ՀՀԿ-Ն ԱՅՆՔԱՆ ՁԱՅՆ ՈՒՆԻ, ՈՐՔԱՆ ԺԻԼԵՏԸ՝ ԹԵՎՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հանրապետական կուսակցությունը հայտնվել է աննախանձելի վիճակում: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները՝ ներքին օգտագործման համար արված սոցհարցումների արդյունքում ՀՀԿ-ի համար տհաճ պատկեր է բացահայտվել. այս կուսակցության վարկանիշը տատանվում է առավելագույնը 10-13 տոկոսի սահմաններում, ավելին՝ եւս մեկ անգամ պարզ է դարձել, որ ՀՀԿ-ն այսօր ամենամերժված քաղաքական ուժն է:

Այդ փաստերը, բնականաբար, լուրջ մտահոգություն են առաջացրել կուսակցության վերնախավի մոտ: Առավել եւս, երբ մինչեւ նախընտրական քարոզարշավի մեկնարկը ՀՀԿ-ում հույս ունեին, վարչապետ Կարեն Կարապետյանի ընկալելի կերպարն օգտագործելով, կկարողանան դրական արդյունք գրանցել եւ փոխել հասարակության վերաբերմունքը: Պատահական չէր, որ Կարապետյանը թեեւ չընդգրկվեց ՀՀԿ համամասնական ցուցակում /նա չէր համապատասխանում Սահմանադրությամբ սահմանված չափանիշներին/, բայց վարչապետի վրա դրվեց նախընտրական քարոզչության ողջ բեռը, իսկ ահա կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ից շատերը, ինչպես նկատում եք, գերադասում են քարոզարշավում աննկատ մնալ: Բայց ապարդյուն. քարոզարշավի՝ այս օրերին անվտանգության ու առաջընթացի, փոխվելու եւ փոփոխվելու մասին Կարեն Կարապետյանի ելույթներն իր «ժիլետների թեւքերի» էֆեկտ ունեցան: Դեռ ավելին՝ ՀՀԿ-ի օգտին Կարեն Կարապետյանի քարոզարշավն էական վնաս հասցրեց անձամբ նրա վարկանիշին:
ՀՀԿ-ն որպես կուսակցություն չի կարողանալու ցանկալի թվով ձայներ ստանալ: Հիմա իշխանությունների հույսը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներն են, այսինքն՝ ՀՀԿ-ն փորձելու է ձայն ստանալ ոչ թե կուսակցության, այլ բացառապես ռեյտինգայինով առաջադրված անհատների հեղինակության հաշվին: Եւ պատահական չէ, որ եթե առաջադրումների ժամանակ ՀՀԿ-ում հիմնական ռեյտինգային թեկնածուների առաջ խնդիր էր դրվել նվազագույնը 3 հազար ձայն ապահովել, հիմա նրանցից ավելի հստակ թվեր են պահանջում, որպեսզի կարողանան «հանրահաշվական գործողություններ իրականացնել»: Ու խոսքը գնում է ոչ թե 3 հազար, այլ շատ ավելի քվեների մասին: Ընդ որում, եթե նախկինում «թիվ ապահովելու» պարտականությունը դրված էր պետական մարմինների՝ մարզպետարանների, քաղաքապետարանների, իրավապահ կառույցների վրա, ապա հիմա այդ խնդիրը դրված է կոնկրետ ռեյտինգային թեկնածուների առաջ: Սա նաեւ այն պատճառով, որ ռեյտինգային այս ընտրակարգով քաղաքացին քվեարկելով կոնկրետ թեկնածուի օգտին՝ ինքնըստինքյան ընտրում է այն կուսակցությանը, որի ցուցակում է նա: Եւ արդյունքում ստացվելու է այնպես, որ աշխատելու են թեկնածուները, սակայն ձայնը ստանալու է կուսակցությունը:
