Մոսկվան աջակցում է Երևանին, սակայն շարունակում է զենք վաճառել Բաքվին. «Նեզավիսիմայա գազետա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն ու Հայաստանը շարունակում են ակտիվ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը: Այն ուղղված է պաշտպանական ոլորտում հետագա ինտեգրմանը՝ կապված երկու պետությունների զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծման հետ, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:

Պարբերականի խոսքով՝ այդպիսին էր Ռուսաստան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի արդյունքներից մեկը: «Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպումն անցավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց ստացված մտահոգիչ հաղորդագրությունների ֆոնին, որտեղ վերջին ժամանակներս հաճախակի են դարձել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Անդրադառնալով այդ խնդրին՝ նախագահները հաստատել են հակվածությունը բացառապես խաղաղ միջոցներով հակամարտության կարգավորմանը»,-գրում է պարբերականը:

«Նեզավիսիմայա գազետա»-ն նշում է, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ է:

«Մոսկվան որպես միջնորդ ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման համար՝ փորձելով պահպանել Բաքվի և Երևանի հետ բարեկամությունը»,-գրում է պարբերականը:

Ընդ որում, ինչպես ընդգծում է պարբերականը, Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական ինտեգրման մակարդակն առավել մեծ է, քան Ադրբեջանի հետ: Հանդիպելով Վլադիմիր Պուտինի հետ ՝ Սերժ Սարգսյանը հատուկ նշել էր միավորված զորախմբի մասին միջպետական համաձայնագրի ստորագրման կարևորությունը:

«Անկասկած, այդ փաստաթղթերը կնպաստեն Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության հետագա ամրապնդմանը»,-նշել էր Սերժ Սարգսյանը:

Պարբերականը հիշեցնում է Հայաստանին մատակարարված «Իսկանդեր»-ների մասին, որոնք նպատակ ունեին «տարածաշրջանում հավասարակշռել ռազմական իրավիճակը»:

Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ բացի «Իսկանդեր»-ներից, Ռուսաստանը Հայաստանին «Սմերչ» հրթիռային համակարգեր, С-300 զենիթահրթիռային համակարգեր,  «Իգլա-Ս» համակարգեր, տարբեր տեսակի զենք, նռնականետեր, «Տիգր» զրահամեքենաներ, ինչպես նաև ինժեներային միջոցներ և կապի այլ միջոցներ է մատակարարել:

Բացի այդ, պարբերականը նշում է, որ Ռուսաստանը զարգացնում է նաև Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը:

Ավելի վաղ ռուսական մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ 2010-2014թթ. Բաքուն Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում 4 միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել:




Լրահոս