Վերջին օրերին ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ կողմերի հայտարարությունները հիշեցնում են հայտնի պատմությունը. «Եթե բոլորդ սուրբ եք, եկեղեցու խաչը ո՞վ գողացավ»: Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն իրենց հերթին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հերթին պնդում են ԼՂ խնդրի կարգավորման գնալու պատրաստակամության մասին: Բայց երբ հերթը հասնում է խնդրի կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր անելուն, հակամարտության կողմերը ետ են կանգնում բոլոր պայմանավորվածություններից:
Եւ այսպես՝ Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ Իլհամ Ալիեւը՝ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին (ի դեպ, նախորդ շաբաթ էլ Սերժ Սարգսյանն էր Փարիզում հանդիպում ունեցել Օլանդի հետ): Այդ հանդիպումների ժամանակ քննարկումների առանցքային թեման եղել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Պուտինի հետ առանձնազրույցին հաջորդած ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Մանրամասն քննարկեցինք մեր տարածաշրջանում անվտանգության թեման՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԼՂ խնդրի կարգավորմանը, բանակցային գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահողների ներդրումը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործում: Տեղի ունեցած բանակցությունների ընթացքում կրկին ընդգծվել է 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանման եւ կատարման կարեւորությունը: Ընդգծվել է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Մենք համակարծիք ենք, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը բացարձակապես անթույլատրելի է եւ վնասում է խաղաղ գործընթացին»:
Իսկ Փարիզում Ալիեւն ասել է. «Հայաստանը չպետք է խուսափի բանակցություններից: Ստատուս քվոն անընդունելի է: Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ ստատուս քվոն ընդունելի չէ: Մենք նույնն ենք ասում․ ցանկանում ենք, որ ստատուս քվոն շուտափույթ փոխվի, հակամարտությունը դադարի, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, եւ տեղահանված ադրբեջանցիները կարողանան վերադառնալ իրենց հայրենի հողերը… ԼՂ-ն Ադրբեջանի հողն է, եւ մեր երկրի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների թեմա լինել: Հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի հիման վրա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:
Փաստորեն, պետք է արձանագրենք՝ կողմերի հռետորաբանությունն այս ընթացքում ըստ էության չի փոխվել: Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը շարունակում են միմյանց մեղադրել հիմնախնդրի կարգավորումը ձգձգելու մեջ՝ հայտարարելով բանակցային գործընթացն առաջ մղելու պատրաստակամության մասին, բայց եւ միաժամանակ յուրաքանչյուրը թելադրելով իր պայմանները: Ասել է՝ իրականում ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանն անկեղծ չեն հակամարտության կարգավորման գնալու իրենց հայտարարություններում: Բայց այս պահվածքն ամենեւին էլ նորություն չէ. բանակցային գործընթացից առաջ նրանք միշտ էլ նման «անզիջում» կեցվածք են ցուցաբերում, հետո համաձայնում են նստել բանակցային սեղանի շուրջ, Մադրիդյան սկզբունքների շուրջ քննարկումներ ծավալել ու վերջում կրկին չեն հանգում որեւէ պայմանավորվածության, եւ այդպես՝ արդեն ավելի քան 20 տարի:
Այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. հիմա Հայաստանը դիվանագիտական առումով գտնվում է համեմատաբար շահեկան վիճակում: Ի վերջո, պաշտոնական Երեւանն Ադրբեջանից նախ եւ առաջ պահանջում է կատարել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունները, ասել է, թե անել այն, ինչ Ալիեւը խոստացել է նաեւ միջազգային հանրությանը: Ու եթե այսքանից հետո Հայաստանին չի հաջողվում ստիպել Ադրբեջանին կատարել խոստումը, հատկապես, երբ Հայաստանի հետ համակարծիք է միջազգային հանրությունը, նշանակում է՝ խնդիրը մեր երկրի ու իշխանությունների թուլության մեջ է: Առավել եւս, երբ Վլադիմիր Պուտինը պնդում է՝ ՌԴ-ն շարունակում է աջակցություն ցուցաբերել ԼՂ հակամարտությունում փոխընդունելի լուծումների որոնման հարցում ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ Երեւանի ու Բաքվի հետ ուղիղ կոնտակտների միջոցով: Օլանդն էլ իր հերթին է ասել. «Մենք համարում ենք, որ ընդհանուր ուրվագծերը հայտնի են, եւ կարելի է գտնել այդ ձգձգված հակամարտության կարգավորման ուղիները»:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