ԾԵԾԻ ԳՈՐԾԸ ՓԱԿՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավանաբար հիշում եք՝ նախընտրական առաջին լուրջ միջադեպը գրանցվեց Արարատի մարզում. փետրվարի 23-ի գիշերը ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներ Արայիկ Գրիգորյանը, խախտելով պայմանավորվածությունը, շտաբ էր բացել մեկ այլ ՀՀԿ-ական թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին, նա էլ հրահանգել էր հարձակվել ու ծեծի ենթարկել Գրիգորյանի շտաբի պատասխանատուին: Արդյունքում` Սամվել Հակոբյանը մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվեց նախ՝ Մասիսի բժշկական կենտրոն, այնտեղից էլ` «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ոստիկանները փութաջանորեն հետաքննում էին տեղի ունեցածը, սակայն այդպես էլ «հանցանք չգտան»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս առիթով իրականացված քննությունն ավարտվել է, եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4 կետի համաձայն՝ որոշում կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Պատճառը, իհարկե, բողոքի բացակայությունն է: Այսինքն՝ Արայիկ Գրիգորյանը, որ միջադեպի օրը հրապարակավ խոստացել էր պատժել «Մուրադիկին», ոչ միայն վայր է դրել զենքերը, այլեւ հրահանգել իր թիմակից Սամվել Հակոբյանին, որ հանկարծ չբողոքի իր գլխին մոտ 6 հարված հասցնելու առիթով:
Ենթադրվում է, որ այս ճակատագրին կարժանանան նաեւ այս օրերին ՀՀԿ-ականների մասնակցությամբ արձանագրված մյուս նախընտրական միջադեպերը նույնպես: Իսկ տեղի ունեցածը եւս մեկ անգամ փաստում է, որ Սերժ Սարգսյանի խոստումը` ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու մասին, իրականում գոյություն չունի: Պարզապես երեւույթները ծածկադմփոց են անում՝ փորձելով ջրից չոր դուրս բերել իրենց կուսակիցներին: Տեղի ունեցածը հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունները նույն «հանդուրժողականությունը» կդրսեւորեն նաեւ ընտրակեղծարարների նկատմամբ:

 

 

 

Խորհրդարանական ընտրությունների ռեյտինգային այս ընտրակարգը լուրջ դժգոհություն է հարուցել ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունների մոտ, այլեւ հենց Հանրապետական կուսակցության շարքերում: Այդ ընտրակարգից դժգոհել են հատկապես այն պատգամավորները, որոնք ժամանակին խորհրդարանում կողմ են քվեարկել ԸՕ նախագծին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ ՀՀԿ-ականներն իրենց դժգոհությունը հայտնել են նաեւ ԸՕ հեղինակ Դավիթ Հարությունյանի մոտ՝ նրան մեղադրելով «կաբինետում նստած» ընտրական խառնաշփոթ ստեղծելու, թիմի անդամներին իրար դեմ հանելու մեջ: Դ. Հարությունյանն էլ իրեն հատուկ ժպիտով պատասխանել է, որ թեեւ ինքն է եղել նախագծի հեղինակը, բայց այդ օրենքն ընդունել են պատգամավորները, հետեւաբար պետք չի ողջ պատասխանատվությունն իր վրա գցել: Այս առիթով մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց անձամբ Դ. Հարությունյանին, որը միայն նշեց. «Ճիշտ է այն, որ ոմանք ունեցել են այլ կարծիք»:

 

 

 
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թեեւ գլխավորում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ցուցակը, սակայն չի մասնակցում նախընտրական հանդիպումներին: Երեկ Կոտայքի մարզում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հանդիպմանը չկար նաեւ ցուցակի երկրորդ հորզիոնականը զբաղեցնող ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանից «Ժողովուրդ»-ը երեկ հետաքրքրվեց՝ արդյո՞ք սա նոր մարտավարություն է: «Լեւոն Տեր-Պետրոսյանի մի հոդվածը, մի ելույթը հազարապատիկ ավելին է, քան Ձեր ասած՝ տեղում մի հատ հանդիպումը, ու եկեք խոստովանենք, որ այսօրվա նախընտրական փուլի թիվ մեկ թեման խաղաղության ծրագիրն է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած, այսինքն՝ ինքն է որոշում իր մասնակցության ֆորմատը»,- մեկնաբանեց նա: Ինչ վերաբերում է «Գելափ»-ի վերջին հարցումներին, թե ընտրապայքարում առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է, երկրորդը՝ ՀՀԿ-ն, Մանուկյանը նշեց. «Ե՞րբ է «Գելափ»-ը ճիշտ ասել որ, ե՞րբ է տեղական ֆինանսներով եւ տեղական քաղաքական պատվերով աշխատող կառույցը անաչառ ներկայացրել պատկերը»:

 

 

