանակություն չունի ժողովրդի քվեն, մեր քաղաքացիների վերաբերմունքը իրենց նկատմամբ: Քանի որ իրենք համոզված են, որ իրենց քվեն այսպես թե այնպես առնելու են»,- լրացրեց տնտեսագետը:

Նկատենք, որ Հայաստանում սովորաբար ընտրություններին նախորդող շրջանում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները էժանանում էին, ապա՝ ամիսներ անց կրկին թանկանում: Մասնագետների ներկայացմամբ՝ այսպես իշխանությունները փորձում էին հետ ստանալ իրենց տված ընտրակաշառքները: Սակայն այս խորհրդարանական ընտրություններում իշխանությունների ձեռագիրը փոխվել է: Սա նույնիսկ հասարակ քաղաքացու աչքից չի վրիպում: Այս անգամ թանկացումներ արձանագրվել են սննդամթերքի բոլոր շուկաներում: Հուսանք, որ բաժանվող ընտրակաշառքների գումարները հետ բերելու մղումը չի հանգեցնի ընտրություններից հետո նոր՝ էլ ավելի մեծ թանկացումների:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս