Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը ցուցադրեց Հայաստանի իշխանությունների մտքի եւ գործելակերպի թշվառությունն ու պերճանքը:Սկսենք նրանից, որ կառավարության պատասխանատուները չկարողացան համաձայնության գալ, թե, ի վերջո, փետրվարի 5-ից ուժի մեջ մտած օրենքը հանկարծակի էր, թե վարորդները լավ էլ նախազգուշացված էին: ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը հայտարարում էր, թե բավական ժամանակ կար մեքենաները մաքսազերծելու համար, մինչդեռ ՀՀ վարչապետը արդեն բեստսելլեր դարձած իր հարցազրույցում նշեց, որ վարորդները հանկարծակիի եկան: Նախապես տեղեկացված լինելու առումով պակաս կարեւոր չէր նաեւ այն փաստը, որ շատ քաղաքացիներ, իմանալով «ժամանակավոր ներմուծման» ռեժիմի առկայության մասին, մեքենաներ են գնել ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում եւ իրենց մեքենաները տեղ են հասցնում միայն այս օրերին: Իսկ կառավարությունը քնել-զարթնել է եւ որոշել փոփոխել օրենքը: Ընդ որում, նրանց վրա չի տարածվի կառավարության` 6 ամսով անտոկոս վարկ տրամադրելու «զիջումը»:Այս պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ կառավարությունը խոսում է օրենքը հարգելուց: Թե բա` եթե Հայաստանի մնացած բոլոր քաղաքացիները օրենքով սահմանված ժամկետներում մաքսազերծում են իրենց մեքենաները, ապա ինչո՞ւ մի քանի հազար արտոնյալ պետք է լինի: Սակայն կառավարության ղեկավարը մոռանում է, որ իրենք են սահմանել 1 տարի ժամկետով «ժամանակավոր ներմուծում» ռեժիմն` ըստ որի 1 տարի հետո մեքենան նորից պետք է արտահանվեր Հայաստանից: Սակայն մաքսային ծառայությունը երկարաձգում էր տվյալ մեքենայի «ժամանակավոր ներմուծման» ռեժիմը, հասկանալի է` ոչ վարորդների գեղեցիկ աչքերի համար: Ընդ որում, մինչ օրս դրա համար մաքսային որեւէ պաշտոնյա չի պատժվել:Կառավարության պատասխանատուներն այս օրերին խոսեցին ամեն ինչի մասին, բացի բուն խնդրից. ինչո՞ւ են ներմուծվող մեքենաների մաքսազերծման հսկիչ գները չափազանց բարձր: Օրինակ` Ղազախստանը հանել է Վրաստանից ներմուծվող մեքենաների մաքսազերծումը: Անգամ «Հայլուրի» ուժերից վեր է պնդել, թե Հայաստանի քաղաքացիները ավելի լավ են ապրում, քան ղազախները: Անտրամաբանական է, երբ արտասահմանում հինգ հազար դոլարով գնված մեքենայի մաքսազերծման համար պետք է վճարել 2,5-ից 3 հազար դոլար մաքսատուրք: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության` վերը նշված՝ վեց ամսով անտոկոս վարկ տրամադրելու որոշմանը, ապա այն անգամ պոպուլիստական չէ: Դա ընդամենը վարորդների ցասումից վախենալու արդյունքում ընդունված կես քայլ է, ոչ թե պատասխանատու կառավարության մոտեցում: Բյուջեյի «դեֆիցիտ» ունեցող երկրիրը չի կարող նման «շռայլություն» թույլ տալ: Եվ տեղին կլինի, եթե վարորդների պես նման «արտոնությունների» պահանջ դնեն նաեւ սոցիալական այլ խմբեր: Վարորդներից պակաս չեն տուժել փողոցային առեւտրով զբաղվողները: Տարիներ շարունակ դա ընդունված գործունեության տեսակ էր: Մինչդեռ ներկա քաղաքապետի հանկարծահաս մաքրասիրության արդյունքում մարդիկ զրկվել են հաց վաստակելու հնարավորությունից, եւ կրկին կառավարությունն այդ մարդկանց չի առաջարկել հաց վաստակելու որեւէ այլընտրանքային տարբերակ: Ուստի այս սոցիալական խմբին անտոկոս վարկ տրամադրելը ավելի տրամաբանական կլիներ: Վերադառնալով մեքենաների մաքսազերծմանը` նշենք, որ ներկայիս բարձր գները հասկանալի կլինեին, եթե Հայաստանը ունենար ավտոմոբիլաշինություն եւ սեփական արտադրողին պաշտպանելու խնդիր լիներ: Մի խեղճ «Երազ» գործարան ունեինք, այն էլ փոշիացվեց իշխանությունների համատեղ ջանքերի շնորհիվ: Ուստի դատապարտված է այն պետությունը, որը հույսը դրել է մեքենաների մաքսազերծումից ստացված եկամուտներով բյուջեն լցնելու վրա: Թեպետ իշխանությունների հոգեբանությունն է` թալանել ժողովրդին մինչեւ վերջին գրոշը, միայն թե չդիպչեն սրբության սրբոցին` ստվերային տնտեսութանը: ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
ԿԼՊԵԼ, ԿԼՊԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