 
Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ 30 կետից բաղկացած նախընտրական ծրագիրը շրջանցել է մի շատ կարեւոր թեմա. այնտեղ որեւէ խոսք չկա ԼՂ հիմնախնդրի մասին: ՀՎԿ-ն մեկ նախադասությամբ անգամ չի ներկայացրել Հայաստանի համար կարեւորագույն նշանակություն ունեցող այս հարցի լուծման իրենց տեսլականի մասին: Փոխարենը պոպուլիստական խոստումների շարան է ներկայացրել է՛լ ավանդները վերադարձնելու, է՛լ կոմունալ վարձավճարները նվազեցնելու, է՛լ հիփոթեքային վարկերն առանց կանխավճարի դարձնելու մասին: Ի դեպ, այս կուսակցությունն իր նախընտրական ծրագրում անգամ պրոֆեսիոնալ վարձատրվող բանակի անցնելու մասին դրույթ ունի, բայց ԼՂ խնդրի մասին՝ ոչ մի խոսք: Ինչո՞ւ: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց այս կուսակցության խոսնակ Էդգար Առաքելյանին, որը նշեց. «Մեր 30 կետերի մեջ արտաքին քաղաքական բաժնի հետ կապված, բնականաբար Ղարաբաղի թեման էլ կա, ընդհանրապես Հայաստանի անվտանգության թեման էլ կա»: Թե ՀՎԿ 30 կետերից ո՞ր մեկն էր նվիրված ԼՂ խնդրին, պարզ չէ. բոլոր 30 կետերը կարդալով՝ միայն մեկ անգամ հանդիպեցինք Արցախ բառին, այն էլ հետեւյալ նախադասության մեջ. «Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդում»:

 

 

 
ՉԴԻՎԱՆԱԳԻՏՈՐԵՆ
ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը երեկ լրատվամիջոցներից մեկի միջոցով արձագանքել է ռուս հայտնի լրագրող, հրապարակախոս եւ գրող Վլադիմիր Սոլովյովի` նախօրեին Երեւանում հնչեցրած քննադատությանը: Սոլովյովը, հիշեցնենք, լրագրողի հարցին ի պատասխան՝ կրկնել էր դեռեւս անցած տարի մայիսին արած իր հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանը մատնված է անգործության՝ ի տարբերություն Ադրբեջանի իր գործընկերոջ: «Ո՞վ է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանը, ո՞վ, Դուք նրան գիտե՞ք։ Ի պաշտոնե, գուցե, գիտեք, իսկ ո՞վ է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը՝ Փոլադ Բյուլբյուլօղլին, նա վառ անհատականություն է։ Ես մի բան չեմ հասկանում։ Նայեք, թե որքան էթնիկ հայեր կան ՌԴ Պետդումայում՝ սենատորներ, երբ սկսվեցին ապրիլյան իրադարձությունները, որտե՞ղ էին նրանք, ինչո՞ւ Պետդումայում լսումներ չնախաձեռնեցին, որտե՞ղ էր դեսպանն ու նրա գործունեությունը»,-նախօրեին ասել էր՝ Սոլովյովը՝ կանխավ զգուշացնելով, որ իր պատասխանը դուր չի գա մեզ: Սոլովյովը, սակայն, սխալվել էր, քանի որ նրա նշված դիտարկումները մեր հանրության մեծ մասի «սրտից» էին, իսկ եթե կար մեկը, որին դրանք դուր չեկան, դա դեսպան Օլեգ Եսայանն էր:
Եվ ահա, սույն դիվանագետը, որը տարիներ շարունակ Հայաստանի ու նրա քաղաքացիների համար բազմաթիվ շատ ավելի կարեւոր հարցերի շուրջ երբեւէ հանդես չէր եկել մեկնաբանությամբ, երեկ մի երկարաշունչ պոռթկմամբ անարգանքի սյանն է գամել ռուս լրագրողին՝ նրա հասցեին հնչեցված վիճահարույց գնահատականների շարքում նաեւ պնդելով, թե Սոլովյովը «ակնհայտ ստում է»՝ ասելով, թե չի ճանաչում իրեն: Նախ ինքնին փաստը, որ Մոսկվայում դեսպանի իր կարիերան ավարտող Եսայանը, փաստորեն, պաշտոնապես հայ ազգի բարեկամ հռչակված եւ Սերժ Սարգսյանի կողմից Պատվո շքանշանի արժանացած լրագրողին անվանում է «ստախոս», բավականին ուշագրավ է. ստացվում է, որ Սերժ Սարգսյանը շքանշաններով է պարգեւատրում ստախոսների՞ն: Օլեգ Եսայանը Սոլովյովի գնահատականը՝ իր մասնագիտական պասիվության մասին, որակել է որպես «անձնավորված ցինիզմի դրսեւորում», նրան համարել անձնական փառասիրության, դատավոր ու մեղադրող լինելու մոլուցք ունեցող եւ այլն, եւ այլն: Միով բանիվ՝ մասնագիտական գործունեության քննադատությանը անձնական որակումներով պատասխանող դեսպանն ընդամենը ավելորդ անգամ ի ցույց է դրել իր դիվանագիտական պատրաստվածության մակարդակը:
Չկիսելով որեւէ լրագրողի, առհասարակ, որեւէ անհատի կարծիքին երկիրը ներկայացնող պաշտոնյայի՝ դեսպանի մակարդակով արձագանքելու գործելաոճը, նկատենք, որ Եսայանի վրդովմունքը առնվազն տարակուսելի է. ի վերջո, եթե նա իսկապես ինչ-որ բան արած լիներ, ո՛չ Սոլովյովի, ո՛չ էլ որեւէ մեկի քննադատությանն այդքան ցավագին արձագանքելու կարիքը չէր ունենա:




Լրահոս