Ճիշտ է՝ անհրաժեշտ քվե հավաքելու համար այդ թեկնածուների տրամադրության տակ է դրված պետական ապարատը: Եվ այս օրերին վարչական ողջ ռեսուրսն անխնա ծառայեցվում է ՀՀԿ թեկնածուների օգտին ձայներ ապահովելու նպատակով (դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ցուցակագրման սկանդալն այդ իրողության ապացույցներից մեկն էր): Մյուս կողմից ռեյտինգային թեկնածուներին թույլատրված է անարգել ընտրակաշառք բաժանել, միակ պայմանը հետեւյալն է՝ ամեն ինչ անել անաղմուկ, որպեսզի հետո «չբռնվեն»: Բայց միաժամանակ նրանց վրա է դրված նաեւ ձախողման պատասխանատվությունը:
Իսկ մինչ այդ ՀՀԿ-ում փորձում են հասարակական կարծիքը նախապատրաստել: Պատահական չէ, որ նախընտրական քարոզարշավի մեկնարկին՝ մարտի սկզբներին, «Գելլափ» կազմակերպությունը (սա, հիշեցնենք, որեւէ առնչություն չունի Մեծ Բրիտանիայում գործող իրական «Գելլափ» կազմակերպության հետ) հրապարակեց իրենց անցկացրած սոցհարցումների տվյալները, ըստ որի՝ առաջատարը «Ծառուկյան» դաշինքն էր՝ 26 տոկոսով, իսկ ՀՀԿ-ն վարկանիշով երկրորդ տեղում էր՝ 22 տոկոսով, նկատենք, որ նրանց միջեւ տարբերությունը բավական քիչ էր՝ 4 տոկոս: Նախորդ շաբաթ նույն «Գելլափ»-ը հրապարակեց սոցհարցումների նոր տվյալներ, ըստ որի՝ ՀՀԿ-ն արդեն առաջատարն է եւ ունի 30 տոկոս վարկանիշ, իսկ ԲՀԿ-ն երկրորդն է՝ 28 տոկոսով: Երրորդ տեղում էլի «Ելք»-ն էր` 6.1 տոկոս, իսկ ՀՅԴ-ն, որ նախորդ հարցումներով ուներ 3.9 տոկոս վարկանիշ, վերջին հարցումներով արդեն աճել էր՝ 4.8 տոկոս:
Ասել է, թե իշխանություններն իրենց առաջ խնդիր են դրել ապահովել նվազագույնն այդքան քվե, եւ արդեն համապատասխան հրահանգ է իջեցվել թեկնածուներին՝ ամեն գնով շատ ձայներ հավաքել: ՀՀԿ թեկնածուներից շատերն էլ իրենց կողմից ցուցակագրված անձանց հրահանգել է քվեարկության օրը «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը դուրս հանել: Թերեւս այսպես կկարողանան նվազեցնել մրցակցի ձայները՝ ավելացնելով ՀՀԿ-ինը:
Հետաքրքիր է, թե ինչ պատկեր կլինի ապրիլի 2-ի գիշերը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԲԱԲԱՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ԿԲՈՂՈՔԱՐԿՎԻ
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորման որոշումը բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ դատարանում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Ավետիս Քալաշյանը՝ տեղեկացնելով նաեւ, որ երեկ հանդիպել է Սամվել Բաբայանի հետ: Այլ մանրամասներ, սակայն, Քալաշյանը չհայտնեց: Հիշեցնենք՝ մարտի 25-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունն ու ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելը կազմակերպելու համար մեղադրվող Սամվել Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը: ԱԱԾ-ն Բաբայանին ու եւս երկու հոգու կալանավորել է Վրաստանից մաքսանենգ ճանապարհով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ Հայաստան բերելու մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում:

