Իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում՝ օտարերկրացիներին համոզելու, թե Հայաստանում ներդրումային հրաշալի միջավայր է ստեղծված: Միայն թե իրականությունը բոլորովին այլ բանի մասին է վկայում:
Օրերս ԱՄԷ այցի ժամանակ Սերժ Սարգսյանն էր ասել. «Դուք հնարավորություն ունեք սեփական փորձով համոզվելու, որ Հայաստանում ստեղծված է գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ դաշտ, օրենսդրորեն պաշտպանված եւ ազատ ներդրումային միջավայր»:
Նման հավաստիացումներ նա տվել էր նաեւ մարտի 7-9-ը Ֆրանսիա այցի ժամանակ՝ գործարարների հետ հանդիպելիս պնդելով, թե Հայաստանի վարած հարկաբյուջետային եւ ֆինանսավարկային քաղաքականության կենսունակ է: «Այն մշտապես բարձր գնահատականի է արժանանում մեր միջազգային գործընկերների կողմից, եւ դրա շնորհիվ է այսօր երկրում ապահովվում կայուն եւ կանխատեսելի մակրոմիջավայր»:
Նախորդ տարվա հոկտեմբերին ԱՄՆ այցի ժամանակ էլ Սերժ Սարգսյանը «Հայաստան. ներդրումային համաժողով 2016» միջոցառման մասնակիցներին էր փորձել համոզել. «Հայաստանն առանձնանում է գերազանց ներդրումային հնարավորություններով իր բիզնես մշակույթի ազատականացման, գործարար բարենպաստ միջավայրի, ինչպես նաեւ շարունակական բարեփոխումներին անվերապահ հանձնառության շնորհիվ»:
Իր պաշտոնավարման այս վեց ամիսների ընթացքում պարբերաբար նման պնդումներ է արել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ավելին՝ ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ նա փորձում է համոզել, թե առաջիկա տարիներին իրենց քաղաքականության արդյունքում միլիոնավոր դոլարների ներդրումներ կներգրավվեն:
Միայն թե հայաստանյան իրականությունն այսօր բոլորովին այլ բանի մասին է վկայում, եւ իշխանությունների «գովազդային ընդմիջումները» պարզապես խաբեություն են, օտարերկրացիներին մոլորեցնելու փորձ:
Մեծ հայտնագործություն արած չենք լինի, եթե ասենք, որ գործարարները սովորաբար գումար են ներդրում կայուն եւ կանխատեսելի տնտեսական միջավայր ունեցող երկրներում: Իսկ Հայաստանը, ցավոք, ամենեւին այդպիսին չի համարվում: Նախ՝ շարունակում է դեռեւս չկարգավորված մնալ ԼՂ հակամարտությունը, եւ ամեն օր պատերազմի վերսկսման սպառնալիքն իրոք լուրջ խոչընդոտ է ներդրումների համար:
Բացի այդ՝ այսօր Հայաստանում կա մեկ այլ կարեւոր գործոն, որը վանում է օտարերկրյա ներդրողներին: Խոսքը տնտեսական ոլորտի օրենսդրական դաշտի անկայունության մասին է: Բանն այն է, որ տնտեսական ոլորտի օրենսդրությունը պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների, ընդ որում, շատ հաճախ այդ փոփոխությունները եղել են հակասական, իրարամերժ:
Parliamentmonitoring կազմակերպությունն օրերս հրապարակել է հինգերորդ գումարման ԱԺ-ի օրենսդրական գործունեության արդյունավետության մասին զեկույցը, ըստ որի՝ Հայաստանում 2012-2017թթ. ամենաշատը փոփոխվել է պետաիրավական, երկրորդը՝ տնտեսական, երրորդը՝ հարկային ոլորտի օրենսդրությունը: Զեկույցի համաձայն՝ հարկային, մաքսային, տուրքերի եւ պետական վճարների մասին օրենսդրությունն այս հինգ տարվա ընթացքում փոփոխվել է մոտ 200 անգամ: Ամենաշատ փոփոխությունը տեղի է ունեցել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ 38 անգամ, «Ավելացված արժեքի մասին» օրենքում՝ 18 անգամ, «Եկամտային հարկի մասին» օրենքում՝ 15 անգամ, «Հարկերի մասին օրենքում»՝ 13 անգամ, «Շահութահարկի մասին օրենքում»՝ 12 անգամ եւ այսպես շարունակ:
Նույն զեկույցում նաեւ նշված է, որ 10 նստաշրջանի ընթացքում 5-րդ գումարման խորհրդարանն ընդունել է 1078 օրենք, որոնցից 66-ը եղել են մայր օրենքներ, 1012-ը՝ փոփոխություններ գործող օրենքներում: «Ամեն երկրորդ օրենք ընդունվել է արտահերթ ընթացակարգով: Ընդունված 1078 օրենքների մոտ կեսը՝ 544-ը, ընդունվել է արտահերթ նիստ-նստաշրջանների ընթացքում: 645 օրինագիծ քննարկվել է հատուկ կարգով՝ 24-ժամյա ռեժիմով»,- նշված է փաստաթղթում:
Եւս մեկ ուշագրավ փաստ. Parliamentmonitoring կազմակերպությունն անդրադարձել է նաեւ տնտեսական ոլորտի օրենսդրական փոփոխությունների բովանդակությանը, եւ այս առումով մի քանի հետաքրքիր դիտարկում ներկայացրել:
Քանի որ իշխող ՀՀԿ-ն խորհրդարանում ունեցել է բացարձակ մեծամասնություն, ինքն է եղել խաղի կանոններ թելադրողը: Ու արդյունքում վերջին հինգ տարում հետեւյալ պատկերն է եղել. «Հետեւանքների տեսանկյունից ամենազգայունը եղել է տնտեսական եւ հատկապես հարկաբյուջետային քաղաքականության մասով ՀՀԿ-ի հակասականությունը: Գումարման ընթացքում հարկային օրենսդրությունը կառավարության եւ ԱԺ մեծամասնության կողմից այնքան հակասական փոփոխությունների է ենթարկվել, որ առհասարակ հնարավոր չէ խոսել կուսակցության ծրագրային հետեւողականության մասին:
ՀՀԿ-ն առաջնորդվել է կառավարության՝ պահի թելադրանքով պայմանավորված հիմնավորումներով: 3 տարվա ընթացքում քաղաքական մեծամասնության աջակցությամբ 3 անգամ փոփոխվել է շրջանառության հարկի շեմը, ինչը բացասական հետեւանքներ է ունեցել ՓՄՁ ոլորտի վրա, թեեւ բիզնես միջավայրի բարելավումը ՀՀԿ ծրագրում համարվել է ռազմավարական խնդիր: ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրով պարտավորվել էր աստիճանաբար վերացնել շահութահարկի նվազագույն շեմը: Այս դրույթը փաստացի չի կատարվել»,- նշված է զեկույցում:
Եւ ահա այսքանից հետո իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, փորձում են օտարերկրացիներին համոզել, թե Հայաստանում տնտեսական դաշտը բարենպաստ է: Մինչդեռ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե մեծ-մեծ խոսելու փոխարեն իշխանությունները նախ վերջ դնեին այս կամայականություններին, եւ հետո նոր փորձեին ներդրումային միջավայրի մասին հեքիաթներ պատմել:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