ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համապետական նախորդ բոլոր ընտրություններից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հանդես էր եկել զեկույցներով՝ մատնանշելով նաեւ առաջնային հանձնարարականներ եւ շեշտելով՝ դրանց իրականացումը կնպաստի «ԵԱՀԿ պարտավորություններին եւ այլ միջազգային չափանիշներին համապատասխան ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուն»: Ընդ որում, 1999թ. ԵԱՀԿ ստամբուլյան փաստաթղթի 25-րդ հոդվածի համաձայն՝ ԵԱՀԿ անդամ պետությունները պարտավորվել են «ժամանակին հետեւել ԺՀՄԻԳ գնահատականներին եւ հանձնարարականներին»:

Հիմա՝ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, արժի հիշել, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները ի՞նչ հանձնարարականներ են տվել ժամանակին, եւ իշխանությունները որքանո՞վ են դրանք իրականացրել:
2012թ. ԱԺ ընտրությունների վերաբերյալ իրենց զեկույցի առաձնային հանձնարարականների շարքում առաջինը հետեւյալն էր մատնանշված. «Իշխանությունները եւ մասնակիցները ավելի մեծ հարգանք պետք է ցուցաբերեն քաղաքացիների՝ իրենց քաղաքացիական եւ քաղաքական նախասիրությունների ազատ արտահայտման նկատմամբ… Նրանք պետք է ձեռնպահ մնան ընտրողների վրա ճնշումներ գործադրելուց թե՛ քարոզարշավի ընթացքում եւ թե՛ քվեարկության օրը»: Հանձնարարականի հաջորդ կետում դիտորդներն անդրադարձել էին ընտրակաշառքի բացառմանը. «Հատուկ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի ընտրական գործընթացի ամբողջականության նկատմամբ հասարակական վստահությունը բարձրացվի: Դրանք կարող են ներառել… ձայների գնման եւ ձայներ գողանալու դեմ լայնածավալ քարոզչության իրականացմամբ»:
2013թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում առաջնային հանձնարարականների մեջ առաջինը հետեւյալն էր. «Իշխանությունները հատուկ միջոցներ պետք է ձեռնարկեն ընտրական գործընթացների ամբողջականության նկատմամբ հասարակական վստահությունը բարձրացնելու համար՝ ավելի մեծ հարգանք ցուցաբերելով քաղաքացիների՝ հիմնարար քաղաքացիական եւ քաղաքական նախասիրություններն ազատ արտահայտման իրավունքի նկատմամբ…»: Եւ երկրորդ հանձնարականը վերաբերում էր վարչական ռեսուրսների չարաշահելու արգելքին: «Պաշտոնյաները պետք է ձեռնապահ մնան վարչական միջոցները օգտագործելուց, այդ թվում իրենց պաշտոնի չարաշահումը իրենց աշխատակիցների եւ հասարակության նկատմամբ: Արդյունավետ ջանքեր պետք է գործադրվեն հանրային կառավարման, այդ թվում պետական եւ տեղական պետական պաշտոնյաների անաչառությունը ապահովելու համար: Նրանք պետք է զերծ մնան ընտրողների վրա թե՛ քարոզարշավի եւ թե՛ քվեարկության օրը ճնշումներ գործադրելուց: Քրեական օրենսգիրքը պետք է փոփոխվի, որպեսզի քարոզարշավի համար պաշտոնական դիրքի եւ վարչական միջոցների չարաշահումը սահմանվի որպես հանցագործություն»: Արդեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում շեշտը դրված էր ընտրողների ռեգիստրը ճշգրտելու եւ բարելավելու, բազմակի քվեարկությունները կանխելու մեխանիզմների ներդրման, ընտրական բողոքների քննարկումների վրա, բայց եւ ընդգծված էր. «Սույն հանձնարականները պետք է ընթերցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում կատարված հանձնարարականների հետ համատեղ»:
