Հնարավոր է՝ առաջիկայում կյանքի կոչվի 2011 թվականի պայմանագիրը, որը Ռուսաստանին ու Վրաստանին թույլ կտա առեւտուր անել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի` 283 կմ երկարություն ունեցող ճանապարհներով: Մոսկվայի ու Թբիլիսիի այս պայմանավորվածությունը բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար, քանի որ այն կարող է դառնալ իրական այլընտրանք Լարսի անցակետում պարբերաբար խնդիրների բախվող հայ բեռնափոխադրողների համար:
Տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի գործարկման հնարավորությունը, որն անցնում է Աբխազիայով ու Հարավային Օսիայով: Ու թեեւ այլընտրանքային այս ճանապարհի հետ կապված ո՛չ վրացական ընդդիմությունից, ո՛չ Աբխազիայից եւ ո՛չ էլ Հարավային Օսիայից մինչեւ օրս բացասական որեւէ արձագանք չի հնչել, սակայն մասնագետները մտահոգված են, քանի որ կլինեն երկրներ՝ Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելը, որոնք ոչ միայն շահագրգռված չեն լինի, այլեւ կփորձեն ամեն կերպ խոչընդոտել:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանի հետ, ով պնդեց, որ Վերին Լարսը բեռնափոխադրողների համար ամենաձեռնտու եւ ամենակարճ ճանապարհն է: Նրա խոսքերով՝ եթե Վերին Լարսը անցանելի է լինում, ապա բեռնափոխադրողները 4 օրում են հասնում Ռուսաստան:
«Ուղղակի եղանակային վատ պայմանների եւ բնական աղետների արդյունքում Լարսը դառնում է անանցանելի: Իսկ բեռնափոխադրողները ստիպված են լինում օրերով սպասել: Ինչի արդյունքում բերքը փչանում է, իրենք էլ մեծ վնասներ են կրում: Մեր խնդիրն ու նպատակը միայն այն է, որ մենք նման ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում գտնենք Լարսին այլընտրանքային ճանապարհ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց Հ. Համբարձումյանը:
Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ այս օրերին որպես Լարսին այլընտրանք մի քանի տարբերակներ են քննարկվում մասնագետների եւ համապատասխան գերատեսչությունների կողմից: Ըստ Համբարձումյանի՝ շուրջ վեց տարբերակ է առաջարկվել՝ երկաթուղի, ավիացիա, Վրաստանի արեւելքով դեպի Դաղստանի ճանապարհ, թունել, լաստանավ եւ Հարավային Օսիայով ճանապարհ:
«Մեզ համար հիմնականում կարեւոր եւ ցանկալի տարբերակը Ցխենվալիով անցնող ճանապարհն է, որը բնակլիմայական առումով բարենպաստ է: Բացի այս՝ ճանապարհը հարթ է, բեռնափոխադրողները սարերով ու ձորերով ստիպված չեն լինի անցնել: Սակայն այստեղ կա քաղաքական խնդիր, որը կապված է ռուս-վրացական հարաբերությունների հետ: Եւ չնայած սրան՝ մեզ ուրախացնող մի հանգամանք կա. Վրաստանում ընդունված մի օրենք կա, որը վրացական կառավարությանը թույլատրում է ֆորս-մաժորային դրություններում հայկական մեքենաներին Հարավային Օսիայով անցկացնել: Նույնիսկ Ժնեւում են այս մասով քննարկումներ իրականցվում»,- ներկայացրեց բեռնափոխադրողների ասոցացիայի նախագահը:
Միաժամանակ նա նշեց, որ Վրաստանում օկուպացված տարածքների հետ կապված կա մի օրենք, որը մենք չենք կարող անտեսել, ըստ այդմ, Օսիայով եւ Աբխազիայով միջազգային առեւտուրը արգելվում է: Փոխարենը այս դեպքում վրացական կողմը մեկ պայման է առաջարկում. Հարավային Օսիայով անցնող բեռնափոխադրումների թղթային ձեւակերպումներում, այդ թվում նաեւ վարորդների անձնագրերում չպետք է առկա լինի Օսիայի կնիքը: Ինչը, ըստ Համբարձումյանի, հեշտ լուծվող խնդիր է. «Դա վրացական կողմի պահանջները բավարարում է: Ոչ մի մեքենա չի բացվի, չի ստուգվի, չի դատարկվի կամ բեռնվի: Այլ ուղեկցող ծառայության միջոցով բեռնափոխադրողները կարող են անցնել այդ ճանապարհը: Մենք հասկանում ենք, որ դա կլինի վճարովի ծառայություն, ու պատրաստ ենք վճարել»: Ի դեպ, տեղեկացնենք, որ նշված այլընտրանքային տարբերակի դեպքում բեռնափոխադրումները ընդամենը 80 կմ-ով են ավելի երկար լինելու:
«Վերջերս մեր կառավարությունը վարչապետի գլխավորությամբ այցելեց Վրաստան, որտեղ այս թեմայի շուրջ բանակցություններ տեղի ունեցան: Հուսանք՝ դրական արդյունք կլինի: Միայն բեռնափոխադրողների անունից կարող եմ դիմել վարչապետին, որպեսզի սկսած գործն ավարտին հասցնի: Հուսով ենք նաեւ, որ այս հարցի շուրջ Ռուսաստանի հետ ծավալված բանակցությունները նույնպես դրական արդյունք կունենան»,- նշեց Համբարձումյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