 

 

ՉԵՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ
Մարտի 17-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը պատրաստականություն էր հայտնել «Ազգային Ժողով ընտրվելուց հետո այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնաբար ձեւավորել ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն՝ բացառելով դրանում ՀՀԿ-ի ներգրավումը»: Այդ դաշինքը հայտարարություն էր տարածել եւ առաջարկել քննարկել եւ ստորագրել համապատասխան հուշագիր: Միայն թե նրանց այդպես էլ որեւէ մեկը չի արձագանքել: Այդ հայտարարությունից անցել է տասը օր, եւ ինչպես «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը. «Որեւէ քաղաքական ուժ չի դիմել, եւ այդպիսի քննարկում չի անցկացվել»:

 

 

ՍՏԱՏՈՒՍ ԳՐՈՂ ՊՈԱԿ-ԻՆ՝ ՄԻԼԻՈՆՆԵՐ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ին 2017 թվականի համար տրամադրել ավելի քան 191 միլիոն դրամ. այս ՊՈԱԿ-ը իբր պետք է զբաղվի տնտեսական վերլուծությունների եւ ուսումնասիրությունների իրականացմամբ, ՀՀ կառավարության գործունեությունը լուսաբանող «Հրապարակում» հեռուստածրագրի պատրաստմամբ, պաշտոնական միջոցառումների նկարահանմամբ ու արխիվացմամբ, ԶԼՄ մոնիտորինգով, հասարակություն-կառավարություն կապի ապահովումը ԶԼՄ-ների եւ սոցցանցերի հրապարակումներով: Նախ հիշեցնենք, որ Կարապետյանը վարչապետ նշանակվելուց հետո սկսեց ակտիվորեն հայտարարել, որ պետք է ուռճացված պետական համակարգը կրճատել եւ այդ կերպ պետական գումարները խնայել: Սակայն, ըստ ամենայնի, դա այդքան էլ այդպես չէ: Գործադիրը այդքան գումար տրամադրում է մի ՊՈԱԿ-ի, որի մասին ընդամենը ամիսներ առաջ մամուլը գրեց, որ այդ ՊՈԱԿ-ը վճարում է որոշ մարդկանց՝ սոցիալական ցանցերում կառավարության գործունեության մասին գրառումներ կատարելու համար: Վարչապետը փաստորեն այս կառույցին շարունակում է հովանավորել:

 

 
ՓՈՇՄԱՆԵԼ Է
«Ինձ անընդհատ հարցնում են՝ ինչ եմ անելու 2018 թվականից հետո։ Ես իմ կյանքի ընթացքում իրոք երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ հայտնվել եմ այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի եմ եղել։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով՝ ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ՝ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որեւէ ձեւաչափով օգտակար կլինեմ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ էլ նա ասում էր, թե վարչապետի ձեռքին կենտրոնացած է պաշտպանունակության հարցը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ակնարկում է, որ հանուն մեր անվտանգության կարող է մի օր էլ վարչապետ դառնալ 2018-ից հետո:

 

 

ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ԱՐԵԼ
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մովսես քահանա Մանուկյանը (Վիրահայոց թեմ): Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ տնօրինության համար հիմք է ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի միջնորդագիրը եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Մովսես քահանա Մանուկյանի` հոգեւոր ծառայության վայրը ինքնակամ լքելու վերաբերյալ: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը:
 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈ՞ՒՄ Է
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ հայտարարել է, որ ԼՂՀ ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ «Մենք գտնում ենք, որ դրանք այս ժամանակահատվածում քաղաքական հետապնդումներ են՝ ե՛ւ Սամվել Բաբայանի նկատմամբ,ե՛ւ մեր դաշինքի նկատմամբ, որն անընդունելի է այս նախընտրական քարոզարշավի ընթացքում: Դա միանշանակ եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր դաշինքն ունի ուժ, վերահսկողությունից դուրս է եւ անկասկած այն դերակատարությունն է իրականացնելու, որ մենք մեր երկրում փոխենք իշխանությունը»։ Օհանյանը նաեւ անդրադարձել է իր հնարավոր ձերբակալմանը` ասելով, որ Հայաստանում ապրելով` ոչինչ չի բացառվում: Իսկ «Համախմբում» կուսակցության առաջնորդ, դաշինքի անդամ Վարդան Օսկանյանն էլ նշել է. «Մեր դաշինքը երբեք չի խրախուսել եւ չի խրախուսելու զենքի որեւէ ձեւի օգտագործումը»։

 

 

 

ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ
Զինված ուժերի 2017 թվականի պատրաստության պլանի համաձայն` մարտի 21-25-ը անցկացվել է Հայաստանի ԶՈւ եւ Ռուսաստանի ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հերթական զորավարժությունը: Ըստ զորավարժության սցենարի` պայմանական հակառակորդն ուժեր է կուտակում սահմանամերձ շրջաններում` նպատակ ունենալով հատել Հայաստանի պետական սահմանը։ Միացյալ զորախմբում ներգրավված բոլոր ստորաբաժանումները բերվում են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Որոշում է կայացվում նախապես հաստատված պաշտպանական գործողությունների պլանի կիրառման մասին։ Դրան զուգահեռ՝ իրականացվում է պետական սահմանի պահպանության հատվածի պաշտպանությունը հայկական կողմին փոխանցելու գործողությունը, Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետ համատեղ անցկացվում են միասնական գործողությունների պլանով նախանշված միջոցառումները:




Լրահոս