ՀՀ ընտրական օրենսգիրքը նախորդ տարի արմատական փոփոխությունների ենթարկվեց, եւ ընդդիմության ու քաղհասարակության պահանջով օրենսդրորեն ամրագրվեց ընտրողների կողմից ստորագրված ընտրացուցակները քվեարկությունից հետո հրապարակելու դրույթը. մի հանգամանք, որը կարող է կանխել բազմաքվեարկությունը, բացակա կամ գոյություն չունեցող անձանց փոխարեն քվեարկելը: Իշխանությունները համաձայնեցին նաեւ ընտրական ողջ պրոցեսի տեսանկարահանմանը:
Բայց պարզվում է՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ոչ բոլոր հանձնարարականներն են իրականացվել: Ավելին՝ այս օրերին ՀՀ-ում իրար հաջորդած իրադարձությունները, ըստ էության, ցույց տվեցին, որ իշխանություններն ուղղակի անտեսում են դրանց մի մասը:
Եւ այսպես՝ առաջիկա ընտրություններում հիմնական դերակատարությունն ունենալու է ընտրակաշառքը: Մարդիկ բացահայտ խոսում են, թե որ թաղամասում որ քաղաքական ուժի ներկայացուցիչը (հիմնականում խոսքն իշխող ՀՀԿ-ի մասին է) որքան գումար է բաժանում կամ խոստացել բաժանել, իսկ պետական մարմիններն այս հարցում քար անտարբերություն են ցուցաբերում:
Այս ընտրություններում լայնորեն կիրառվում է վարչական ռեսուրսը, չնայած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները պահանջել էին քարոզարշավի համար պաշտոնական դիրքի եւ վարչական միջոցների չարաշահումը քրօր-ում սահմանել հանցագործություն: Լավագույն ապացույցը դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների սկանդալային ձայնագրությունների հրապարակումն էր, որտեղ նրանք խոստովանել էին մարդկանց ցուցակագրելու եւ այդ տվյալները ՀՀԿ շտաբեր ներկայացնելու մասին: Վարչական ռեսուրսի կիրառման մի օրինակ էլ ՀՀԿ նախընտրական քարոզարշավի հանդիպումներին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությունն է: Հիշեցնենք, որ Կարապետյանն ընդգրկված չէ ՀՀԿ ցուցակում (չէր համապատասխանում Սահմանադրությամբ ԱԺ պատգամավորի չափանիշներին): Այնինչ՝ ՀՀԿ ողջ քարոզարշավը ինքն է անում եւ արդեն աշխատանքային ժամերին: Էլ չենք ասում այն մասին, որ ՀՀԿ ցուցակը գլխավորող եռյակի ներկայացուցիչները՝ Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանն ու մյուս պաշտոնյա թեկնածուները չմեկնեցին արձակուրդ եւ քարոզարշավը զուգորդում են պաշտոնական պարտականությունների կատարմամբ:
Էլ չենք ասում ընտրողների նկատմամբ բազմատեսակ ճնշումների մասին. Ջրառատի միջադեպը, տարբեր թեկնածուների կողմնակիցների ծեծկռտուքները, ձերբակալությունները դրա լավագույն օրինակներն էին:
Ի դեպ, Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթներում մշտապես խոսում է Հայաստանում իրապես ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին: Ընդ որում, նման խոստումներ նա հնչեցրել է նաեւ օտարերկրացի պաշտոնյաների, դիվանագետների եւ, ընդհանրապես, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ վերջին բոլոր հանդիպումների ժամանակ: Բայց ինչպես տեսնում եք՝ ՀՀ իշխանությունների պահվածքը վկայում է հակառակի մասին. միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու խոստումները միֆ են, ուրիշ ոչինչ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՀԱՄԵՍՏ ՆԱԽԱԳԱՀԸ
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարագիրը բավական համեստ է: Նա ունի մեկ առանձնատուն, մեկ հողամաս եւ հասարակական երկու հատ տարածք: ՀՀ նախկին նախագահն ունի նաեւ 1997 թվականի արտադրության «Լինքոլն Թաունքար» մակնիշի մեկ ավտոմեքենա: Տեր-Պետրոսյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր թոշակը՝ 11 մլն 11 հազար 520 դրամ, եւ Վարդանանց 5 ա տարածքից ստացած 1 մլն 440 հազար դրամ ստացած վարձավճարը: Նրա դրամական միջոցները կազմում են 4 հազար դոլար եւ վերջ:

 

 

