ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

2012թ. սեպտեմբերի 8-ին ապամոնտաժելու նպատակով պայթեցվեց Երեւանի կրկեսի շենքը: Դրանից մի քանի ամիս առաջ նույն նպատակով պայթեցվել էր կրկեսի շենքի գմբեթը: «Հայաստանի կրկեսային գործիչների միության» նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանի խոսքով՝ կրկեսը կունենա ութ հարկ, դահլիճում կլինի ոչ թե նախկինի նման 1563 տեղ, այլ կլինի 2500 տեղ: Եվ այսօր արդեն կարող ենք փաստել, որ կրկեսի արտաքին տեսքի վրա կատարվող աշխատանքը կարճ ժամանակ անց կմոտենա ավարտին: Սոս Պետրոսյանը հայտնել էր նաեւ, որ կրկեսի բացումը տեղի կունենա այս տարի՝ մինչեւ հոկտեմբեր: Կրկեսի շենքի վերակառուցմամբ զբաղվում է «Տաշիր գրուպ» ընկերությունը:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ գիտաշխատողներն իրավունք ունե՞ն գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցություն ստանալ, եթե այո, ապա ո՞ր դեպքում: Եվ խնդրում եմ ասեք՝ ե՞րբ պետք է դիմել՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար:

Սուսաննա Մելքոնյան (59 տարեկան, դասախոս)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ գիտաշխատողներին ֆինանսական աջակցություն տրամադրվում է միջազգային գիտաժողովին, գիտական կոնֆերանսին, սիմպոզիումին կամ սեմինարին, որպես կանոն, բանավոր զեկույցով հանդես գալու համար գործուղելու դեպքում՝ գործուղման ճանապարհածախսը հոգալու նպատակով:
Նշենք, որ կազմակերպության ղեկավարը, գիտական միջոցառմանը գիտաշխատողի մասնակցության հրավերը ստանալուց հետո, ոչ ուշ, քան գործուղման մեկնելու օրվանից երեսուն օր առաջ, ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով դիմում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ հիմնավորելով տվյալ գիտական միջոցառմանը գործուղվողի մասնակցելու անհրաժեշտությունը՝ կից ներկայացնելով գիտական միջոցառման կազմակերպչի հրավերը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ փաստաթղթերի պատճեններն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեի եւ կազմակերպության միջեւ կնքվում է գիտաշխատողներին գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրման հանձնարարության պայմանագիր, համաձայն որի՝ կոմիտեն իրականացնում է կատարված ծախսերի փոխհատուցում: Կազմակերպության ղեկավարը, գործուղման ավարտից հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում, կոմիտե է ներկայացնում գործուղված գիտաշխատողի հաշվետվությունը:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ շինարարության (քանդման) թույլտվություն ստանալու համար անձն ո՞ւր պետք է դիմի: Ո՞ր մարմինն է տրամադրում շինարարության (քանդման) թույլտվություն:

Մհեր Հունանյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համայնքի վարչական սահմաններում կառուցապատման նպատակով թույլտվությունները եւ այլ փաստաթղթեր (այսուհետ՝ կառուցապատման թույլտվություններ) տալիս է համայնքի ղեկավարը, իսկ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ Երեւանի վարչական շրջանի ղեկավարը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թ. մարտի 29-ի N 378-Ն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված դեպքերի:
(ՀՀ կառավարության 19.03.2015թ. «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների եւ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին N 596-Ն որոշում):

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ առանց շինարարության թույլտվության կարող են կառուցվել (կատարվել) միայն ՀՀ օրենսդրությամբ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտները (շինարարական աշխատանքները), եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային oգտագործմանը եւ (կամ) չեն հակաuում uահմանված uերվիտուտներին:




Լրահոս