Ապարան քաղաքի Բաղրամյան 28 հասցեում գտնվող երկհարկանի շենքը փլուզման եզրին է: Բնակիչների խոսքով՝ տարիներ շարունակ շենքից ամեն օր մի քար է ընկել: Դիմել են պատկան մարմիններին՝ քաղաքապետ, մարզպետ, կառավարություն, սակայն մինչ օրս որեւէ մեկը խնդրին լուծում չի տվել:
28 բնակարանից բաղկացած շենքը բնակեցված է 22 բնակարաններով: Մյուսների դռները փակ վիճակում են: Տարհանման պատճառը, ըստ բնակիչների ու փրկարարների, շենքի հիմնական պատի թեքվելն է եղել:
Ապարանի փոխքաղաքապետ Գեորգի Երեմյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ տարհանման հենց նույն գիշերը բնակիչները վերադարձել են իրենց բնակարաններ: Ըստ փոխքաղաքապետի՝ Ապարանում ավելի վատ վիճակի շենքեր կան.«Գիշերը գնացել են իրենց տները, ահազանգ ա եղել, փրկարարներն եկել են, հանել մարդկանց տներից»,-ասաց նա ու շտապեց պնդել՝ շենքում մնալը վտանգավոր չէ:
Հետաքրքրական է, սակայն, այն, որ Երեմյանը իր պնդումներն է անում՝ առանց հիմնվելու սեյսմիկ ծառայության ուսումնասիրության վրա: Ի վերջո, միայն այդ կառույցն իրավունք ունի տալու եզրակացություն՝ վտանգավո՞ր է, թե՞ ոչ:
Երեմյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք առանց հստակ եզրակացության թույլատրելի էր բնակիչներին գիշերել շենքում, պատասխանը, մեղմ ասած, տարակուսելի էր.«Բա որդե՞ղ էինք էդքան բնակիչներին տեղավորելու, կամ հո՞ զոռով չէինք ասելու՝ չմտնեք ձեր տները»:
Շենքը, ըստ փոխքաղաքապետի՝ երրորդ կարգի վթարայնություն ունի: Ուսումնասիրությունները վերջին անգամ իրականացվել են 2003թ-ին, որի ժամանակ էլ շենքին տրվել է վթարայնության երրորդ կարգ: 14 տարի անց շենքի վիճակը միանշանակ լավանալ չէր կարող, իսկ այն, որ նոր ուսումնասիրություն իրականացնելու դեպքում շենքը կարող է ճանաճվել նաեւ 4-րդ աստիճանի վթարային, ոչ ոք չի հերքում:
Արագածոտնի փրկարարական վարչության պետ Արմեն Ամիջյանը դեպքի վայրում մեզ հայտնեց, որ բնակիչները փրկարարների կողմից տարհանվել են՝ ելնելով շենքի վտանգավոր լինելուց: Ըստ վարչության պետի՝ ինքն անձամբ է զեկուցել մարզպետին ու պատկան մարմիններին:
Բնակիչներն էլ իրենց հերթին վստահեցրին, որ շենքից տարհանելու ժամանակ հայտնել են, որ մի քանի օր հարազատների տանը գիշերելուց հետո ղեկավար մարմինները հստակ քայլեր կձեռնարկեն:
Փաստորեն, ստացվում է՝ պատկան մարմիններից Ապարանի քաղաքապետարանը բավարարվել է բնակիչներին միայն հետ ուղարկելով: Իսկ եթե պարզվի, որ շենքում բնակվելն իսկապես վտանգավոր է, եւ Աստված մի արասցե, տեղի ունենա փլուզում, ի՞նչ է անելու քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետի ու փոխքաղաքապետի, թե կրկին ասելու է՝ որդե՞ղ ենք էդքան բնակիչ տեղավորելու…:
Էդվարդ Արզումանյան
Վանաձոր