ՀՀԿ-Ն ՉԻ ԹՈՂՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այնքան է տարվել ՀՀԿ քարոզչական աշխատանքներով, որ արդեն իսկ մոռացել է ամիսներ առաջ կատարած իր հայտարարություններն ու խոստումները: Դեռեւս 2016 թվականի դեկտեմբերի 1-ին կառավարության նիստում վարչապետը հայտարարեց պետական ապարատի օպտիմալացման, մասնավորապես ԾԻԳ-երը կրճատելու մասին: Սակայն այդ հայտարարությունից հետո Կարապետյանը կտրուկ լռեց, մոռացավ ուռճացված պետական ապարատի մասին: Հավանաբար, սա այն պարզ պատճառով, որ մի կողմից զբաղված է ՀՀԿ-ի քարոզով, մյուս կողմից նախընտրական շրջանում աշխատում է որեւէ մեկին չնեղացնել: Ու այս ընթացքում կառավարությունը շարունակում է ակտիվ ֆինանսավորել ՊՈԱԿ-ներին: Մասնավորապես, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ին 2017թ. համար տրամադրել են ավելի քան 391 մլն դրամ, իսկ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ ավելի քան 155 մլն դրամ, «Սպասարկում» ՊՈԱԿ-ին էլ՝ ավելի քան 258 մլն դրամ: Այսպիսի աստղաբաշխական գումարներ շարունակում են տրամադրել կառույցների, որոնք զբաղված են անգործությամբ կամ ձեւական գործելով:

 

 

ՀԱՅՑԻՑ ՀՐԱԺԱՐՎԵՑ
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին հաջողվել է «ծնկի բերել» «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությանը: Բանն այն է, որ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն դատի էր տվել Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ին, բայց մեկ տարի տեւած դատական վեճից հետո պարզապես հրաժարվել է հայցից: «Ժողովուրդ»-ն անդրադարձել էր այս պատմությանը, գրել էինք, որ ապահովագրական ընկերությունը պահանջում է գումար բռնագանձել «Քեթրին գրուպից»: Ավելին՝ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն միջնորդություն էր ներկայացրել դատարանին, որ կալանք դրվի ընկերության գույքի դրամական միջոցների վրա, սակայն դատարանը մերժել էր այն: Իսկ հիմա, փաստորեն, նրանք ընդհանրապես հրաժարվել են հայցից. հավանաբար հաղթելու հույս չունեին ու որոշել են նահանջել. ի վերջո, Քեթրինի Միհրանն ազդեցություն ունի դատական համակարգի վրա եւ կարող է գործերն իր օգտին շրջել: Հուսանք` գոնե գումարը վճարել է «Քեթրին գրուպը»:

 

 
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐՈ՞Վ
ՕՐՕ դաշինքը իր համակիրների հետ երթ է անցկացրել Ազատության հրապարակից` վանկարկելով ազատություն քաղբանտարկյալներին եւ հատկապես Սամվել Բաբայանին: Դաշինքի նախագահ Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, հայտարարել է, որ իրենք արհամարհում են հայտարարություններն ու մամուլի հրապարակումներն այն մասին, որ Սամվել Բաբայանի պես Սեյրան Օհանյանը եւս կձերբակալվի: Հարցին, որ նա հաճախ է մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվում, Ռուզաննա Խաչատրյանը պատասխանել է, թե ինքը վստահ է, որ տեղեկատվական տեռորը ընտանիքների եւ հատկապես կանանց նկատմամբ իշխանություններն են կազմակերպում: Նա ասել է, թե հստակ փաստեր ունի, որ իր նկատմամբ տեղեկատվական արշավը կազմակերպվել է իշխանությունների կողմից:

 

 

ՀԱՑ ԲԵՐՈՂԸ ԴԱՍ ՉԵՂԱ՞Վ
Գլխավոր դատախազության պարզաբանմամբ՝ Նորքի բանդայի գործով կալանավորված Վահան Շիրխանյանին տրամադրվել եւ շարունակվում է տրամադրվել անհրաժեշտ բուժօգնություն եւ սպասարկում ինչպես ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, այնպես էլ իր կողմից հրավիրված բժիշկ-մասնագետների կողմից, այդ թվում՝ քաղաքացիական բուժհաստատություններում: «Դեռեւս նախաքննության ընթացքում Վ. Շիրխանյանի առողջական վիճակը եւ նրան պատշաճ բժշկական օգնություն ցույց տալու հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Համաձայն նշված փորձաքննության եզրակացության՝ Վ. Շիրխանյանի առողջական վիճակը եղել է բավարար, իսկ ստացված բժշկական օգնությունը՝ ճիշտ եւ ժամանակին»,-ասված է դատախազության հաղորդագրությունում: Նկատենք, որ ժամանակին նմանատիպ հավաստիացումներ էին տրվում նաեւ Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի հետ կապված:




Լրահոս